Ազդարարման համակարգ
Ազդարար, իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը նախատեսված կարգով ազնվորեն տալիս է տեղեկատվություն կոռուպցիոն բնույթի դեպքի մասին, շահերի բախման կամ այլ նմանտեսակ սպառնալիքների վերաբերյալ՝ կապված այն կազմակերպության, ղեկավար անձի, ընկերություն ներկայացնող աշխատակցի հետ, որոնց հետ նա գտնվել է կամ գտնվում է աշխատանքային կամ այլ տեսակ հարաբերությունների մեջ, որին ծառայություններ մատուցելու նպատակով դիմել է[1]: Սա սահմանված է «Ազդարարման համակարգի մասին» օրենքով[2]։
Ազդարարման տեսակներ
խմբագրելՕրենքի 4-րդ հոդվածով սահմանված են ազդարարման տեսակները։
- Ներքին ազդարարում է համարվում հաղորդումը ներկայացնելն իր անմիջական ղեկավարին կամ նրա վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձի կամ իրավասու մարմնի ղեկավարի լիազորած անձին:
- Արտաքին ազդարարում է համարվում իրավասու մարմին հաղորդում ներկայացնելը:
- Հանրությանն ազդարարում են համարվում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները, որոնք, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն, համապատասխան վարույթ նախաձեռնելու առիթ կամ հիմք կարող են հանդիսանալ[3]։
Ազդարարել կարելի է նաև անանուն տարբերակով, azdararir.am հարթակի միջոցով[4]։
Անանուն ազդարարելու առանձնահատկություններ
խմբագրել- Ազդարարը անանուն հաղորդումը ներկայացնում է միասնական էլեկտրոնային հարթակ մուտք գործելու միջոցով:
- Հաղորդում ներկայացնելիս ապահովվում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, ինչպես իրավասու մարմնին, այնպես էլ այլ անձանց:
- Իրավասու մարմինն իրավունք չունի միջոցներ ձեռնարկելու անանուն հաղորդում ներկայացրած ազդարարի անձնական տվյալները բացահայտելու ուղղությամբ:
Ազդարարը կարող է ենթարկվել պատասխանատվության ազդարարելու համար միայն այն դեպքում, երբ նրա արարքը պարունակում է հանցակազմ[2]։
Ազդարարի իրավունքներ
խմբագրելԱզդարարն ունի պաշտպանության իրավունք։
Ազդարարն ունի իր անձնական տվյալները չբացահայտելու իրավունք, գաղտնի մնալու, վնասակար գործողություններից և դրանց հետևանքներից պաշտպանվելու իրավունք նաև Մարդու իրավունքների պաշտպանից գաղտնի խորհրդատվության և իրավաբանական աջակցություն ստանալու իրավունք:
Ազդարարը կարող է հատուկ պաշտպանություն ստանալու համար դիմել իրավասու մարմին, որը պարտավոր է անմիջապես քննարկել դիմումը և կայացնել որոշում: Նշված որոշումն ուղարկվում է Ոստիկանություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտպանությունն ապահովելու համար:
Ազդարարն իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելիս օգտվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված պաշտպանության միջոցներից:
Ազդարարին վնասակար գործողություններից կամ դրանց հետևանքներից պաշտպանելու նպատակով համապատասխան մարմինն իր իրավասության շրջանակներում ապահովում է՝
- տեղեկությունների գաղտնիությունը․
- ստեղծում է ազդարարի կողմից իր ծառայողական պարտականությունների իրականացման համար բավարար պայմաններ.
- ազդարարի գործունեությանն ապօրինի միջամտությունների դեպքում ձեռնարկում է դրանց վերացման ուղղությամբ համապատասխան միջոցներ․
- իրականացնում է ազդարարի աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված միջոցներով և կարգով[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Technologies, Peyotto. «Ի՞նչ է ազդարարումը, ովքե՞ր են համարվում ազդարարներ և ի՞նչ նպատակ ունի ազդարարումը». Վերցված է 2024-11-27-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ». www.arlis.am. Վերցված է 2024-11-27-ին.
- ↑ «ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ». www.arlis.am. Վերցված է 2024-11-27-ին.
- ↑ «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ».