Աթիլա Յոժեֆ
Յոժեֆ Աթիլա (հունգ.՝ József Attila, ապրիլի 11, 1905[1][2][3][…], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4][5] - դեկտեմբերի 3, 1937[4][1][2][…], Balatonszárszó, Շիոֆոկի յարաշ, Սոմոգի, Հունգարիա[5]), հունգարացի բանաստեղծ, Կոշուտի մրցանակի դափնեկիր։ Հունգարիայի կոմկուսի անդամ 1930 թվականից։
Աթիլա Յոժեֆ հունգ.՝ József Attila | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1905[1][2][3][…] |
Ծննդավայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4][5] |
Վախճանվել է | դեկտեմբերի 3, 1937[4][1][2][…] (32 տարեկան) |
Վախճանի վայր | Balatonszárszó, Շիոֆոկի յարաշ, Սոմոգի, Հունգարիա[5] |
Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | հունգարերեն |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրթություն | Սեգեդի համալսարան և Ֆրանց Յոզեֆի համալսարան |
Կուսակցություն | Հունգարիայի կոմունիստական կուսակցություն |
Աշխատավայր | Նյուգաթ |
Պարգևներ | |
Աթիլա Յոժեֆ Վիքիքաղվածքում | |
Attila József Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի բանվորական արվարձանում՝ Ֆերենցվարոշում։ Երեք տարեկան էր, երբ հայրը լքեց ընտանիքը։ 1919 թվականին մահացավ մայրը։ Յոժեֆը, որ դեռ մանուկ հասակից ստիպված էր հոգալ ապրուստի միջոցներ վաստակելու մասին, մի քանի անգամ փորձեց ինքնասպանությամբ վերջ տալ իր կյանքին։ Նրա ընդունակությունները նկատած և գնահատած հարազատները, բարեգործները օգնեցին, որ տղան բարձրագույն կրթություն ստանա։ Նա ընդունվեց Սեգեդի համալսարան, բայց որոշ ժամանակ ամց հեռացվեց բուհից՝ իր գրած հեղափոխական բանաստեղծությունների պատճառով։ Ընդհատումներով՝ սովորեց նաև Վիեննայի (1925) և Փարիզի (1926—1927) համալսարաններում, ծանոթացավ Հեգելի, Մարքսի աշխատություններին, իր համար բացահայտեց միջնադարյան ֆրանսիացի տաղանդավոր բանաստեղծ և գող Ֆրանսուա Վիյոնի պոեզիան։ 1927 թվականին վերադարձավ հայրենիք։ Հոգեկան անկայուն վիճակում էր, նյարդերը՝ մինչև վերջ պրկված։ 1931 թվականից սկսեց հետաքրքրվել հոգեվերլուծությամբ։ 1935 թվականին դարձյալ խոր ընկճախտ ապրեց, ուղարկվեց հոգեբուժարան։ 1936 թվականին սկսեց հրատարակել ձախ արմատական «Szép Szó» ամսագիրը։ 1937 թվականին ծանոթացավ Թոմաս Մանի հետ, բանաստեղծություն ձոնեց նրան։ Որոշ ժամանակ անց նորից հոգեբուժարան ընկավ։ Կյանքին վերջ տվեց՝ նետվելով գնացքի անիվների տակ։
Ստեղծագործություններ
խմբագրելՅոժեֆի «Գեղեցկություն մուրացողը» (1922) առաջին ժողովածուում նկատելի է Է. Ադիին, Դ․ Յուհասին, Ու․ Ուիթմենին ընդօրինակելը։ Բայց արդեն «Գոռացողը ես չեմ» (1924), «Ոչ հայր, ոչ մայր» (1929) ժողովածուներում, չնայած էքսպրեսիոնիզմի և սյուրռեալիզմի ազդեցությանը, հաստատվում է նրա հանդուգն գրոտեսկային, երբեմն էլ մտերմական քնարական սեփական գրելաձևը։ Յոժեֆի պոեզիան, որի մեջ լարված դրամատիզմ է երևան գալիս, արտացոլում է աշխատավոր մարդկանց ընչազրկությունն ու հեղափոխական պայքարի կամքը («Կոճղերն արմատախիլ արա ու մի նվնվա», 1931, «Ծայրամասի գիշերը», 1932, «Արջապար», 1934, ժողովածուներ)։ Յոժեֆի «Շատ է ցավում» (1936) վերջին ժողովածուում կատաղի բողոքը միահյուսված է ընկճվածության և հուսահատության հետ։
Աթիլա Յոժեֆի պոեզիան, որ պատվավոր տեղ ունի 20-րդ դարի եվրոպական քնարերգության գանձարանում, իր մեջ համաձուլել է ֆրանսիական սյուրռեալիզմի պրպտումները, Էնդրե Ադիի հեղափոխական ավանդույթները, Լայոշ Կաշակի ավանգարդիզմը։ Նրա բանաստեղծությունները թարգմանել են գեղարվեստական չափածո խոսքի հանրաճանաչ վարպետներ. Հայաստանում՝ Պարույր Սևակը, Ֆրանսիայում Էլյուարն ու Գիլվիկը, Գերմանիայում՝ Շտեֆան Հերմլինը, Ռուսաստանում՝ Լեոնիդ Մարտինովը, Դավիթ Սամոյլովը...
Յոժեֆի բանաստեղծությունների հիման վրա երաժշտություն են գրել Դյորդ Լիգետին, Դյորդ Կուրտագը, Էդիսոն Դենիսովը, Ջ. Մանձոնին... Ամերիկյան The Party երաժշտախումբը[6] 2004 թվականին ձայնագրել է հունգար պոետի "Tiszta szivvel" բանաստեղծության անգլերեն թարգմանության ("With All My Heart") հիման վրա ստեղծված երգը քանթրի տարբերակով։
Հիշատակ
խմբագրել- Սեգեդի համալսարանը 1962—2000 թվականներին կրել է Աթիլա Յոժեֆի անունը։
- 2007 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին "Je ne crie pas"/"Nem Kiáltok...!" ("Ես չեմ ճչում") խորագիրը կրող և Աթիլա Յոժեֆին նվիրված նկարների ցուցահանդես է կազմակերպվել Karolyi Foundation-ում[7]։
- Հունգարիայում Աթիլա Յոժեֆին նվիրված նամականիշներ են թողարկվել 1947 թվականի մարտի 15-ին[8], 1955 թվականի հուլիսի 28-ին[9], 1980 թվականի ապրիլի 11-ին[10], 2005 թվականի ապրիլի 11-ին[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Vegetti Catalog of Fantastic Literature (իտալ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Йожеф Аттила // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ The Party. «"With All My Heart" by The Party». myspace.com. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Károlyi József Alapítvány - Fehérvárcsurgó». www.karolyi.org.hu.
- ↑ Michel HU 980, Stamp Number HU 825, Yvert et Tellier HU 867
- ↑ Michel HU 1448, Stamp Number HU 1139, Yvert et Tellier HU 1181
- ↑ Michel HU 3427A, Stamp Number HU 2646, Yvert et Tellier HU 2725, AFA number HU 3324.
- ↑ Michel HU 5018, Stamp Number HU 3928, Yvert et Tellier HU 4059, AFA number HU 4903
Արտաքին հղումներ
խմբագրել- Meeting Attila József
- General Introduction
- Tableau – 2005 Արխիվացված 2019-04-22 Wayback Machine in the homepage of Laszlo Forizs Արխիվացված 2007-07-05 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթիլա Յոժեֆ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթիլա Յոժեֆ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 126)։ |