Աղյուս
Աղյուս, շինարարական, ուղղանկյուն զուգահեռանիստի ձևով կաղապարված արհեստական քար։ Աղյուսի ստանդարտ չափերն են 250 x 120 x 65 մմ³։ Ըստ սկզբնահումքի և պատրաստման եղանակի լինում է թրծած կավային, տրեպելային, թրծած կավա–տրեպելային, սիլիկատային (կրաավազային, կրակավային ևն)։ Ամենամեծ տարածումն ունի թրծած կավային և կրաավազային աղյուսներ։
Կավային աղյուս պատրաստվում է դյուրահալ ավազակավերից ու կավերից։ Լինում է սովորական, թեթև (ծակոտկեն, սնամեջ), ճանապարհային և այլ տեսակի։ Սովորական աղյուսի ամրության սահմանը սեղմելիս 50–200 կգ/սմ² է, ջերմահաղորդականության գործակիցը՝ 0,6–0,7 կկալ/մ. աստ. ժ, ծավալային կշիռը՝ 1700–1900 կգ/մ³։ Կավային աղյուս արտադրվում է գլխավորապես պլաստիկ կաղապարման և կիսաչոր մամլման եղանակներով։ Առաջին դեպքում կավը բաժնեչափվում, խառնվում է հավելանյութերի հետ և 18–25% խոնավությամբ կաղապարվում աղյուսամամլիչներով։ Աղյուսի չորացումը կատարվում է բնական կամ արհեստական չորանոցներում, իսկ թրծումը՝ օղակային կամ թունելային վառարաններում (900 °C–ից 1000 °C)։ Կիսաչոր մամլման եղանակի դեպքում հում աղյուսի թրծումը կատարվում է առանց նախնական չորացման։ Կավային աղյուս օգտագործվում է պատերի շարվածքի, տաքացման վառարանների, ծխնելույզների և կամարների կառուցման համար։
Սիլիկատային աղյուսներ պատրաստում են ավազի (92–95%) և կրի (5–8%) խառնուրդից՝ ջերմային մշակմամբ։ Ամրության սահմանը սեղմելիս՝ 75–200 կգ/սմ², ջերմահաղորդականության գործակիցը՝ 0,70–0,75 կկալ/մ. աստ. ժ, ծավալային կշիռը՝ 1800–1900 կգ/մ³։ Սիլիկատային աղյուս օգտագործվում է նույն նպատակներով, ինչ որ կավայինը, սակայն 250 °C–ից ցածր ջերմաստիճանում և ոչ խոնավ պայմաններում։
Աղյուս գործածվել է հնագույն ժամանակներից որպես շինանյութ Բաբելոնում, Նինվեում, Ուրարտուում և այլուր։ Այդ երկրներում խոնավ աղյուսի վրա փորագրում էին և ապա թրծում։ Հայկական լեռնաշխարհում հում աղյուս (հարդախառը կամ առանց հարդի) կիրառվել է մ.թ.ա. VI հազարամյակից («Աղվեսի բներ» բնակավայր)։ Ուղղանկյուն հում աղյուսից պատրաստված կացարաններ հայտնաբերվել են Թեղուտում (մ.թ.ա. V–IV հազարամյակ), Գառնիի էնեոլիթյան (մ.թ.ա. III հազարամյակ) և հելլենիստական (մ.թ.ա. I դ.) շերտերում։ Ուրարտական ժամանակաշրջանում (մ.թ.ա. IX–VII դդ., Արին-Բերդ, Կարմիր–բլուր) Աղյուս օգտագործվել է միջնաբերդի պարիսպներում։ Դվինում հայտնաբերված աղյուսի թրծման արհեստանոցները (IV–XIII դդ.) նույնպես վկայում են միջնադարյան Հայաստանում աղյուսի լայն կիրառման մասին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղյուս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 259)։ |