Ամբրակիա, (հին հունարեն՝ Ἀμβρᾰκία), Ամպրակիա (հին հունարեն՝ Ἀμπρίκία), հին հունական պոլիս Հունաստանի արևմտյան մասում։ Տեղակայված է Արախթոսի գետի ափին, ժամանակակից Արտայի տարածքում։ Ամբրակիան հիմնադրվել է կորնթացիների կողմից մ.թ.ա. 7-ից 3-2-րդ դարերում, եղել է Էպիրոսի թագավորության մայրաքաղաքը։

Բնակավայր
Ամբրակիա
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՀամայնքArtaion Municipality?
ԲԾՄ36 մետր
Ամբրակիա (Հունաստան)##
Ամբրակիա (Հունաստան)

Պատմություն

խմբագրել

Հին հունական առասպելներում քաղաքի հիմնադիրն է Ամվրաքսը, Ֆեսպրոտի որդին։ Մեկ այլ տարբերակի համաձայն` քաղաքի հիմնադրումը վերագրվում է Ամվրակիային, որը դրիոպների արքայի դուրստրն էր։ Հյուսիսում ամբրակիացիների հարևաններն էին մոլոսները, իսկ արևելքում` դրիոպները (աֆամանյան ցեղերից մեկը)։

Ենթադրվում է, որ քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 650 և 625 թվականներին Գորգի կողմից, որը կորնթոսյան բռնակալ Կիպսելիուսի որդին էր[1]։ Պարսպապատ քաղաքը դարձել էր կորնթացիների հենակետերից մեկը` Էլլադայից Մեծ Հունաստան ձգվող ծովային երթուղու վրա։ Քաղաքի բնակիչները զբաղվում էին գյուղատնտեսությամբ, ձկնորսությամբ, նավաշինության համար կիրառվող փայտի վերամշակմամբ, ինչպես նաև քաղաքի ձեռներեցների արտադրանքը արտահանում էին Էպիրոս։ Գորգի որդու՝ Պերանդրիայի հեռանալուց հետո Ամբրակիայում հաստատվում է ժողովրդավարական կառավարման ձևը։

Քանի որ Ամբրակիան համահունական միության մասն էր կազմում, մասնակցել է հույն-պարսկական պատերազմներին։ Նրա նավերից յոթը մասնակցել են Սալամինի ծովամարտին։ Ամբրակիան սերտ առևտրական կապեր ուներ Կորինթոսի հետ և նրա հավատարիմ դաշնակիցն էր։ Մ.թ.ա. 433 թվականին միասին պատերազմում են հակառակորդ Կերկիրայի դեմ։ Պելեպոնեսյան պատերազմի սկզբին ամբրակիացիները հետևում են կորինթոսցներին և հանդես գալիս որպես Սպարտայի համակիր։ Իսկ հարակից քաղաքները՝ Ամֆիլոքիան և Ակարնանիան, Աթենքի կողմնակիցներն էին։ Մ.թ.ա. 426 թվականին Իդոմենեի ճակատամարտում նրանց միացյալ զորքը ջախջախում է ամբրակիացիներին, և այդ պատմությունը թուլացնում է քաղաքի ուժերը։

Մ.թ.ա. 338 թվականին Մակեդոնիացի Փիլիպոս II-ը նվաճում է Ամբրակիան։ Թեև քաղաքը չէր հանձնվում, սակայն ստիպված է լինում ընդունել մակեդոնյան կայազորին։ Մ.թ.ա. 294 թվականին Ամբրակիան անցնում է էպիրոսյան թագավոր Պյուռոսի տիրապետության տակ, որը դարձնում է այն իր պետության մայրաքաղաքը[2]։ Հաջորդ տասնամյակների ընթացքում քաղաքը ծաղկում է ապրում, փողոցները ձևավորվում են պալատներով, տաճարներով, թատրոններով, բազմաթիվ քանդակներով։

Մ.թ.ա. 189 թվականին Ամբրակիան պաշարում է հռոմեական բանակը՝ Մարկոս Ֆուլվիոս Նոբիլիորի հրամանատարությամբ։ Երկար ժամանակ հռոմեացիները չէին կարողանում հաջողության հասնել, բայց բանակցությունների ընթացքում ստիպում են ամբրակիացիներին զենքերը վայր դնել։ Մարկոս Ֆուլվիուսը հրամայում է ապամոնտաժել քաղաքի բոլոր քանդակները և տանում դրանք Հռոմ։ Զավթիչները Ամբրակիային շնորհում են ազատ քաղաքի կարգավիճակ։ Երբ կայսր Օգոստոս Օկտավիանոսը Էպիրոսի հարավ-արևմտյան մասին կից հիմնում է Նիկոպոլիս քաղաքը, ամբրակիացիների մեծ մասը ստիպված է լինում տեղափոխվել այնտեղ, և Ամբրակիան աստիճանաբար դատարկվում է։ Արդեն բյուզանդական ժամանակներում, հին պոլիսի տարածքում ձևավորվում է նոր բնակավայր, որը կրում էր Արտա անունը։ Հինավուրց քաղաքից միայն պահպանվել են ամրաշեն պարսպի մնացորդները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Αμβρακία. Ιστορικό». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  2. Страбон. География. VII.296
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբրակիա» հոդվածին։