Փոքր Կովկաս լեռնային համակարգ
Փոքր Կովկաս, Անդրկովկաս, Կովկաս Փոքր, Ստորին Կովկաս, (վրաց.՝ მცირე კავკასიონი) — ծալքաբեկորավոր լեռնաշղթաների համակարգ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք մոտ 600 կմ երկարությամբ, մինչև 9 կմ լայնությամբ աղեղնաձև ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափից մինչև Արաքսի հովիտը։ Մեծ Կովկասից բաժանվում է Հարավային Կովկասի միջլեռնային իջվածքով։ Դեպի հարավ-արևելք աստիճանաբար բարձրանալով՝ Մռավ լեռնաշղթայում հասնում է 3724 մ հեռավորության (Արիության լեռ) բարձրության[2]։
Փոքր Կովկաս լեռնային համակարգ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Վրաստան, Հայաստան[1] և Ադրբեջան |
Մասն է | Կովկաս |
Լեռնաշղթա | Կովկասյան լեռներ |
Բարձրություն (ԲԾՄ) | 4090 մետր |
Երկարություն | 600 կմ |
Մեծագույն գագաթ | Արագած |
Հայկական լեռնաշխարհը հյուսիսից եզերում են Մեսխեթի ու Թրիալեթի լեռնաշղթաները։ Դրանցից հյուսիս Ռիոնի հովիտն է։ Այս լեռնաշղթաներին են հարում նաև Շավշեթի լեռները, որոնք գտնվում են Թուրքիայի տարածքում։ Մեսխեթի լեռնաշղթան, որը հայտնի է նաև որպես Աջարա-իմերեթյան, ձգվում է Սև ծովի աջարական ափից մինչև Կուր գետի Բորժոմի կիրճը։ Երկարությունը 150 կմ է, բարձր կետը՝ մինչև 2850 մ (Մեփիսծղարո)։ Թրիալեթի լեռնաշղթայի երկարությունը նույնպես մոտ 150 կմ է, բարձր կետը՝ Շավիկլդե լեռը, նույնպես ունի 2850 մ բացարձակ բարձրություն։ Այս լեռնաշղթաները կազմված է առավելապես ֆլիշային և հրաբխածին ապարներից։ Հյուսիսային լանջերն անտառապատ են։ Գերակշռում են բարձր լեռնային տափաստաններն ու ենթալպյան մարգագետինները։
Փոքր Կովկասը Վրաստանի և Թուրքիայի սահմանին զուգահեռ ձգվում է արևելք։ Վրաստանի հարավում, իսկ Հայաստանի Լոռու, Շիրակի մարզերի սահմանագլխին գտնվում է Ջավախքի լեռնաշղթա։ Երկարությունը մոտավորապես 50 կմ է և ձգվում է Թրիալեթից մինչև Բազումի լեռնաշղթա։ Այստեղ են Աշոցքի և Լոռվա սարահարթերը։ Ամենաբարձր գագաթը Աչքասարն է Հայաստանի տարածքում, որն ունի ծովի մակերևույթից 3196 մ բարձրություն։ Ջավախքի լեռնաշղթան հայտնի է նաև իր ջրվեժներով։ Լեռնաշղթան հիմնականում ծածկված է ալպյան մարգագետիններով և կանաչ արոտավայրերով։ Բազմաթիվ են փոքրիկ լճերը Ջավախքի լեռնաշղթայի վրա և նրա շրջակայքում։
Փոքր Կովկաս լեռնային համակարգը Խրամի հովտով բաժանվում է Աջարա-Իմերեթյան և Վիրահայոց-Արցախյան մասերի։ Վերջինս կազմված է Կուրի և Արաքսի ջրբաժան լեռնաշղթաներից ու դրանց լեռնաբազուկներից։
Հայաստանի Լոռու մարզում են գտնվում Բազումի, Փամբակի և Վիրահայոց լեռնաշղթաները։ Հարավ-արևելքում Ծաղկունյաց լեռնաշղթան է։ Գուգարաց լեռները բնական սահման են Լոռու և Տավուշի մարզերի միջև։ Տավուշում են գտնվում Միափորի, Հախում, Տավուշ, Խնձորուտ և այլ լեռնաշղթաներ։ Հյուսիսային Հայաստանի այս լեռնաշղթաներից ամենաբարձրը Թեժլեռն է (3101 մ)։
Սևանի լեռնաշղթան սահմանաբաժան է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սևանից արևելք են ճյուղավորվում մի քանի լեռներ, որոնք ընդհուպ մինչև 1980-ական թվականների վերջը մեծ մասամբ հայաբնակ էին։ Այսօր այդ տարածքները՝ պատմական Գարդման, Շակաշեն և այլ գավառներ, գտնվում են Ադրբեջանի կազմում։ Սևանի լեռնաշղթայի ամենաբարձր կետը Սատանախաչն է (3319 մ), Հայաստանի տարածքում է Փերեզակը (3290 մ)։
Ավելի հարավ ճյուղավորվում են երկու լեռնաշղթաներ՝ Զանգեզուրի և Արցախի լեռները։ Զանգեզուրի լեռնաշղթան Վայոց ձորի և Սյունիքի մարզերի, ապա՝ Հայաստանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բնական սահմանն է։ Բարձր կետը Կապուտջուղն է (3906 մ)։ Արցախի լեռերը կազմված են երկու բազուկներից՝ Մռավի ու Արցախի լեռնաշղթաներից, որոնք բաժանվում են Թարթառի միջլեռնային իջվածքով։ Դրանք գրեթե ամբողջությամբ գտնվում են հայկական երկրորդ պետության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում։ Նրանք ամբողջովին անտառապատ են, տեղ-տեղ՝ կուսական։ Ամենաբարձր գագաթը Գոմշասարն է կամ Մռավ լեռը (3724 մ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 128 — 150 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր Կովկաս լեռնային համակարգ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |