Անա Կոլովիչ Լեսոսկա (1980, Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնացի կենսաբան, որը 2011 թվականից հանդես է եկել Մավրովի ազգային պարկում հիդրոէլեկտրոէներգիայի արտադրության համար ամբարտակների կառուցման դեմ՝ անհետացող տեսակների, այդ թվում՝ անհետացման վտանգի տակ գտնվող բալկանյան լուսանի պաշտպանության նպատակով[1][2]։ Նրան հաջողվել է համոզել Հյուսիսային Մակեդոնիայի կառավարությանը դադարեցնել ազգային պարկում ամբարտակների կառուցման հետագա աշխատանքները, ինչը հանգեցրել է Համաշխարհային բանկից և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) վարկերի հետ կանչելուն։

Անա Կոլովիչ Լեսոսկա
Դիմանկար
Ծնվել է1980
ԾննդավայրՍկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Հյուսիսային Մակեդոնիա
Մասնագիտությունբնապահպան և կենսաբան
Մավրովո ազգային պարկ

Կենսաբան Կոլովիչ Լեսոսկան տեղեկացել է Մավրովոյում հիդրոէլեկտրակայանների կառուցման ծրագրերի մասին 2010 թվականին։ Դրանք ներառում էին 33 մետր բարձրություն ունեցող Բոշկով-Մոստ ամբարտակի և 70 մետր բարձրությամբ Լուկովո-Պոլյուս ամբարտակի կառուցումը։ Որպես «Էկո սվեստ» մակեդոնական բնապահպանական հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն ուրիշ ոչ կառավարական կազմակերպությունների և ակտիվիստների հետ համագործակցությամբ Անան սկսել է «Փրկեք Մավրովոն» արշավը[3]։ 2011 թվականի նոյեմբերին նա բողոք է ներկայացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ բացատրելով, որ նրանք հավանություն են տվել Բոշկով-Մոստ նախագծին վարկ տրամադրելուն՝ առանց կենսաբանական միջավայրի անհրաժեշտ գնահատման։ Նա կոչ է արել, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդում ներկայացուցիչ ունեցող երկրների դեսպանները հասնեն ֆինանսավորման դադարեցմանը։ Լեսոսկան խնդրագիր է ներկայացրել, որով կառավարությանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին և Համաշխարհային բանկին կոչ է արել փակել նախագծերը, և հավաքել է գրեթե 100 000 ստորագրություն[4]։

2013 թվականին Անա Կոլովիչը բողոք է ներկայացրել Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիային՝ պարզաբանելով, որ Բոշկով-Մոստ հիդրոէներգետիկ նախագիծը «կարող է բացասական ազդեցություն ունենալ ձկների գոյության վրա»։ 2015 թվականի դեկտեմբերին Բեռնի կոնվենցիան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին և Համաշխարհային բանկին պարտավորեցրել է դադարեցնել ֆինանսավորումը[4][5]։ Համաշխարհային բանկն անմիջապես հետ է կանչել ֆինանսավորումը, և հաջորդ տարվա մայիսին կայացվել է դատարանի որոշումը «Բոշկով-Մոստ» նախագծի բնապահպանական թույլտվությունը չեղյալ հայտարարելու մասին։ 2017 թվականի հունվարին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը չեղարկել է ֆինանսավորումը[4]։

Ի նշան այդ նվաճումների՝ 2019 թվականի ապրիլին Անա Կոլովիչ Լեսոսկան աշխարհի վեց բնապահպանների շրջանում արժանացել է Գոլդմանների բնապահպանական մրցանակին[4][6]։ Հյուսիսային Մակեդոնիայի պատմության մեջ դա առաջին նման մրցանակն էր[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել