Անիզոտրոպություն
Անիզոտրոպություն (հունարեն՝ άνισος - անհավասար + τροπος — ուղղություն), նյութի ֆիզիկական (մեխանիկական, օպտիկական, էլեկտրական և այլն) բոլոր կամ որոշ հատկությունների ոչ միատեսակությունը տարբեր ուղղություններով։ Օրինակ՝ բամբակե գործվածքը հեշտությամբ պատռվում է թելերի երկարությամբ (այդ ուղղությամբ գործվածքի նվազ ամրության հետևանքով)։
Բնական անիզոտրոպություն
խմբագրելԲնական անիզոտրոպությունների բյուրեղների բնութագրական առանձնահատկությունն է։ Բյուրեղների ֆիզիկական հատկությունները (ջերմահաղորդականությունը, լույսի բեկման ցուցիչը, առաձգականությունը և այլն) կախված են ուղղությունից, այսինքն բյուրեղներն անիզոտրոպ են։ Սակայն բյուրեղների ոչ բոլոր հատկություններն են անիզոտրոպ (օրինակ՝ խտությունը, տեսակարար ջերմունակությունը)։ Ընդհանրապես բյուրեղների անիզոտրոպությունը կախված է սիմետրիայից՝ որքան ցածր է սիմետրիայի կարգը, այնքան խիստ է արտահայտվում անիզոտրոպությունը։
Անիզոտրոպ միջավայր
խմբագրելԱնիզոտրոպ միջավայրը համասեռ է, եթե ֆիզիկական հատկությունների կախվածությունն ուղղությունից միևնույնն է նրա տարբեր կետերում, հակառակ դեպքում անիզոտրոպ միջավայրն անհամասեռ է կամ տեղային։ Համասեռ Անիզոտրոպություն կարող է պայմանավորված լինել նյութի կառուցվածքով, մոլեկուլների ասիմետրիայով և այլն։ Տեղային Անտիզոտրոպություն հետևանք է թրծման, ձգման, միակողմանի սեղմման և մեխանիկական այլ դեֆորմացիաների կամ ներքին լարումների անհավասար բաշխվածության։ Միևնույն միջավայրը կարող է անիզոտրոպ լինել մի հատկության (օրինակ՝ օպտիկական) և իզոտրոպ՝ մեկ այլ հատկության (օրինակ՝ մեխանիկական) նկատմամբ։ Միջավայրի օպտիկական հատկությունների, մասնավորապես՝ լույսի տարածման արագության կախվածությունը տարբեր ուղղություններից անվանում են օպտիկական անտիզոտրոպություն (օրինակ՝ երկբեկման երևույթը բյուրեղներում)։
Մարմինը կարող է հանդես բերել նաև մագնիսական անտրիզոպություն, երբ մարմնի մագնիսական հատկությունները կախված են ուղղությունից։ Անիզոտրոպ հատկությունները մաթեմատիկորեն բնութագրվում են վեկտորական և տենզորական մեծություններով՝ ի տարբերություն իզոտրոպ հատկությունների, որոնք նկարագրվում են սկալյար մեծություններով։
Տես նաև
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիզոտրոպություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 412)։ |