Անխելք մարդը
«Անխելք մարդը», Հովհաննես Թումանյանի հեքիաթներից[1]։
Անխելք մարդը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակչություն | Աղբյուր |
Հրատարակվել է | 1894 |
Վիքիդարան | Անխելք մարդը |
Սյուժե
խմբագրելՄի աղքատ մարդ է լինում, որը որքան աշխատում էր, դարձյալ նույն աղքատն է մնում։ Մի օր որոշում է գնալ աստծու մոտ ու հարցնել, թե երբ է պրծնելու այդ աղքատությունից։ Ճանապարհին հանդիպում է մի գայլի, որը իմանալով նրա նպատակը, խնդրում է հարցնել, թե ինքն էլ մինչև երբ պետք է սոված մնա։ Այնուհետև հանդիպում է մի սիրուն աղջկա, որը խնդրում է աստծուց իմանալ, թե «մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան», ինչ պետք է անի երջանիկ լինելու համար։ Վերջում տեսնում է ջրի ափին աճած մի չոր ծառ, որը խնդրում է իմանալ, թե ինքը երբ է կանաչելու։
Աղքատը հասնում է աստծու մոտ, պատմում է, որ շատ է չարչարվում, բայց չի կարողանում գոնե կուշտ հաց ուտել, աստված վստահեցնում է, որ նրան բախտ է տալիս, թող գնա ու վայելի։
Իմանալով գայլի, աղջկա ու ծառի հարցմունքների պատասխանները՝ աղքատը վերադառնում է։
Աղքատը ծառին ասում է, որ նրա տակ ոսկի կա, հենց հանեն, նա էլ կկանաչի։ Ծառն աղքատին առաջարկում է ոսկին հանել ու հարստանալ, բայց մարդը հրաժարվում է՝ պատճառաբանելով, թե պետք է գնա իր բախտը գտնելու։ Աղջկան հայտնում է, թե աստված ասել է, որ երջանիկ լինելու համար պետք է մտերիմ կյանքի ընկեր գտնի, աղջիկը նրան է առաջարկում դառնալ իր կյանքի ընկերը, բայց մարդն էլի հրաժարվում է՝ շտապելով գտնել իր բախտը։
Հանդիպելով գայլին՝ աղքատը նրան պատմում է ծառի ու աղջկա մասին, այնուհետև ասում, որ աստված նրան փոխանցել է, թե «սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս»։ «Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ»,— ասում է գայլն ու ուտում անխելք աղքատին։
Պատմություն
խմբագրելՀեքիաթի ինքնագիրը չի պահպանվել։
Ստեղծագործությունն առաջին անգամ տպագրվել է 1894 թվականին «Աղբյուր» ամսագրի №4-ում (էջ 148-153) «Հեքիաթ» ենթավերնագրով։
Այնուհետև տպագրվել է Երևանում 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ101-103)[1]։
Թումանյանն օգտագործել է այս հեքիաթի հայկական, վրացական, իմերեթական և կովկասյան ժողովուրդների մոտ լայնորեն տարածված այլ տարբերակներ։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Աղբյուր» ամսագրից[1]։