Անհաղթահարելի ուժ կամ ֆորս մաժոր (լատին․՝ vis major, ֆր.՝ force majeure), նշանակում է անհաղթահարելի ուժ, կիրառվում են նաև cas fortuit (ֆրանսերեն) և casus fortuitus (լատիներեն) արտահայտությունները[1]. իրավունքում արտակարգ իրադարձություններ, որոնք կախված չեն մարդկանց կամքից, գործում են օբյեկտիվորեն, չեն կարող կանխատեսվել կամ կարող են կանխատեսվել, բայց չեն կարող կանխվել և վերացվել։ Ֆորս մաժորը պայմանագրային իրավունքում լայն կիրառություն ունեցող պայման է, որը պայմանագրի կողմերին ազատում է պարտավորությունը լրիվ կամ մասնակի չկատարելու համար պատասխանատվությունից, եթե պարտավորության չկատարումն այնպիսի հանգամանքների կամ իրադարձությունների հետևանք է, որոնք կողմերը չէին կարող կանխել կամ կանխատեսել։ Այդպիսի հանգամանքներ կարող են լինել պատերազմները, գործադուլները, արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելը, համաճարակները, բնական աղետները (երկրաշարժ, ջրհեղեղ, հրաբխի ժայթքում և այլն), որոնք անհնարին են դարձնում պայմանագրի կողմերի կամ նրանցից մեկի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը։ Պրակտիկայում հանդիպող պայմանագրերի մեծամասնությունը անհաղթահարելի ուժ համարվող հանգամանքների ի հայտ գալու դեպքում կողմին պարտավորությունը չկատարելու համար պատասխանատվությունից վերջնականորեն չի ազատում, այլ պարզապես ազատում է պատասխանատվությունից՝ անհաղթահարելի ուժ համարվող հանգամանքների գործողության ընթացքում[2][3]։

Քաղաքացիական իրավունքում անհաղթահարելի ուժը կարող է հանգեցնել պայմանագրի պայմանների մասնակի կամ լրիվ չկատարմանը. որի արդյունքում պայմանագրի կողմերից մեկը իրենից անկախ պատճառներով վնաս է հասցնում մյուս կողմին։ Անհաղթահարելի ուժը, որպես այդպիսին, պետք է լինի օբյեկտիվ և բացարձակ, այսինքն պետք է վերաբերի ոչ միայն վնաս հասցնող կողմին, այլ տարածվի բոլոր կամ շատ սուբյեկտների նկատմամբ։ Պայմանագրի պայմանների կատարման անհնարինությունը պետք է լինի բացարձակ, այլ ոչ թե դժվարացված։ Պետությունների գերակշռող մասի իրավական համակարգերում անհաղթահարելի ուժը համարվում է այնպիսի գործոն, որն ազատում է պատասխանատվությունից։ Անհաղթահարելի ուժ չեն համարվում այն հանգամանքները, որոնք ըստ էության պարունակում են առևտրային ռիսկ։ Միջազգային իրավունքում անհաղթահարելի ուժի պետությունը միջազգային իրավական պատասխանատվությունից ազատող հանգամանք է։ Տարբերում են նաև «իրավաբանական անհաղթահարելի ուժ» հասկացությունը, որը չունի համընղհանար ճանաչում ստացած սահմանում, սակայն սովորաբար իրավաբանական անհաղթահարելի ուժ են համարվում պետական բարձրագույն մարմինների որոշումները (օրինակ, ներմուծման կամ արտահանման արգելումը), հեղափոխությունները, պատերազմները, գործադուլները և այլն։

Ֆորս մաժորը սովորաբար ներառում է այնպիսի իրադարձություններ, որոնք կողմը ողջամտորեն չէր կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Ֆորս մաժոր չեն համարվում.

  • այնպիսի հանգամանքները, որոնք առաջացել են դրանց ազդեցությունը կրող կողմի անզգուշության արդյունքում[4].
  • արտաքին ուժերի սովորական և բնական ազդեցության արդյունքները։ Այսպես, եթե որպես պայմանագրային պարտավորության չկատարման համար պատասխանատվությունից ազատման հիմք վկայակոչվում է սովորական, նախապես կանխատեսելի անձրևը, այն անհաղթահարելի ուժ չի կարող համարվել։ Բայց եթե, օրինակ, տեղի է ունեցել ջրհեղեղ, որի հետևանքով վնասվել է պարտավորության կատարման վայրը կամ անհնարին է նախատեսվող իրադարձությանը մասնակցելը, ջրհեղեղն այս դեպքում գրեթե վստահաբար ֆորս մաժոր է։ Սակայն ջրհեղեղը ֆորս մաժոր կարող է չհամարվել, եթե այն տեղի է ունեցել այնպիսի տարածքում, որը հայտնի ջրհեղեղային կամ հորդառատ, հեղեղային անձրևային գոտում է[5]։ Որոշ դեպքերում անհաղթահարելի ուժի առկայությունը շատ վիճելի է և կախված է կոնկրետ հանգամանքներից։ Օրինակ, եթե տարածքում սովորաբար հորդառատ անձրև է լինում, որը պարտավորության կատարումը թեև դժվարացնում է, բայց անհնարին չի դարձնում, նման տարածքում տեղի ունեցած ջրհեղեղն ահնաղթահարելի ուժ կարող ենք համարել՝ այլ հանգամանքների լույսի ներքո.
  • այնպիսի հանգամանքները, որոնք պայմանագրում ուղղակիորեն նշված են, օրինակ, եթե պայմանագիրը դրույթ է պարունակում այն մասին, որ դրսում տեղի ունեցող միջոցառումը կարող է չեղարկվել կամ պետք է չեղարկվի, եթե անձրև է գալիս։

Միջազգային իրավունքում ֆորս մաժոր է համարվում անհաղթահարելի ուժը կամ անկանխատեսելի այնպիսի հանգամանքը, որը պարտավորություն ունեցող պետության վերահսկողության շրջանակից դուրս է, և որը օբյեկտիվորեն անհնարին է դարձնում պետության միջազգային պարտավորության կատարումը, և այն սովորաբար կապված է արտակարգ դրության հայտարարման իրավիճակներին[6]։

Կոնկրետ հանգամանքներում ֆրոս մաժորը ավելի հաճախ կարգավորվում է պայմանագրի համար կիրառելի իրավունքով, քան ֆորս մաժորի վերաբերյալ ընդհանուր գաղափարներով։ Պայմանագրի համար կիրառելի օրենսդրությունը սովորաբար սահմանվում է պայմանագրով, իսկ եթե սահմանված չէ, որոշվում է այն երկրի օրենսդրությամբ, որը պետք է ենթակա լինի կիրառման տվյալ պայմանագրի նկատմամբ։

Անհաղթահարելի ուժի էություն և նպատակ

խմբագրել

Սահմանափակ ժամկետով կնքվող և որոշակի այլ նրբություններ ունեցող պայմանագրերում ֆորս մաժորի առկայությունը կարող է բացառվել այն դեպքերում, երբ կողմն իրենից ակնկալվող ողջամիտ քայլերը չի կատարել՝ արտաքին ուժի ներգործությունը նվազեցնելու համար` ինչպես այդ հանգամանքների ի հայտ գալը հավանական դառնալու, այնպես էլ դրանք արդեն տեղի ունենալու դեպքում։ Ֆորս մաժորը կարող է հիմք լինել ինչպես մեկ, այնպես էլ երկու կողմերին ազատելու ինչպես բոլոր պարտավորություններից, այնպես էլ դրանց մի մասից։ Օրինակ, գործադուլը կարող է արգելակել ապրանք մատակարարելու պարտավորության կատարումը և այդ պարտավորության համար հանդիսանա անհաղթահարելի ուժ, սակայն չարգելակի մատակարարված ապրանքի դիմաց վճարելու պարտավորության կատարումը։

Զինվորական հարաբերություններում ֆորս մաժորը նշանակալիորեն տարբերվող իմաստ ունի։ Այստեղ ֆորս մաժոր ասելով հասկանում ենք նավի կամ օդանավի հետ տեղի ունեցող ներքին կամ արտաքին այնպիսի իրադարձություն, որը թույլ է տալիս դրանց մուտք գործել այնպիսի տարածքներ, որտեղ մուտքը սովորաբար արգելված է՝ առանց դրա համար տուգանքների վճարման։ Այսպիսի ֆորս մաժորի օրինակ է Հաինան կղզում տեղի ունեցած միջադեպը, երբ 2001 թվականի ապրիլին ԱՄՆ ռազմական օդանավը չինական կործանիչի հետ բախումից հետո հարկադրված վայրէջք կատարեց Չինական զինվորական ավիաբազայում։ Ֆորս մաժորի սկզբունքը նման իրավիճակում պահանջում է օդանավի անխոչընդոտ վայրէջք։

Պայմանագրում անհաղթահարելի ուժին վերաբերող պայմանները չպետք է չափազանցեցված լինեն, քանի որ ֆորս մաժորը հիմք է կողմին ազատելու համար այն պարտավորության կատարման համար պատասխանատվությունից, որը ստանձնելու համար կնքվել է պայմանագիրը։ Երբեմն պայմանագրեր կնքելիս ֆորս մաժոր համարվող հանգամանքները հստակեցնելիս կողմերը լուրջ հակասություններ են ունենում, քանի որ պայմանագրի կողմը սովորաբար պահանջում է անհաղթահարելի ուժ դիտարկել այնպիսի հանգամանքներ, որոնց ի հայտ գալը իրականում հենց այդ կողմի ռիսկի տիրույթում է։ Օրինակ, ածուխի մատակարարման պայմանագրում հանքը շահագործող ընկերությունը կարող է առաջարկել ֆորս մաժոր համարել «երկրաբանական ռիսկը», սակայն այն ֆորս մաժոր օբյեկտիվորեն չի կարող, քանի որ հանքը շահագործող ընկերությունը պարտավոր է կատարել երկրաբանական պայմանների խորը հետազոտություն, և եթե կա ռիսկ, որ ժամանակ առ ժամանակ երկրաբանական առանձնահատկություններից ելնելով ածխի պաշարները չեն կարող արդյունահանվել, հանքը շահագործող ընկերությունն առհասարակ չպետք է սկսի ածխի մատակարարման պայմանագրի վերաբերյալ բանակցություններ։ Բանակցությունների արդյունքը, բնականաբար, կախված է կողմերի բանակցային հմտություններից և գիտելիքներից, ինչի արդյունքում շատ հաճախ ֆորս մաժոր նախատեսող դրույթները պայմանագրի կողմն օգտագործում է պայմանագիրը ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվությունից իրեն ազատելու համար։

Քանի որ անհաղթահարելի ուժը տարբեր իրավական համակարգերում տարբեր կերպ է բնորոշվում, սովորաբար պայմանագրերը ֆորս մաժորի հատուկ բնորոշում են պարունակում։ Սա վերաբերում է հատկապես միջազգային մակարդակում կնքվող պայմանագրերին։ Որոշ համակարգեր ֆորս մաժոր են համարում միայն, այսպես կոչված, բնական աղետները (ինչպիսիք են ջրհեղեղը, երկրաշարժը, փոթորիկը և այլն), և բացառում են այնպիսի հանգամանքներ ֆորս մաժոր համարելը, ինչպիսիք են մարդածին կամ տեխնիկական ձախողումները (օրինակ՝ պատերազմը, ահաբեկչական գործողությունները, աշխատանքային վեճերը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, էներգամատակարարման դադարեցումը)։ Այնուամենայնիվ, գերադասելի տարբերակ է պայմանագրեր կազմելիս բնական աղետների և ֆորս մաժոր համարվող այլ հանգամանքների միջև որոշակի տարբերակում մտցնել։

Անհաղթահարելի ուժի պայմանագրային բնորոշումը կապված է նաև այն տարածքի հետ, որտեղ ենթադրվում է պայմանագրի կատարումը։ Այսպես, եթե այդ տարածքը սեյսմիկ ակտիվ գոտում է, որտեղ շատ հաճախ տեղի են ունենում երկրաշարժեր, ցանկալի է պայմանագրում նախատեսել երկրաշարժի ուժգնության այնպիսի շեմ, որից բարձր երկրաշարժը միայն կարող է համարվել անհաղթահարելի ուժ։ Օրինակ, սեյսմիկ բարձր ռիսկայնության գոտում երկրաշարժը ֆորս մաժոր համարելու այդ նվազագույն շեմը կարող է որոշվել՝ ելնելով տվյալ տարածքում երկրաշարժերի ուժգնության և հաճախականության վերաբերյալ հետազոտություններից։ Երկրաշարժը կարող է լինել ինչպես թեթև տատանում, այնպես էլ մեծ ավերածություններ պատճառել։ Հետևաբար, երկրաշարժի փաստն ինքնին չի ենթադրում մեծ վնաս ու ավերածություններ։ Հետևաբար, թեթև և միջին ծանրության երկրաշարժերի համար ցանկալի է պայմանագրում որոշակի բացառություններ նախատեսել ֆորս մաժորից, սակայն ուժեղ երկրաշարժերի դեպքում սա ոչ միշտ է տնտեսապես ձեռնտու։ Պայմանագրում այնպիսի հասկացության օգտագործումը, ինչպիսին է «ավերիչ երկրաշարժը», ևս որոշակիության տեսանկյունից խնդրահարույց է, հատկապես այնպիսի տարածքներում, որտեղ կառուցված շենքերի մեծամասնությունը բավարար սեյսմակայունություն չունեն[7]։

Անհաղթահարելի ուժն ընդհանուր իրավունքում

խմբագրել

Անգլիական իրավունքը անհաղթահարելի ուժի դրույթները պայմանագրերի համար մեխանիկորեն կիրառելի չի համարում[8]։ Անգլիական պայմանագրային իրավունքում կողմերը ֆորս մաժորի վերաբերյալ դրույթներն իրենց պայմանագրի նկատմամբ կիրառելի համարելու համար պարտավոր են նախատեսել ֆորս մաժորին վերաբերող դրույթները կնքվող պայմանագրում։ Նման դրույթի բացակայությունը նշանակում է, որ անհաղթահարելի հանգամանք ի հայտ գալու դեպքում, որն արգելակում է պայմանագրային պարտավորության կատարումը, այն անհաղթահարելի ուժ համարվող չի կարող և հիմք չի կարող հանդիսանալ այդ պարտավորության չկատարման համար պատասխանատվությունից ազատելու, քանի որ պայմանագրում այն չի առանձնացվել որպես ֆորս մաժոր։

Ընդհանուր իրավունքում ճանաչված է նպատակի խափանման կոնցեպտը, որը ֆորս մաժորի համեմատությամբ ավելի նեղ իմաստ ունի և կիրառվում է այն ժամանակ, երբ պայմանագրի փաստացի կատարումը կատեգորիկ տարբերվում է նրանից, ինչ կողմերն ակնկալում էին պայմանագիրը կնքելիս[9]։ Այն դեպքում, երբ պայմանագիրը ֆորս մաժորի վերաբերյալ դրույթներ չի պարունակում կամ կոնկրետ իրադարձությունը ներառված չէ ֆորս մաժոր համարվող հանգամանքների շարքում, սակայն կողմերի կամքից անկախ որևէ իրադարձություն արգելակում է պայմանագրային պարտավորության կատարումը, այն համարվում է պայմանագրի խախտում։ Նպատակի խափանման կոնցեպտը նման պայմաններում պայմանագիրն ավարտելու միակ հնարավոր տարբերակն է։ Երբ պայմանագրային պարտավորության չկատարումը տուժող կողմին զրկում է պայմանագրից ակնկալվող ամբողջ օգուտից, այն համարվում է էական խախտում, որը տուժող կողմին իրավունք է տալիս լուծել պայմանագիրը և պահանջել էական խախտում թույլ տված կողմին՝ հատուցել իրեն պատճառված վնասերը[10]։

Անգլիական դատարանների մեկնաբանությամբ ֆորս մաժորն ավելի լայն հասկացություն է, քան պարզապես բնական աղետները։ Անգլիացի դատավորները գտնում են, որ գործադուլները, սարքավորումների խափանումները, որոնք սովորաբար vis major չեն համարվում, ֆորս մաժոր հասկացության ներքո ներառվում են։ Այնուամենայնիվ, այն դեպքում, երբ սարքավորումների խափանումը դրանք շահագործող կողմի անզգուշության հետևանք է կամ այնպիսի հանգամանքի հետևանք, որի ռիսկը կրել է տուժող կողմը, այն ֆորս մաժոր համարվել չի կարող։

Հասկացությունը, այնուամենայնիվ, չի կարող շատ լայն մեկնաբանվել և ներառել այնպիսի հանգամանքների արդյունքում պարտավորության չկատարումը, ինչպիսիք են վատ եղանակը, ֆուտբոլային խաղերը կամ հոգեհանգիստները։ Անգլիական Matsoukis v. Priestman & Co (1915) գործով դատարանն արտահայտել է այն դիրքորոշումը, որ «դրանք սովորական իրողություններ են, որոնք ընդհատում են աշխատանքը, և ակնհայտ է, որ պատասխանողները պայմանգիրը կնքելիս դրանք հաշվի առել են։ Ֆորս մաժոր արտահայտությունը մենք անգլիական պայմանագրերում հաճախ չենք հանդիպի։ Այն վերցված է Նապոլեոնի քաղաքացիական օրենսգրքից, որն էլ իր հերթին ծագել է Հռոմեացի պարոններից կամ նրանց խորհրդատուներից, ովքեր ծանոթ չեն Մայրցամաքում այդ հասկացության օգտագործմանը»։ Hackney Borough Council v. Dore (1922) գործով դատարանը նշել է. «Արտահայտությունը նշանակում է ֆիզիկական կամ նյութական երևույթ, և չի ներառում այդ երևույթից վախը կամ դրա վերաբերյալ պատկերացումը»։

Անգամ եթե առկա են ֆորս մաժոր համարվող հանգամանքեր, պայմանագրի կողմը պատասխանատվությունից չի կարող ազատվել, եթե այդ հանգամանքները պարզապես հանգեցրել են.

  1. պարտավորության կատարման դժվարացման,
  2. պարտավորության կատարման թանկացման և/կամ
  3. պարտավորության կատարման ավելի քիչ եկամտաբերության[11]։

Ֆորս մաժորը ռոմանոգերմանական իրավունքում

խմբագրել

Ֆրանսիա

խմբագրել

Ֆրանսիայում պատասխանողը կարող է հիմնվել հանգամանքի վրա՝ որպես ֆորս մաժորի, եթե այդ հանգամանքը անցնում է հետևյալ երեք թեստերով.

1. Արտակարգություն

Կողմը ողջամտորեն չպետք է կարողանա որևէ կերպ կանխել հանգամանքի ի հայտ գալը։

2. Անկանխատեսելիություն

Եթե հանգամանքը հնարավոր էր կանխատեսել, կողմը պարտավոր էր համապատասխան ձևով պատրաստված լինել դրան։ Կանխատեսելի իրադարձությանը չպատրաստված լինելու պայմաններում կողմը դրա հետևանքով պարտավորության չկատարման համար պատասխանատվություն կրում է։ Ընդ որում, այս չափանիշը Ֆրանսիայում շատ խստորեն է կիրառվում[12].

  • 1962 թվականի ապրիլի 9-ին Ֆրանիսայի պետական խորհուրդը Chais d’Armagnac գործով նշել է, որ քանի որ քննարկվող դեպքից առաջ վերջին ավերիչ ջրհեղեղը տեղի էր ունեցել ընդամենը 69 տարի առաջ, տեղի ունեցած ջրհեղեղը կանխատեսելի էր.
  • Գրենոբլի վարչական դատարանը 1974 թվականի հունիսի 19-ին Dame Bosvy-ի գործով նշել է, որ ձնահոսքը կանխատեսելի էր, քանի որ նախորդ ավերիչ ձնահոսքը տեղի է ունեցել ընդամենը 50 տարի առաջ։

3. Անդիմադրելիություն

Իրադարձության հետևանքները պետք է անկանխելի լինեն։

Ֆրանսիական իրավունքում հավանական ֆորս մաժոր համարվող իրադարձություն են նաև երկրաշարժերն ու փոթորիկները։ Ֆորս մաժորը ֆրանսիական իրավունքում պարտավորության կատարման համար պատասխանատվությունից պաշտպանության միջոց է։ Ֆորս մաժորը և անկանխատեսելի իրադարձությունը (cas fortuit ) ֆրանսիական իրավունքում տարբեր հասկացություններ են։

Գերմանիա

խմբագրել

Գերմանական իրավունքում ևս անգլիական իրավունքի նման vis major (höhere Gewalt) համարվող հանգամանքների և casus fortuitus (Zufall)-ի, այսինքն՝ բնական աղետների և այլ հանգամանքների միջև որոշակի տարբերություն կա։ Գերմանական իրավունքը փորձում է այս երկու հասկացությունները միավորել մեկ ընդհանուր höhere Gewalt հասկացության ներքո, որը ընդհանուր առմամբ համընկնում է ընդհանուր իրավունքում ֆորս մաժորի մեկնաբանությանը, ինչպես նաև ներառում է թե՛ բնական աղետները, թե՛ այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են գործադուլները, քաղաքացիական անհնազանդություններն ու պատերազմները[13]։

Անհաղթահարելի ուժն Ունիդրուայի սկզբունքներում

խմբագրել

Միջազգային առևտրային պայմանագրերի վերաբերյալ Ունիդրուայի սկզբունքների 7.1.7 կետը վերաբերում է ֆորս մաժորին և սահմանում է ընդհանուր իրավունքի և քաղաքացիական իրավունքի համակարգերում առկա բնորոշմանը նման, բայց ոչ նույնական բնորոշում։ Մասնավորապես, Ունիդրուայի սկզբունքների համաձայն՝ կողմն ազատվում է պարտավորության կատարման համար պատասխանատվությունից, եթե ապացուցում է, որ պարտավորության չկատարումը այնպիսի հանգամանքի արդյունք է, որն իր վերահսկողությունից դուրս է եղել և որը պայմանագրի կնքման ժամանակ ողջամտորեն կանխատեսվել կամ հաշվի առնվել չէր կարող, կամ որից կողմը չէր կարող խուսափել կամ հաղթահարել այն[14]։

Անհաղթահարելի ուժը Հայաստանի քաղաքացիական իրավունքում

խմբագրել
  Սույն հոդվածը կամ ենթաբաժինը բովանդակված է Հայաստանի ներպետական օրենսդրության համապատասխանությամբ։

Հայաստանի քաղաքացիական օրենսգիրքը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտների համար սահմանում է առանց մեղքի պատասխանատվություն կրելու սկզբունքը։ Այս սկզբունքից բացառություն է այն իրավիճակը, երբ պարտավորության կատարման անհնարինությունն անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանք է։ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն անհաղթահարելի ուժը բնորոշում է որպես «տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքներ»[15]։

Հայաստանի քաղաքացիական իրավունքում, ընդհանուր առմամբ, պարտավորական իրավահարաբերություններում պարտապանին պատասխանատվությունից ազատելու հիմք է կատարման անհնարինությունը։ Կատարման անհնարինության օրինակ են պատահարը և անհաղթահարելի ուժը։ Պատահար են համարվում այնպիսի երևույթները, որոնք տեղի են ունենում պարտապանի կամքից անկախ, որոնց առաջացումը վաղօրոք կանխատեսել հնարավոր չէ, և որոնք սուբյեկտիվորեն անկանխատեսելի ու անկանխելի են։ Պատահարի հիմնական առանձնահատկություններից է այն, որ այն հնարավոր է կանխել, եթե դրա ազդեցությունը կրող սուբյեկտը նախապես իմանա դրա առաջանալու մասին[16]։

Անհաղթահարելի ուժը, այպես կոչված, «որակյալ պատահարն» է, որին բնորոշ հատկանիշներն են անկասելիությունը և արտակարգությունը։

  1. Օբյեկտիվ անկասելիություն. նշանակում է, որ անհաղթահարելի ուժ համարվող հանգամանքների վնասակար հետևանքները միշտ չէ, որ կարելի է կասեցնել, եթե անգամ հայտնի է դրանց տեղի ունենալու մասին։
  2. Արտակարգություն. նշանակում է, որ այդ երևույթները համեմատաբար հազվադեպ են տեղի ունենում և չեն մտնում այն սովորական երևույթների շրջանակի մեջ, որոնցով ընթանում է մարդկանց բնականոն գործունեությունը։

Որպեսզի երևույթը համարվի ֆորս մաժոր, այն պետք է լինի և՛ արտակարգ, և՛ անհաղթահարելի։ Դրանցից որևէ մեկի բացակայության դեպքում երևույթն անհաղթահարելի ուժ համարվել չի կարող։ Օրինակ, եթե ջրհեղեղը քանդել է կամուրջը, բայց բեռը կարելի է տեղ հասցնել այլ ճանապարհով։

Արտակարգ և անկանխելի կարող են համարվել.

  1. բնական երևույթները, օրինակ՝ երկրաշարժը, փոթորիկը, ցունամին.
  2. հասարակական երևույթները, օրինակ՝ պատերազմը, համաճարակը, գործադուլը[17]։

Ձեռնարկատիրական հարաբերություններում արտակարգ չեն համարվում պարտապանի կոնտրագենտի կողմից պարտավորությունների խախտումը, շուկայում անհրաժեշտ ապրանքների կամ պարտապանի մոտ անհրաժեշտ դրամական միջոցների բացակայությունը։

Հայաստանի քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է նաև անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով պատասխանատվությունից ազատման մի շարք այլ հատուկ հիմքեր.

  1. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե հայցի ներկայացմանը արգելք է հանդիսացել արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանք (անհաղթահարելի ուժ)[18]։
  2. Դատարանը կամ ֆինանսական համակարգի հաշտարարը պարտապանի պահանջով պակասեցնում է վճարման ենթակա կամ վճարված պայմանագրով որոշված տուժանքի չափը, եթե տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, և պարտավորության պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով, և օրենքով կամ պայմանագրով անհաղթահարելի ուժը չի ազատում պատասխանատվությունից[19]։
  3. Առուվաճառքի պայմանագրով որակի երաշխիքով հանձնված ապրանքի թերությունների համար վաճառողը պատասխանատվություն է կրում, եթե չի ապացուցում, որ ապրանքի թերությունները ծագել են գնորդին հանձնելուց հետո` (...) կամ անհաղթահարելի ուժի հետևանքով[20]։
  4. Պահատվության պայմանագրով արհեստավարժ պահառուն պատասխանատվություն է կրում գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար, եթե չի ապացուցում, որ գույքի կորուստը, պակասորդը կամ վնասվածքը տեղի են ունեցել անհաղթահարելի ուժի (...) հետևանքով[21]։
  5. Բանկի անհատական պահատեղում արժեքների պահատվության պայմանագրով պահատեղի պահպանվածության խախտման դեպքում բանկն ազատվում է պատասխանատվությունից, եթե ապացուցում է, որ (...) դա հնարավոր է դարձել անհաղթահարելի ուժի հետևանքով[22]։
  6. Հյուրանոցում պահատվության պայմանագրով հյուրանոցը կենվորի դրամի, այլ արժութային արժեքների, արժեթղթերի և այլ թանկարժեք գույքի կորստի համար պատասխանատվություն է կրում այն դեպքում, երբ դրանք հյուրանոցի կողմից ի պահ են ընդունվել կամ կենվորի կողմից տեղադրվել են հյուրանոցի կողմից նրան տրամադրված անհատական պահատեղում` անկախ այդ պահատեղի (կենվորի համարում, թե հյուրանոցի մեկ այլ տարածքում) գտնվելու հանգամանքից։ Հյուրանոցն ազատվում է նման պահատեղի պարունակության պահպանվածության խախտման համար պատասխանատվությունից, եթե ապացուցում է, որ (...) դա հնարավոր է դարձել անհաղթահարելի ուժի հետևանքով[23]։
  7. Բեռների փոխադրման պայմանագրով բեռ փոխադրողը և առաքողն ազատվում են տրանսպորտային միջոցները չտրամադրելու կամ տրամադրված տրանսպորտային միջոցները չօգտագործելու համար պատասխանատվությունից, եթե դա տեղի է ունեցել անհաղթահարելի ուժի, ինչպես նաև տարերային բնույթի այլ երևույթների (հրդեհների, ջրհեղեղների և այլնի) կամ ռազմական գործողությունների հետևանքով[24]։
  8. Ուղևորափոխադրման պայմանագրով ուղևոր փոխադրող տրանսպորտային միջոցի մեկնումը կամ այդպիսի տրանսպորտային միջոցի նշանակված վայր ժամանումը ուշացնելու համար (բացառությամբ քաղաքային և մերձքաղաքային փոխադրումների) փոխադրողն ուղևորին վճարում է օրենքով սահմանված չափով տուգանք, եթե չի ապացուցում, որ ուշացումը տեղի է ունեցել անհաղթահարելի ուժի (...) հետևանքով[25]։
  9. Անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով[26]։
  10. Իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով[27]։
  11. Ապրանք վաճառողը կամ արտադրողը, աշխատանքներ կատարողը կամ ծառայություններ մատուցողն ազատվում է պատասխանատվությունից, եթե ապացուցում է, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ սպառողի կողմից ապրանքների, աշխատանքների, ծառայությունների օգտագործման կամ դրանց պահպանման համար սահմանված կանոնները խախտելու հետևանքով[28]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Royal Institute of Thailand. (n.d.). Word Coinage by the Royal Institute of Thailand Արխիվացված 2017-07-15 Wayback Machine. accessed 18 March 2008.
  2. «Amazon.com: International Business Law and Its Environment, Eighth Edition (South-Western Legal Studies in Business Academic Series) (9780538473613): Richard Schaffer, Filiberto Agusti, Lucien J. Dhooge, Beverley Earle: Books». amazon.com.
  3. Principle of Force Majeure (including international references), Trans-Lex.org
  4. Public-Private Partnership in Infrastructure Resource Center (2012 թ․ հոկտեմբեր). «Force majeure definition and checklist». World Bank.
  5. Trade and Transport Inc v Iino Kaiun Kasiha Ltd [1973] 1 WLR 210 at 224 to 227; cf Channel Island Ferries Ltd v Sealink United Kingdom Ltd [1988] 1 Lloyd's Reports 323
  6. «"Force majeure" and "Fortuitous event" as circumstances precluding wrongfulness: Survey of State practice, international judicial decisions and doctrine - study prepared by the Secretariat» (PDF). Yearbook of the International Law Commission. 1978. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. Boroschek, Rubén (2008 թ․ մարտ). «Cláusula de Fuerza Mayor en Contratos de Construcción: Caso Terremotos» [Force majeure clauses in construction contracts: Regarding earthquakes] (PDF). Revista Bit (իսպաներեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 10-ին.
  8. Tadros, Rania (2014 թ․ հոկտեմբերի 3). «Force majeure: Update in light of recent developments». Ince & Co. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  9. «Force Majeure Clauses» (PDF). DLA Piper. 2011. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  10. Hongkong Fir Shipping Co. Ltd. v Kawasaki Kisen Kaisha Ltd. [1962] 2 QB 26 at 69-70
  11. «Protecting your Business with Force Majeure Clauses». Hall Ellis Lawyers. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  12. «Terms & Conditions». Lufthansa. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
  13. Schuldnerverzug, cf. BGB §287 (in German) Արխիվացված 2007-09-26 Wayback Machine) or deprivation of property (Sachentziehung, cf. BGB §848 (in German) Արխիվացված 2007-09-26 Wayback Machine)
  14. «UNIDROIT Principles 2010 - Article 7.1.7». UNIDROIT. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  15. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 3-րդ մաս». Arlis.am. Վերցված է 26.03.2020թ.
  16. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք/ Տ․Բարսեղյան; Երևանի պետական համալսարան-չորրորդ հրատարակություն/ Երևան։ Առաջին մաս». «Տիգրան Մեծ» հրատարակչություն. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  17. «Դ. Սերոբյան, ՀՀ քաղաքացիական իրավունք. պարտավորական իրավունք» (PDF). ysu.am. ԵՊՀ հրատարակչություն. 2017. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մարտի 26-ին. Վերցված է 25.03.2020թ.-ին.
  18. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ». Arlis.am. Վերցված է 26.03.2020թ.
  19. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ». Arlis.am. Վերցված է 26.03.2020թ.
  20. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 492-րդ հոդվածի 2-րդ մաս». Arlis.am. Վերցված է 26.03.2020թ.
  21. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 828-րդ հոդվածի 1-ին մաս». Arlis.am. Վերցված է 26.03.2020թ.
  22. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 849-րդ հոդվածի 3-րդ մաս». Arlis.am. Վերցված է 26.03.2020թ.
  23. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 852-րդ հոդվածի 2-րդ մաս». Arlis.am. Վերցված է 26.03.2020թ.
  24. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 864-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ». Arlis.am. Վերցված է 26.03.2020թ.
  25. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 865-րդ հոդվածի 1-ին մաս». Arlis.am. Վերցված է 26.03.2020թ.
  26. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1071.1 հոդվածի 1-ին մաս». Arlis.am. Վերցված է 26.03.2020թ.
  27. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին մաս». Arlis.am. Վերցված է 26.03.2020թ.
  28. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1091-րդ հոդված». Arlis.am. Վերցված է 26.03.2020թ.

Գրականություն

խմբագրել
  • Mitra's Legal & Commercial Dictionary. Pages 350–351. 4th Edn. Eastern Law House. 978-81-7177-015-1.
  • International Business Law and Its Environment. Schaffer, Agusti, Earle. Page 154. 7th Edn. 2008. South-Western Legal Studies in Business Academic. 978-0-324-64967-3.
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
  • Դ. Սերոբյան, «ՀՀ քաղաքացիական իրավունք. պարտավորական իրավունք», ԵՊՀ հրատ., Երևան, 2017թ.:
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք/ Տ․Բարսեղյան; Երևանի պետական համալսարան-չորրորդ հրատարակություն/ Երևան։ «Տիգրան Մեծ» հրատ․,2014, Առաջին մաս

Արտաքին հղումներ

խմբագրել
Տես՝ անհաղթահարելի ուժ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 422