Անձի հիսթերիկ խանգարում

Անձի հիսթերիկ խանգարում, անձնային խանգարում, որին բնորոշ է անընդհատ ուշադրության արժանանալու պահանջմունքը, սեփական անձի նշանակալիության գերագնահատումը, չափազանց հուզականությունը։ «Հիսթերիկ» բառը ծագում է «լատին․՝ histro, հիսթրո» բառից, որն իր հերթին փոխառված է էտրուսկական «դերասան բեմի վրա» բառից։ Այս կերպ, «հիսթերիկ» նշանակում է թատերական, գերհուզական։

Անձի հիսթերիկ խանգարում
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն
ՀՄԴ-9301.5
ՀՄԴ-10F60.4
Բուժումհոգեթերապիա
 Histrionic personality disorder Վիքիպահեստում

Ախտորոշում

խմբագրել

Անձի հիսթերիկ խանգարմամբ հիվանդները ձգտում են իրենց շրջապատում ամեն կերպ գտնվել ուշադրության կենտրոնում։ Ուշադրության կենտրոնում գտնվելու ձգտումը իր արտացոլումն է գտնում ամենուրեք՝ հագուկապում (գունեղ տարբերվող արտաքին և հագուստներ, վառ արտահայտված, տարօրինակ շպար), վարվելաձևում, միմիկայում (ակտիվ, շարժուն), ժեստիկուլացիայում, շարժուձևում, խոսքերում։ Նկատվում է բնավորության արագ փոփոխություններ, անկայունություն։ Ըստ իրավիճակի ճկվում է նրանց կարծիքները, զգացմունքները, բնավորությունն ու վարքը։ Նրանք իրենց ցուցադրում են ավելին, քան իրականում են, որի համար կարող են բերել կեղծ վկայություններ իրենց գերարժեքությունը ապացուցելու համար։ Հիսթերիկ խանգարման ժամանակ նկատվող ինքնասպանության փորձերը նույնպես ուղղված են ուշադրության գրավմանը[1]։ Նրանց մի մասը հիվանդանալով որևէ հիվանդությամբ՝ սկսում են սրացնել հիվանդության ախտանշանները։

Անձի հիստերիկ խանգարման ժամանակ կորում է իրականության և պատկերացման, ռեալության և ֆանտազիայի սահմանները, այս ամենը դառնում է մեծամոլության, ստելու մղում, ախտաբանական ստախոսություն («պսևդոլագիա ֆանտաստիկա»), այս դեպքում ցանկալին ներկայացվում է որպես իրականություն և փոխարինում է ճշմարտությանը։ Անբարենպաստ պայմաններում կարող են առաջանալ նևրոզներ։ Կլիմաքսի (դաշտանադաթարի) շրջանում հիվանդության ախտանշանները սրվում են։

Առանձնացվում են անձի հիսթերիկ խանգարմանը բնորոշ մի շարք հատկանիշներ, որոնցից չորսը բավական է ախտորոշման համար.

  • Անընդհատ որոնում և շրջապատողներից պահանջում են դրական գնահատական։ Դրական ամրապնդումների որոնումը բացատրվում է նրանով, որ շփման իրավիճակներում այսպիսի մարդիկ ձգտում են ուշադրություն գրավել. օրինակ՝ բարձր խոսում են, բարձր ծիծաղում, քան ուրիշները։ Եթե նրանց գործողությունները պատասխան ռեակցիա չեն ստանում, կարողանում են «ինչ-որ համար կատարել»` փորձելով ամեն գնով ուշադրություն գրավել։ Գլխավորը մենակության մեջ չմնալ։ Նրանց համար կարևոր է, որ իրենց կողքին մեկը լինի, լսի միայն իրենց, դրական արձագանք ստանալ։
  • Վարքում անադեկվատ գայթակղիչ են, ինչը դրսևորվում է նաև հագուստում, արտաքին տեսքում, այն ամենում, ինչը կարող է չվրիպել շրջապատի ուշադրությունից։ Նույնիսկ եթե այն, ինչ անում են նրանք, չի համապատասխանում համընդհանուր նորմերին, կանոններին, չի փոխում նրանց պլանները։
  • Չափազանց կենտրոնացվածություն սեփական ֆիզիկական գրավչությանը։ Նույնիսկ թուլացած վիճակում չեն դադարում մտածել այդ մասին։ Այս գերակայող գաղափարը զբաղեցնում է նրանց ամբողջ ժամանակը։ Դրա համար էլ հիվանդագին են արձագանքում իրենց արտաքին տեսքին ուղղված դիտողություններին։
  • Հույզերի անադեկվատ, չափազանցված դրսևորում։ Քիչ ծանոթ մարդկանց հետ հանդիպելիս այնպես կարող են ողջունել, կարծես թե վաղուց են ծանոթ, ուրախություն են դրսևորում աննշան առիթով։ Այս կերպ են դրսևորում նաև բացասական հույզերը։ Նրանք լացում են անզուսպ` ամենաչնչին սենտիմենտալ առիթներով։ Այսպիսի վիճակները սովորաբար կարճատև են և արագ փոխարինվում են ուրիշներով, որոնց ժամանակ նրանք իրենց այնպես են պահում, կարծես ոչինչ չի եղել։ Բացասական վիճակը կարող է փոխարինվել հակադիրով։ Դա ստեղծում է խաղի, կեղծավորության դերային վարքի տպավորություն։
  • Ծայրահեղ անհարմարավետ են իրենց զգում բոլոր այն իրավիճակներում, որոնցում ուշադրության կենտրոնում չեն։ Դրվածքի փոփոխության համար կարող են կոնֆլիկտներ ստեղծել։
  • Հատուկ է հույզերի անսպասելի փոփոխությունը. հուզական ապրումներում մակերեսային են, բացակայում է խորքայնությունը։
  • Շատ էգոցենտրիկ են, գործում են սկզբունքով՝ միանգամից ստանալու այն, ինչ ցանկանում են։ Նրանց դժվար է սպասել, համբերել, հետաձգել ցանկությունների բավարարումը։ Անհանդուրժող են դժվարությունների նկատմամբ։ Ի տարբերություն սահմանային անձնային խանգարման` իմպուլսիվության ժամանակ չեն կատարի իրենց և ուրիշների կյանքի համար վտանգավոր արարքներ։
  • Խոսքային կառույցը իմպրեսիոնիստական է։ Նախադասություններում բացակայում են կոնկրետ դետալները, տեղի ունեցողի հստակ բնութագիրը, սահմանափակվում են մակերեսային բնութագրերով։

Առանձնահատկություններ

խմբագրել

Անձի հիսթերիկ խանգարմամբ մարդիկ գերսենզիտիվ են և դրսևորում են սոցիոֆիլիա` շփման նկատմամաբ մեծ ձգտում։ Սովորաբար պահպանում են երեխային հատուկ հմայքը և անփորձությունը, ինչը կարող է օգնել նրանց համակրանքի արժանանալու նշանակալից մարդկանց կողմից։ Նրանք վարքում հայտնաբերվում է էքստրավերտ գծեր` սուր զգացողությունների որոնմամբ։ Շատ են սիրում արտահայտել իրենց զգացմունքները. վերջինս ներառում է մարդկանց գնահատում, ինքնառեֆլեքսիա, այնպիսի զգացմունքների ակտիվացում, ինչպիսին է սիրահարվածությունը։ Սակայն անկեղծ ու խորքային զգացմունքները բացակայում են։

Չնայած նրան, որ հիսթերիկ խանգարում ունեցող անձինք արտաքնապես կարող են մանիպուլյատիվ և վերահսկող թվալ, իրականում նրանց չի բավարարում ներքին ուժի զգացումը։ Խանգարման այս տեսակին հատուկ չէ ներքին ունայնությունը, փոխարենը բնորոշ է հուզական ռեակցիները չափազանցնելու հակումը, տեղի ունեցողի դրամատիզացիան, ուժեղ զգացմունքներ ունենալու ձգտումը։ Սոցիոբիլ են, անընդհատ իրենց նկատմամբ ուշադրության կարիք ունեն, նաև ուրիշների վրա տպավորություն թողնելու անհրաժեշտություն։ Գովասանք լսելու նպատակով օգտագործում են ամենահնարավոր միջոցները։ Անընդհատ խաղում են որոշակի դեր` այնքան մտնելով նրա մեջ, որ դժվար է հասկանալ, թե որն է նրանց իրական «Ես»-ը։ Նրանք ձգտում են, օրինակ, ոչ թե ցույց տալ իրենց ուրախության փաստը, այլ իրենց ուրախության մեջ, չնայած որ այդ ուժգնությամբ հույզ չեն զգում։ Այս նպատակով օգտագործում են այնպիսի արտաքին հատկանիշներ, ինչպիսիք են թատերականությունը վարքում՝ փորձելով ցույց տալ իրենց մոտ «ապրումների» առկայությունը։

Ուշադրության կենտրոնում լինելու անընդհատ ձգտումը նրանց միավորում է նարցիստիկ անձնային խանգարման հետ։ Տարբերությունն այն է, որ եթե նարցիստիկ մարդը կարող է տանել «պերիֆերիայում» գտնվելը, ապա հիսթերիկ խանգարում ունեցողը միշտ ձգտում է լինել կենտրոնում՝ շրջապատողներին գրավելով բարձրաձայն արտահայտություններով, ծիծաղով։ Արագ և հեշտ անցում են կատարում տրամադրության մի տեսակից մյուսին։ Հատուկ է ցանկությունների անհատականացումը, ֆրուստրացիայի անադեկվատ ապրումը։ Ցանկության բավարարումը հետաձգելու անհրաժեշտության դեպքում նրանք դրսևորում են դծգոհություն, հիասթափություն, նույնիսկ զայրույթի ռեակցիաներ։ Այլ մարդկանց հետ հարաբերություններում երբեմն կիրառում են հուզական սպառնալիքներ։ Այսպիսի մարդկանց բնորոշ չէ իրավախախտումների հակումը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հոգեբուժություն։ Դասագիրք բժշկական բուհերի ուսանողների համար /Ա.Է. Մելիք-Փաշայան; - Եր։ Երևանի Մ. Հերացու անվան պետ. բժշկ. համալս. հրատ., 330 էջ

Աղբյուրներ

խմբագրել
  • Diagnostic and Statistical Manual of Mental Disorders։ DSM-IV. — 4-е издание.
  • Короленко Ц.П., Дмитриева Н.В. Личностные и диссоциативные расстройства։ расширение границ диагностики и терапии։ Монография. – Новосибирск։ Издательство НГПУ, 2006. – 448 с.
  • Мак-Вильямс Нэнси Психоаналитическая диагностика։ Понимание структуры личности в клиническом процессе, 1998.-480с.
  • Millon, T. (1990) The Disorders of Personality. In L. Pervin (Ed.) Handbook of Personality. Theory and Research. New York. Guilford.
  • Robinson, D. (1999) Disordered Personalities. Port Huron. Rapid Psychler Press.
  • Aaron Beck, Arthur Freeman. Cognitive Therapy of Personality Disorders, 1990.
  • Hollender,M. (1971) Hysterical Personality. Comments on Contemporary Psychiatry, 1, 17-24.
  • Allen, D. (1977) Basic Treatment Issues. In M.Horowitz (Ed). Hysterical Personality. New York. Aronson, 283-328.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անձի հիսթերիկ խանգարում» հոդվածին։