Աշոտ Խումարյան
Աշոտ (Ալեքսանդր) Քրիստափորի Խումարյան (հունվարի 21 (փետրվարի 2), 1875[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - 1938[1]), հայ բոլշևիկ հեղափոխական («պրոֆեսիոնալ հեղափոխական»), խորհրդային կուսակցական գործիչ։
Աշոտ Խումարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21 (փետրվարի 2), 1875[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1938[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հեղափոխական, կուսակցական աշխատող և պետական ծառայող |
Պարգևներ և մրցանակներ |
Հեղափոխական գործունեությունը սկսել է 1892 թվականից՝ «Հայ բանվորների հեղափոխական ասոցիացիա» խմբակում։ 1895, 1906 և 1909 թվականներին ձերբակալվել և աքսորվել է Վյատկայի, Վոլոգդայի և Աստրախանի նահանգները։ 1902 թվականին Թիֆլիսում մասնակցել է «Հայ սոցիալ-դեմոկրատների միության» ստեղծմանը։ 1902 թվականին մասնակցել է «Պրոլետարիատ», 1903 թվականին՝ «Պրոլետարիատի կռիվը» թերթերի հրատարակմանը։ ՌՍԴԲԿ Կովկասյան միության I համագումարում (1903) ընտրվել է միության ղեկավար կոմիտեի անդամ։
1905—1906 թվականին Ստեփան Շահումյանի, Շալվա Էլիավայի և Իոսիֆ Ստալինի հետ կազմակերպել է այդ կոմիտեի «Կավկազսկի ռաբոչի լիստոկ» («Кавказский рабочий листок»), ինչպես նաև «Կայծ» և դրա շարունակությունը կազմող «Նոր խոսք» թերթերի հրատարակումը։ 1906 թվականին Բաքվում մասնակցել է «Բակինսկի ռաբոչի» («Банкийский рабочий») թերթի հրատարակմանը։
Փետրվարյան հեղափոխության օրերին եղել է Աստրախանի բոլշևիկյան կազմակերպության ղեկավարներից և «Աստրախանսկի ռաբոչի» («Астраханский рабочий», 1917) թերթի խմբագիրը։ Աստրախանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո (1918 թվականի հունվար) Խումարյանը նշանակվել է Աստրախանի ժողկոմսովետի նախագահ և ներքին գործերի ժողկոմ։ 1918 թվականի մայիս-հուլիսին Վլադիմիր Լենինը և Շահումյանը նամակագրական կապ են պահպանել Խումարյանի միջոցով։ 1920—1921 թվականներին եղել է Աստրախանի նահանգային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ և ներքին գործերի ժողկոմ։ 1921 թվականին փոխադրվել է Թիֆլիս և նշանակվել ՌՍՖՍՀ ԲԳՏ-ի լիազոր և կուսակցական վերահսկողության հանձնաժողովի անդամ կովկասյան բանակում։ 1925—1928 թվականներին Խումարյանը եղել է Անդրֆեդերացիայի ԲԳՏ ժողկոմի տեղակալը։ 1928—1937 թվականներին ղեկավար աշխատանք է տարել Անդրֆեդերացիայի ֆինժողկոմատում։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 100)։ |