Առաջին գլուխ (Ամերիկյան սարսափ պատմություն)
«Առաջին գլուխը» (անգլ.՝ Chapter 1 ), «Ամերիկյան սարսափ պատմություն» անթոլոգիա հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանի (Ռոանոկ) առաջին սերիան է, որի պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 14-ին FX հեռուստաալիքով։ Սցենարի հեղինակներն են Ռայան Մերֆին և Բրեդ Ֆելչաքը, ռեժիսորը Բրեդլի Բյուքերն է։
Սերիալ | Ամերիկյան սարսափ պատմություն | ||
---|---|---|---|
Ռեժիսոր | Բրեդլի Բյուքեր | ||
Երկիր | ԱՄՆ | ||
Լեզու | անգլերեն | ||
Էպիզոդների հաջորդականություն | |||
|
Սյուժե
խմբագրելՄեթ և Շելբի Միլերները մասնակցում են «Իմ սարսափը Ռոանոկում» վավերագրական ֆիլմի նկարահանումներին, որտեղ նրանք պատմում են իրենց ընտանիքի ապրած սարսափների մասին։ Զույգը որոշել էր հեռանալ Լոս Անջելեսից և տեղափոխվել Հյուսիսային Կարոլինա, երբ Մեթը ենթարկվել էր զինված ավազակախմբի հարձակման։ Հարձակման հետևանքով Մեթը լուրջ վնասվածքներ էր ստացել, իսկ Շելբին, ապրած սթրեսի պատճառով, կորցրել էր իրենց երեխային։ Կարոլինայում նրանք գնում են լքված ֆերմա, որը գտնվում էր նախկին գաղութային տարածքներում։ Սակայն նրանց գնումը դուր չի գալիս տեղի ֆերմերների ընտանիքին, որոնք նույնպես ցանկանում էին ձեռք բերել այդ տարածքը։ Տունը վերանորոգելիս զույգը բախվում է տարօրինակ և անհանգստացնող միջադեպերի, որոնք սկզբում կապում են տեղաբնակների թշնամանքի հետ։ Սակայն, երբ Շելբին մնում է տանը մենակ, նա սկսում է տեսնել և լսել սարսափազդու տեսիլքներ։
Շելբիի պատմածից անհանգստացած՝ Մեթը տեղադրում է անվտանգության տեսախցիկներ տան ամբողջ տարածքում և խնդրում է իր քրոջը՝ Լինին, մի քանի օր մնալ Շելբիի կողքին, քանի որ ինքն ստիպված էր մեկնել գործուղման։ Այնուամենայնիվ, տարօրինակ միջադեպերը շարունակվում են, իսկ իրավիճակը սրվում է, երբ Լին տեսնում է, որ Շելբին ալկոհոլ է օգտագործում։ Նա մեղադրում է Շելբիին՝ միտումնավոր իրեն գայթակղելու մեջ՝ իմանալով, որ նախկինում ինքը ալկոհոլամոլ է եղել։ Նրանց վեճի ընթացքում տունը շրջապատում է մարդկանց ամբոխ, որոնք զինված են ջահերով և դանակներով։
Ամբոխը ներխուժում է տուն։ Լին լսում է աղմուկը և Շելբիի հետ թաքնվում նկուղում, որտեղ նրանք հայտնաբերում են միացված հեռուստացույց՝ սարսափելի տեսարաններով։ Տեսանյութում տղամարդը բախվում է մի արարածի, որն ունի մարդու մարմին և խոզի գլուխ։ Հանկարծ տան ամբողջ հոսանքը անջատվում է, և կանայք մնում են փակված նկուղում։ Հոսանքի վերականգնելուց հետո նրանք դուրս են գալիս նկուղից և տեսնում, որ ամբողջ տունը լի է առաստաղից կախված փայտե տոտեմներով։
Մեթը վերադառնում է և դիտում տեսանյութը, սակայն համարում է, որ այն կեղծիք է՝ իրենց վախեցնելու նպատակով։ Շելբին որոշում է հեռանալ մեքենայով, սակայն անտառում պատահաբար վրաերթի է ենթարկում մի կնոջ։ Վերջինս, կարծես, անտեսելով պատահարը, վեր է կենում և շարունակում քայլել դեպի անտառ։ Շելբին հետևում է նրան՝ օգնություն ցուցաբերելու նպատակով, սակայն մոլորվում է։ Շուտով նա հասկանում է, որ շրջապատված է այն նույն ամբոխի մարդկանցով, որոնք ներխուժել էին տուն։ Իր դիմաց նա տեսնում է մի տղամարդու, ում գլխամաշկը հեռացված էր, և ուղեղը մերկացել էր։
Արձագանք
խմբագրել«Առաջին գլուխը» իր սկզբնական հեռարձակման ժամանակ դիտել է 5.14 միլիոն մարդ, և այն մեծահասակների շրջանում (18–49 տարեկան) ստացել է 2.8 վարկանիշային բաժին[1]։
Սերիան ստացել է դրական արձագանքներ՝ Rotten Tomatoes կայքում հավաքելով 81% հավանության ռեյտինգ՝ միջինում 7.1/10 գնահատականով։ Կայքի ընդհանուր կարծիքում նշվում է. «Տարբերվելով սերիալի նախորդ բոլոր եթերաշրջաններից՝ վեցերորդ եթերաշրջանի առաջին սերիան՝ «Գլուխ 1»-ը, շարունակում է զարմացնել իր յուրահատուկ կառուցվածքով և բազմաշերտ մոտեցմամբ, նույնիսկ եթե շատ բան չի բացահայտում սպասվող իրադարձություններից»[2]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Welch, Alex (September 15, 2016). «Wednesday cable ratings: 'American Horror Story' premiere wins the night». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից September 17, 2016-ին. Վերցված է September 15, 2016-ին.
- ↑ «Chapter 1 – American Horror Story: Roanoke, Episode 1». Rotten Tomatoes. Վերցված է September 25, 2016-ին.