Ավազային ցլիկաձուկ
Ավազային ցլիկաձուկ (լատին․՝ Neogobius fluviatilis), ցլիկաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է 1979-ին։ Ներկայումս լայնորեն տարածված է Արարատյան դաշտի բոլոր գետերում, ջրանցքներում, լճակներում։ Վարում է մերձհատակային կենսաձև։
Ավազային ցլիկաձուկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Neogobius fluviatilis
Pallas, 1814
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարությունը 12-14 (երբեմն՝ մինչև 20) սմ է։ Գլուխը մեծ է՝ վերից վար թեթևակի սեղմված։ Բերանի կտրվածքը լայն է և գրեթե հորիզոնական։ Դունչը սուր է, ստորին ծնոտը մի փոքր երկար է վերինից։ Ծնոտները զինված են մանր ատամներով, որոնք վերին ծնոտի վրա դասավորված են 3-4, ստորինի վրա՝ 4 շարքով։ Շրթունքները բարակ են։ Պոչային լողակը կորաեզր է։
Մարմնի վրա թեփուկները մանր են, ատամնաեգր՝ 58-70 երկայնական շարքով։ Թեփուկներ կան խռիկային կափարիչի վերին մասում և ծոծրակին։ Փորիկի, կոկորդի և կողագծային թեփուկները բացակայում են։ Մեջքային լողակները երկուսն են. առաջինն ունի 5-6 փշաձև, երկրորդը՝ 1 փշաձև և 17-18 ճյուղավորված ճառագայթներ։ Փորային լողակները սերտաճած են, որոնց հիմքը գտնվում է կրծքային լողակների հիմքից մի փոքր առաջ։ Հետնալողակում կա 12-17 ճառագայթ։
Մարմնի ընդհանուր գունավորումը բաց մոխրագույն է կամ դեղնամոխրագույն։ Կողքերի միջին մասը պատված է 9-11 բավական խոշոր գորշ բծերով։ Մեջքին և կողքերի վերին մասերում ավելի մանր գորշ պտերն առաջացնում են ցանցաձև պատկեր։ Կրծքային լողակի հիմքի մոտ կա երկարավուն մուգ բիծ։ Մեջքային և պոչային լողակները պատված են մանր գորշ պտերի կանոնավոր շարքերով։ Արուները բազմացման շրջանում ունեն թավշասև կամ մուգ մոխրագույն գունավորում՝ կենտ լողակների դեղնավուն եզրագծով։ Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է՝ սև բծերով։
Սննդառություն
խմբագրելԿենդանակեր է. հիմնականում սնվում է ջրային իշուկներով, մանր ձկներով, միջատների ջրային թրթուրներով։
Բազմացում և զարգացում
խմբագրելՍեռահասուն է դառնում 1 տարեկանում՝ մարմնի 5, 5-6 սմ երկարության դեպքում։ Բազմացման շրջանը սկսվում է ձմռան վերջից և որոշակի ընդմիջումներով շարունակվում մինչև ամռան սկիզբը։ Էգը ձվադրում է 3-5 անգամ։ Այդ ընթացքում արուն, որը չափերով 1, 5-3 անգամ գերազանցում է էգին, բներ է կառուցում ջրակալների հատակին կամ դրանց զառիթափ ափերին։ Այդ բներում էգը դնում է մոտ 2 մմ երկարությունը մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար ձկնկիթ, դրանք արուն պահպանում և խնամում է մինչև մանրաձկների դուրս գալը։
Արտադրական նշանակություն
խմբագրելԱրդյունաբերական նշանակություն չունի։ Կարող է վնասել այլ ձկնատեսակների՝ սնվելով նրանց մանրաձկներով։ ՀՀ ջրակալներում նկատվում է գլխաքանակի կտրուկ աճ և տարածման արեալի ընդարձակում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավազային ցլիկաձուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավազային ցլիկաձուկ» հոդվածին։ |