Արթուր Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Սամվելի Գևորգյան (ապրիլի 1, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ազգային ժողովի նախկին պատգամավոր, նախկին թեթևքաշային բռնցքամարտիկ և Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար։ Հանդես է եկել 1996 թվականի Ատլանտայի և 2000 թվականի Սիդնեյի օլիմպիական խաղերում։
Արթուր Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Հետախուզվում է ապօրինի հարստանալու մեղադրանքով[1]։
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Դավիթաշենի թիվ 189 միջնակարգ դպրոցը (այժմ` ավագ դպրոց)։
1987 թվականից զբաղվել է բռնցքամարտով։ 1989 թ. դարձել է ԽՍՀՄ պատանեկան առաջնության հաղթող՝ լրացնելով սպորտի վարպետի նորման։ 1991 թ. ընդունվել է «Մյուդ» իրավաբանական ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը։ 1994-1996 թթ. ծառայել է հայկական բանակում։ 1996 թ-ին ընդունվել և 2000 թ-ին ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։ 1998 թ. անունը գրանցվել է ՖԿՊԻ-ի դյուցազնագրքում։ Այնուհետեւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի «միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի մագիստրատուրան։
1996 թվականին Ատլանտայում կայացած 26-րդ օլիմպիական խաղերում գրավել է հինգերորդ տեղը՝ հանդիպումներից մեկում պարտություն կրելով Ֆլոյդ Մեյվեդերից,, ով ներկա պահին հանդիսանում է աշխարհի ամենահարուստ մարզիկներից մեկը։ Ստացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում։ 1998 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության մրցանակակիր։ 2000 թ. մասնակցել է Սիդնեյի օլիմպիական խաղերին։ 1995-2002 թթ. դարձել է միջազգային մրցաշարերի հաղթող, ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ ռինգում։ 2005-2008 թթ. եղել է Երևանի Դավթաշեն համայնքի ղեկավարի տեղակալ։ 2008 թ. մայիսի 18-ին ընտրվել է Դավթաշեն համայնքի ղեկավար։ 2009 թ-ի հունիսի 15-ին նշանակվել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։
ՀՀԿ խորհրդի անդամ է եղել, Դավթաշեն համայնքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է եղել։
2013 թ. ընտրվել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ։ 2012 և 2017 թթ․ մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 2018 թ․ դուրս է եկել ՀՀԿ կուսակցությունից ու հեռացել քաղաքականությունից։
2012թ. պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։ 2014 թ. պարգևատրվել է ԱԺ Պատվո մեդալով՝ հայկական սպորտի զարգացման և բարգավաճման գործում ունեցած ավանդի համար։
Քրեական գործ
խմբագրելԱրթուր Գևորգյանը 2020 թվականի ապրիլին ներգրավվել է որպես մեղադրյալ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար։ Դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել[1]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի։ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Էջը Սպորտ-ռեֆերենսում Արխիվացված 2009-08-04 Wayback Machine(անգլ.)
- Էջը Դավթաշենի պաշտոնական կայքում Արխիվացված 2012-01-14 Wayback Machine(հայ.)