Արի Թոփուզխանյան
Արի Արամի Թոփուզխանյան (փետրվարի 18, 1936, Բեյրութ, Լիբանան), հայազգի գիտնական, ճարտարագետ, խմբագիր, թարգմանիչ, հեղինակ, դասախոս, Ֆրանսայի ազգային գիտահետազոտական կենտրոնի նախկին դասախոս։
Արի Թոփուզխանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1936 (88 տարեկան) Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | գիտնական |
Ալմա մատեր | Լիոնի համալսարան |
Կենսագրություն
խմբագրելԱրի Թոփուզխանյանը ծնվել է Բեյրութում, 1936 թվականի փետրվարի 18-ին, տիգրանակերտցի Արամ Թոփուզխանյանի և խարբերդցի Աստղիկ Պուճիգանյանի ընտանիքում։
Նախնական կրթությունը ստացել է Բեյրութի Ազգային Սահակյան վարժարանում, որից հետո ուսումը շարունակել է Ֆրանսիական երկրորդական վարժարանում։ Ուսանել է Բեյրութի Բարձրագույն ճարտարագիտական դպրոցում և 1958 թվականին ստացել քաղաքացիական ճարտարագետի վկայական։ Բեյրութի մաթեմատիկական և ֆիզիկական հետազոտությունների կենտրոնում ուսանելուց հետո 1959 թվականին արժանացել է գիտական կոչման։
Արի Թոփուզխանյանն իր կրթությունը շարունակել է Լիոնի համալսարանում և 1962 թվականին ստացել համալսարանական վկայական։ 1999 թվականին նույն համալսարանի կողմից նրան շնորհվել է գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
Որպես գիտաշխատող 1963-2001 թվականներին աշխատել է Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում, 1972 թվականից նույն հաստատությունում զբաղեցնել է գիտական հետազոտությունների հանձնակատարի պաշտոնը։
1973-2005 թվականներին եղել է «Բանբեր» ամսագրի խմբագիրը, 1999 թվականից խմբագրել է Մոնտե Կառլոյի ռադիոկայանով հեռարձակված հայերեն գիտակրոնական հաղորդումները, 1973 թվականին ֆրանսերեն է թարգմանել գերմանացի գիտնական Բեռնարդ Ֆիլքերտի «Միջուկային պատերազմ և աստվածաշնչային մարգարեություն» գիրքը (Լոզան, Շվեյցարիա), 1980 թվականին նախաձեռնել է լուսատիպ մեքենաների պաստառների վրա հայերեն տառերի ցուցադրության աշխատանքները, 1984 թվականից մասնակցել է Էփլ Մակինտոշ համակարգիչներում հայերեն տառերի և ծրագրերի ստեղծման աշխատանքներին։ Նույն համակարգիչների գործածության վերաբերյալ 1988 թվականից դասախոսություններ է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանի և Երևանի Մատենադարանի աշխատակիցների համար։
1986 թվականին նշանակվել է «Արարատ» գիտությունների միջազգային ակադեմիայի ընդհանուր քարտուղար։
1992 թվականին ընդգրկվել է «Գիտություն և տեխնիկա» հանդեսի խմբագրական կազմում[1]։
Եղել է «Արևմտահայ աշխարհաբարի եզրաբանական խորհուրդ» (Մարսել, 1989 թ.), «Լիոն Երևան ընկերություն» (Լիոն, 1992 թ.), «Ջարգացման հայ-ֆրանսիական ընկերություն» (Մարսել, 1994 թ.), «Հույս Հայաստանի համար» (Լիոն, 1994թ.), «Հաշմանդամների հայ-ֆրանսիական լիոնյան ընկերություն» (Լիոն, 1998թ.) հասարակական կազմակերպությունների համահիմնադիր։
Մասնակցել է Հայ գիտնականների և ճարտարագետների առաջին համաշխարհային համագումարի (Լոս Անջելոս, 1989թ.), «Պետություն և հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ» գիտաժողովի (Երևան, 1998թ.) կազմակերպմանը, մասնակցել է Հայ գիտնականների և ճարտարագետների առաջին համաշխարհային համագումարին (Լոս Անջելոս, 1989 թ.) և Հայ էներգետիկների առաջին համագումարին (Երևան, 1992 թ.)։
Համահեղիճակ է մոտ 70 գիտական աշխատության։
2002 թվականին պարգևատրվել է «Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության» հուշամեդալով[2]։
Աշխատություններ
խմբագրել- «Ուղեցույց» առաջին (Մարսել, 1993 թ.) և երկրորդ (Մարսել, 1995 թ.) հատորներ
- «150-ամյակի Նոր Կտակարան» (Բեյրութ, 1995 թ.)
- «1700-ամյակի Աստվածաշունչ» (Բեյրութ, 2001 թ.)
- «Համակարգչային Աստվածաշունչ և բազմալեզու համաբարբառ» (Ալզաս, 2002 թ.)