Արմեն Դուլյան
Արմեն Սուրենի Դուլյան (մայիսի 26, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, հեռուստամեկնաբան, ռադիոմեկնաբան[1]։ Աշխատել է Հայաստանի հեռուստակայաններում, տեղական, ամերիկյան և ռուսական խոշոր ռադիոկայաններում, հոդվածներ է տպագրել պարբերական մամուլում։ Ներկայումս շարունակում է հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդումների շարքը։
Արմեն Դուլյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող և հեռուստահաղորդավար |
1992-1993 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը։ Հայաստանում առաջին անկախ լրատվական գործակալության՝ «Սնարքի» համահիմնադիրն է։
Կենսագրություն
խմբագրելԱրմեն Դուլյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 26-ին, Երևանում՝ աշխարհագրության պրոֆեսոր Սուրեն Դուլյանի և տնտեսագետ Կլավդիա Պոսոշնիկովայի ընտանիքում։ Ըստ Բախտիար Հովակիմյանի «Սայաթ Նովան և նրա սերունդը» աշխատության, ինչպես նաև Լյուդվիգ Դուլյանի ուսումնասիրությունների, Արմեն Դուլյանի հորական Մարո տատը եղել է Սայաթ-Նովայի ծոռը։
Ավարտել է Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոցը։ Դպրոցական տարիներին մասնակցել է միջին անգլերենով շեքսպիրյան բեմադրություններին՝ խաղալով գլխավոր դերերը (Համլետ, Ռոմեո և այլն)։ Այդ բեմադրություններին մասնակցել են նաև ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը, նրա կինը՝ Նունե Սարգսյանը, քաղաքական և պետական գործիչ Դավիթ Շահնազարյանը, հրապարակախոս Բագրատ Սադոյանը և ուրիշներ։ Բեմադրիչը եղել է դերասան Սարգիս Չրչյանը (խաղացել է Ռուբեն Հախվերդյանի «Սատանայի ջրաղացը» հեռուստատեսային ներկայացման մեջ)։
Դպրոցն ավարտելուց հետո Արմեն Դուլյանն ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետ, սակայն առաջին կուրսն ավարտելուց հետո մեկնել է պարտադիր զինծառայության։ Երկու տարի Խորհրդային զինված ուժերում ծառայելուց հետո Երևանում աշխատանքի է անցել «Արմենպրես» գործակալությունում՝ որպես թարգմանիչ։ Աշխատանքին զուգահեռ հեռակա սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Հայաստանի անկախացման գործընթացի շրջանում աշխատանքի է տեղափոխվել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արձանագրությունների բաժնում։ 1990-ականների առաջին կեսին գործընկերոջ հետ հիմնադրել է Հայաստանում առաջին անկախ «Սնարք» գործակալությունը, որի բաժնետերերի ցանկից դուրս է թողնվել մի քանի տարի անց։ 1990-ականների սկզբին աշխատել է ռադիո «Ռոսիայի» երևանյան թղթակից, հոդվածներ է հրապարակել տեղական մամուլում։ 2014-2016 թվականներին հրապարակախոսական հոդվածաշարով հանդես է եկել «Առավոտ» օրաթերթում[2]։
1992-1993 թվականներին Դուլյանը եղել է ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի մամուլի քարտուղարը։ Պաշտոնից ազատվել է նախարար Մանուկյանի հետ միաժամանակ։
1994 թվականից նա Երևանից ռադիոռեպորտաժներ է պատրաստել «Ազատություն» ռադիոկայանի համար, 1995-ին որպես ռադիոմեկնաբան մշտական աշխատանքի անցել նույն ռադիոյի Մյունխենի կենտրոնակայանում, մինչև 2005 թվականն աշխատանքը շարունակել Պրահայի կենտրոնակայանում։ 2005 թվականի նոյեմբերին տեղափոխվել է ռադիոկայանի երևանյան գրասենյակ՝ աշխատելով որպես ավագ լրագրող։ 2008 թվականի ամռանը, ստեղծագործական-աշխատանքային մոտեցումների շուրջ վեճի պատճառով, հրաժարվել է շարունակել աշխատանքն «Ազատություն» ռադիոկայանում։
Մի քանի ամիս անց Հայաստանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում սկսել է վարել «25 րոպե» քաղաքական-վերլուծական հաղորդումը։ Միաժամանակ, Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրում պատրաստել և հնչեցրել է «Մամուլի տեսություն» հաղորդաշարը։ Գրեթե մեկ տարի անց՝ համարելով, որ զրույցի արժանի գործիչների ցանկը սպառել է, հրաժարվել է «25 րոպե» հաղորդաշարը շարունակելուց։ Դրանից որոշ ժամանակ անց աշխատանքը նրա հետ դադարեցրել է Հանրային ռադիոն։
2010 թվականին աշխատանքի է անցել «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրում՝ հանդես գալով միջազգային լուրերի մեկնաբանությամբ, ապա և վարելով լուրերի գլխավոր թողարկումը։ 2013 թվականի ամռան սկզբին հեռացվել է աշխատանքից՝ գործող իշխանավորների ու նրանց լրատվական պատասխանատուների մասին ֆեյսբուքյան գրառման համար[3]։
Աշխատանքի առաջարկ ստանալով «Կենտրոն» հեռուստաընկերությունից, հիմնել է հեղինակային քաղաքական-վերլուծական ամենօրյա հաղորդում։ 2018 թվականի մարտ ամսին «Կենտրոնի» նոր տնօրենությունը դադարեցնում է Դուլյանի հաղորդումները՝ պատճառաբանելով դրանց «ցածր վարկանիշը», սակայն որևէ կոնկրետ վարկանշային հետազոտություն չվկայակոչելով։ Հեռացման իրական պատճառն այդպես էլ չի բացահայտվում։
2019 թվականից Արմեն Դուլյանն աշխատանքի առաջարկ է ստանում Սպուտնիկ Արմենիա ռադիոկայանից, որի համար մինչ օրս ամենօրյա հեղինակային ռադիոհաղորդումներ է պատրաստում[4]։
Անձնական կյանք
խմբագրելԱրմեն Դուլյանն ունի որդի՝ Արամ Դուլյանը, որն ապրում է Ավստրալիայում և թվային տեխնոլոգիաների մասնագետ է։ Նախկին կինը Վարենգա Գևորգյանն է, ապրում է Պրահայում։
Քաղաքացիական կինը լրագրող Ռուզան Խաչատրյանն է, որի հետ նույն հարկի տակ է բնակվում 2005 թվականից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««ԼՐԱԳՐՈՂԸ ՊԵՏՔ Է ԱՆԱՉԱՌ ԼԻՆԻ». ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ». eph.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Արմեն Դուլյան». aravot.am. Aravot. Վերցված է 2023 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Սահակյան, Նանե (2012 թ․ հունիսի 12). «Ազատություն ռադիոկայան». azatutyun.am. Վերցված է https://www.azatutyun.am/a/25015176.html-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|accessdate=
- ↑ «Արմեն Դուլյան - հեղինակի վերջին հոդվածները և իրադարձությունների վերլուծությունները». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 24-ին.