Արշակ Պողոսյան (ֆիզիկոս)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշակ Ստեփանի Պողոսյան (սեպտեմբերի 10, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Աախենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարանի նանո և բիոտեխնոլոգիաների ինստիտուտի ԴՆԹ սենսորների և նանոկառուցվածքների լաբորատորիայի վարիչ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։
Արշակ Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1949 (75 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս և մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | ՀԱՊՀ |
Կոչում | պրոֆեսոր |
Կենսագրություն
խմբագրելԱրշակ Պողոսյանը ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 10-ին, Երևան քաղաքում։ Գերազանց առաջադիմությամբ ավարտել է միջնակարգ դպրոցը և 1966 թվականին ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետ, ստացել ռադիոէլեկտրոնային սարքերի կոնստրուկտավորման մասնագետի որակավորում և 1972 թվականին որպես ճարտարագետ աշխատանքի անցել ՀՀ ԳԱԱ Աշտարակի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում։
1974 թվականին Արշակ Պողոսյանը ընդունվել է Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրա, որտեղ իր թեկնածուական աշխատանքը պաշտպանել է պրոֆեսոր Իրինա Վենդիկի ղեկավարությամբ՝ «Էլեկտրոնային գազի «տաքացման» երևույթների հետազոտությունները բիսմուտի նուրբ թաղանթում» թեմայով[1]։
1980 թվականին աշխատանքի է անցել Երևանի սրտաբանական կենտրոնում, որտեղ մշակել է իոնների և կենսաբանական մոլեկուլների նկատմամբ զգայուն տվիչներ։ 1983-1984 թվականներին Արշակ Պողոսյանի ղեկավարությամբ առաջին անգամ Հայաստանում պատրաստվել են իոնների նկատմամբ զգայուն կիսահաղորդչային դաշտային տրանզիստորներ, որոնք հետագայում օգտագործվել են ջրածնի, նատրիումի և կալիումի իոնների խտությունն արյան մեջ չափելու համար։ Նրա մշակած սենսորներով հետաքրքրվել է Մոսկվայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը՝ տիեզերքում տիեզերագնացների մոտ «ին վիվո» չափումների նպատակով։ Հետագայում Արշակ Պողոսյանը մշակել է նաև կիսահաղորդչային միկրոսենսոր՝ գլյուկոզայի խտությունը մեզի մեջ չափելու համար։ Այդ աշխատանքի համար նրան աջակցել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Ալեքսանդր Սիմոնյանը։
1989 թվականին որպես ավագ դասախոս աշխատանքի է անցել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, գիտատեխնիկական աշխատանքների իրականացման և դրանց արդյունքների ներդրման նպատակով նույն թվականին ստեղծել է «Սենսոր» կոոպերատիվ ձեռնարկությունը։ 1991 թվականին Արշակ Պողոսյանը ստացել է դոցենտի կոչում։
1994 թվականին գործուղվել է Գերմանիայի Կարլսրուհեի և Տյուբինգենի համալսարաններ։ 1995 թվականին «Միկրոէլեկտրոնային սենսորների մշակում և հետազոտում» թեմայով պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։
Մշտական բնակության նպատակով 1996 թվականին Արշակ Պողոսյանն ընտանիքով տեղափոխվել է Գերմանիա։ 1998 թվականին աշխատանքի է անցել Դյուսսելդորֆի համալսարանում, իսկ 1999 թվականից մինչև 2004 թվականը՝ Յուլիխ քաղաքի գիտահետազոտական կենտրոնում, որտեղ զբաղվել է կենսաբանական միկրոսենսորների մշակմամբ։ 2004 թվականին Արշակ Պողոսյանը աշխատանքի է անցել Աախենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարանում։
Մոտ 250 տպագրված գիտական հոդվածի, 1 գրքի, 7 արտոնագիր հեղինակ է։ Պրոֆեսոր Շոնինգի հետ պատրաստած «Label-free biosensing» վերնագրով գիրքը 2017 թվականին հրատարակվել է «Springer» հրատարակչությունում[2]։