Արվեստի պալատ (Բուդապեշտ)
Արվեստի պալատ Բուդապեշտում[1] (հունգ.՝ Művészetek Palotája, Müpa), մշակութային հաստատություն Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որը բացվել է 2005 թվականի մարտին։ «Zoboki, Demeter und Co.» ճարտարապետական բյուրոյի նախագծած շենքն առաջարկում է տարածք արվեստի երեք ոլորտների համար՝ երաժշտություն, կերպարվեստ և թատրոն՝ ցուցասրահները, 1699 նստատեղ ունեցող համերգասրահ և թատրոն, թեև դրանք գտնվում են նույն շենքում, բայց կազմակերպչական առումով միմյանցից անկախ են։ Ցուցահանդեսային տարածքները օգտագործվում են տարբեր թեմաներով ժամանակավոր ցուցադրությունների համար` դասականից մինչև ժամանակակից արվեստ (տես՝ Լյուդվիգի թանգարան)։ Արվեստների պալատը Հունգարիայում մշակութային օբյեկտի կառուցման գործում պետական և մասնավոր հատվածի համագործակցության առաջին օրինակն է։
Արվեստի պալատ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, համերգասրահ և թատրոն |
Երկիր | Հունգարիա |
Տեղագրություն | Budapest District IX? |
Վայր | Բուդապեշտ |
Հիմնադրվել է | 2002 |
Կայք | mupa.hu |
Պատմություն և նկարագրություն
խմբագրելԲուդապեշտի արվեստների պալատը (MÜPA Budapest) պարունակում է տարածք երեք գեղարվեստական ուղղությունների համար՝ երաժշտություն, կերպարվեստ և թատրոն, նրա ցուցասրահը, համերգասրահը և թատերական հրապարակը առանձին հաստատություններ են՝ գործում են միմյանցից անկախ։ Շենքը գտնվում է Դանուբի ափին, Պեշտի կողմում, Լագիմանոս կամրջի կողքին, այն կառուցվել է նախկինում լքված տարածքում։ Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 64000 քմ, որից ավելի քան 10000-ը զբաղեցնում է Ազգային թատրոնը։ Երեք տարվա շինարարական աշխատանքներից հետո Արվեստի պալատի բացումը տեղի է ունեցել 2005 թվականի մարտի 14-ին։
Պալատի արտաքին տեսքին բնորոշ են ուղիղ գծերը, վառ դեկորատիվ տարրերի բացակայությունը և «հզոր» ապակե ճակատը, ընդարձակ, բազմաֆունկցիոնալ դահլիճները հեշտությամբ կարող են արդիականացվել կոնկրետ միջոցառումների պահանջներին համապատասխան, մասնավորապես՝ արվեստի գործեր ցուցադրելու համար։ Շինարարության ընթացքում օգտագործվել են հիմնականում բնական նյութեր, շենքի նախագծումը հիմնականում իրականացվել է ճարտարապետ Գաբոր Զոբոկիի «Zoboki, Demeter and Co. Architects» (Zoboki, Demeter és Társaik Építésziroda) բյուրոյի կողմից։ 2006 թվականին Արվեստի պալատը ստացել է «FIABCI Prix d’Excellence» մրցանակ՝ որպես ժամանակակից ճարտարապետության հաջողված օրինակ՝ «լայնածավալ հասարակական շինություն» անվանակարգում։ Շենքը բաղկացած է երեք հիմնական թևերից՝ կենտրոնական մասը զբաղեցնում է «Ազգային համերգասրահը» (Bartók Béla Nemzeti Hangversenyterem, Հունգարիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր բեմը), արևելյան թևում գտնվում է «Փառատոնային թատրոնը» (Fesztivál Szín), իսկ արևմտյան թևում գտնվում են Լյուդվիգի թանգարանի ցուցասրահները և լսարանները։ Երեք առանձին մասնաշենքերը միացված են ընդհանուր ապակե ճակատով։
Լյուդվիգի ժամանակակից արվեստի թանգարանը (Ludwig Kortárs Művészeti Múzeum) գտնվում է Դանուբի առափնյա տարածքի մասնաշենքում, որի առաջին հարկը ժամանակավոր ցուցադրությունների տարածք է, երկրորդ հարկը հատկացված է շնորհանդեսներին և լրացուցիչ միջոցառումներին, իսկ մշտական ցուցադրությունը կազմակերպվում են երրորդ հարկում։ Բացի այդ, թանգարան այցելուների համար նախատեսված են լրացուցիչ ինտերակտիվ ցուցասրահներ, մեդիա տարածքներ, գրադարան և հատուկ մանկական հաստատություններ։
Արվեստների պալատը Հունգարիայում առաջին մշակութային շինությունն է, որը կառուցվել է պետական և մասնավոր հատվածի հատուկ համագործակցության շրջանակներում։ Վիկտոր Օրբանի կառավարության և հունգարացի խոշոր գործարար Շանդոր Դեմյանիին պատկանող TriGránit Group-ի միջև համաձայնագիրը կնքվել է 2001 թվականի դեկտեմբերին և վերջնականապես ստորագրվել 2002 թվականի մարտին։ Համաձայնագրով նախատեսվել է, որ մասնավոր ընկերությունը պետք է տրամադրեր 31,2 միլիարդ ֆորինտ գումար, որը կառավարությունը պետք է մարեր՝ տոկոսներով, 10 տարվա ընթացքում (մասամբ՝ լիզինգի տեսքով)։ 2005 թվականին գումարը հասցվել է 97,9 միլիարդ ֆորինտի, իսկ տարեկան վճարումները նվազեցնելու համար վճարման ժամկետը երկարացվել է մինչև 30 տարի։ Կառավարության վերստուգիչ հանձնաժողովը 2007 թվականին պարզել է, որ կառավարության նախնական պլանները չեն ունեցել համապատասխան ֆինանսական հիմնավորում, չի իրականացվել շուկայի ուսումնասիրություն կամ ծախսերի վերլուծություն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Бергманн Юрген, Больвег Эрика, Меллер Герд Будапешт и пригороды / переводчик: Носова Ольга; редактор: Шварц Бертольд. — Sankt-Peterburg: Diskus Media, 2013. — 96 с. — ISBN 9785940591290, 5940591299
Գրականություն
խմբագրել- Erno Koncz Muvészetek Palotája Budapest. — Budapest: Palace of Arts, 2005. — 96 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- Игорь Корябин. «Будапештский дворец искусств». belcanto.ru (ռուսերեն). Belcanto.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվեստի պալատ (Բուդապեշտ)» հոդվածին։ |