Արտակ Մովսիսյան

հայ պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտակ Երջանիկի Մովսիսյան (ապրիլի 10, 1970(1970-04-10), Աբովյան, Հայաստան - հոկտեմբերի 3, 2020(2020-10-03)[1]), ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, հայ պատմաբան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող[2]։

Արտակ Մովսիսյան
Արտակ Մովսիսյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 10, 1970(1970-04-10)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Աբովյան, Կոտայքի մարզ, Հայկական ԽՍՀ
Մահացել էհոկտեմբերի 3, 2020(2020-10-03)[1] (50 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Մայրենի լեզուհայերեն
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
ԵրկերՀայկական մեհենագրությունը, Երևան, 2003, 272 էջ, Նախամաշտոցյան Հայաստանի գրային համակարգերը, Երևան, 2003, 400 էջ, Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների), Երևան, 2005, 176 էջ։
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Կենսագրություն

խմբագրել

Կրթություն

խմբագրել

Արտակ Մովսիսյանը ծնվել է 1970 թվականի ապրիլի 10-ին, Աբովյան քաղաքում։ Սովորել է տեղի թիվ 7 միջնակարգ դպրոցում։ Հայոց պատմության նկատմամբ սերը նա դրսեվորել է դեռ դպրոցական տարիներին[3]։

1988-1990 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1990 թվականին ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ Ուսման տարիներին ցուցաբերել է բարձր առաջադիմություն՝ զբաղվել է նաև գիտական հետազոտություններով։ Հայոց պատմության ուսումնասիրություն հարցում նրա ընտրությունը ի սկզբանե կանգ էր առել հայոց հնագույն շրջանի հիմնահարցերի վրա։ 1993 թվականին Արտակ Մովսիսյանի «Հնագույն պետությունը Հայաստանում․ Արատտա (Ք․ ա․ 28-27-րդ դարեր)» մենագրությունը[4] հաղթող ճանաչվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Երիտասարդ գիտնականներ,1993» մրցույթում, որով երիտասարդ գիտնականը ձեռք բերեց ճանաչում ու հարգանք[4]։

1994 թվականի էքստերն կարգով ավարտելով ԵՊՀ պատմության ֆակուլտետը՝ Մովսիսյանն ընդունվեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան[3]։

1994 - 1997 թթ. շարունակել է կրթությունը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, որն ավարտել է «Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ) մեհենագրությունը» ատենախոսության[4] պաշտպանությամբ՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[3]։

Աշխատանք

խմբագրել

Մովսիսյանը 1991-1997 թվականներին որպես գիտաշխատող եղել է Հայաստանի պատմության պետական թանգարանում, 1997 թվականից՝ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում (2004 թվականին՝ որպես ավագ գիտաշխատող), 1998 թվականին՝ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնում (սկզբում՝ որպես ամբիոնի դոցենտ, իսկ 2016 թվականից՝ ամբիոնի վարիչ)[3]։

2016 թվականին եղել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի՝ Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի անդամ։ Անդամակցել է հանրապետության առաջատար գիտական պարբերականներից «Պատմաբանասիրական հանդեսի» ու «Պատմություն և մշակույթ» հայագիտական պարբերականների խմբագրական խորհուրդներին[5]։

Ճանաչված պատմաբանը հատկապես աչքի է ընկել կրթության բնագավառում՝ ԵՊՀ պատմության և այլ ֆակուլտետներում դասավանդելով «Հայոց պատմության» ընդհանուր դասընթացը, ինչպես նաև՝ «Նախամաշտոցյան Հայաստանի գրավոր մշակույթը» ու «Հայոց հնագույն և հին պատմության հիմնահարցեր» հատուկ դասընթացները։ Բարեխիղճ աշխատանքի և մարդկային բարձր որակների շնորհիվ նա միշտ էլ վայելել է ուսանողության ու գործընկերների ջերմ սերն ու հարգանքը։ Պատահական չէ, որ 2015 թ. նա կրթական ու գիտական բնագավառներում ձեռքբերումների համար պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով[4]։

2015 թ. Ա. Մովսիսյանը պաշտպանեց դոկտորական ատենախոսություն «Հայաստանի գրավոր մշակույթը նախամաշտոցյան ժամանակաշրջանում[4]» թեմայով ու արժանացավ պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի։ 2016 թ. նրան շնորհվեց պրոֆեսորի գիտական կոչում։

2016 թ. ստանձնելով ԵՊՀ հենքային ամբիոններից Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը՝ նա աչքի ընկավ կրթական գործի կազմակերպչի բարձր հատկանիշներով, ինչն արտահայտվում էր ամբիոնի աշխատակիցների համախմբման, կրթական գործում լավագույն մասնագետների ընդգրկման, նոր մասնագետների պատրաստման, հայոց պատմության դասագրքերի ստեղծման, ուսման պրոցեսի ինտերակտիվության աստիճանական բարձրացման, ուսանողների շրջանում վերլուծական կարողությունների զարգացման և կարևոր այլ ուղղություններով հետևողական աշխատանքների իրականացմամբ[5]։

Ա. Մովսիսյանը նաև վերջին շրջանում ՀՀ-ում հրատարակված հայոց պատմության բոլոր դասագրքերի և ձեռնարկների՝ մեր ժողովրդի պատմության հնագույն շրջանին վերաբերող հատվածների հեղինակն է։ Ըստ էության, նրան հաջողվել էր հիմնավորել Արատտա պետության՝ Հայկական լեռնաշխարհում գտնվելու փաստը։ Նա, ի տարբերություն խորհրդային շրջանում ընդունված, իբր, Ք. ա. 6-րդ դարում հայ ժողովրդի վերջնական կազմավորման և հայկական պետության ծագման հորինածին ու պարտադրված տեսության կողմնակիցների, վեր էր հանում պատմական իրականությունը՝ տարբեր լեզուներով տպագրվող մենագրություններում պետության ծագումը Հայկական լեռնաշխարհում տեղադրելով Ք. ա. 3-րդ հազարամյակի սկզբին[6]։

Ա. Մովսիսյանի հետազոտությունների առանցքում, ընդհանուր առմամբ, Հայկական լեռնաշխարհի հնագույն պետություններն էին և նրանց պատմության, պատմական աշխարհագրության, մշակույթի, գրի ու գրչության հարցերը։ Մասնավորապես նշելի են տարբեր լեզուներով հրատարակված՝ «Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների)» (2005), «Սրբազան լեռնաշխարհը. Հայաստանը Առաջավոր Ասիայի հնագույն հոգևոր ընկալումներում» (երրորդ, լրացված հրատ., 2006), «Հայկական մեհենագրությունը» (2003), «Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ) մեհենագրությունը» (1998), «Նախամաշտոցյան Հայաստանի գրային համակարգերը» (2003) և հայագիտական այլ հարցերին նվիրված հետազոտություններ[4]։

Ա. Մովսիսյանը մեկ այլ վաստակաշատ հայագետի՝ Պ. Հովհաննիսյանի հետ իրականացրել է «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիայի» առաջին (2007) և երկրորդ (2011) հատորների հրատարակությունները՝ դրանով իսկ մեծ ներդրում ունենալով հայոց հնագույն ու հին շրջանի պատմության սկզբնաղբյուրների տեղեկությունների հանրահռչակման և քննական բնագրերի հարստացման աշխատանքներում[4]։

Հայագետը նաև իր զգալի նպաստն է բերել «Երևանի պատմության» (2018) նոր հրատարակության ստեղծման աշխատանքներին՝ հեղինակելով «Երևանն ավանդազրույցներում և հնագույն աղբյուրներում. քաղաքանվան մեկնաբանության փորձեր[4]» հույժ արժեքավոր բաժինը[5]։

Խիստ կարևոր ու հետաքրքրական են Ա. Մովսիսյանի՝ Հայաստանի նշանավոր ուխտավայրերին, հայկական աշխարհակալություններին, ականավոր հայ թագավորներին ու թագուհիներին նվիրված մենագրությունները, որոնք հանրությանը պատկերավոր ներկայացնում էին մեր կորուսյալ հայրենիքի նվիրական սրբավայրերը, պատմության տարբեր դարաշրջաններում ապրած և գահակալած հայ թագակիրների կենսագրություններն ու մեծագործությունները[6]։

Ա. Մովսիսյանը հատուկ ուշադրություն է դարձրել հայոց պետականության 5000-ամյա պատմության հիմնահարցերին՝ ձգտելով դրանք հասու դարձնել ընթերցող լայն շրջանակներին։ Զբաղվել է հայոց պատմության՝ տարբեր ձևաչափերով հրատարակության աշխատանքներով։ Մասնավորաբար, հրատարակել է հայոց պատմության պատկերազարդ համառոտ ձեռնարկներ։ Մյուս կողմից նա մասնակցել է ՀՀ բուհերի և դպրոցների համար դասագրքերի ստեղծմանը։ Այնուհետև պատմաբանը ձեռք բերած փորձը ներդրել է սփյուռքի դպրոցների համար հայոց պատմության դասագրքերի մշակման գործում[6]։

Ա. Մովսիսյանն իր հոդվածներում անդրադարձել է նաև հայոց պատմության այնպիսի մութ էջերի լուսաբանմանը, ինչպիսիք են՝ Փոքր Հայքի և Ծոփքի թագավորությունների գահացանկերը, Հայաստանի ու հայ ժողովրդի վերաբերյալ հին հեղինակների՝ նախկինում քննության չարժանացած կարևոր տեղեկությունները[5]։

Ա. Մովսիսյանը կիսատ շատ գործեր է թողել։ Հրատարակության էր պատրաստում մինչհելլենիստական Հայաստանի պատմության վերաբերյալ մենագրությունը՝ շուրջ 400 էջ ծավալով։ Մասնակցում էր նաև հայ դիվանագիտության պատմության ձեռնարկի ստեղծման աշխատանքներին։ Մահվանից առաջ էլ՝ 2020 թ. սեպտեմբերին, ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի հայտարարած մրցույթում նրա ներկայացրած՝ «Հայկական լեռնաշխարհը հին արևելքի Ք. ա. 3-րդ հազարամյակի երկրորդ կեսի և 2-րդ հազարամյակի առաջին կեսի գրավոր աղբյուրներում» թեման երաշխավորվել էր ֆինանսավորման։ Մեծ ոգևորությամբ նախապատրաստվում էր թեմայի իրականացման աշխատանքներին[6]։

2016 թվականին նրան շնորհվել է ՀՀ Պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալ[4]։

2020 թվականի հոկտեմբերի 3-ին կյանքից վաղաժամ հեռացավ հայազգի նշանավոր պատմաբան Արտակ Մովսիսյանը։ Ցավոք, անժամանակ մահը նրան հնարավորություն չտվեց շարունակելու արգասաբեր գործունեությունը հայագիտության խոպան տարածքում, իսկ մեր հանրությունը զրկվեց նրա նորանոր ուսումնասիրություններով գիտելիքները զարգացնելու հնարավորությունից։ Արտակ Մովսիսյանի՝ ազգային դիմագծով գիտնականի, սրտամոտ ընկերոջ, արժանապատիվ ու պայքարող քաղաքացու և, պարզապես, լավ ու բարի մարդու հիշատակը վառ կմնա գործընկերների, ուսանողների և նրան ճանաչողների սրտերում[4]։

  • Հնագույն պետությունը Հայաստանում՝ Արատտա (Ք.ա. 28-27-րդ դարեր), Երևան, 1992, 77 էջ։
  • Բարեպաշտ արքաների աշխարհակալությունը։ Հարյուրամյա կայսրություն Տիգրան Մեծից առաջ, Երևան, 1997, 30 էջ։
  • Վանի թագավորություն (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ) մեհենագրությունը, Երևան, 1998, 144 էջ։
  • Սրբազան լեռնաշխարհը։ Հայաստանը Առաջավոր Ասիայի հնագույն հոգևոր ընկալումներում, Երևան, 2000, 55 էջ։
  • Հայկական մեհենագրությունը, Երևան, 2003, 272 էջ։
  • Նախամաշտոցյան Հայաստանի գրային համակարգերը, Երևան, 2003, 400 էջ։
  • Սրբազան լեռնաշխարհը։ Հայաստանը Առաջավոր Ասիայի հնագույն հոգևոր ընկալումներում, 2–րդ հրտ., Երևան, 2004, 80 էջ։
  • Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների), Երևան, 2005, 176 էջ։
  • Սրբազան լեռնաշխարհը։ Հայաստանը Առաջավոր Ասիայի հնագույն հոգևոր ընկալումներում, 3–րդ հրտ., Երևան, 2006, 80 էջ։
  • Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հատ. 1 (հնագույն ժամանակներից մինչև 298 թ.), կազմողներ՝ Պ. Հովհաննիսյան, Ա. Մովսիսյան, Երևան, 2007, 528 էջ։
  • Հայոց պատմության աշխարհակալությունները (համառոտ տեսություն), Երևան, 2008, 56 էջ։
  • Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան, Մեր հաղթանակները, հատ. Ա, Երևան, 2008, 260 էջ։
  • 10 հայ ականավոր արքաներ (ակնարկներ), Երևան, 2009, 86 էջ։
  • Տիգրան Մեծ. թագավորներից մեծագույնը, Երևան, 2010, 84 էջ։
  • Արևմտյան Հայաստանի 10 ուխտավայրերը (ակնարկներ), Երևան, 2011, 111 էջ։
  • Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հատ. 2 (III դարի վերջերից մինչև IX դարի կեսերը), կազմողներ՝ Պ. Հովհաննիսյան, Ա. Մովսիսյան, Երևան, 2011, 696 էջ։
  • Հայոց պետականությունը 5000–ամյա և …20–ամյա (գիտահանրամատչելի պատկերագիրք), Երևան, 2011, 80 էջ։
  • 10 հայ ականավոր թագուհիներ, Երևան, 2014, 104 էջ։
  • Համառոտ պատմություն հայոց (պատկերազարդ և հանրամատչելի), Երևան, 2014, 264 էջ։
  • Հայաստանի գրավոր մշակույթը նախամաշտոցյան ժամանակաշրջանում (ատենախոսություն), Երևան, 2015, 415 էջ։
  • Հայոց 5000–ամյա պետականությունը (գիտահանրամատչելի պատկերագիրք), 2–րդ հրտ., Երևան, 2016, 77 էջ։
  • Պատկերազարդ տեղեկատու Հայոց պատմության, Երևան, 2016, 48 էջ։

Ֆիլմագրություն

խմբագրել

Հետազոտություններին զուգահեռ՝ Ա. Մովսիսյանն իրականացնում էր տարբեր լեզուներով թողարկվող ֆիլմերի միջոցով հայոց պատմության նշանավոր անձանց, վայրերի և իրադարձությունների հանրահռչակման կարևոր գործը։ Նրա հեղինակմամբ նկարահանվել են Տիգրան Մեծին, Նեմրութ լեռան սրբավայրին, ժայռապատկերների դարաշրջանից մինչև հայոց այբուբենի ստեղծումը ձգվող պատմական ընթացքին, Երևան քաղաքին, հայոց թագավոր Արտավազդ Բ-ին, Արարատյան թագավորությանն ու հայոց դրամաշրջանառությանը նվիրված գիտահանրամատչելի ֆիլմեր։ Դրանց շարքում հատուկ նշելի է հայոց պատմության նենգափոխման դեմ պայքարին միտված «Պատմության կեղծարարները. Ադրբեջան» (2014) բազմալեզու ֆիլմը[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Մահացել է Արտակ Մովսիսյանը
  2. Արտակ Երջանիկի Մովսիսյան(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Արտակ Մովսիսյան». ՀՀ ԿԳՄՍ նախարարություն. Վերցված է 25.03.2022-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 «ԱՐՏԱԿ ԵՐՋԱՆԻԿԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Արտակ Երջանիկի Մովսիսյան. Երևան: ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ «ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ» ՀԱՆԴԵՍԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Եղիազարյան Արման,, Մինասյան Էդիկ (2020). Հայրենապաշտ հայորդինն, ազնվագույն ընկերն ու արգասավոր գիտնական(Արտակ Մովսիսյանի հիշատակին). Երևան: ԵՊՀ հրատ.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Գրականություն

խմբագրել