Արտաշես Առաքելյան (տնտեսագետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտաշես Առաքելյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Արկադիի (Արշակի) Առաքելյան (ապրիլի 28 (մայիսի 11), 1909[1][2], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 10, 1993[3], Մոսկվա, Ռուսաստան[1]), հայ տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր (1955 թ.), Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1960 թ.)[6]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970 թ.)։
Արտաշես Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28 (մայիսի 11), 1909[1][2] Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 10, 1993[3] (84 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | տնտեսագետ և դասախոս |
Հաստատություն(ներ) | ՌԳԱ տնտեսագիտության ինստիտուտ[1], ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ[1], Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1][2] |
Ալմա մատեր | Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարան (1932)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր[1][2] (1954) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[4] և հայերեն[5] |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Շուշի քաղաքում։ 1932 թ. ավարտել է Բաքվի ժողովրդական տնտեսության ինստիտուտը և նշանակվել Լեռնային Ղարաբաղի մարզպլանի նախագահի տեղակալ։ 1939 թ.-ին լույս է տեսնում «Շերամապահությունը Լեռնային Ղարաբաղի ավտոնոմ մարզում» մենագրությունը։ 1936 թ. ավարտելով Մոսկվայի պլանային ինստիտուտի ասպիրանտուրան, աշխատանքի է անցնում ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտում՝ որպես ավագ գիտական աշխատող։ 1941 թվականից ծառայում է Խորհրդային բանակում մինչև Հայրենական պատերազմի ավարտը։ Զորացրվելուց հետո շարունակում է աշխատել ԽՍՀՄ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում։ 1954 թ. պաշտպանել է դոկտորական թեզը, 1960 թ. նա ընտրվում է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, տեղափոխվում Հայաստան ու ստանձնում ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնը ինչը զգալի ազդեցություն ունեցավ ինստիտուտի հետազոտական գործունեության և գիտական կադրերի պատրաստման առումով։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970 թ.)։ 1960-1987 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն։
Դեռևս 1951 թվականին սովետական փորձագետների պատվիրակության կազմում մասնակցել է արտաքին առևտրի գծով ՄԱԿ-ի կազմակերպած միջազգային կոնգրեսի աշխատանքներին։ 1863 թվականին ԽՍՀՄ պատվիրակության կազմում մասնակցելով զարգացող երկրներում գիտության ու տեխնիկայի նվաճումները կիրառելու հարցերի գծով Ժնևի կոնֆերանսին, ներկայացրած զեկուցմանը զուգընթաց հանդես է եկել մի շարք ելույթներով։ ԽՍՀՄ պատվիրակության կազմում նա մասնակցել է Իտալիայում տնտեսագետների միջազգային ասոցիացիայի կոնֆերանսին (1967 թ.), որտեղ քննարկվում էին ռեգիոնալ տնտեսական քաղաքականության խնդիրները։ Նա մասնակցել է միջազգային մի շարք կոնֆերանսների ու գիտաժողովների։ Բազմաթիվ զեկուցումներով ու հրապարակային դասախոսություններով հանդես է եկել ԱՄՆ-ում, Անգլիայում, Բուլղարիայում, ԳԴՀ-ում, Կանադայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, ինչպես նաև Լոնդոնի, Հռոմի, Միլանի, Մանչեստրի և այլ գաղութներում։
Ակադեմիկոս Արտաշես Առաքելյանը մանկավարժ գիտնական է։ 1928 թվականից սկսած դասավանդել է միջնակարգ դպրոցում (Բաքու), 1932 թվականից մինչև կյանքի վերջը բուհերում (Մոսկվա, Երևան)։ Նրա ղեկավարությամբ գիտական աստիճան են ստացել շուրջ վեց տասնյակ գիտության թեկնածուներ ու դոկտորներ։ 1940 թվականին ՍՄԿԿ անդամ Արտաշես Առաքելյանը չորս տարի գրիչը փոխարինել է սվինով և կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Երկու անգամ վիրավորվել է։ Պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի», «Աշխատանքային Կարմիր դրոշի», «Ժողովուրդների բարեկամության» շքանշաններով և մեդալներով։
Աշխատություններ
խմբագրելԱշխատանքները վերաբերում են հիմնական ֆոնդերի վերարտադրության, արտադրության կառավարման ու տնտհաշվարկի և արտադրության հզորությունների օգտագործման, արտադրության կառավարման, ժողտնտեսոթյան պլանավորման, ամորտիզացիայի, աշխատանքի արտադրողականության խնդիրներին։
1938 թվականին լույս է տեսել նրա «ԽՍՀՄ արդյունաբերության հիմնական ֆոնդերը» ուսումնասիրությունը։ Այդ աշխատության մեջ նա տվել է հիմնական ֆոնդերի սոցիալ-տնտեսական բնութագրությունը՝ հիմնական ֆոնդերը դիտելով որպես սոցիալիզմին հատուկ տնտեսական կատեգորիա։ Հետազոտության մեջ առաջ քաշված բազմաթիվ հարցադրումներիրենց տեսական զարգացումն ստացել են Հայրենական պատերազմի ավարտից հետո նրա հրատարակած այնպիսի աշխատություններում, ինչպիսիք էին «Հիմնական միջոցների օգտագործումը», որն ունեցել է երկու հրատարակություն (1950 և 1951 թթ.), «Տնտհաշվարկը և հիմնական ֆոնդերի օգտագործումը» (1954 թ.), «Հիմնական ֆոնդերի վերարտադրությունը» (1970 թ. համահեղինակ) և այլ ուսումնասիրություններում։
Արտաշես Առաքելյանի բազմաթիվ աշխատություններ նվիրված են գիտատեխնիկական առաջընթացի էության ու դրսևորման ձևերի, սոցիալ-տնտեսական հետևանքների բացահայտման խնդիրներին։
Արտաշես Առաքելյանը ստեղծել է նաև բուհական տնտեսագիտական դասագրքեր։ Դեռևս 1940 թվականին ԽՍՀՄ ԳԱ հրատարակած «Սոցիալիստական արդյունաբերության էկոնոմիկան» և 1956 թվականին հրատարակած «ԽՍՀՄ արդյունաբերության էկոնոմիկան» բուհական դասագրքերի հեղինակներից ու խմբագիրներից մեկն է։ 1963 թվականին նրա հեղինակակցությամբ Մոսկվայի պետհամալսարանում լույս է տեսել քաղաքատնտեսության երկհատորյա ձեռնարկը, որն ունեցել է մի քանի հրատարակություններ։ 1960 թվականին մայրենի լեզվով լույս է տեսել նրա «Սոցիալիզմի քաղաքատնտեսություն» ուսումնական ձեոնարկը՝ բուհերի ուսանողների և տնտեսագիտության գծով ասպիրանտների համար։
Արտաշես Առաքելյանը բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Մեծ է նրա գիտական ուսումնասիրությունների շրջանակը։ Դրանք ամփոփված են շուրջ 250-ի հասնող մենագրություններում, դասագրքերում, գրքույկներում, ինչպես նաև գիտական ժողովածուներում, պարբերական և ընթացիկ մամուլում զետեղված հոդվածների մեջ։ Աշխատությունների մի զգալի մասը թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, լեհերեն, չեխերեն, ճապոներեն, արաբերեն և այլ լեզուներով։
Երկեր
խմբագրել- Երկեր՝ Աշխատանքի արտադրողականությունը սոցիալիստական հասարակության մեջ, Ե., 1955 թ.։
- Տնտեսական հաշվարկը ԽՍՀՄ արդյունաբերության մեջ, Ե., 1957 թ.։
- Основные фонды промышленности СССР, М., 1938;
- Управление социалистической промышленностью, М., 1947;
- Использование основных средств в промышленности СССР, 2 дополнительное издание, М., 1951;
- Хозрасщет и исползование основных фондов промышленности СССР, М., 1954;
- Армения-индустриальная республика, Е., 1967; Воспроизводство основных фондов СССР, М., 1970 (соавтор.)[7].
Մամուլ
խմբագրել- Հոդվածների մատենագիտություն[8]։
Գրականություն
խմբագրել- Աշխատանքի արտադրողականությունը սոցիալիստական հասարակության մեջ, Ե., 1955։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Արտաշես Առաքելյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Պրոֆ. Վ. Ե. Խոջաբեկյան «Ա. Ա. Առաքելյան» (Ծննդյան 70-ամյակի առթիվ), Պատմաբանասիրական հանդես № 1, 1979, էջ 247-250
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 534)։ |