Արտաշես Մաթևոսյան (հայագետ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտաշես Մաթևոսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես (Արտուշ) Սիմոնի Մաթևոսյան (մարտի 23, 1922, Տուֆաշեն, Հայաստան - փետրվարի 3, 2004[1], Երևան, Հայաստան), հայագետ, պատմաբան, աղբյուրագետ, ձեռագրագետ, պատմական գիտությունների թեկնածու։
Արտաշես Մաթևոսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1922 Տուֆաշեն, Հայաստան |
Մահացել է | փետրվարի 3, 2004[1] (81 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | պատմաբան, հայագետ և աղբյուրագետ |
Հաստատություն(ներ) | Մատենադարան |
Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1951) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Երեխա(ներ) | Կարեն Մաթևոսյան |
Կենսագրություն
խմբագրելԱրուճում դպրոցն ավարտելուց հետո ուսանել է Վաղարշապատի մանկավարժական ուսումնարանում (1937-1940), ապա զորակոչվել բանակ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1947-1951 թթ. սովորել և ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, ապա ասպիրանտուրան։ 1959 թվականից աշխատանքի է ընդունվել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, ուր աշխատել է մինչև կյանքի վերջը։ Շուրջ 20 տարի աշխատելով ձեռագրատանը, վարել է Մատենադարանի գլխավոր ավանդապահի պաշտոնը և խորությամբ ուսումնասիրելով հայերեն ձեռագրերը, դարձել այդ ոլորտի առավել ճանաչված մասնագետներից մեկը։
Գիտական աշխատանք
խմբագրել1970 թվականին պաշտպանել է դիսերտացիա «Մեծոփավանքի գրչության կենտրոնը» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, այնուհետև ԽՍՀՄ ԲՈՀ-ից ստացել է ձեռագրագետի (կոդիկոլոգ) կոչում։ Կազմել է աշխարհի բոլոր հայերեն ձեռագրերի համահավաք քարտարան (ամփոփում է շուրջ 50 000 քարտ), դրա հիման վրա՝ հայ գրչության կենտրոնների քարտեզ (ցուցադրվում է Մատենադարանի գլխավոր ցուցասրահի մուտքի մոտ)։ Զբաղվել է հայ գրչության կենտրոնների (Մոկաց Սարի Ս. Գևորգ, Մեծոփավանք, Քաջբերունիք, Լիմ, Հաղբատ, Սանահին, Անի, Գլաձոր, Երևան և այլն), հնագույն և հայտնի մատյանների (Լազարյան Ավետարան, Էջմիածնի Ավետարան, Վեհամոր Ավետարան, Վեհափառի Ավետարան, Մողնու Ավետարան, Թարգմանչաց Ավետարան, Հեթումի Ճաշոց և այլն) ուսումնասիրությամբ։ Անդրադարձել է մաշտոցյան գրերի ստեղծման, գծագրական հորինվածքի, գրատեսակների խնդիրներին։ Հայագիտական բացառիկ նորություն էր Կորյունի «Մաշտոցի վարքում» երկու կից թղթերի տեղերի շփոթման հետևանքով առաջացած թյուրիմացության բացահայտումը։ Ա. Մաթևոսյանին հաջողվել է նախ վերականգնել Կորյունի մատյանի նախնական օրինակի մանրակերտը, ապա բացահայտել դեռևս V դարում մատյանի կազմման ժամանակ տեղի ունեցած երկու թղթի սխալ տեղադրումը, որը նաև իմաստային անհամապատասխանություն է առաջացրել։ Այս հայտնագործության շնորհիվ պարզ դարձավ, որ այսպես կոչված Դանիելյան գրերը ոչ մի դեր չեն կատարել հայոց գրի ստեղծման պատմության մեջ։ Գիտական նորություններ էին նաև Ա. Մաթևոսյանի ուսումնասիրություններն Անանիա Շիրակացու «Քննիկոնի» և Մովսես Խորենացու պատմության Չորրորդ գրքի վերաբերյալ։
Հրատարակել է «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ Ե - ԺԲ դդ » ժողովածուների առաջին երկու հատորը՝ V-XII և XIII դարեր, հայերեն հնագույն թղթե ձեռագիրը (981 թ.) երկու ստվար հատորով և այլն։
Դասախոսական աշխատանք
խմբագրելՍուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարանում դասավանդել է ձեռագրագիտություն, հնագրություն, հայ դպրոցների պատմություն։ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը 1997 թ. նրան արժանացրել է Հայ Եկեղեցու «Ս. Սահակ և Ս. Մեսրոպ» շքանշանին։
Աշխատություններ
խմբագրել- Գլաձորի համալսարանը միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոն (հեղինակակից՝ Ս. Արևշատյան), Երևան, 1984։
- Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԳ դար, կազմեց՝ Ա. Մաթևոսյան, Երևան, 1984։
- Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, Ե-ԺԲ դար, աշխատասիրությամբ Ա. Մաթևոսյանի, Երևան, 1988։
- Կորիւնի Մեսրոպ Մաշտոցի Պատմութեան ձեռագրի մի թղթի տեղափոխութիւն, Վենետիկ 1990։
- Կորյուն, Վարք Մեսրոպ Մաշտոցի, Երևան, 1994։
- Մովսես Խորենացու «Հայոց պատմության» Չորրորդ գիրքը, Երևան, 1995։
- Մեծոփավանքի գրչության կենտրոնը, Ս. Էջմիածին, 1997։
- Հայերեն ձեռագրերի հիշատակարանները միջնադարյան հայ մշակույթի ուսումնասիրության սկզբնաղբյուր, Երևան, 1998։
- Մատեան գիտութեան և հաւատոյ Դաւթի քահանայի (առաջաբան, նմանահանություն), Երևան 1995։
- Մատեան գիտութեան և հաւատոյ Դաւթի քահանայի (ուսումնասիրություն), Երևան, 1999։
- Գրիգոր Ծերենց Խլաթեցի (Հեղինակակից՝ Ս. Մարաբյան), Երևան, 2000։
- Վազգեն Վեհափառի Ավետարանը (հեղինակակից՝ Տ. Իզմայլովա), Երևան, 2000։
- Էջմիածնի Ավետարանը (հեղինակակից՝ Հայդե և Հելմուտ Բուշհաուզեններ), Վիեննա, 2001։
- Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԴ դար, մասն Ա (1301-1325 թթ.), կազմողներ՝ Լ. Խաչիկյան, Ա. Մաթևոսյան, Ա. Ղազարոսյան, Երևան, 2018, 640 էջ։
- Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԴ դար, մասն Բ (1326-1350 թթ.), կազմողներ՝ Լ. Խաչիկյան, Ա. Մաթևոսյան, Ա. Ղազարոսյան, Երևան, 2020, 610 էջ։
- Աշխատություններ. պատմաբանասիրական և ձեռագրագիտական ուսումնասիրություններ, (կազմող և խմբագիր Կ. Մաթևոսյան), «Մատենադարան» հրատ., Երևան, 2022, 522 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
խմբագրել- http://www.matenadaran.am/ftp/data/Banber9/7.A.Matevosyan.pdf Արխիվացված 2015-10-27 Wayback Machine
- http://www.matenadaran.am/ftp/data/Banber10/20.A.Matevosyan.pdf Արխիվացված 2015-06-08 Wayback Machine
- http://www.matenadaran.am/ftp/data/Banber13/11.A.Matevosyan.pdf Արխիվացված 2015-10-27 Wayback Machine
- http://www.matenadaran.am/ftp/data/Banber14/5.A.Matevosyan.pdf Արխիվացված 2015-10-29 Wayback Machine
- http://www.matenadaran.am/ftp/data/Banber16/2.A.Matevosyan.pdf Արխիվացված 2015-10-29 Wayback Machine
- http://hpj.asj-oa.am/1928/ Արխիվացված 2016-11-10 Wayback Machine
- http://hpj.asj-oa.am/3443/ Արխիվացված 2016-11-10 Wayback Machine
- http://hpj.asj-oa.am/4108/ Արխիվացված 2017-05-26 Wayback Machine
- http://hpj.asj-oa.am/4567/ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- http://hpj.asj-oa.am/5142/ Արխիվացված 2014-12-25 Wayback Machine
- http://hpj.asj-oa.am/5540/ Արխիվացված 2017-05-28 Wayback Machine
- http://lraber.asj-oa.am/2690/ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- http://lraber.asj-oa.am/2593/(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Մաթևոսյան (հայագետ)» հոդվածին։ |