Ա-Դո
Ա-Դո (Հովհաննես Տեր-Մարտիրոսյան) (հունվարի 14, 1867[1], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 7, 1954[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ հասարակական, քաղաքական գործիչ, վիճակագիր, պատմաբան, ՀՅԴ կուսակցության անդամ (1895-1903)։
Ա-Դո | |
![]() | |
Կուսակցություն՝ | ՀՅԴ |
---|---|
Կրթություն՝ | Երևանի թեմական դպրոց (1891)[1], Խարկովի ազգային համալսարան (նոյեմբերի 30, 1905)[1] և Սանկտ Պետերբուրգի Բեխտերևի անվան հոգենյարդաբանական գիտահետազոտական ինստիտուտ (1909)[1] |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ և վիճակագրագետ |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | հունվարի 14, 1867[1] |
Ծննդավայր | Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանի օր | փետրվարի 7, 1954[1] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Թաղված | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ի ծնե անուն | Հովհաննես Տեր-Մարտիրոսյան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ)։ Սկզբնական ուսումը ստացել է ծննդավայրում։ Հոր մահից հետո տեղափոխվել է Երևան և 1881-1884 թվականներին աշխատել է եղբոր խանութում որպես վաճառող, ապա «Նադեժդա» ընկերության մասնաճյուղում։ Իր կրթությունը լրացրել է ինքնակրթությամբ։ 1885 թվականին աշխատել է «Աֆրիկյան ընկերություն»-ում։ 1889-1891 թվականներին սովորել է Երևանի թեմական դպրոցում։ Եղել է ՀՅԴ անդամ, մասնակցել է Արևմտյան Հայաստան զենք և զինամթերք տեղափոխմանը, սակայն որոշ ժամանակ անց դուրս է եկել կուսակցությունից։ Թղթակցել է «Մշակ», «Հորիզոն» և այլ պարբերականներին։ 1905 թվականի հոկտեմբերից մինչև նոյեմբերի վերջերն ուսանել է Խարկովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1905-1906 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ որպես ականատես փաստագրել է բախումները և հրատարակել աշխատություն։ Սույն հետազոտությունն առ այսօր հանդիսանում է հետազոտողների համար կարևոր ուսումնասիրություն։ 1908-1909 թվականներին ուսանել է Սանկտ Պետերբուրգի Հոգենյարդաբանական ինստիտուտում (այժմ՝ Վ. Մ. Բեխտերևի անվան Ս. Պետերբուրգի հոգենյարդաբանական գիտահետազոտական ինստիտուտ)։ Հեղինակել է մի շարք հետազոտություններ, որոնցից մեկի համար ցարական դատարանի կողմից դատապարտվել է մեկ տարվա բանտարկության (1910-1911)։ 1909 թվականի հունիսի 21-ից մինչև օգոստոսի 20-ը եղել է Արևմտյան Հայաստանում և վիճակագրական տեղեկություններ հավաքել Վանի, Բիթլիսի (Բաղեշի) և Էրզրումի հայության թվաքանակի, սոցիալ-տնտեսական դրության, հարկային համակարգի և այլնի վերաբերյալ։ Այդ մասին հրատարակել է առանձին աշխատություն։ Միաժամանակ «Նոր հոսանք» թերթում տպագրել է իր տպավորություններն Արևմտյան Հայաստանի մասին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գործուն մասնակցություն է ունեցել հայ գաղթականության փրկության և հաշվառման աշխատանքներին։ Առանձին հետազոտություն է նվիրել Արամ Մանուկյանի գլխավորությամբ կազմված Վանի հայկական իշխանությանը։ Վիճակագրական տեղեկություններ է հավաքել ոչ միայն հայ, այլև ասորի գաղթականության վերաբերյալ։ 1919-1949 թվականներին աշխատել է Հայաստանի սպառողական ընկերությունների միությունում (Հայկոոպ)։
Աշխատությունները
խմբագրելԱ-Դոյի ուսումնասիրությունները վերաբերվում են հայ ժողովրդի սոցիալ-տնտեսական կյանքի և ազատագրական շարժումների պատմությանը։ «Հայ-թուրքական ընդհարումը Կովկասում» (1907) աշխատության մեջ բացահայտել է ցարական ինքնակալության ազգամիջյան ընդհարումների հակաժողովրդական քաղաքականության էությունը։ Արևմտյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությանը, վարչական կառուցվածքին, բնակչության և բնակավայրերի վիճակագրությանն են նվիրված «Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլյեթները» (1912), «Մեծ դեպքերը Վասպուրականում. 1914-1915 թթ.», (1917 թ. նկարագրված է Վանի 1915-ի ինքնապաշտպանությունը, բնակիչների Արևելյան Հայաստան գաղթի պատմությունը) աշխատությունները։ Ա-Դո հեղինակ է նաև գրականագիտական ուսումնասիրությունների։
- Մակեդօնիա, Ս. Պետերբուրգ, 1903։
- Խոտեմսկի Բ., Րեբեկա, Ս. Պետերբուրգ, 1903։
- Հայրենիքի Կարօտը, Ս. Պետերբուրգ, 1905։
- Հայ-թուրքական ընդհարումը Կովկասում (1905-1906 թթ.). (Փաստական, վիճակագրական, տեղագրական լուսաբանութիւններով), Երևան, 1907։
- Միքայէլ Նալբանդեանի կեանքի հետաքրքիր մի էջ և Բակունինին նրա գրած նամակները, Երևան, 1908։
- Ազատագրական շարժումը Ռուսաստանում իր ծագման առաջին օրերից, Երևան, 1908։
- Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայէթները. Ուսումնասիրութեան մի փորձ այդ երկրի աշխարհագրական, վիճակագրական, իրաւական և տնտեսական դրութեան, Երևան, 1912։
- Հուշեր Տաճկահայաստանի ճանապարհորդութւինից, «Նոր հոսանք», Թիֆլիս, 1913-1914։
- Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թվականներին, Երևան, 1917։
- Հայ-թուրքական ընդհարումները Զանգեզուրում (1905-1906 թթ.)։ Ա-Դոյի «Հայ-թուրքական ընդհարումները Կովկասում» գրքից քաղ., ծանոթագր., և խմբագր. Շ. Դավթյանը, Երևան, 1996։
- Իմ հիշողությունները, Երևան, 2015։
- Ա-Դո (Տեր-Մարտիրոսյան Հովհաննես), Հայության երկունքը /հրատ. պատր.՝ Վ. Ղազախեցյան, Ռ. Գասպարյան, Ռ. Սահակյան, Հ. Սուքիասյան/, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2019։
Ա-Դոյի անտիպ գործերի հրատարակություններ
խմբագրել- Նահապետյան Սուսաննա, Փաստաթղթեր Նոր-Բայազետ քաղաքի հիմնադրման և հայոց ծխական երկդասյան ուսումնարանի պատմության մասին, Բանբեր Հայաստանի արխիվների, Երևան, 2011, N 2, էջ 6-20 http://www.armarchives.am/UserFiles/File/Banber%20%20-%2002-2011.pdf
- Սահակեան Ռուբեն, Վանի նահանգապետութեան պատմութիւնից (Յունիս 14-Յուլիս 7-Յուլիս 25, 1915) և Ա-Դօն, «Հայկազեան Հայագիտական Հանդէս», թիւ ԼԲ (32), 2012, Պէյրութ, էջ 407-430 [http://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Haigazean/LB.pdf
- Ռուբեն Սահակյան, Հաղթանակած Վանը (Ա-Դոյի անտիպ հուշերից), «Պատմաբանասիրական հանդես», Երևան, 2012, N 1, էջ 223-242
- Ա-Դո, Ռուսական ցարերը և հայկական հարցը։ Առաջաբանը և ծանոթագրությունները՝ պ. գ. թ. Ռուբեն Գասպարյանի և պ. գ. թ. Ռուբեն Սահակյանի, Երևան, 2013։
- Գասպարյան Ռուբեն, Սահակյան Ռուբեն, Ա-Դոյի ընտանեկան արխիվից. Ջուլամերիկի ասորիները. Բանբեր Հայաստանի արխիվների, Երևան, 2013, N 2, էջ 13-32, http://www.armarchives.am/UserFiles/File/Banber%20-%2001-2013+.pdf
- Գասպարյան Ռուբեն, Սահակյան Ռուբեն, Հովհաննես Տեր-Մարտիրոսյան. Ա-Դո. Ա-Դոյի ընտանեկան արխիվից. Կինո, Հանդես (Գիտամեթոդական ժողովածու), Երևան, 2014, թիվ 15, էջ 223-236։
- Ռ. Գասպարյան, Ռ. Սահակյան, Հատված Ա-Դոյի «Իմ հիշողությունները» հուշագրությունից, ՀՀ ԳԱԱ Լրաբեր հասարակական գիտությունների, 2015, № 1, էջ 181-189
- Ռ. Գասպարյան, Ռ. Սահակյան, Ա-Դոյի անտիպ արխիվից. Գրիգոր Արծրունի, Հանդես (Գիտամեթոդական հոդվածների ժողովածու), 2015, N 16, էջ 215-221։ https://drive.google.com/file/d/1DIZ5NjTCQ_59H3DyBpBsCwiqCQ1_4_7n/view
- Gasparyan R. H., Sahakyan R. O., Hovhannes Ter-Martirosyan (A-DO), http://www.fundamentalarmenology.am/datas/pdfs/422.pdf
- Ա-Դո, Իմ հիշողությունները. Առաջաբանը և ծանոթագրությունները՝ Ռուբեն Գասպարյանի և Ռուբեն Սահակյանի, Երևան, «Վարդան Մկրտչյան» տպագրատուն, 2017, 507 էջ։
- Ա-Դո (Տեր Մարտիրոսյան Հովհաննես), Հայության երկունքը (հրատ. պատ.՝ Վ. Ղազախեցյանը, Ռ. Գասպարյան, Ռ. Սահակյան, Հ. Սուքիասյան), Երևան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2019, 765 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Սարգսեան Եփրեմ, ԱԴՕ (Յովհաննէս Տէր Մարտիրոսեան), «Հայրենիք», Պօստոն, 1952, թիւ 4, էջ 90-93։
- Սահակյան Ռուբեն, Հովհաննես Տեր-Մարտիրոսյան (Ա-Դո), Պատմաբանասիրական հանդես, 2022, N 2, էջ 9-33, http://www.academhistory.am/images/Patmabanasirakan_handes/Handes-2022-2.pdf
Արտաքին հղումներ
խմբագրել- Հաղթանակած Վանը (Ա-Դոյի անտիպ հուշերից)
- Ա-Դո, «Հայոց ցեղասպանության հանրագիտարան» Արխիվացված 2018-04-19 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 76)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ա-Դո» հոդվածին։ |