Բազմախոզան որդեր, (անգլ.՝ Polychaeta), օղակավոր որդերի դաս։ Երկարությունը՝ 1 մմ։ Մարմինը բաղկացած է առանձին (երբեմն մի քանի հարյուր) հատվածներից և բաժանվում է 3 մասի՝ գլխային, իրանային, անալ (պիգիդիում)։ Առաջին երկուսն ապահովված են զույգ կողային ու շարժական ելուստներով (պարապոդիումներով)։ Յուրաքանչյուր ելուստ կազմված է 2 ճյուղից՝ մեջքային և որովայնային, ունի բեղիկ և վերջանում է խոզանների խրձով (որտեղից՝ բազմախոզան անունը)։ Ունեն աչքեր և հավասարակշռության օրգաններ՝ ստատոցիստներ։ Բաժանասեռ են, բեղմնավորությունը արտաքին է, զարգանում են մետամորֆոզով։ Հազվադեպ բազմանում են անսեռ ճանապարհով։ Տեսակների մեծ մասն ապրում է ծովերում, մյուսները՝ քաղցրահամ ջրերում՝ տարբեր խորությունների վրա։ Հայտնի է 4000 տեսակ։ Դրանցից նախկին ԽՍՀՄ տարածքում հանդիպում է 600-ը։ Սնվում են կենդանի օրգանիզմներով, որոշ տեսակներ մակաբույծներ են։ Բազմախոզան որդեր սնունդ են ձկների, իսկ ծանծաղ ջրերում՝ թռչունների համար։ Բազմախոզան որդերի պալոլո տեսակը արևադարձային երկրներում օգտագործվում է որպես սնունդ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 211)։
|