Բազմիմաստություն (հուն․՝ πολυσημεία, πολυ-, poly-, «շատ» և σῆμα, sêma, «նշան»), լեզվական միավորի (բառի, մասնիկի, արմատի, առհասարակ ձևույթի) մեկից ավելի իմաստներ ունենալը, թեև գծային՝ շարակարգային պլանում նա կարող է դրսևորվել իր որևէ մեկ իմաստով։ Զանազանում են՝ բազմիմաստ բառ, բազմիմաստ մասնիկ բազմիմաստ ածանց, բազմիմաստ ձևույթ։ Այս հասկացությունը վերաբերում է նաև երկու իմաստ ունեցող միավորներին՝ երկիմաստ կամ կրկնիմաստ բառերին և այլն։

Բազմիմաստությունը մենիամաստության համեմատ գերիշխող է. բազմիմաստ բառերն ավելի շատ են, քան մենիմաստները։ Բազմիմաստության օրինակներ են՝

խորհուրդ - 1. ցուցում, առաջարկ՝ խրատ՝ պատվիրան, 2. նիստ՝ խորհրդակցություն, 
3. պետական կամ ղեկավար մարմին, օրգան, 4. միտք (խոհ) կամ իմաստ և այլն։
-անք - 1. բայանուն կերտող (օրինակ՝ անարգանք), 
2. հավաքական անուն կերտող (օրինակ՝ հանդերձանք, Վարդանանք)

Բազմիմաստությունը թեթևացնում է լեզվի արտահայտության պլանը. այն հնարավորություն է տալիս արտասանական սեղմ, սահմանափակ տարրերով, բառերի տնտեսումով ավելի շատ իմաստներ (նշանակություններ, հասկացություններ) արտահայտել։ Այս երևույթը լեզվի զարգացման, առաջընթացի անբաժան ուղեկիցն է։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965։
  • Է. Աղայան, Ընդհանուր և հայկական բառագիտություն, Երևան, 1984։
  • Ա. Մուրվալյան, Հայոց լեզվի բառային կազմը, Երևան, 1955։
  • Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 1982։
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։