Բալնեոթերապիա, ջերմուկաբուժություն (լատին․՝ balneum՝ լոգանք), բնական և արհեստականորեն պատրաստված հանքային ջրերի օգտագործումը բուժիչ և կանխարգելիչ նպատակներով։ Հանքային ջրերն առավել հաճախ նշանակում են ըմպելու և արտաքին օգտագործման (ընդհանուր լոգանքների, լողանալու), ինչպես նաև բերանը ողողելու, ինհալացիայի, ստամոքսի և աղիքների լվացման, խոռոչների լորձաթաղանթների ողողումների համար։

Բալնեոթերապիա
Բալնեոթերապիական լոգարան, Կոլումբիա
 Balneotherapy Վիքիպահեստում

Հանքային ջրերում աղերի, ածխաթթվի, ծծմբաջրածնի, ազոտի, արագ քայքայվող ռադիոակտիվ նյութերի (ռադոն) առկայությամբ է պայմանավորված դրանց բուժական ազդեցությունը։ Նշանակություն ունեն նաև ջերմաստիճանային, մեխանիկական և այլ գործոնները։

Նշանակություն

խմբագրել
 
Բալնեոթերապիական լոգարան Տաք աղբյուրներ, Արկանզաս, ԱՄՆ

Բալնեոթերապիա օրգանիզմի պաշտպանա–վրականգնողական ուժերի ավելացման, հարմարվողական հնարավորությունների մարզման արդյունավետ միջոց է, իսկ հիվանդությունների առաջացման դեպքում այն նպաստում է ֆունկցիոնալ խանգարումների վերացմանը կամ նվազմանը։ Հանքային ջրերով լոգանքներն 1-ին հերթին ազդում են սիրտանոթային և նյարդային համակարգերի վրա, նպաստում սրտի և անոթների մարզմանը, նյարդային գործունեության հավասարակշռությանը, նյութափոխանակության բնականոնացմանը, ներզատական գեղձերի գործունեությանը։ Ընդհանուր և տեղային հանքային լոգանքներն օգտագործում են սրտի և արյան անոթների, հենաշարժողական ապարատի (հոդեր, կապաններ, մկաններ), նյարդային համակարգի, գինեկոլոգիական և այլ հիվանդությունների ժամանակ։ Հանքային ջրերով ողողումները և ինհալացիան նշանակում են քթաըմպանի և վերին շնչուղիների, ոռոգումները՝ գինեկոլոգիական, լվացումները և հոգնաները՝ ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ։

Ազդեցություն

խմբագրել

Ներընդունած հանքային ջուրն անմիջականորեն ազդում է բերանի խոռոչի, ստամոքսի և, հատկապես, 12-մատնյա աղիի լորձաթաղանթների ընկալիչների վրա, ռեֆլեքսային ճանապարհով բնականոնացնում ստամոքսի հյութազատական ֆունկցիան և նպաստում ավելորդ լորձի հեռացմանը։ Հանքային ջրերի ըմպումը խթանում է նաև լեղագոյացումն ու արտազատումը, ազդում ընդհանուր նյութափոխանակության վրա։

Կիրառություն

խմբագրել

Գործնական բժշկության մեջ, գլխավորապես արտաառողջավայրային պայմաններում, լայնորեն կիրառում են շշալցրած խմելու հանքային ջրերը, ինչպես նաև լոգանքների համար՝ ածխաթթվային, ծծմբաջրածնային, ռադոնային, ազոտային արհեստական և այլ հանքային ջրեր։

Բալնեոթերապիական առողջավայրերում օգտագործում են բնական ածխաթթվային, ծծմբաջրածնային, ռադոնային, ազոտասիլիցիումային տաք, սոդային (նատրիումքլորիդային), յոդաբրոմային, ծովի և այլ ջրեր, ինչպես նաև աղի լճերի և լիմանների բնաղաջուրը։

Բալնեոթերապիա նշանակում է բժիշկը, անցկացվում է նրա հսկողությամբ, հաճախ զուգակցվում ցեխաբուժության, կլիմայաբուժության, դիետաթերապիայի և բուժման այլ մեթոդների հետ։ Այն լայնորեն կիրառում են նաև մի շարք հիվանդություններից և վնասվածքներից հետո՝ բժշկական վերականգնման նպատակներով։

Բալնեոթերապիան Հայաստանում

խմբագրել

ՀՀ-ում բուժիչ հանքային ջրերի ուսումնասիրություններն սկսվել են 1921 թվականից։

Կուրորտաբանության և ֆիզիակական բժշկության ԳՀԻ-ում (հիմնադրվել է 1930-ին) ուսումնասիրվել են Արզնու, Ջերմուկի, Հանքավանի, Արարատի, Վանաձորի, Դիլիջանի բնական բուժիչ հանքային ջրերը, տրվել է ստորերկրյա հանքային ջրերի դասակարգումը, կազմվել են այդ ջրերի հանքավայրերի քարտեզներ, մշակվել են հանքային ջրերի ներքին և արտաքին օգտագործման տեսական հիմքերը, մի շարք հիվանդությունների բուժման նպատակով՝ ընդհանուր և տեղային օգտագործման (լոգանքներ, ինհալացիաներ, ողողումներ) տարբերակված մեթոդներ։ Դասակարգվել են նաև շշալցման համար պիտանի խմելու հանքային ջրերը։

Գրականություն

խմբագրել
  • Esti Dvorjetski, Leisure, pleasure, and healing: spa culture and medicine in ancient eastern Mediterranean., Brill, 2007 (illustrated). ISBN 900415681X (անգլ.)
  • Carola Koenig, Specialized Hydro-, Balneo-and Medicinal Bath Therapy. Publisher։ iUniverse, 2005. ISBN 0-595-36508-6 (անգլ.)
  • Anne Williams, Spa bodywork: a guide for massage therapists. Lippincott Williams & Wilkins, 2006. ISBN 0-7817-5578-6 (անգլ.)
  • Nathaniel Altman, Healing springs: the ultimate guide to taking the waters : from hidden springs to the world's greatest spas. Inner Traditions / Bear & Company, 2000. ISBN 0-89281-836-0 (անգլ.)
  • Dian Dincin Buchman, The complete book of water healing. 2nd ed., McGraw-Hill Professional, 2001. ISBN 0-658-01378-5 (անգլ.)
  • Jane Crebbin-Bailey, John W. Harcup, John Harrington, The Spa Book: The Official Guide to Spa Therapy. Publisher։ Cengage Learning EMEA, 2005. ISBN 1-86152-917-1 (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։