Բարեպաշտություն (քրիստոնեություն)
Բարեպաշտություն, Աստծո և կրոնական հավատալիքների նկատմամբ հավատարմություն, աստվածային պատվիրանների աներկբա կենսագործում։ Քրիստոսի բարեպաշտությունը ներառում է երեք հիմնական առաքինությունների (աղոթք, պահք, ողորմություն) կիրառությունն անձնական կյանքում։ Հեթանոսական շրջանում բարեպաշտություն կուռքերի պաշտամունքի և հեթանոսական ծեսերի հետևողական կիրառումն էր։
Բարեպաշտությունը Հին կտակարանում
խմբագրելՀին կտակարանում բարեպաշտությունը թեև ունեցել է միաստվածային ուղղվածություն, սակայն հաճախ ուղեկցվել է միայն արտաքին ծիսական կողմի ձևական պահպանմամբ։ Նահապետների ժամանակաշրջանում բարեպաշտությունը ունեցել է որոշակի ընդգրկում՝ զոհաբերական պրակտիկայի պահպանում և հավատարմություն Աստծուն։ Մովսիսական օրենքի տվչությունից հետո բարեպաշտությունը ավելի լայն ոլորտ է ունեցել՝ ներառելով հասարակական և ընկերային հարաբերությունների բոլոր բնագավառները, առանց, սակայն, ներթափանցելու անհատական և ներանձնական կյանք։ Այդ իսկ պատճառով մարգարեները բազմիցս պախարակում են հրեաների ձևական աստվածապաշտությունը, քանզի միայն, ըստ Դավթի՝ «Խոնարհ հոգին է պատարագն Աստծու, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում» (Սաղմոս 50.19)։ Բարեպաշտության նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվել է քրիստոնեության մեջ։ Այն, ամեն ինչից առաջ, պահանջում է ներքին մաքրություն և հոգևոր կատարելություն։ Քրիստոսը մերժում է արտաքուստ բարեպաշտ, սակայն ներքուստ ամենայն աղտեղությամբ լեցուն փարիսեցիներին։ Ճշմարիտ բարեպաշտությունը այստեղ նույնանում է «աստվածապաշտություն» հասկացության հետ։ Այն ընդգրկում է քրիստոնեության ներանձնական ապրումի, Աստծո պաշտամունքի ու ծառայության և նրա օրենքների խոնարհ հնազանդության ոլորտները։ Քրիստոնեական աստվածապաշտությունը բխում է կյանքի ու զորության ներքին սկզբունքից և աստվածային շնորհ է[1]՝ տրված Սուրբ Հոգով։
Բարեպաշտությունը Աստվածաշնչում
խմբագրելԱստվածաշունչը բարեպաշտությունը դիտում է մի քանի տեսանկյունից։ Հին կտակարանն այն անվանում է «Տիրոջից երկյուղ», ցույց տալով, որ ճշմարիտ բարեպաշտությունը հիմնված է Աստծո նկատմամբ հարգանքի, հնազանդության և խոնարհության վրա։ Նոր կտակարանն այն անվանում է «հնազանդություն Ավետարանին» կամ «հնազանդություն ճշմարտությանը»[2]՝ արեպաշտությունը բնութագրելով որպես պատասխան աստվածային հայտնությանը։ Մեկ այլ տեսանկյունից, շեշտելու համար աշխարհից հրաժարվելու և դեպի Աստված կենտրոնանալու վիճակը, Նոր կտակարանն այն պարզապես անվանում է «սրբություն»[3]։ Քրիստոսն ուսուցանեց, որ «Աստծո գործը» ինքնին հավատն է (Հովհաննես 6.28–29), և քրիստոնեական[4] նշանակում է ապրել այդ հավատով ու այն կենսագործել։ Համապատասխանաբար, Հովհաննես առաքյալը բարեպաշտությունը բնութագրում է երկու ամենահատկանշական գծերով․
- հավատ Քրիստոսի նկատմամբ
- սեր քրիստոնյաների նկատմամբ (Ա Հովհաննես 3.22–24)։
Բարեպաշտությունը Նոր կտակարանում
խմբագրելՆորկտակարանային բարեպաշտությունը ընդգրկում է հավատի գործնական արտահայտությունները՝ ապաշխարությամբ լեցուն կյանք, հավատարմություն առ Աստված, պայքար՝ ցանկությունների դեմ և մեղքի ոչնչացում, մշտական աղոթք, հարատև հաղորդակցություն՝ Գոհության և սուրբ Հաղորդության խորհրդին հույսի, սիրո, ազնվության, համբերատարության ու բարյացակամության կենտրոնացում անձի մեջ, հարգանք Աստծո կողմից հաստատված եկեղեցու, պետության, ընտանիքի և հասարակության հանդեպ և այլն։ Ուղղափառ բարեպաշտությունը պահանջում է գիտակցորեն հետևել եկեղեցու և ավանդության կողմից հաստատված ու սրբագործված ծիսական, ազգային, հոգևոր-բարոյական հաստատություններին, ինչպիսիք են եկեղեցական արարողություններին հաճախելը, ազգային որոշակի ավանդություններով հյուսված կրոնական, եկեղեցական տոները պահպանելը, ծիսական խորհրդակատարություններին հետևելը։
Բարեպաշտությունը Հայ Եկեղեցում
խմբագրելՀայ եկեղեցին, որպես ուղղափառ եկեղեցի, առաջնորդվում է բարեպաշտության ավանդական ընկալմամբ՝ դրան ավելացնելով ազգային գիտակցությամբ պայմանավորված տարրեր։ Այդ առումով Հայ եկեղեցին մյուս բոլոր ուղղափառ եկեղեցիների նման շեշտում է հավատի կարևորությունը Քրիստոսի նկատմամբ, հոգատարությունը սեփական անձի և սերը մերձավորի հանդեպ։ Քրիստոսի նկատմամբ աներկբա հավատի և ուղղափառ կենցաղավարության երեք չափանիշների՝ աղոթքի, պահքի և ողորմության մշտական կենսագործումով է պայմանավորվում յուրաքանչյուր քրիստոնյայի բարեպաշտության աստիճանը։ Նոր կտակարանում Հակոբոս առաքյալը հորդորում է բարեպաշտ լինել գործնականորեն. «Սուրբ և անարատ բարեպաշտությունը Աստծու և Հոր առաջ այս է. այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, անարատ պահել իր անձը աշխարհից» (Հակոբոս 1.27)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |