Բարիկադ (ֆրանսերեն՝ barricade), քարերից, գերաններից, ավազապարկերից և ձեռքի տակ եղած օժանդակ այլ նյութերից արհեստական արգելք, որը սովորաբար կանգնեցվում է մարտերի ժամանակ՝ փողոցների, ճանապարհների, կամուրջների և լեռնանցքների լայնքով։ Բարիկադներ օգտագործվել են դեռևս 13-14-րդ դդ․ թաթար-մոնղոլական հարձակումներից Մոսկվան, Ռյազանը և այլ քաղաքներ պաշտպանելիս։ Բարիկադներ կիրառվել են Փարիզյան կոմունայի (1871 թ.), 1905 թ.-ի հեղափոխության և Հոկտեմբերյան խորհրդային հեղափոխության ժամանակ, երբ ապստամբ ժողովուրդը փողոցային մարտեր էր մղում կանոնավոր զորքերի դեմ, ինչպես նաև 1941-1945 թթ.-ի Հայրենական մեծ պատերազմում։ Հայաստանում բարիկադների օգտագործման դեպքեր եղել են թաթար-մոնղոլական արշավանքների շրջանում՝ Անիի, Կարսի, Կարինի և հայկական այլ քաղաքների պաշտպանության ժամանակ, ինչպես նաև առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ Վանում, Ուրֆայում, Շապին-Գարահիսարում, Մուշում, Սասունում և Մուսա լեռան վրա հայերի կողմից երիտթուրքական ցեղասպանների դեմ մղվող ինքնապաշտպանական կռիվներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 317)։