Բիթքոյն (անգլ.՝ bit - տեղեկության միավոր և անգլ.՝ coin - մետաղադրամ), ինքնաբավարար թվային արժույթի տեսակ, որի գաղափարը հանրությանն առաջին անգամ ներկայացվել էր 2008 թ-ի Հոկտեմբերի 31-ին՝ ծածկագրմանը վերաբերող փոստային վեբցուցակում[1]։ Սատոշի Նակամոտո անունով հանդես եկած հեղինակը իր նախագիծը ներկայացրել էր հետազոտական հոդվածի տեսքով։ Հոդվածում մեկնաբանվում և դիտարկվում էին թվային նոր արժույթի գործառնական սկզբունքները, առավելությունները, թուլություններն ու իրացման մեխանիզմը։ Նրա շուրջ իրարանցում առաջացավ 2013թ.-ից։

Բիթքոյնի տարբերանշանը

Բիթքոյնը առաջին թվային արժույթն է, որի գործունեությունը դեռ նախագծման փուլում նախատեսվում էր հիմնել ապակենտրոնացվածության սկզբունքի շահագործման վրա։ Նրա հիմնական առավելությունն այն է, որ գործարքները անանուն են և իրականացվում են անմիջապես առանց միջնորդների։

Բիթքոյնի գինը շատ փոփոխական է՝ հաշվի առնելով, որ 2013 թ սկզբին գինը մոտ 10-15$ էր և նույն թվականի վերջին այն հասավ 1163$-ի։ Հաջորդ 18 ամիսների ընթացքում գինը իջավ 200$-ի։ 2016 թ այն բավականին մեծ տարածում գտավ Չինաստանում, երբ պետական արժույթը արժեզրկվեց։ Այն հասավ 1140$: Վերջնական բումը եղավ 2017թ վերջին, երբ Բիթքոինի գինը հասավ 20000$-ի։ Զարմանալի չէ, որ Բիթքոյնի բլոկ շղթայում գործարքների թիվը հասավ օրական մոտ 400 000-ի։

Այս պահին բիթքոյնի գինը հասել է մոտ 71976$-ի[2]։

Գործառական սկզբունքները

խմբագրել

Ապակենտրոնացվածությունը

խմբագրել

Այսօրվա դրությամբ ապակենտրոնացման սկզբունքով են գործում արդեն տարածված և հետագա զարգացում ստացող տեղեկության վերաբաշխման ցանցերը, ինչպես նաև առաջնային փորձարկման փուլում գտնվող P2P համացանցերն ու նախագծվող մի քանի սոցիալական ցանցեր[3]։ Այդ բոլոր նախագծերի հիմնաքարային առանձնահատկությունն այն է, որ նրանց գործունեության ապահովումը պայմանավորված չէ որևէ կենտրոնական վերլուծական մարմնի (սերվերի, հոսթինգի և այլն) անընդհատ գործունեությամբ և հետևաբար ավելի դիմացկուն է կողմնակի վտանգների նկատմամբ, ինչպես նաև գործելու համար ավելի սակավ դրամային ներդրումներ է պահանջում։

Տեղեկատվական ցանցերի դեպքում բացառվող վտանգներից է համակարգի իրավական հետապնդումը կենտրոնական մարմնի աշխատանքի կասեցման, կամ դրա միջոցների բռնագրավման կամ ձերբակալման միջոցով։ Թեպետ այս դեպքում էլ է հնարավոր մնում առանձին մասնակիցների հետապնդումը, սակայն նրանց մեկուսացումը ցանցից ցանցի նորմալ ախշատանքաընթացքին տեխնիկապես չի վնասում։ Սոցիալական ցանցերի ապակենտրոնացումը. և ապակենտրոնացված տեղեկատվական համակարգերի կառուցումը թույլ են տալիս ձերբազատվել մի շարք գործառնական ծախսերից, ինչպես նաև ապահովում են փոխանցվող տեղեկության անվտանգությունը դրա մասնակի վնասման կամ արգելափական դեպքում, քանի որ նույն տվյալները միաժամանակ հասանելի են լինում բազում տարբեր մասնակիցների մոտից։

Բիթքոինին նախորդող թվային արժույթները թեպետ և մասամբ փորձում էին իրենց սպառողներին ապահովել ազատ և ճկուն գործարքներ կատարելու հնարավորությամբ, գործունեության կենտրոնացվածության պատճառով խոցելի էին մնում կառավարչական ճնշումների հանդեպ։ Այդպիսի իրավիճակ էր ստեղծվել, օրինակ, e-Gold համակարգի մոտ, որը 2006 թվականից ի վեր շարունակաբար խնդիրներ էր ունենում ԱՄՆ կառավարության հետ։ Վերջինիս կողմից մեղադրանքներ էին ուղղվել առ այն, որ համակարգն օգտագործվում էր անօրինական գործողությունների կազմակերպման՝ մասնավորապես, դրամային բուրգերի կառուցման և փողի լվացման համար։ Այդպես, 2007 թ-ի Ապրիլին ԱՄՆ կառավարությունը ստիպել էր e-Gold կառավարիչներին սառեցնել մոտ 60 հաշիվ, իսկ դրանից մեկ շաբաթ անց չորս տարբեր գործեր էին հարուցվել e-Gold կառավարիչների դեմ[4]։

Հաշվային նման սառեցումներ են հնարավոր նաև օրինական ինտերնետային բանքինգից օգտվելու դեպքում, ինչպես տեղի էր ունեցել, օրինակ, Ջուլիան Ասանժի և նրան օժանդակել ցանկացողների հետ, երբ խոշոր դրամական գործկալությունների կողմից սառեցվել էին Ասանժի հաշիվները։

Վերահսկողության բացակայությունն ու գործարքների գրանցման բլոկային համակարգը

խմբագրել
 
Հիմնական բլոկային շղթան (սևով) կազմավորում է բլոկերի առավել երկար հերթականությունը սկիզբ է առնում սկզբնական հատորից (կանաչով)։ Նրանից բացի կան նաև «լքված»՝ եզակի հատորներ (մոխրագույով), որոնք հիմնական շղթայում ներառված չեն։

Առանց կենտրոնական սպասարկող մարմնի Բիթքոինը կարողանում է գործել իր սպառողների միջև վերաբաշխելով հարկավոր սպասարկման իրականացումն ու տարածքային ռեսուրսների ապահովումը։ Համանման P2P սկզբունքն է գործածվում նաև հոսքային (թորենտային) փոխանակումների դեպքում, երբ կենտրոնական սերվերները կամ օգտագործվում են վերահասցեավորումների սպասարկման համար, կամ ընդհանրապես չեն ներառվում գործառական համակարգում։ Բիթքոինային ցանցի մասնակիցները տեղեկությունների պահպանման և վերաբաշխման գործընթացին են մասնակցում բաց կոդով գրված ծրագրի աշխատացման միջոցով։ Նրանք համացանց են հաստատում միմյանց միջև և ապա գործում են որպես միասնական ժամանակագրական սերվեր (Time Stamp Server)։

Նախագծի հեղինակը նման սերվերի առկայությունը արդարացնում է իրականացվող գործարքների իրավազորության ստուգման և հաստատման անհրաժեշտությամբ։ Դա կատարվում է շնորհիվ նրա, որ ներկա պահին կատարվող բոլոր գործարքները կապվում են նախկինում արդեն իրակնացված գործարքների հետ[5]։ Այդպիսով համակարգը «ջարդելը» սովորական պայմաններում դառնում է չափազանց խրթին. և, քանի դեռ համացանցի մասնակիցների մեծամասնությունը հետաքրքրված է մնում օժանդակել իրավասու գործարքներին և հաստատել դրանք, ջարդողների հնարավորությունները համեմատաբար աննշան են մնում[6]։

Համակարգում նախկինում իրականացված գործարքների մասին տեղեկությունները պահվում են բլոկերի մեջ[7]։ Բլոկերն իրենցից ներկայացնում են JSON ֆորմատով կառուցված տեքստ, որը ներառում է որոշակի ժամանակային կտրվածքում իրականացված գործարքների մասին միմյանց միջև փոխկապակցված տվյալները։ 2011 թ-ի Օգոստոսի 3-ի դրությամբ մեկ բլոկի միջին ծավալը (վերջին 1000 բլոկերի հաշվարկով) կազմում էր 21, 018կԲ[8], իսկ բլոկերի ամենաերկար շղթան պարունակում էր 139, 440 տարր[9]։

Բլոկերի «հավաքմամբ» զբաղվում են մասնակիցները՝ միավորելով դեռ չգրանցված, սակայն իրավասու ստորագրությամբ տարածված գործարքները շղթայի հաջորդ օղակի մեջ և ապա աշխատելով հաստատել իրենց ստեղծած օղակի իրավասությունը ծրագրի կողմից առաջարկվող մեքենայական խնդրի լուծմամբ։

Մասնակիցների կողմից լուծվող մեքենայական խնդիրը

խմբագրել

Նման խնդրի լուծման մոտեցումը (Proof-of-Work) պահանջվում է ժամանակագրական սերվերի գործունեության ապահովման համար։ Այն նաև կոչված է խոչընդոտելու զուտ հասցեավորման ռեսուրսների վրա (բազմակի IP-ների օգտագործում պրոքսիների կամ վարակված համակարգիչների միջոցով) հիմնված հարձակումները և աննպատակհարմար դարձնել այլ միջոցներով Բիթքոին-համակարգի չարաշահմանն ու վնասմանն ուղղված գործունեությունը[6]։

Նոր շղթայական օղակներ ստեղծող մասնակիցների համար կա երկու դրամական խթան։ Մեկն այն է, որ ամեն այդպիսի նոր օղակ ստեղծող մասնակիցը (կամ մասնակցային խումբը) ստեղծում է նաև բիթքոինի լրացուցիչ միավորներ, որոնք գրանցվում են նրա հաշվին։ Այսօրվա դրությամբ այդ լրացուցիչ միավորները փաթեթը պարունակում է 50 կոպեկ, սակայն այդ թիվը կրճատվելու է ամեն 210,000 բլոկը (մոտ չորս տարին) մեկ և վերջնականապես սպառվելու է, երբ արժութային միավորների ընդհանուր ծավալը հասնի 21 միլիոնի[10]։ Մյուսը «հավաքողներին» գործարքներ իրականացնողների կողմից առաջարկվող օպցիոնալ միկրովճարումներն են, որոնք կատարվում են այն պատճառով, որ հավաքողները նոր բլոկի տարրերի ընտրության ժամանակ ավելի խրախուսված են լինելու ներառել վճարում ներառող գործարքները, և այդպիսով վճարումներից զուրկ գործարքները կարող են անտեսված մնալ ցանցի մեծամասնության կողմից։

Առավելագույն մասնակիցների կողմից գործարքի հաստատումը կարևոր է այն պատճառով, որ կենտրոնական վարչական մարմնի բացակայությունից բխում է առանձին գործարքների իրավասությունը հավաստագրման բացակայությունը, որի պատճառով համակարգում իրավասու է համարվում հաշվից կատարված այն գործարքը, որն առավելագույն տարածում է ստանում համացանցում։

Գաղտնիության և անվտանգության ապահովումը

խմբագրել

Նախագիծը ի սկզբանե նպատակադրված էր սպառողական գաղտնիության ապահովաման նոր և արդյունավետ լուծումների հայտնաբերմանը։ Գրանցման համար մասնակիցներին չի պարտադրվում կենսագրական տվյալներ նշել, իսկ գրանցված հաշիվների վրա եղած արժույթը կառավարվում և փոխանցվում է ասիմետրիկ ծածկագրման միջոցով կատարված ստորագրությունների օգտագործմամբ։

Որոշ զննորդների կողմից, սակայն, քննադատություն է արտահայտվել, որ Բիթքոինն ի սկզբանե տեսականորեն պատրաստ չի գաղտնիություն ապահովել, և այսօրվա դրությամբ գաղտնիությունը հնարավոր է միայն այն պատճառով, որ նախագիծը դեռ բավական լայն տարածում չի ստացել և համապատասխան վերլուծական մշակումների չի արժանացել։

Համակարգից օգտվողների մոտ կա մեկ այլ խնդիր ևս։ Քանի որ համակարգը վերահսկիչ կառույցներ չի ընդգրկում, ապա անհնարին է դառնում արդեն կատարված գործարքների լուծարելը։ Որպես հետևանք համակարգից օգտվողները անձինք հարկադրված են դառնում սեփական ուժերով հոգալ անվտանգությանն առնչվող բոլոր հնարավոր վտանգների վերացման մասին։

Բիթքոյն մայնինգ

խմբագրել

Բիթքոյնի ստեղծումը իրականացվում է բլոկ-շղթա տեխնոլոգիայի հիման վրա։ Յուրաքանչյուր ոք համակարգչի վրա հատուկ ծրագրային ապահովում է տեղադրում և սկսում է թվային արժույթի մայնինգ սկսել։ Արդյունքում համակարգիչը միանում է մաթեմատիկական խնդիրներ լուծելու գլոբալ համակարգին և դուք սկսում եք կոդեր ավելացնել նախորդ գործարքի կոդերին՝ հաշ ֆունկցիայի միջոցով։ Ավարտելուց հետո Դուք կցում եք հաջորդ օգտագործողի հրապարակային բանալին։ Ցանցն ‹‹արձանագրում›› է այս բոլոր գործարքները և նրանք հասանելի են դառնում բոլոր անդամների համար։

Քննադատությունն ու թուլությունները

խմբագրել
 
Բիթքոինների ընդհանուր զանգվածի նախատեսվող աճը մինչև 2033 թվականը։

Թեպետ և համակարգի նախագծողը արժույթի գաղափարը ներկայացնելիս նշում էր, որ ժամանակի ընթացքում ակնկալում է ավելի կատարյալ արժեձևերի ստեղծում, ԲիթՔոինը՝ տարածմանը զուգահեռ, արժանացել է բազում քննադատությունների մի շարք ուղղություններով։ Համակարգի քննարդատման առավել սուր պատճառներն են.

  • նրա դեֆլյացիոն բնույթը - արժույթի առավելագույն քանակությունը կարծրորեն սահմանված է օգտագործվող ծրագրային ապահովմամբ, որի արդյունքում նոր ստեղծվող արժույթի քանակությունը աստիճանաբար նվազելու է, իսկ 2030 թ-ի շրջաններում վերջնականապես դադարելու է փոխվել։ Իր կենսունակության պահպանման դեպքում նման իրավիճակը հանգեցնելու է արժույթի աստիճանաբար իրականացող դեֆլյացիայի։ Արդեն այսօր նկատվում է իրավիճակ, երբ դեռ համակարգի իրացման սկզբնաշրջանում ներգրավված մարդիկ ուժեղ համեմատական առավելություններ են ունենում շուկա նոր մտնողների հանդեպ։
  • գնային տատանումները - զուտ սպառողական վստահությամբ պաշտպանված լինելով բ.ք. փոխարժեքը կարող է շատ կտրուկ տատանումներ դրսևորել, որը նպատակահարմար չէ առօրյա օգտագործման համար նախատեսվող արժույթի դեպքում։ Նման կտրուկ տատանումներ էին նկատվել, օրինակ, 2011 թ-ի Հունիս ամսին, երբ շուկայի անհայտ մասնակիցների կողմից մեծ քանակությամբ արժույթ շուկա բաց թողնելու արդյունքում փոխարժեքն ընկել էր $17.50-ից մինչև $0.01-ի[11]։
  • թերի գաղտնիությունը - զուտ կառուցվածքային տեսանկյունից համակարգում անհնար է քողարկել իրականացվող գործարքների մասին տեղեկությունները։ Նման պայմաններում մեծ մասշտաբների գործարքները արդեն համեմատաբար հեշտ է դառնում կապել դրանք իրականացնող մարդու կամ կազմակերպության գործունեության հետ։ Դրանից բացի գաղտնիությունը հեշտորեն կարող է տուժել նաև, եթե գործարքային հանդիպակաց կողմը հետաքրքրված լինի անձնական բնույթի հավաքագրված տվյալների տարածման մեջ։
  • օժանդակումը անօրինական գործունեությանն ու սև շուկաներին - քանի որ համակարգն ի սկզբանե նախատեսվում էր որպես դասական դրամական համակարգերի հետ մրցող և վերահսկումից ու կենտրոնական կառավարումից զուրկ արժութային այլընտրանք, ապա «օրինապահ քաղաքացիներից» բացի, որոնք պարզապես ձգտում են իշխանություն հաստատել սեփական դրամական միջոցների և դրանց կառավարման հանդեպ, համակարգը նաև հարմար է դառնում շահագործել սև շուկաների մասնակիցների համար։ Մասնավորապես, տեղեկացվել է, որ TOR համացանցում գործող «Մետաքսյա Ուղին» (Silk Road), որն իրենից eBay-ի այլընտրանք է ներկայացնում որպես սև շուկա, վճարումներ է ընդունում բիթքոիններով վաճառվող թմրանյութերի դիմաց[12][13]։
  • ռեսուրսների ծախսը - շատերը անարդարացված են գտնում[14] համակարգում իրականացված մոտեցումը, որը ստիպում է անիմաստ հոսանք և դրամական միջոցներ վատնել նոր բլոկերի գեներացիայի վրա։
  • բոտնեթերի մշակման խթանումը և համակարգչային ռիսկերի ուժեղացումը - քանի որ նոր բլոկերի կառուցման համար հարկավոր է մեքենայական ռեսուրսներ վատնել, ապա հաքերների համար նպատակահարմար է դառնում հատուկ բոտնեթերի ստեղծումը, որոնք ուղղված կլինեն վարակված համակարգիչների միջոցով նոր բլոկերի կառուցմանը։ Դա կարող է էլ ավելի սաստկացնել ցանցային վիրուսային ակտիվությունը։
  • շատ երկրներում ինչպիսիք են՝ Ռումինիան, Ղրղզստան և այլն, Բիթքոինի օգտագործումը անօրինական է համարվում[15]։

Մեկ այլ խնդիր է ակնկալվում վեբ-կայքերում տեղադրվող թաքնված ենթածրագրերի զարգացման և շատացման հետ, որոնք սեփական բլոկերի հաշվարկման համար աննկատորեն ծանրաբեռնելու են նավարկողի համակարգիչը և վատնելու նրա հաշվողական հնարավորությունները[16]։

Արժույթը որդեգրած կազմակերպություններն ու կառույցները

խմբագրել

Բիթքոինով նվիրատվություններ ընդունելու պատրաստակամության մասին են հայտնել մի շարք կազմակերպություններ, որոնցից հատկապես հատկանշական են Վիքիլիքսը, Ֆրինեթը, Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամը (Free Software Foundation), I2P անդեմ համացանցը (I2P Anonymous Network), Պիրատների իտալական կուսակցությունը (Italian Pirate Party) և PrivacyBox-ը (լրագրողների անվտանգության ապահովման համար նախատեսված գաղտնի հաղորդակցման հնարավորություն տրամադրող վեբ-նագագիծ)[17]։

Ընդհանուր առմամբ կազմակերպությունների ցուցակում շատ է ազատության և գաղտնիության հարցերով զբաղվող նախագծերի մասնաբաժինը։ Երկրորդ տեղն են զբաղեցնում տեղեկատվական ռեսուրսները, որոնց ցուցակում շատ են հոդվածային կայքերն ու ցանցային ռադիոները։

Թվային սահմանի հիմնադրամը (The Electronic Frontier Foundation) որոշ ժամանակ օժանդակում էր արժույթի զարգացմանը, սակայն հետագայում հայտնեց իր պաշտոնական աջակցության դադարեցման մասին։ Ներկայացված մեկնաբանությանը համաձայն, նման որոշումը կայացվել էր այն պատճառով, որ արժեձևի իրավասիությունը հստակեցնող իրավական նախադեպեր դեռ չեն եղել, և որ այդ առումով անհայտ չէ նախագծի կարգավիճակը։ Նաև հիմնադրամի ներկայացուցիչները հայտնել էին, որ իրենց բնութագրական չէ նոր նախագծերի առաջխաղացմամբ զբաղվելը[18]։

Բիթքոյնը Հայաստանում

խմբագրել

«Հայաստանում կամաց-կամաց ձևավորվում է համայնք, որը հետաքրքրվում է բիթքոյնով և այլ թվային արժույթով՝ «մայն» են անում, վաճառում են և այլն։ Թվային արժույթով զբաղվողների քանակն իրականում մեծ չէ, հիմնականում մարդիկ են, ովքեր ներգրավված են ՏՏ ոլորտում։ Բայց կան նաև տեղեկություններ, որ քաղաքից դուրս ապրող մարդիկ «մայնինգով» զբաղվում են։ Մարդիկ էլ կան, ովքեր տեխնիկապես պատրաստված չլինելով, քանի որ հեշտ գումար աշխատելու ձև է, սկսում են զբաղվել թվային արժույթներով։ Սակայն տեխնոլոգիական համայնքը շատ փոքր է, խոսքը թվային արժույթների տեխնոլոգիան հասկացողների մասին է, այս կամ այն գործիքի կիրառությունն ու նշանակությունը ուսումնասիրողների։

Շատ բարդ է կանխատեսումներ անել թվային արժույթների վերաբերյալ, այն միայն խուճապի նման երևույթ է։ Թվային արժույթների գինը շատ արագ աճում է, իսկ որոշ մարդիկ ագահաբար մտածում են հեշտ փող աշխատելու ձև է։ Երբ շատ մարդիկ սահմանափակ քանակությամբ բիթքոյն են ուզում գնել, բնականաբանար գինը բարձրանում է Արխիվացված 2018-07-03 Wayback Machine»։

Բանավեճ ֆինանսական բուրգի մասին

խմբագրել

ԱՄՆ գանձապետարանի և Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ավագ խորհրդական 2014 թվականի մարտին հայտարարեց, որ «Բիթքոյնը» հանդիսանում է բրգաձեւ սխեմաների տարբերակ[19] Դրանում համոզված է նաև Ջոնաթան Թրուգմանը New York Post-ից[20]։

2012 թվականին Եվրոպական կենտրոնական բանկը զեկույցում նշել է, որ դեռ հնարավոր չէ գնահատել, թե արդյոք Bitcoin համակարգի գործունեությունը ֆինանսական բուրգ է[21]։ 2014 թվականին Էստոնիայի բանկի ղեկավարը զգույշ նկատեց, որ չկա որևէ ապացույց, որ բիթքոյնը չի հանդիսաոնում ֆինանսական բուրգ[22]։

Համաշխարհային բանկի 2014 թվականի զեկույցում ասվում է, որ «ի հեճուկս տարածված կարծիքի, բիթքոյնը չի հանդիսանում կանխամտածված ֆինանասական բուրգ»[23]։ Չիկագոյի համալսարանի իրավունքի պրոֆեսոր Էրիկ Պոզների կարծիքով, ֆինանասական բուրգը սովորաբար խարդախության նշաններ ունեն, և բիթքոյնի հետ կապված իրավիճակը ավելի շատ նման է կոլեկտիվ իլլյուզիայի[24]։ Տնտեսագետ Ջեֆրի Թակերը պնդում է, որ «ֆինանասական բուրգի և բիթքոյնի միջև կան մի քանի հիմնական տարբերություններ»[25]։ Դաշնային խորհրդի (Շվեյցարիա) 2014 թվականի զեկույցը՝ ի պատասխան բազմակի հարցի, թե արդյոք բիթքոյնը ֆինանասական բուրգ է, եզրակացրեց, որ Բիթքոյնի համակարգը բնորոշ շահույթի խոստումներ չի տալիս, ուստի Բիթքոյնը ֆինանասական բուրգ չէ[26]։

Տողատակեր

խմբագրել
  1. «Բիթքոին՝ P2P վճարումների իրականացման էլ. արժույթ, հետազոտական հոդված Արխիվացված 2020-04-20 Wayback Machine», Սատոշի Նակամոտո
  2. «Բիթքոյն։ Ի՞նչ է bitcoin-y և ի՞նչ է սպասում ապագայում». Vivus Blog (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մարտի 17. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.(չաշխատող հղում)
  3. PeerSoN: Privacy-Preserving P2P Social Networks
  4. ԱՄՆ Արդարադատության նախարարության օրաթերթ, 27 Ապրիլի 2007 թ.
  5. եզակի բլոկի տեսքն Արխիվացված 2014-04-13 Wayback Machine ու տեքստային կառուցվածքը Արխիվացված 2014-04-12 Wayback Machine
  6. 6,0 6,1 Ibid. 1, “Proof-of-Work”
  7. Ibid. 1, «Timestamp Server»
  8. Blockexplorer.com, avgblocksize Արխիվացված 2011-07-20 Wayback Machine — shows the average block size՝ «ցույց է տալիս բլոկի միջին մեծությունը»
  9. Blockexplorer.com, getblockcount Արխիվացված 2011-08-03 Wayback Machine — shows the number of blocks in the longest block chain՝ «ցույց է տալիս բլոկերի քանակը բլոկային ամենաերկար շղթայում»
  10. Lowenthal, Thomas, «Bitcoin: inside the encrypted, peer-to-peer digital currency», Ars Technica.
  11. «Բիթքոինի ֆորումում կայացած քննարկումը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 3-ին.
  12. «The Underground Website Where You Can Buy Any Drug Imaginable Արխիվացված 2011-06-03 Wayback Machine»՝ «Ստորգետնյա վեբկայք, որտեղից դուք կարող եք ձեռք բերել երևակայելի ցանկացած թմրամիջոց», Gawker.com
  13. «Libertarian Dream? A Site Where You Buy Drugs With Digital Dollars»՝ «Լիբերտարիանի երազա՞նք։ Կայք, որտեղ դուք թմրադեղեր եք գնում թվային դոլարներով»
  14. օր. 2008 թ. հետազոտական հոդվածի քննարկումներում Արխիվացված 2017-10-27 Wayback Machine
  15. Այն մասին թե ինչպես են վերաբերվում Բիթքոինին այլ երկրներ կարող եք կարդալ այստեղ(չաշխատող հղում)
  16. «Генерация Bitcoin в браузере», «Генерация Bitcoin в браузере: Обратная сторона»; Habrahabr.ru
  17. Բիթքոինի կայքում. «Նվիրատվություններ ընդունող նախագծերն ու կազմակերպությունները»
  18. «EFF and Bitcoin | Electronic Frontier Foundation»՝ «EFF-ն ու Բիթքոինը», Eff.org.
  19. «ROUBINI: 'Bitcoin Is A Ponzi Game And A Conduit For Criminal Activities'». businessinsider.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  20. «Double trouble for Stitches». nypost.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  21. «virtual currency schemes» (PDF). ecb.europa.eu. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  22. «Bitcoin 'ponzi' scheme worry sparks estonia central bank». bloomberg.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  23. «The Science and Mystique of a Class of Financial Frauds» (PDF). documents1.worldbank.org. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  24. «Fool's Gold». slate.com/. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  25. «Is Bitcoin a Strong Hedge Against Inflation?». kucoin.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  26. «Federal Council report on virtual currencies in response to the Schwaab (13.3687) and Weibel (13.4070) postulates» (PDF). news.admin.ch. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.