Բոյան Ստուպիցա
Բոյան Ստուպիցա (սլովեն.՝ Bojan Stupica, օգոստոսի 1, 1910[1][2], Լյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա - մայիսի 22, 1970[1][2], Բելգրադ, ՀՍՖՀ), հարավսլավասլովենացի ռեժիսոր, թատրոնի դերասան և բեմանկարիչ, ճարտարապետ, թատրոնի մանկավարժ, թատերական գործիչ և պրոֆեսոր։ Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության Պետական մրցանակի դափնեկիր (1949)։
Բոյան Ստուպիցա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1910[1][2] |
Ծննդավայր | Լյուբլյանա, Կրայնա դքսություն, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | մայիսի 22, 1970[1][2] (59 տարեկան) |
Մահվան վայր | Բելգրադ, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | ՀՍՖՀ, Հարավսլավիայի Թագավորություն, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն և Ցիսլեյտանիա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, դրամատուրգ, ճարտարապետ, դերասան, ռեժիսոր, թատերական ռեժիսոր և դրամատուրգ |
Ամուսին | Sava Sever? և Միրա Ստուպիցա |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0836265 |
Բոյան Ստուպիցան կրթել և ղեկավարել է նախկին Հարավսլավիայի թատրոնի և կինոյի նշանավոր դեմքերի։ Հիմնադրել է Բելգրադի երեք թատրոն, որոնցից մեկը կոչվում է նրա անունով։
Կենսագրություն
խմբագրելՍտուպիցան սովորել է Լյուբլյանայի համալսարանի ճարտարապետության բաժնում։ Ուսանողական տարիներին սիրողական թատերական խմբերի գործունեությանը մասնակցել է որպես դերասան, ռեժիսոր և բեմանկարիչ։ Թատերական գործունեությամբ ճամփորդել է Եվրոպայում. շրջել է Իտալիայում, Ավստրիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում, որտեղ ծանոթացել է այնտեղի թատրոնների աշխատանքին։
Առաջին կնոջ՝ դերասանուհի Սավա Սևերովայի (բեմական անունը` Սավա Սևեր) հետ հիմնել է «Օբրազնիկով» թատերական կամերային ընկերությունը։ Առաջին ներկայացումը Տոլստոյի «Վոինա ի միր»-ն էր, որտեղ Բոյանը կատարել է տեքստի թարգմանությունը, բեմադրությունը, զգեստները, ինչպես նաև մասնակցել է որպես դերասան[3]։
1935 թվականից Բոյան Ստուպիցան Լյուբլյանայի Սլովենիայի ազգային դրամատիկական թատրոնի («Դրամա» թատրոն)[4] ռեժիսորն է եղել։ 1934-1940 թվականներին Մարիբորի, Լյուբլյանայի և Բելգրադի բեմերում 28 ներկայացում է բեմադրել[3], որոնցից մեկը` Բուլգակովի «Մոլիեր»[5] ներկայացումն, արգելվել է մայրաքաղաքում ցուցադրել։
1947-1955 թվականներին և 1957-1963 թվականներին եղել է նաև այս թատրոնի գեղարվեստական ղեկավարը և միաժամանակ բեմադրել բազմաթիվ պիեսներ, որոնցից մի քանիսը հասել են միջազգային մեծ հաջողությունների։ 1955-1957 թվականներին Ստուպիցան Զագրեբում Խորվաթիայի ազգային թատրոնի տնօրենն է եղել, 1964 թվականից` Բելգրադի ազգային թատրոնի ռեժիսոր։ Երկուսու կես տարվա ընթացքում վերակազմակերպել է Խորվաթիայի ազգային թատրոնը ինչպես գեղարվեստական, այնպես էլ խաղացանկային առումով[3]։
Երկրորդ համաշխարհային պատերազմում Բոյան Ստուպիցան` որպես իտալական դիմադրության շարժման ակտիվիստ, հայտնվել է Գոնարսի ճամբարում, որտեղ իտալացիները նրան բանտարկել են 1942 թվականին, ռեպրեսիաների ենթարկել և մեկ տարով փակել Ուդինեի ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում[3]։
Պատերազմից հետո
խմբագրելԲոյան Ստուպիցան 1945 թվականին Իտալիայի կապիտուլյացիայից հետո ճամբարից վերադարձել է ծանր հիվանդ, հենակներով և նշանակվել է Լյուբլյանայի Ազգային «Դրամա» թատրոնի ռեժիսորի օգնական, իսկ ավելի ուշ՝ նաև այս հաստատության տնօրեն։ Երկու տարուց էլ քիչ ժամանակում, անկախ առողջական վիճակից, տասնյակ պրեմիերաներ է իրականացրել իր գրած կամ ադապտացրած սցենարներով։
1946 թվականին նա ուսումնական ճամփորդության է մեկնել Մոսկվա և Լենինգրադ, որտեղ ավելի մոտիկից ծանոթացել է խորհրդային թատրոնին։ Արդյունքում մտահղացել է Կենտրոնական հարավսլավական թատրոն հիմնադրելու միտքը ռուսական Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի օրինակով[3]։ 1946 թվականի նոյեմբերի 11-ին Բելգրադի արվեստի և մշակույթի կոմիտեին է հանձնել Հարավսլավիայի Կենտրոնական, հետագայում՝ Հարավսլավիայի դրամատիկական թատրոնի ստեղծման նախագիծը։
Որպես դերասանական արվեստի և ռեժիսուրայի պրոֆեսոր, դասախոսել է նաև Կատարողական արվեստի ակադեմիայում. Լյուբլյանայում` 1945-1947 թվականներին, Բելգրադում` 1948-1949 թվականներին, Զագրեբում` 1955-1957 թվականներին։ Որպես պրոֆեսոր՝ 1948-1949 թվականներին դասավանդել է նաև Թատերական ակադեմիայի ռեժիսուրա և դերասանական վարպետություն, իսկ 1955-1957 թվականներին եղել է նույն առարկաների պրոֆեսոր Զագրեբի Թատերական արվեստի ակադեմիայում։
Բելգրադում 1956 թվականից « Borbe » շենքում գործող Атеље 212 [Ն 1] ավանգարդիստական թատրոնի համար կառուցված ներկայիս շենքի նախագծի հեղինակն է։ Թատրոնի առաջին ղեկավարներներից մեկն է եղել Ռադոշ Նովակովիչի հետ միասին, սակայն շուտով ռեժիսորի օգնականի պաշտոնատար Միրա Տրաիլովիչը փոխարինել է Ստուպիցային։ Մի քանի տարի անց թատրոնը տեղափոխվել է Բոյան Ստուպիցայի նախագծած ներկայիս շենքը։ 1967 թվականին սկիզբ առած թատերական նոր ուղղությունների BITEF փառատոնը (Բելգրադի միջազգային թատերական փառատոն) անցկացվում է այդ շենքում, և այն այսօր ունի համաշխարհային նշանակություն[6][7]։
Գործունեություն
խմբագրելԱյդպիսով, 1948 թվականին Բելգրադում հիմնադրվել է Հարավսլավիայի դրամատիկական թատրոնը, որի հիմնադիրներից մեկը ինքը` Բոյան Ստուպիցան է եղել։ Այն անկասկած, Բոյանի թատերական ամենամեծ գերազանց գաղափարն է համարվում։ Նրա նախկին օգնական, ընկեր և իրավահաջորդ, ռեժիսոր Լյուբոմիր Մուչի Դրասկիչը Հարավսլավիայի փլուզումից հետո ասել է.
Նրան հաջողվել էր իրականացնել գրեթե երազանք՝ հավաքել նոր Հարավսլավիայի լավագույն դերասաններին և վեր հանել գեղարվեստական չափանիշներ։ Այս գաղափարը մի փոքր ավելի քիչ կյանք ունեցավ, քան այս երկիրը, որը փլուզվեց տասը տարի առաջ[8]։ - Լյուբոմիր Մուչի Դրասկիչ
|
Զագրեբից, Սպլիտից, Լյուբլյանայից, Նովի Սադից և Սարաևոյից ժամանած դերասանների ներկայացուցչական թիմ հավաքելով Բոյան Ստուպիցան ստեղծել է բարձր գրական և բեմական մակարդակի նոր թատրոն. այդ շարքերում էին` Բրանկո Պլեշա, Միրա Ստուպիցա և այլ հայտնի անուններ[3]։ Թատրոնի բացումը տեղի է ունեցել Իվան Ցանկարի «Բետայնովայի արքան» բեմադրության պրեմիերայով, ռեժիսոր Բոյան։
Միաժամանակ նա բեմադրել է ևս երկու պիես՝ Չեխովի «Քեռի Վանյան» և Գոլդոնիի «Ձկնորսների վեճերը»։ Նրա նորարարական պիեսները մեծ հնչեղություն են ստացել սոցիալիստական ռեալիզմի դիկտատուրայի պայմաններում, և նրա հաջողությունը չի ներվել։
1952 թվականին Բոյանը հեռացվել է աշխատանքից՝ գործնականում դուրս մղվելով իր թատրոնից։ Այդ ժամանակ է, որ նա գնացել է Լյուբլյանա և նկարահանել «Jara gospoda» (1953) ֆիլմը։ 1954 թվականին Բոյանի բեմադրած «Քեռի Մարոժեն»[Ն 2] հրավիրվել է Ազգերի փառատոնին Փարիզի «Սառա Բեռնար» թատրոնում։ Ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել և ուղեկցվել ֆրանսիացի քննադատների դրական տպավորություններով։ Այնուհետև այն բազմաթիվ հյուրախաղերով շրջագայել է եվրոպական թատրոններում։ Վերածննդի այդ կատակերգության մեջ խաղացել են Կառլո Բուլիչը (Դունդո Մարոե), Վիկտոր Ստարչիչը (Սադի), Յոզո Լաուրենչիչը (Պոմետ), Միրա Ստուպիցան (Պետրունջելա)[Ն 3], Սոնյա Հլեբշը (Լաուրա)։
1955 թվականին Բոյանը Խորվաթիայի ազգային թատրոնի հրավերով տեղափոխվել է Զագրեբ և այնտեղ անցկացրել երեք թատերաշրջան՝ հաջողությամբ բեմադրելով «Սուրբ Հովհաննես», «Գլորիա», «Ձկնորսների վեճերը», «Լավատեսական ողբերգություն», «Կոլումբիա», «Կովկասյան կավիճի շրջան»... : Երկու թատերաշրջան եղել է Զագրեբի ակադեմիայի պրոֆեսոր, իսկ 1956 թվականին նկարահանել է իր երկրորդ գեղարվեստական ֆիլմը՝ «Ցանցում»։
1957 թվականին հրավիրվել է Բելգրադ՝ որպես հյուր հանդես գալու «Կովկասյան կավիճի շրջան» ներկայացմամբ։ Նա կրկին հրավիրվել է Հաարավսլավիայի դրամատիկական թատրոն, որտեղ մնացել է ընդամենը մեկ թատերաշրջան՝ բեմադրելով «Մուրացկանի օպերան» և «Տիրոջ նախարարը», իսկ հետո տեղափոխվել է Համազգային թատրոն։ Միևնույն ժամանակ նա շարունակել է իր համագործակցությունը Խորվաթիայի ազգային թատրոնի հետ՝ յոթ թատերաշրջանում բեմադրելով ընդհանուր թվով տասներկու ներկայացում։
1959 թվականից Բոյանն անխոնջ աշխատել է՝ ղեկավարել է Ազգային թատրոնը, Բելգրադի «Բոշկո Բուհա» թատրոնը և նորաստեղծ «Ատելիե 212» ստուդիան։ Այն ժամանակ ստուդիան դեռ փոքր ոչ պիտանի տարածքում էր, և Բոյանը որոշել է պայքարել նոր, ավելի լավ տարածքի և ապագա թատրոնի կայուն կորիզ ձևավորելու համար։ Նա համախմբել է Տաշկո Նաչիչին, Ռուժիցա Սոկիչին, Բորա Տոդորովիչին, Բրանկո Պետրիչին, Պետր Բանիչևիչին և այլ դերասանների և, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, նախագծել և սկսել է թատրոնի նոր շենքի շինարարությունը՝ Atelje 212[3]: Նա առաջին ղեկավարներից մեկն է եղել նորաստեղծ թատրոնի։
1964 թվականին դարձել է ազատ արվեստագետ, իսկ 1968 թվականինին կրկին դարձել է Հարավսլավիայի դրամտիկականի մենեջերը։ Նույն թվականին նա այդ թատրոն է բերել մի խումբ դերասանների, որոնց մինչ օրս անվանում են «Բոյանի երեխեք» (Bojanove bebe)՝ Գոյկո Շանտիչ, Տանասիե Ուզունովիչ, Միլան Գուտովիչ, Յոսիֆ Տատիչ, Սլոբոդան Ջուրիչ, Իվան Բեկյարև, Ջուրջիա Ցվետիչ, Սվետլանա Բոյկովիչ, Միրյանա Վուկոյչիչ, Բրանկո Ցվեյիչ (որին Բոյանը մականուն է տվել` Bane bumbar` «Բեյն իշամեղու»)։ Մի շարք դժվարություններ հաղթահարելով, որոնք հետևել են նրան ողջ կյանքի ընթացքում, նա կրկին ղեկավարել և կառուցել է իր երրորդ թատրոնը, որը 1970 թվականին նրա մահից հետո կրելու էր նրա անունը՝ «Բոյան Ստուպիցա» թատրոնը[9]։
Ֆիլմեր
խմբագրելՊատերազմից հետո Ստուպիցան պարապուրդի չմատնվելով նվիրվել է նաև կինոյին և դարձել կինոռեժիսոր և դերասան։ Նրա առաջին գեղարվեստական ֆիլմը «Տիրոջ փոսը» (Jara gospoda)[10] հարավսլավասլովենական պատմական դրամա ֆիլմն է, որը նա նկարահանել է 1953 թվականին։ Ֆիլմը ներկայացվել է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» անվանակարգում։
1956 թվականին նկարահանել է իր երկրորդ գեղարվեստական ֆիլմը՝ «Ցանցում»։
Ստուպիցան որպես դերասան նկարահանվել է 8 ֆիլմերում և 3 ֆիլմի ռեժիսոր է եղել։
Անձնական կյանք
խմբագրելԲոյան Ստուպիցայի առաջին կինը եղել է դերասանուհի Սավա Սևերը (1907-1979)։ Նրանք ունեցել են որդի` Մատիյա Ստուպիցա[11]։
1948 թվականին Բոյան Ստուպիցան ամուսնացել է 25-ամյա Միրա Ստուպիցայի հետ` դառնալով նրա երկրորդ ամուսինը մինչև իր մահը` 1970 թվականի մայիսի 22-ը[12][13][14]։
Բոյան Ստուպիցան թաղվել է Բելգրադի Նոր գերեզմանատանը։
-
Բոյան Ստուպիցան կնոջ` Սավա Սեվերի հետ
Վալենտին Պ. Կատաևի, «Շրջանի քառակուսացումը» պիեսում
Մարիբորի ազգային դրամատիկական թատրոնում, 1935[15] -
Սավա Սևերը Լև Տոլստոյի Աննա Կարենինայի դերում, Լյուբլյանայի դրամատիկականում, 1958
-
Միրա Ստուպիցա. Բոյան Ստուպիցայի երկրորդ կինը 2019 թվականի Սերբիայի նամականիշում
-
Բոյան Ստուպիցան 2005 թվականի Սերբրիայի նամականիշի վրա
-
Բոյան Ստուպիցան 1937 թվականին Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա» պիեսում ավազակախմբի ղեկավարի դերում
Լյուբլյանայի թագավորական թատրոն[Ն 4] -
Բոյան Ստուպիցա Ալեքսանդր Ս. Պուշկին. «Քարե հյուրը» պիեսի Դոն Ժուանի դերում[16]
Գնահատանք
խմբագրելՍտուպիցան խոստովանել է, որ իր մտահղացումներից 30%-ի քարշակ-լոկոմոտիվը հենց ինքն է եղել[8]։ Ժամանակից առաջ տեսնող, անչափ կիրթ, տաղանդավոր ու աշխատասեր Բոյան Ստուպիցան կառուցել է երեք թատրոն, մեծացրել բազմաթիվ տաղանդավոր դերասանների, ստեղծել բազմաթիվ անթոլոգիական պիեսներ։ Ստեղծել է մեծ, ճոխ անսամբլային ներկայացումներ՝ քիչ ռեսուրսներով ու մեծ գիտելիքներով, խանդավառությամբ ու գիշեր-ցերեկ աշխատանքով, ներկայացումներ, որոնք այսօր հազվադեպ են լինում։ Նա իր տաղանդի ուժի և գեղեցկության մեծ մասը ներդրել է Հարավսլավիայի դրամատիկական թատրոնում[8]։
Եվ աշխատելով Հարավսլավիայի բոլոր քաղաքներում՝ Վիեննայի Բուրգ թատրոնում, Մոսկվայի Տագանկայի թատրոնում... իր կյանքի վաթսուն տարիների ընթացքում Բոյանը հասցրել է բեմադրել 116 պիես հայրենական և 14 արտասահմանյան թատրոններում, երկու գեղարվեստական ֆիլմ, ստեղծել 140 դեկոր, կառուցել և հիմնել երեք թատրոն, խաղացել հինգ կինոյի և 37 թատրոնի դեր, թարգմանել մեծ թվով գործեր համաշխարհային դրամատիկական գրականությունից։ Տաղանդավոր և սխալների հակված արվեստագետը, ում մեծարում էին, վիճում, բամբասում, հիանում, գունեղ նկարագրել է իր կյանքի «շրջանակը»։
Լյուբլյանայում ինձ ասում են, որ ես օրենքից դուրս եմ, որ մշտական բնակությանս վայրը Բելգրադի Վրաչարի մունիցիպալիտետում է, Զագրեբում տրանզիտ վիզա ունեմ, Բելգրադում, որտեղ թողել եմ կյանքիս լավագույն տարիները, ասում են, որ ես ներգաղթյալ եմ և պետք է գնամ իմ հայրենի քաղաքապետարան...[8]: - Բոյան Ստուպիցա
|
Բոյան Ստուպիցայի անվան մրցանակ
խմբագրել«Բոյան Ստուպիցա» մրցանակը շնորհվում է 1970 թվականից՝ ոչ վաղ անցյալում ցուցադրված թատերական ներկայացման լավագույն բեմադրության համար։ Այն շնորհվում է Սերբիայի դրամատիկական արտիստների միության կողմից[17]։
«Բոյան Ստուպիցա» մրցանակը հիմնադրվել է 1970 թվականին՝ որպես ռեժիսուրայի ամենախոշոր, այնուհետև հարավսլավական մրցանակ՝ մեծանուն ռեժիսոր Բոյան Ստուպիցայի ներկայությունը մշտապես պահպանելու ցանկությամբ, ընդգծելու նրա ներդրումը թատերական արվեստի զարգացման գործում և թատերական ռեժիսուրայի բնագավառում նոր որոնումներ և ինքնատիպ լուծումներ խրախուսելու համար[17]։
Մրցանակը բաղկացած է Բոյան Ստուպիցայի պատկերով բրոնզե հուշատախտակից (հեղինակ` Ստևան Բոդնարով), եզակի դիպլոմից (նկարիչ Գերոսլավ Զարիչ) և դրամական պարգևից[17]։
Պարգևներ
խմբագրել- 1949 թվականին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության Պետական մրցանակի դափնեկիր
- 1968 թվականին «Ֆրանցե Պրեշերենի անվան մրցանակ»[18] որպես ականավոր արվեստի գործիչ։
Նշումներ
խմբագրել- ↑ Ենթադրվում է , որ թատրոնն իր անունը ստացել է « Borbe » շենքում ունեցած 212 աթոռներից[6]։
- ↑ Dundo Maroje, Դունդո Մարոժե, ըստ Մարին Դրժիչի պիեսի
- ↑ Միրա Ստուպիցան ճանաչում է ձեռք բերել որպես Պետրունջելա (Լաուրայի սպասուհի) այս շրջագայության ընթացքում։
- ↑ Այսօր՝ Լյուբլյանայի Սլովենիայի ազգային դրամատիկական թատրոն:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Secanja (2012 թ․ հուլիսի 7). «Bojan Stupica biografija». Samo lepa sećanja (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Domov - English - SNT Drama Ljubljana». www.drama.si (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ մարտի 17. Վերցված է 2024 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Михаил Булгаков «Мольер» (ռուսերեն).
- ↑ 6,0 6,1 «Atelje 212 – prekretnica u pozorišnom životu istočne Evrope». Живе Речи Утехе (սերբերեն). 2018 թ․ մայիսի 18. Վերցված է 2024 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «47th BITEF - Belgrade International Theatre Festival». Serbia Incoming™ DMC (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2024 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «NIN / Lokomotiva bez vagona». www.nin.rs. Վերցված է 2024 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Degordian (http://www.degordian.com); Petrovic, Jovana. «Teatar „Bojan Stupica"». jdp. Վերցված է 2024 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Stupica, Bojan (1953 թ․ մարտի 3), Jara gospoda (Drama), Vladimir Skrbinsek, Elvira Kralj, Ljudevit Pristavec, Triglav Film, Վերցված է 2024 թ․ ապրիլի 17-ին
- ↑ «Sava Severova | Actress». IMDb (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Kako je Mira Stupica govorila o bratu Bori: Njega smo najviše začikavali». Blic. 2014 թ․ հուլիսի 10. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Mira Stupica» (սերբերեն). Riznica srpska. 2013 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Senad Avdić (2016 թ․ օգոստոսի 25). «Nikad ispričana priča o predsjedniku jedne države, njegovim kćerima i tragedijama» (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Bojan Stupica in Sava Sever. Valentin P. Kataev: Kvadratura kroga v Drami Narodnega gledališča v Mariboru, 1935». repertoar.sigledal.org. Վերցված է 2024-04-17-ին.
- ↑ А. А. Ахматова. «Каменный гость» Пушкина
- ↑ 17,0 17,1 17,2 «Nagrada „Bojan Stupica"». www.udus.org.rs. Վերցված է 2024 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Prešernovi nagrajenci» (PDF). Portal GOV.SI /Սերբիայի մշակույթի նախարարություն (սլովեներեն) (PDF). Վերցված է 2024 թ․ ապրիլի 17-ին.
{{cite web}}
:|archive-url=
requires|archive-date=
(օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոյան Ստուպիցա» հոդվածին։ |