Բուլդոզերային հեղափոխություն
Բուլդոզերային հեղափոխություն[1] կամ Հոկտեմբերյան հեղափոխություն[2], 2000 թվականին Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած իրադարձությունների մի շղթա, որի արդյունքում Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը հրաժարական տվեց։ Բուլդոզերային հեղափոխություն տերմինը շրջանառության մեջ մտավ բուլդոզերի հետ կապված դրվագից ելնելով, որի միջոցով ցուցարարները գրոհով գրավեցին հանրային հեռուստատեսային կենտրոնը։ Բուլդոզերի վարորդ Լյուբիսավ Ջոկիչը դարձավ Հարավսլավիայի հեղափոխության խորհրդանիշը։ Սերբիայի հեղափոխությունը կարող էր լինել անարյուն, եթե մի աղջիկ անզգուշաբար չընկեր բուլդոզերի տակ։ Բուլդոզերային հեղափոխությունը թավշյա հեղափոխությունների նոր սկիզբն էր (դեռևս 1989 թ. նման ճանապարհով Արևելյան Եվրոպան թոթափեց խորհրդային լուծը)[3]։
Ընտրությունների արդյունքներ
խմբագրելԲողոքի ակցիան սկսվեց Հարավսլավիայի արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները հրապարակելուց անմիջապես հետո՝ 2000 թվականի սեպտեմբերի 24-ին, երբ Ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ ոչ մի թեկնածու ընտրազանգվածի ձայների անհրաժեշտ շեմը չի հաղթահարել և պետք է անցկացնել երկրորդ փուլ։ Ըստ «Սերբիայի Դեմոկրատական ընդդիմություն» (DOC) դաշինքի առաջնորդների, իրենց թեկնածուն՝ Վոյսլավ Կոշտունիցան, ստացել էր ձայների կեսից ավելին։ Բացի այդ, Կոշտունիցան հայտարարեց բազմաթիվ ընտրախախտումների մասին։
Համազգային բողոքի ակցիա
խմբագրելԿոշտունիցայի նախընտրական շտաբի պետ և ռեժիմի հակառակորդների գաղափարական ոգեշնչող Զորան Ջինջիչը սերբերին կոչ արեց դուրս գալ մայրաքաղաքի փողոցներ և սկսել համընդհանուր գործադուլ։ Նրա կոչը լայն արձագանք ստացավ։ Երկրում բռնկվեց բողոքի համազգային ալիք։ Հիմնական գործողություններն ընթանում էին մայրաքաղաք Բելգրադում։
Միլոշևիչի ռեժիմից դժգոհ հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել էին քաղաքի կենտրոնում, թմբուկներ էին զարկում՝ բարձրաձայն վանկարկելով՝ «Gotov je! Gotov je!», որը սերբերեն նշանակում է՝ «նրա վերջն է» կամ «վերջ նրան», նկատի ունենալով պետության ղեկավարին, որին մեղադրում էին հիպերինֆլյացիայի, 1991-1995 թվականներին հետ-հարավսլավական տարածքում սանձազերծած պատերազմներում ռազմական և քաղաքական պարտության համար։
2000 թ․ հոկտեմբերի 1-ից ակցիային միացան նաև երկրի խոշորագույն հանքերի հանքագործները՝ Միլոշևիչի հրաժարականը պահանջելով։ Հակակառավարական շարժման գործողություններում ակտիվ դեր ունեցան «Отпор!» (դիմադրություն) շարժման ուսանողները[4]։
Օր օրի իրավիճակը բարդանում էր և դառնում էր անվերահսկելի։ Բողոքի ակցիաները շարունակվում էին։ Մինչև 2000 թ․ հոկտեմբերի 5-ը երկրի տարբեր ծայրերից հարյուր հազարավոր (մոտ՝ 500 հազ. մարդ[5]) ցուցարարներ հավաքվեցին Բելգրադում։ Ստեղծված իրավիճակում Միլոշևիչը հանձնարարական տվեց՝ չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները։ Սա դարձավ նրա վերջի սկիզբը։ Հոկտեմբերի 5-ին «նախագահի ծաղրական որոշումից» դժգոհ ընդդիմությունը վերջնագիր ներկայացրեց հրաժարականի պահանջով։ Միլոշևիչը հրաժարվեց ընդունել այն և որոշեց ցուցարարներին ճնշել ոստիկանական ուժերով։
Ուժային կառույցների դերը
խմբագրելՑուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառվեց։ Սակայն ուժային կառույցների և ցուցարարների միջև մի քանի բախումներից հետո անվտանգության մարմինները հրաժարվեցին կատարել նախագահի հրամանը և ցուցարարների հետ պայմանավորվեցին չեզոքություն պահպանել։ Այդ հարցում հատկապես կարևոր դեր խաղաց Բելգրադի նախկին քաղաքապետ, ականավոր քաղաքական գործիչ, Սերբիայի Դեմոկրատական ընդդիմություն կոալիցիայի առանցքային առաջնորդ Զորան Ջինջիչը, որը նախապես կարողացել էր բանակցել ուժային կառույցների հետ, որ չմիջամտեն։ Արդյունքում ցուցարարները՝ մի քանի հարյուր հազար մարդ, ներխուժեցին Հարավսլավիայի խորհրդարանի շենք, այնուհետև գրոհեցին Բելգրադի հեռուստատեսային կենտրոնի վրա։
Այդ ժամանակ էլ Լյուբիսավ Ջոկիչը, իրեն պատկանող բուլդոզերով փլուզեց Կենտրոնական հեռուստատեսության համալիրի ցանկապատը։ Նրա վրա հրազենից կրակ բացեցին։ Վարորդը ոչ միայն չվնասվեց, այլև այս դրվագի շնորհիվ ԶԼՄ-ները Սերբիայի իրադարձությունները որակեցին «Բուլդոզերային հեղափոխություն»։ Բանակի և ոստիկանության ստորաբաժանումների հրամանատարների և ընդդիմադիր առաջնորդների բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ անվտանգության ուժերի չեզոքության դիմաց ընդդիմադիր ցուցարարները էլ ոչ մի թշնամական գործողություն չկատարեն։ Երեկոյան, 2000 թ. հոկտեմբերի 6-ին Սլոբոդան Միլոշևիչը հրաժարական տվեց։
2000 թ. դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին, որտեղ նույնպես հաղթանակ տարավ «Սերբիայի Դեմոկրատական ընդդիմություն» կոալիցիան, որը հետագայում, երկու տարի անց ցրվեց։ 2001 թ. ապրիլի 1-ին Սլոբոդան Միլոշևիչը իր նստավայրում ձերբակալվեց՝ պաշտոնական դիրքը չարաշահելու և կոռուպցիայի մեղադրանքով, և հունիսի 28-ին՝ Զորան Ջինջիչի նախաձեռնությամբ, հանձնվեց Հաագայի Միջազգային քրեական դատարան։ Նրա դատավարությունն անավարտ մնաց, քանի որ 2006 թ. մարտի 11-ին Միլոշևիչը բանտում մահացավ։
Եթե չլիներ «Բուլդոզերային հեղափոխությունը»
խմբագրելՀեղափոխությունն իրականացրեցին ոչ այնքան դեմոկրատական ուժերը, որքան Միլոշևիչի երկարատև ու անհաջող ղեկավարությունից հոգնած ժողովրդական լայն զանգվածները։ Նա և իր ռեժիմը երկիրը կանգնեցրել էին կործանման եզրին և տանում էին դեպի ոչնչացում։ Երկրի հետագա առաջընթացը ցույց տվեց, որ եթե չլիներ հեղափոխությունը, երկիրը 1990-ական թվականների կեսերի մակարդակի վրա մնացած կլիներ՝ բազմաթիվ պատժամիջոցների, արգելքների ներքո և միջազգային հանրության կողմից արհամարհված վիճակում։ Միևնույն ժամանակ, ըստ սերբական «Ժամանակ» թերթի, ամենայն հավանականությամբ, Արևմտյան երկրները չէին կանգնեցնի Միլոշևիչին, եթե նա ցանկանար հաշվեհարդար տեսնել ցուցարարների հետ։
Արևմուտքում Սերբիայի ղեկավարին երկար ժամանակ համարում էին կայունության երաշխավորը տարածաշրջանում։ Բացի այդ, բացակայում էր նրա հետ նոր ռազմական հակամարտության մեջ մտնելու ցանկությունը, քանի որ օդային հարձակումների փոխարեն, որոնք կիրառվում էին Կոսովոյում 1999 թվականի պատերազմի ժամանակ, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պետք է զորքեր մտցնեին։ Եվրոպան ցամաքային գործողությունների և, հետևաբար, հնարավոր կորուստների պատրաստ չէր։
Բացի այդ, ԱՄՆ կանգնած էր նոր նախագահական ընտրությունների շեմին և զինված հակամարտության մեջ մտնել, այն էլ անորոշ արդյունքով, նրա պլանների մեջ չէր մտնում։ Առանց Վաշինգտոնի եվրոպացիներից ոչ մեկը նման քայլի չէր դիմի։
Հեղափոխությունից հետո իշխանությունը իրականացրեց մի շարք դեմոկրատական բարեփոխումներ և դուրս եկավ միջազգային մեկուսացման ռեժիմից։ «Բուլդոզերային հեղափոխությունը» երկիրը դուրս բերեց բռնապետության այն փակ շրջանից, որը սկսվել էր 1944 թվականից, երբ երկրի կառավարության գլուխ էին անցել կոմունիստները։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Андрей Шарый. «Бульдозерная революция» // Радио «Свобода», 16.10.2000.
- Синиша Шикман. Идеальная революция — без насилия к переменам. — Неприкосновенный запас. — № 1 (33), 2004
- Тамара Замятина. Октябрьская революция. — Новая газета, 09.10.2000. — № 54
- Михаил Вовк «Бульдозерная революция»[3] Արխիվացված 2014-10-14 Wayback Machine Частный корреспондент, 26 октября 2010 г.
- «Бульдозерная революция»[4]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Андрей Шарый. «Бульдозерная революция». — Радио Свобода, 16.10.2000
- ↑ Тамара Замятина. Октябрьская революция. — Новая газета, 09.10.2000. — № 54
- ↑ Հետընտրական [1] May 6th, 2012
- ↑ Այն ստեղծվել է 1998 թվականի հոկտեմբերին 1991-1992 թթ․ և 1996-1997 թթ. ուսանողական անկարգություններին մասնակցած ակտվիստների կողմից։
- ↑ Հարավսլավիայի հեղափոխություն 2 [2] (անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բուլդոզերային հեղափոխություն կատեգորիայում։ |