Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտ
Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտ (բուլղար․՝ Институт за коcмически изследвания и технологии БАН) - տիեզերական հետազոտություննրի բուլղարական առաջատար ինստիտուտ, որի առաքելությունն է համարվում տիեզերական ֆիզիկայի բնագավառում հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացումը, երկնային մարմինների հեռատարածական զոնդավորումը, աերոտիեզերական համակարգերի և տեխնոլոգիաների զարգացումը[1]։
Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ |
Երկիր | Բուլղարիա |
Հիմնադրված | 1969 |
Գլխադասային գրասենյակ | Սոֆիա, Բուլղարիա |
Վերադաս կազմակերպություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
Կայք | space.bas.bg(բուլղ.)(անգլ.) |
Գիտական հետաքրքրությունների բնագավառները
խմբագրելԻնստիտուտի գործունեության շրջանակներում ընդգրկված են տիեզերական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի բնագավառներում հիմնարար և կիրառական հետազոտությունները, հեռատարածական զոնդավորումը, պատկերների մշակումը, ինքնաշխատ և կառավարվող տիեզերական սարքերի միջոցով տիեզերքում փորձարկումների նախապատրաստումն ու անցկացումը, ավիացիայի, տիեզերանավերի և դրանց համար պատրաստված սարքավորումների կառավարման համակարգերի ուսումնասիրումը, ժողովրդական տնտեսության զարգացման համար նոր նյութերի ու տեխնոլոգիաների ստեղծումը, կյանքի մասին գիտությունների զարգացումը, գիտական սարքավորումների կատարելագործումը, ինչպես նաև՝ ուսանողների, ասպիրանտների ուսուցումը[1]։
Պատմություն
խմբագրել1969 թվականին Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի նախագահությանն առընթեր ստեղծվեց տիեզերական ֆիզիկայի գիտական խումբ՝ տիեզերագնացության բնագավառում հետազոտություններ կատարելու նպատակով[2]։ 1974 թվականին կազմավորվեց տիեզերական հետազոտությունների կենտրոնական լաբորատորիան, իսկ 1987 թվականին՝ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտություննրի ինստիտուտը։ 2010 թվականի մարտի 23-ին Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի գերագույն ժողովի որոշմամբ Երկրի վրա Արեգակի ազդեցության ուսումնասիրությունների ինստիտուտը միավորվեց տիեզերական հետազոտությունների ինստիտուտի հետ և 2012 թվականին ստացավ «տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտ» անվանումը[3]։
Տիեզերական հետազոտությունների կենտրոնական լաբորատորիայում աշխատող բուլղարացի գիտնականները հաջողությամբ մասնակցել են «Ինտերկոսմոս» ծրագրին, մասնավորապես՝ փորձարկումների նախապատրաստման և արբանյակների ու հրթիռների համար սարքավորումների մշակման աշխատանքներին։ 1979 թվականին «Սոյուզ-33» տիեզերանավը տիեզերք հասցրեց բուլղար առաջին տիեզերագնաց Գեորգի Իվանովին։ 1981 թվականին տիեզերք արձակվեցին բուլղարական «Բուլղարիա-1300» և «Մետեոր-1-31» («Մետեոր-Պրիրոդա 2-4») արբանյակները, որոնք ներգրավվեցին իոնային ու մագնիսական ոլորտների փոխհարաբերության ուսումնասիրման, ինչպես նաև՝ տիեզերքից Երկրի զոնդավորման աշխատանքներում[4]։ 1984 թվականին կենտրոնական լաբորատորիան մասնակցեց «Վեգա-1» և «Վեգա-2» միջազգային ծրագրերին՝ «Վեներա-Հալլեյի գիսաստղ» նախագծի իրականացման նպատակով[5]։
1986 թվականին մշակվեց տիեզերական ճառագայթման «Լյուլին» բազմաալիք դոզաչափիչ-սպեկտրաչափիչ սարքը, որը 1988 թվականից մինչև 1994 թվականը ներառյալ՝ աշխատեց «Միր» տիեզերակայանում[6]։ 1988 թվականին «Սոյուզ ՏՄ-5» տիեզերանավը «Միր» տիեզերակայան հասցրեց բուլղարացի տիեզերագնաց Ալեքսանդր Ալեքսանդրովին։
1989 թվականին մեկնարկել է «Ակտիվ» ծրագիրը՝ արբանյակի շուրջ էլեկտրաստատիկ դաշտի հետազոտման նպատակով, սկսվել են «ВСК-ФРЕГАТ» սարքի կատարելագործման աշխատանքները, սարք, որը «Ֆոբոս» ծրագրի շրջանակներում հաղորդել է Ֆոբոսի պատկերները։ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտում ստեղծվել է «СВЕТ» ջերմոցը, որը տեղադրվել է «Միր» տիեզերակայանում, և որտեղ հետագայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի տիեզերագնացները մի շարք հաջող փորձեր են կատարել, այդ թվում՝ աճեցրել են բույսեր[7]։ Այդ նույն տիեզերակայանում մինչև 2001 թվականը գործել է հոգեբանական համալիր հետազոտությունների «Невролаб-Б» համակարգը, ինչպես նաև «P-400» ռադիոմետրը՝ Երկրի մակերևույթի պարամետրերի տվյալների մշակման համար։ Հնդկական տիեզերական «Չանդրայան-1» զոնդում օգտագործվել է «RADOM-7» դոզաչափիչը, որը ինստիտուտում 1980-ական թվականներին մշակված «Լյուլին»-ի կատարելագործված տարբերակն էր[8]։
Վերջին տարներին ինստիտուտը մասնակցում է եվրոպական շրջանակային «Վեցերորդ», «Յոթերորդ», «Հորիզոն-2020» գիտական ծրագրերին, «PHARE» ծրագրին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ծրագրերին։
Հրատարակչական գործունեությունը
խմբագրել2004 թվականից սկսած՝ անց է կացվում «Տիեզերք, բնապահպանություն, անվտանգություն» խորագիրը կրող գիտական կոնֆերանսը[9]։ Մինչև 2010 թվականը անցկացվում էին նաև նվազ ընդգրկում ունեցող գիտկոնֆերանսներ, վարպետաց տարատեսակ դասեր։ Ինստիտուտի գլխավոր պարբերական հրատարակությունը 1978 թվականին պրոֆեսոր Կիրիլ Սերաֆիմովի հիմնադրած «Տիեզերական հետազոտություններ Բուլղարիայում» ամսագիրն է, որը հոդվածներ էր տպագրում երեք լեզվով՝ բուլղարերեն, անգլերեն, ռուսերեն։ Հիմնադրման տարվա իններորդ համարից սկսած՝ ամսագիրը լույս է տեսնում «Աերոտիեզերական հետազոտություններ Բուլղարիայում» վերնագրով, տպագրում է անգլերեն հոդվածներ, որոնց կցվում են բուլղարերեն ու ռուսերեն մեկնաբանություններ։ Ամսագիրը խմբագրել են պրոֆեսորներ Կիրիլ Սերաֆիմովը (1978 թթ.), Բորիս Բոնևը (1991-1996 թթ.), Նիկոլա Գեորգիևը (1996-2006 թթ.), Գարո Մարտիրոսյանը (2006 թվականից մինչ օրս)[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «About SRTI». SRTI-BAS. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Kutiev, I., Bulgarian Geophysical Journal, 2008, Vol. 34, p. 55, «アーカイブされたコピー» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին. (in Bulgarian)
- ↑ «About SRTI, Short history». SRTI-BAS. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Serafimov, Kiril (1984). «Bulgarian Space Activity». Advances in Space Research. Elsevier. 3 (10–12): 1–6. doi:10.1016/0273-1177(84)90052-8. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Mitchell, Don (2004). «The Venus-Halley Missions». Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
- ↑ https://news.bg/tech/balgarska-aparatura-leti-kam-lunata-s-chandrayan-1.html
- ↑ Avanesov, G.; Zhukov, B. (1991). «Results of TV imaging of phobos (experiment VSK-FREGAT)». Planetary and Space Science. Elsevier. 39: 281–295. doi:10.1016/0032-0633(91)90150-9 – via Elsevier Science Direct.
- ↑ Ivanova, Tanya (2002). «Greenhouse aboard MIR shows plants can thrive in space» (PDF). 21st century science & technology: 41–49.
- ↑ «Publishing activity». SRTI-BAS. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «History». Aerospace Research in Bulgaria. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт(բուլղ.)