Բրյուս Սփրինգսթին
Բրյուս Սփրինգսթին (անգլ.՝ Bruce Frederick Joseph Springsteen) (սեպտեմբերի 23, 1949[2][3][4][…], Լոնդ Բրենչ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի երգիչ և երգահան։ Համբավվել է իր երգերի տեքստերով, յուրահատուկ ձայնով և համերգներով, որոնք հիմնականում տևում են 3-ից 4 ժամ։ 1970-ականների սկզբից ի վեր Սփրինգսթինը (մականունը՝ The Boss) հիմնականում ձայնագրվում և համերգներ է տալիս իր կազմած The E Street Band խմբի հետ։
Բրյուս Սփրինգսթին | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Bruce Springsteen |
Ի ծնե անուն | Բրուս Ֆրեդերիկ Ջոզեֆ Սպրինգստին Bruce Frederick Joseph Springsteen |
Նաև հայտնի է որպես | The Boss |
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1949 (75 տարեկան) Լոնգ Բրանչ, Նյու Ջերսի, ԱՄՆ Լոնդ Բրենչ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | Երգիչ, երգահան |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | կիթառ, Շրթնահարմոն և դաշնամուր |
Գործունեություն | 1972–Ներկա ժամանակ |
Լեյբլ | Columbia |
Կրթություն | Freehold High School? և Վաղ կրթության կենտրոն |
Անդամակցություն | E Street Band?[1] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Julianne Phillips? և Patti Scialfa? |
Պարգևներ | |
Կայք | brucespringsteen.net |
Bruce Springsteen Վիքիպահեստում |
Իր գործունեության ընթացքում Բրյուս Սփրինգսթինը գրում է ինչպես հեշտ լսվող փոփ-ռոք, այնպես էլ մռայլ ֆոլկ երգեր։ Երգերը հիմնականում գրված են սովորական, աշխատող մարդկանց մասին, նկարագրում են վերջիններիս ծանր կյանքը, հաճախ քաղաքական երանգներ են պարունակում, սակայն գրեթե միշտ ունենում են լավատեսական ավարտ։
Ողջ աշխարհում Սփրինգսթինը վաճառել է ավելի քան 120 միլիոն ալբոմ։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների, ներառյալ 20 Գրեմի, 2 Ոսկե Գլոբուս, 1 Օսկար մրցանակների։ 1999 թվին ընդունվել է Ռոքնռոլի փառքի սրահ։
Սկզբնական տարիներ
խմբագրելԲրյուս Ֆրեդերիկ Ջոզեֆ Սփրինգսթինը ծնվել է 1949 թ․ սեպտեմբերի 23-ին Նյու Ջերսի նահանգի Լոնգ Բրենչ քաղաքում[5]։ Սպրինգստինի հայրը Դուգլաս Ֆրեդերիկ Սպրինգստինն էր։ Նա կիսով չափ հոլանդացի էր, կիսով չափ՝ իռլանդացի։ Երբեմն աշխատում էր որպես ավտոբուսի վարորդ, սակայն հիմնականում աշխատանք չէր ունենում։ Տան հիմնական աշխատողը և եկամուտ բերողը Սպրինգստինի մայրն էր՝ Ադել Էննը։ Վերջինս իտալուհի էր և աշխատում էր որպես իրավաբանական քարտուղարուհի։ Սպրինգստինն ունի երկու կրտսեր քույր՝ Վիրջինիան և Պամելան։ Պամելան լուսանկարչուհի է և Սպրինգստինի ալբոմներից մի քանիսի կազմերի լուսանկարների հեղինակը։
Մանկության տարիներին Սպրինգստինը մեկուսացված կյանք է վարել, ընկերներ չի ունեցել։ Շատ կապված է եղել մոր հետ, սակայն միշտ տարաձայնություններ է ունեցել հոր հետ։ Նրա շատ երգեր նվիրված են հոր հետ ունեցած հենց այդ տարաձայնություններին։ Հետագայում՝ ռոքնռոլի փառքի սրահ ընդունվելիս Սպրինգստինը կատակով ասում է, որ իր հաջողությունների համար պարտական է հորը, որովհետև եթե իրենց միջև ամեն ինչ հարթ ընթանար, ինքը կգրեր միայն ուրախ երգեր, ինչը ինքը փորձել է անել 1990-ականներին և հաջողություն չի ունեցել։
Սպրինգստինը հաճախել է Ֆրիհոլդի ավագ դպրոց, բայց չի հարմարվել այնտեղ։ Ըստ իր նախկին ուսուցիչների, նա հիմնականում մեկուսացած էր բոլորից և միակ բանը, որ ցանկանում էր, կիթառ նվագելն էր։ Ի վերջո Սպրինգստինն ավարտում է դպրոցը, բայց հրաժարվում է նույնիսկ ավարտական միջոցառմանը մասնակցել[6]։ Այնուհետև ընդունվում է քոլեջ, սակայն կարճ ժամանակ անց թողնում է այն[7]։
Սպրինգստինի մանկությունն անցել է Ֆրենկ Սինատրայի երգերը լսելով, սակայն առաջին անգամ նրա մտքով անցել է երաժիշտ դառնալ այն ժամանակ, երբ յոթ տարեկանում հեռուստացույցով տեսնում է Էլվիս Փրեսլիին, իսկ դրանից հետո՝ Բիթլզ խմբին Էդ Սալիվանի շուի ժամանակ։ 1964 թվին նա գնում է իր առաջին էժան կիթառը, իսկ դրանից մեկ տարի անց մայրը նվիրում է լրիվ նոր և թանկ կիթառ։ Այս նվերի մասին Սպրինգստինը հետագայում գրում է "The Wish" երգը։
1960-ական թվերի երկրորդ կեսից Սպրինգստինը նվագում և երգում է Նյու Ջերսիի տարբեր խմբերում։ Առաջին խումբը կոչվում էր The Castilies, որոնք ձայնագրում են ընդամենը երկու երգ։ Հաջորդ խումբը Earth խումբն էր, որտեղ էլ Սպրինգստինը ձեռք է բերում The Boss մականունը։ Այնուհետև նվագում է Steel Mill խմբում, որի կազմում էին ապագա E Street Band խմբի կիթառահար Սթիվ Վան-Զանդ-ը (Steve Van-Zandt), թմբկահար Վինի Լոպեզ-ը (Vini Lopez) և ստեղնահար Դենի Ֆեդերիսի-ն (Danny Federici)։ 1971-1972 թվականներին նվագում է Dr. Zoom & The Sonic Boom և Sundance Blues Band խմբերում, մինչև կազմում է The Bruce Springsteen Band խումբը։ Այս խմբի դաշնակահարը Դևիդ Սենչըզ-ն էր (David Sancious), որն էլ առաջարկում է խմբի նոր անունը՝ The E Street Band։
1972 - 1974: The E Street Band խմբի կազմավորումը և առաջին ալբոմները
խմբագրելԲրյուս Սպրինգստինին առաջինն ուշադրություն դարձրեց Ջոն Հեմոնդը, ով օգնել էր ճանապարհ հարթել այնպիսի երաժիշտների, ինչպիսին են Բոբ Դիլանը, Արետա Ֆրենկլինը, Լեոնարդ Կոենը և այլն։ Նրա խորհրդով The Columbia Records ձայնագրման ընկերության նախագահ Կլայվ Դեվիսը 1972 թվին պայմանագիր է կնքում Սպրինգստինի հետ։ Սպրինգստինի մենեջերն է դառնում Մայք Ապելը, ով Ջոն Հեմոնդի հետ միասին համոզում են Սպրինգստինին գրել միայն ակուստիկ, սոլո երգեր։ Սակայն Սպրինգստինն ուներ իր կարծիքը, նա ցանկանում էր երգերը գրել իր խմբով։ Ի վերջո, նրանք գալիս են համաձայնության՝ առաջին ալբոմի համար գրված 10 երգերից հինգը լինում են սոլո երգեր, հինգը ձայնագրվում են խմբով։ Խումբը, որը մի քանի ամիս անց ստանում է The E Street Band անվանումը, բաղկացած էր սաքսոֆոնահար Clarence Clemons-ից, թմբկահար Vini Lopez-ից, ստեղնահար David Sancious-ից և բաս-կիթառահար Garry Tallentից։ Ինքը՝ Սպրինգստինը, նվագում էր կիթառ և երգում էր։ Ալբոմը գրեթե պատրաստ էր, սակայն Կլայվ Դեվիսը նկատում է, երգերը հիմնականում ֆոլկ ոճի են և հիթերի կարիք կա։ Այդ ժամանակ Սպրինգստինը գրում է Blinded by the Light և Spirit in the Night երգերը, որոնք փոխարինում են հինգ ակուստիկ երգերից երեքին։
Ալբոմը թողարկվում է 1973 թվի հունվարին և անվանվում Greetings From Asbury Park, N.J.։ Երաժշտական քննադատները խանդավառությամբ են ընդունում նոր երաժիշտի առաջին ալբոմը և Սպրինգստինին համեմատում են Բոբ Դիլանի և Վան Մորիսոնի հետ։ Չնայած քննադատների դրական արձագանքին, ալբոմի վաճառքի թիվը շատ քիչ է լինում։
Սպրինգստինի խումբը 1973 թվին ստանում է The E Street Band անունը։ Բացի այն երաժիշտներից, որ նվագել էին առաջին ալբոմում, խմբին է միանում նաև ստեղնահար և ակորդեոնահար Danny Federici-ն, ում հետ Սպրինգստինը նվագել էր ավելի վաղ Steel Mill խմբում։ Նրանք ձայնագրում են երկրորդ՝ The Wild, The Innocent & The E Street Shuffle ալբոմը, որը թողարկվում է 1973 թվի սեպտեմբերին։ Այս ալբոմը ոճով բավականին տարբերվում էր նախորդից․ եթե առաջին ալբոմում հիմնականում գերակշռում էր ֆոլկը, այստեղ երգերի մեջ կային ֆոլկի, ռոքի, ռիթմ էնդ բլյուզի և ջազի տարրեր։ Բացի այդ, երգերի տևողությունները բավական մեծ էին և բաղկացած էին մի քանի մասերից։ The Wild, The Innocent & The E Street Shuffle ալբոմը դարձյալ բավականին դրական արձագանք է ստանում քննադատների կողմից, սակայն վաճառքի թիվը քիչ է լինում։ Չնայած դրան, այս և նախորդ ալբոմների երգերը հետագայում դառնում են բավականին հայտնի, իսկ որոշ երգեր, օրինակ, Spirit in the Night-ը, 4th of July Asbury Park (Sandy)-ը և Rosalita (Come out Tonight)-ը մինչ օրս Սպրինգստինի ամենասպասված համերգային համարներից են։
1974 թվին Սպրինգստինի համերգին ներկա է գտնվում երաժշտական քննադատ Ջոն Լանդաուն, ով համերգից հետո Բոստոնի The Real Paper թերթում գրում է իր տպավորությունները համերգից։ Այս հոդվածում Լանդաուն գրում է իր հայտնի արտահայտությունը Սպրինգստինի մասին․ "Ես տեսա ռոքնռոլի ապագան, և այդ ապագայի անունն է Բրյուս Սպրինգստին"։ Նա Սպրինգստինին օգնում է ձայնագրել հաջորդ՝ Born To Run ալբոմը և դառնում է Սպրինգստինի պրոդյուսերն ու մենեջերը։ Born To Run ալբոմի ձայնագրությունը տևում է 14 ամիս։ Միայն համանուն երգի ձայնագրության վրա ծախսվում է 6 ամիս ժամանակ։ Սա Սպրինգստինի համար նյարդային շրջան էր, որովհետև, ըստ նրա, ինքը շատ լավ պատկերացնում էր, թե երգերն ինչպես պետք է հնչեն, սակայն չէր կարողանում ճիշտ նկարագրել խմբին։
Այս շրջանում փոփոխություններ են տեղի ունենում նաև խմբում։ Նախ հեռանում է թմբկահար Վինի Լոպեզը։ Նրա փոխարեն խումբ է գալիս Էռնեստ Քարտերը։ Այս կազմով նրանք ձայնագրում են միայն Born to Run երգը։ Ստեղնահար Դևիդ Սենչըզը և թմբկահար Էռնեստ Քարտերը խմբից հեռանում են այս երգի ձայնագրությունից հետո։ Որպես թմբկահար խումբ է գալիս Մաքս Վայնբերգը, իսկ որպես ստեղնահար՝ Ռոյ Բիտանը։ Բացի այդ, խմբին է միանում կիթառահար Սթիվ Վան-Զանդը՝ Սպրինգստինի մտերիմ ընկերը, ում հետ Սպրինգստինը նվագում էր Steel Mill խմբում։ Վան-Զանդը լավ պատկերացնում է, թե Սպրինգստինն ինչպիսի երգեր է ուզում և օգնում է ավարտել ալբոմը։ Նա նաև օգնում է ձայնագրել Tenth Avenue Freeze-Out երգի փողային հատվածները։ Այս կազմով The E Street Band խումբը մնում է մինչև 1984 թվականը։
1975-1983: Առաջին հաջողությունները
խմբագրել1975 թվի օգոստոսի 13-ին Սպրինգստինը և The E Street Band խումբը 10 համերգ են տալիս Նյու Յորքի The Bottom Line ակումբում։ Համերգները հեռարձակվում են ռադիոյի ուղիղ եթերով և մեծ արձագանք ստանում ունկնդիրների կողմից։ Իսկ 1975 թվի օգոստոսի 25-ին լույս տեսավ Born to Run ալբոմը, որը Սպրինգստինին վերջապես բերեց լայն ճանաչման։ Ալբոմի գրեթե բոլոր երգերը մշտապես հեռարձակվում էին ռադիոյով։ Առավել հայտնի էին Thunder Road, Born to Run, Tenth Avenue Freeze-Out և Jungleland երգերը։ Ալբոմը տեղ զբաղեցրեց Billboard 200 հիթ շքերթի 3-րդ հորիզոնականում։ Այդ տարի Սպրինգստինի նկարը հայտնվեց Time և Newsweek ամսագրերի շապիկներին։ Նրա անվան շուրջ աղմուկն այնքան մեծ էր, որ ի վերջո Սպրինգստինի նյարդերը տեղի են տալիս, և նա անձամբ պատռում է Լոնդոնի համերգների պաստառները։ Արևմտյան Եվրոպայում Սպրինգստինը շրջագայության էր մեկնում առաջին անգամ։ Չնայած, որ Լոնդոնի համերգը տեսագրվեց, համերգներն այնքան էլ հաջող չանցան, և Սպրինգստինն առաջիկա 6 տարին այլևս Եվրոպա չվերադարձավ։
1976 թվին Սպրինգստինի և իր նախկին մենեջեր ու պրոդյուսեր Մայք Ապելի միջև դատական գործընթաց սկսվեց, որը տևեց մեկ տարի։ Այդ ընթացքում Սպրինգստինին արգելված էր ստուդիա մտնել, հետևաբար Սպրինգստինը շարունակում էր համերգային շրջագայությունները։ Նա հասցրեց նաև բավականաչափ նոր երգեր գրել, իսկ 1977 թվի մայիսի 28-ին, երբ դատական գործընթացն ավարտվեց, և Սպրինգստինին վերջապես թույլատրվեց ստուդիա ոտք դնել, նա ավարտեց իր համերգները և ձայնագրեց Darkness on the Edge of Town ալբոմը։
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ և նրանց U.S. Billboard 200 դիրքերը՝
- 1973։ Greetings from Asbury Park, N.J. (#60)
- 1973։ The Wild, the Innocent & the E Street Shuffle (#59)
- 1975։ Born to Run (#3)
- 1978։ Darkness on the Edge of Town (#5)
- 1980։ The River (#1)
- 1982։ Nebraska (#3)
- 1984։ Born in the U.S.A. (#1)
- 1987։ Tunnel of Love (#1)
- 1992։ Human Touch (#2)
- 1992։ Lucky Town (#3)
- 1995։ The Ghost of Tom Joad (#11)
- 2002։ The Rising (#1)
- 2005։ Devils & Dust (#1)
- 2006։ We Shall Overcome: The Seeger Sessions (#3)
- 2007։ Magic (#1)
- 2009։ Working on a Dream (#1)
- 2012: Wrecking Ball
- 2014: High Hopes
- 2019: Western Stars
- 2020: Letter to You
- 2022: Only the Strong Survive
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://brucespringsteen.net/the-band
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ R., Cross, Charles ([1992], ©1989). Backstreets : Springsteen, the man and his music (1st pbk. ed ed.). New York: Harmony Books. ISBN 051758929X.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Hilburn, Robert (1985). Springsteen. էջեր 28.
- ↑ Marsh, Dave (1987). Glory Days: Bruce Springsteen in the 1980s. էջեր 88-89.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրյուս Սփրինգսթին» հոդվածին։ |