Գանգրահեր տղան
Գանգրահեր տղան, Եղիշե Չարենցի պոեմներից, գրված 1928-1929 թվականներին։
Գանգրահեր տղան | |
---|---|
Ժանր | պոեմ |
Ձև | չափածո |
Հեղինակ | Եղիշե Չարենց |
Երկիր | Հայաստան |
Բնագիր լեզու | Հայերեն |
Գրվել է | 1928-1929 |
Վիքիդարան | Գանգրահեր տղան |
Ժամանակի արտացոլումը պոեմում
խմբագրելՉարենցն իր չորս գործերում («Homo Sapiens», «Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում», «Մեծ առօրյան», «Գանգրահեր տղան») օգտագործել է չափածո նովելի տեսակը։ Այս չորս երկերը փոքր պատմություններ են, որոնք ունեն հերոսներ, գործողություն և նովելային անակնկալ կտրուկ ավարտ։ Այս գործերին բնութագրական են ժամանակային դասավորությունը և կառուցվածքը։ «Homo Sapiens»-ում վերաշարադրված է անցյալի իրականությունը՝ իբրև հուշ, «Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում» երկում անցյալը հառնում է իբրև տեսիլք։ «Մեծ առօրյան» երկի գործողություններն անցյալից տեղափոխվում են ներկա իսկ «Գանգրահեր տղան» չափածո նովելում ապագան հառնում է իբրև տեսիլք։ «Գանգրահեր տղան» չափածո նովելը զուգահեռներ ունի «Homo Sapiens»-ի հետ։ Անցյալի և ընթացիկ կյանքի գեղարվեստական ընկալմամբ Չարենցը ճանապարհ էր հարթում դեպի ապագան։ Ներկայի դիրքերից ժամանակային նույն հակադիր հեռավորության վրա են երկու չափածո նովելների պատանի հերոսները։ Կա մեկ տարբերություն, այն է` առաջինն ապրել է անցյալում, իսկ երկրորդը պիտի ապրի գալիքում։ Այնպես, ինչպես Չարենցը փակում էր աչքերը և վերհիշում իր պատանությունը, այդպես էլ՝ աչքերը փակ, նա պատկերացնում էր գալիք օրվա գանգրահեր պատանուն։ Գանգրահեր տղան գալիքի խորհրդանշանն է։ Մարդկության տարբեր հասակներն ի մի բերող բանաստեղծը, իրեն տեսնելով անցյալի մեջ, կարող էր իրեն նաև պատկերացնել ապագայում՝ որպես հուշ ու հիշատակ հաջորդների համար։ Եղիշե Չարենցը տեսիլքի պես պատկերացնում է երազային ապագան, որի մեջ ապրում է իր ավարտված կյանքի հիշատակը։ Այս գործը շարունակվող կյանքի փառաբանություն է[1].
Լսո՞ւմ ես՝ այդտեղ իմ սիրտն է թաղած,-
Կոխրտի՛ր նրան քայլերով քո լույս, Օ՜, դո՛ւ, գալիքի գանգրահե՛ր տղա, Մեր լա՜վ գալիքի ոսկեհե՛ր մանուկ…[2] |
Սակայն օրերը Չարենցի համար թույն ու մաղձ էին թորում, և նա նույնիսկ շիրիմ չունեցավ, որ գանգրահեր տղաների սերունդները գնային այցի[1]։
Երկու հակադիր պատկեր
խմբագրել«Գանգրահեր տղան» չափածո նովելի նկարագրությունները ներքուստ հակադրված են «Homo Sapiens»-ի պատկերային համակարգին։ Այնտեղ փողոցը հորանջում էր քնից, տները մեկ հարկանի էին ու իրար կպած, հազվադեպ միայն մայթերին մարդիկ էին երևում և արագ անհայտանում[1], իսկ այստեղ՝
Ոլորապտույտ ձգվում է շոսսեն
Նոր Երևանից դեպի Արարատ. Ինչքա՞ն են արդյոք տարիներ հոսել Մինչև գարնային այս օրը զվարթ։ Շոսսեի երկու կողմերում ահա Տներ, փողոցներ ու գործարաններ, Կանաչ պարտեզներ, ծաղիկներ ազատ, - Այդ ո՞վ է արդյոք այսքանը ցանել…[2] |
Մանուկ տղային` խունացած սև շապիկը հագին, որը հագել էր ավելի քան երեք ամառ, փոխարինում է պայծառ աչքերով պատանին՝ «Հագին սպիտակ, կապտերիզ շապիկ»[1]։
Ընդհանուր նկարագիր
խմբագրելՊոեմը իր հետքն է թողել գրական մտածողության վրա, որը ներկայացնում է Հայաստանի գալիք օրերի, տարիների ու դարերի երգը։ Մահվան տեսիլներից և հարդագողի մոլոր ուղիներից հետո Չարենցի պոեզիայում պատկերները ծնվում են նոր իրականությունից, աշխատանքի, ստեղծման, հավատի ու հպարտության այն մթնոլորտից, որի մեջ ապրում էր վերածնված Հայաստանը։ Թվում է, թե «Գանգրահեր տղան» ունեցել է նախապատրաստություն, որը տեսանելի է «Գարուն» բանաստեղծության մեջ։ «Գարունը» կյանքի վերածնության, բախտի ու ճանապարհի երգն է։ Բանաստեղծի տեսողությունը այս անգամ տարածվում է Հայաստանի գալիքի վրա։ «Գանգրահեր տղան» պոեմում առաջին իսկ տողերից երևում է բանաստեղծը՝ երկար ուղի անցած, տառապանքի տեսիլներից հոգնած։ Սկսվում է հյուսվել Հայաստանի գալիքը, Երևանի պատկերը։ Տիրող խնդությունը, հարստությունը, գեղեցկությունը, այս նվիրական շոսսեն, սերունդների հավերժական ընթացքը հայկական երազների ամբողջացումն է։ Սակայն Չարենցը սիրում է իր նվիրական երազներին տալ դրամատիկ լարում։ Երազանքն ստանում է խորհրդավորություն։ Զանգվի ափին ձգվում է հին ցանկապատ, կանաչների մեջ երևում են մոռացված քարեր։ Գերեզմանատունն է[3]։
Քարեր, հի՛ն քարեր, վաղուց մոռացված,
Անանուն, անգիր, ննջում են այնտեղ, Ուր լռությունն է իշխում անհաստատ Ու հուշն է թռչում՝ հավիտյան անթև[2] |
Պատկերը շարունակական է դառնում։ Գանգրահեր տղան բաժանվում է խմբից և մոտենում մոռացված շիրիմներին։ Նա կանգնում է մեծ երազողի շիրիմի առջև[3]․
Եղիշե Չարենց- բանաստեղծ ծնված Մակու քաղաքում[2] ։ |
Սակայն հիշե՞ց պատանին գալիքի համար տառապած մեծ նախորդին[3]։
Կարդում է նա իր աչքերով ծավի,
Ժպտում է, հիշում կարծես ինչ-որ բան, Քաղում է ապա մի կանաչ բաղեղ — Ու շարունակում իր թողած ճամփան[2] : |
Իսկ հանդում հավիտյան մնում է որպես հուշ երազողի կորած շիրիմը[3]։