Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարդման (այլ կիրառումներ)

Գարդման (գրաբար նաև՝ Գարդմանք կամ Գարդմանաձոր) հինավուրց հայկական իշխանություն Մեծ Հայքի հյուսիս-արևելքում, ընդգրկում էր Ուտիք նահանգի համանուն Գարդման և Տավուշ գավառները։ Սահմանակցում էր արևմուտքից Արցախին, հարավ-արևելքից Շակաշենի իշխանությանը, հյուսիս-արևելքից Կուր գետով՝ Աղվանից աշխարհին, հյուսիս-արևմուտքից՝ Գուգարքին։ Գարդմանքի կենտրոնն էր Գարդման ամրոցը։ Գարդմանք է կոչվել և այստեղ բնակվող հնադարյան ցեղը։ Արշակունյաց ժամանակ այստեղ եղել է Ուտիքի նախարարության աթոռանիստը, ուստի նահանգը վարչաքաղաքական առումով հայտնի է եղել որպես «Գարդմանցոց իշխանություն»։ Ըստ պատմաբան Լեոյի Գարդմանն այն վայրն էր, որտեղ սկզբնապես հաստատվել է Սիսակյան Առանի իշխանությունը և, որից էլ սերվել է Գարդմանի Հայկազուն իշխանատոհմը[1]։

Գարդման
 
Քարտեզ

Գարդման-Փառիսոսի թագավորությունը (982-1017 թթ.) և Լոռու թագավորությունը։
(1017 թ.)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Գարդման բերդ, Փառիսոս, Ոսկանապատ
Լեզու հայերեն
Ազգություն Հայեր
Կրոն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Իշխանություն
Պետական կարգ իշխանություն]
Դինաստիա Առանշահիկներ, Միհրանյաններ, Խաչեն
Պետության գլուխ իշխան, թագավոր, մելիք
Պատմություն

Պատմություն

խմբագրել

Հայաստանի առաջին բաժանումից հետո Գարդմանն անցել է Աղվանքին, իսկ 6-րդ դարավերջին կամ 7-րդ դարասկզբին այստեղ է հաստատվել Միհրանյանների տոհմը, որն ոչնչացնելով բնիկ հայկազուն իշխաններին տիրացել է Գարդմանին և հռչակվել Աղվանքի գահերեց իշխանատոհմ։

  Բայց Եռանշահիկ տոհմն անհետ չկորավ, ոչ էլ մոռացավ իր պայքարն այդ եկվորների դեմ, որոնք հափշտակել էին իր սեփականությունները։ Եռանշահիկները դուրս են մղվում Գարդմանից հարևան լեռնային գավառները։ Երկու տոհմերի միջև հաստատվեց հին աշխարհի նվիրագործած արյան վրիժառությունը։ Այդ մի դարավոր արյունահեղ պայքար էր, որ իր վերջնական լուծումն ստացավ 9-րդ դարում Եռանշահիկների հաղթությամբ։
- Լեո, Հայոց պատմություն, Բ հատոր. Միջին դարեր։ Երևան 1967, էջ 327
 

821 թ. Գարդմանի վերջին իշխան՝ Վարազ Տրդատի սպանությունից հետո, նրա դուստր Սպրամիկ Միհրանյանը ապաստանում է Խաչենի ամրոցում և ամուսնանում Առանշահիկ տոհմի պայազատ Սահլ Սմբատյանի որդու՝ Ատրներսեհ Ա-ի հետ, որով Միհրանյան տոհմը խառնվում է հայ իշխանատոհմի հետ[1]։ Սմբատ Ա Բագրատունու օրոք (892-914 թթ.) Գարդմանքի տերն էր Սյունյաց և Աղվանից աշխարհի իշխան Գրիգոր Ատրներսեհյանի որդին՝ Սահակ Սևադան[2][3]։ Սահակ Սևադայի իշխանության հյուսիսային բնական սահմանը Կուր գետն էր[4]։ Իշխանության ռազմական ուժերը բաղկացած էր 8000 մարտիկներից[2][5]։

9-րդ դարի վերջերին և 10-րդ դարի սկզբներին Հայաստանը պարբերաբար ենթարկվում է Ատրպատականի արաբ ամիրաների զորքերի հարձակումներին։ 9-րդ դարի վերջերին ամրիա Ափշինի զորքերը ներխուժում են Ուտիք։ Չնայած համառ դիմադրությանը՝ թշնամին գերում է Սևորդյաց Գևորգ նահապետին և նրա եղբայր Արվեսին, որոնք տարվում են Փայտակարան։ Այստեղ նրանց ենթարկում են տանջանքների՝ փորձելով դավանափոխ անել։ Սևորդյաց իշխանները հրաժարվում են Իսլամ ընդունել, որի համար նահատակվում են[6]։

909 թվականին Ատրպատականի ամիրա Յուսուֆի՝ դեպի Հայաստան կազմակերպած արշավանքների ժամանակ արաբների բռնություններից փրկվելու նպատակով Սահակ Սևադայի տիրույթում հանգրվան էին փնտրում հայ իշխանական տների անդամները։ Փորձելով խույս տալ հետապնդող թշնամուն՝ Գեղարքունիքի Սահակ և Վասակ իշխաններն իրենց ընտանիքներով ու թիկնազորով անցնում են Միափոր գավառ և այնտեղից գնում դեպի Գարդմանք և Արցախ[7]։ Գարդմանքում ժամանակավորապես ապաստան է գտնում նաև Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը[8]։

Աշոտ Բ Բագրատունին (914-928 թթ.) կենտրոնախույս ուժերի դեմ պայքարում Սահակ Սևադայի աջակցությունն ստանալու նպատակով ամուսնանում է նրա դստեր հետ։ Նա, օգնական ուժեր ստանալով Սահակ Սևադայից, փորձեց սաստել Դվինում գտնվող իր հորեղբոր որդուն՝ Աշոտին, որը թագադրվել էր արաբբների կողմից։ Սակայն Աշոտ Բ-ի բանակը պարտություն կրեց։ Նրան օգնություն ցույց տվեց Վիրքի իշխան Գուրգենը, սակայն նոր ընդհարում տեղի չունեցավ. կաթողիկոսի միջնորդությամբ կայացավ հաշտություն։ Դրանից հետո Աշոտ Բ-ն Սահակ Սևադայի օգնությամբ ճնշեց Ուտի գավառի կառավարիչ Մովսեսի ապստամբությունը։ Մովսեսը հեռացվեց պաշտոնից և կուրացվեց։ Շատ չանցած թագավորի դեմ ապստամբեց Սահակ Սևադան։ Սակայն շուտով կողմերը հաշտվեցին։ Այնուհետև Սահակ Սևադան երկրորդ անգամ ապստամբեց Հայոց թագավորի դեմ։ Սևադայի ապստամբության պատճառը այն էր, որ թագավորը իրեն էր ենթարկել նրա տիրապետության տակ գտնվող Ձորափոր գավառը։ Սահակ Սևադան ետ գրավեց Ձորափորի ամրոցները, ազատեց Կայան բերդում բանտարկված Գեղարքունիքի իշխան Վասակին։ Աշոտ Բ-ն պահանջեց վերադարձնել բերդերը ու հնազանդվել, բայց մերժում ստացավ[9]։

Սևադային և թագավորի զորքերի միջև տեղի ունեցած ճակատամարտը ավարտվեց վերջինիս հաղթանակով։ Սահակ Սևադան և նրա որդի Գրիգորը գերի են ընկնում և կուրացվում։ Որոշ ժամանակ անց Ուտի գավառի կառավարիչ նշանակված Ցլիկ Ամրամը նույնպես ապստամբում է թագավորի դեմ՝ գրավելով Տավուշի բերդը։ Այս անգամ Աշոտ Բ-ի արշավանքը անհաջող ավարտ ունեցավ[10]։

Սահակ Սևադայի ապստամբությունը ճնշելուց հետո Բագրատունիներին անցան Ձորափոր, Աղվեն, Տուս-Քուստակ և Գարդման գավառները։ Գարդմանքի իշխանության մի մասում՝ Փառիսոսում, շարունակել են իշխել Սահակ Սևադայի ժառանգները։ Նրանցից մեկը՝ Հովհաննես Սենեքերիմը, նույնիսկ արժանացել է թագավորական տիտղոսի[11]։ Հովհաննես Սենեքերիմի նստավայրը Շամխոր գետի վերնագավառում գտնվող Փառիսոսի բերդն էր՝ համանուն գավառի կենտրոնը։ Այն եղել է ոչ միայն իշխանանիստ, այլև հոգևոր թեմի առաջնորդի նստավայր[12]։ Հովհաննես Սենեքերիմի տիրույթները չէին սահմանափակվում միայն Փառիսոս գավառով։ Այդ մասին է նաև վկայում Փառիսոսում իշխողների «Աղվանաց իշխանաց իշխան» տիտղոսը[13]։ 1003 թվականին Հովհաննես Սենեքերիմի և նրա եղբոր՝ Գրիգորի մահից հետո Գագիկ Ա Բագրատունին իր թագավորությանն է միացնում Փառիսոսի նահանգի մի մասը[14]։ Այնուհետև Գարդման-Փառիսոսի թագավորությունը հարևան Տաշիր-Ձորագետի թագավորության կողմից գրավվեց և միացվեց վերջինիս, գրեթե կրկնապատկելով Անիի Բագրատունիների կրտսեր ճյուղ հանդիսացող Կյուրիկյանների արքայատոհմը։ Փառիսոսի թագավորության վերջին գահակալը եղել է Գրիգորի որդի Փիլիպեն։ Վերջինս 1044 թվականից հետո դառնում է Գանձակի Փատլուն ամիրայի խառդավանքների զոհը[15]։

16-18-րդ դարերում Գարդմանը որպես մելիքություն մտել է Խաչենի տոհմից սերված Մելիք-Շահնազարյանների տիրույթի մեջ։ Գարդմանի մելիքությունը ընդգրկում էր Շամքոր գետի վերին ավազանը և իշխանանիստ Ոսկանապատ ավանի անունով կոչվում էր նաև Ոսկանապատի մելիքություն[16]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Լեո, Երկերի Ժողովածու, Բ հատոր. Հայոց պատմություն. Միջին դարեր։ «Հայաստան» հրատ., Երևան, 1967, էջ 151, 327-419.
  2. 2,0 2,1 Արմեն Ղարամանյան «Գարդման», Երևան 2009 թ.:
  3. Ս.Գ.Բարխուդարյան, «Գարդմանի իշխանություն», էջ 71։
  4. Ս.Գ.Բարխուդարյան, «Գարդմանի իշխանություն», էջ 74։
  5. Հովհաննես Դրաստանակերտցի, էջ 312։
  6. Հովհաննես Դրաստանակերտցի, էջ 187։
  7. Հովհաննես Դրաստանակերտցի, էջ229,230։
  8. Հովհաննես Դրաստանակերտցի, էջ217։
  9. Հովհաննես Դրաստանակերտցի, էջ301-312։
  10. Հովհաննես Դրաստանակերտցի, էջ320-323։
  11. Մովսես Կաղանկատվացի, էջ 273։
  12. Մովսես Կաղանկատվացի, էջ 277<278:
  13. «Արարատ», 1897 թ., էջ 144։
  14. Ստեփանոս վարդդապետ Տարօնեցի, Փարիզ, 1859 թ., էջ 275։
  15. ՀԺՊ, 3-րդ, Երևան 1976 թ., էջ 92։
  16. Hewsen, Robert H (2001). Armenia: A Historcial Atlas. Chicago: University of Chicago Press. էջ 119, 163. ISBN 0-2263-3228-4.