Գարեգին Բ

Գարեգին Բ Կտրիճ
(Վերահղված է Գարեգին Բ Ներսիսյանից)

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (ավազանի անունը՝ Կտրիճ Գրիգորի Ներսիսյան, օգոստոսի 21, 1951(1951-08-21)[1], Ոսկեհատ, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թվականի նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ Կաթողիկոս։

Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ
132-րդ Ծայրագույն Պատրիարք
և Կաթողիկոս Ամենայն Հայոց
Ընդհանուր տեղեկություններ
ԵկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏիտղոսՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ
Ծայրագույն Պատրիարք
և Կաթողիկոս Ամենայն Հայոց
Գահակալություննոյեմբերի 4, 1999
ԻրավանախորդԳարեգին Ա Սարգիսյան
Ծնվել էօգոստոսի 21, 1951 (73 տարեկան)
ԾննդավայրՈսկեհատ գյուղ, Էջմիածնի շրջան (ներկայիս Արմավիրի մարզ), Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ազգությունհայ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան,
Վիեննայի համալսարան
Բոննի համալսարան
Կուսակրոնության ընդունումհոկտեմբեր 15, 1972 թ.
 Karekin II Վիքիպահեստում
Գարեգին II-ը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ (2016)

Կենսագրություն

խմբագրել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավազանի անունով՝ Կտրիճ Գրիգորի Ներսիսյան, ծնվել է 1951 թվականի օգոստոսի 21-ին Խորհրդային Հայաստանի Ոսկեհատ գյուղում։ Նախնական կրթությունը հայրենի գյուղում ստանալուց հետո՝ 1965 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան։ 1970 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Ստեփանոս Նախավկայի տոնի օրը, Տ. Հայկազուն արք. Աբրահամյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ[2]։ 1971 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը և նշանակվել տեսչի օգնական՝ ստանձնելով նաև «Նոր Կտակարան» առարկայի դասավանդման պարտականությունը։ 1972 թվականի հոկտեմբերի 15-ին Գերաշնորհ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և ի պատիվ Ավարայրի ճակատամարտին նահատակված Գարեգին Սրվանձտյան իշխանի վերակոչվել Գարեգին անվամբ[3]։ Նույն թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու համար։ 1975 թվականին նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ՝ միաժամանակ իր աստվածաբանական կրթությունը շարունակելով Բոննի համալսարանում։

1979 թվականին Գերմանիայից տեղափոխվել է Խորհրդային Ռուսաստան և իր ուսումը շարունակել Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում։ 1980 թվականին վերադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նշանակվել Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական[4], իսկ 1983 թվականի ապրիլին՝ փոխանորդ։ 1983 թվականի հոկտեմբերի 23-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության[5]։ Գարեգին եպիսկոպոսը 1992 թվականին ստացել է արքության պատիվ։ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի վախճանից հետո 1995 թվականի կաթողիկոսական ընտրությունների ժամանակ համարվում էր Հայոց Հայրապետական աթոռի ամենահավանական թեկնածուն, սակայն ընտրության երկրորդ փուլում Գարեգին արքեպիսկոպոսը հանում է իր թեկնածությունը՝ հօգուտ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ Կաթողիկոսի։ 1998 թվականի նոյեմբերի 30-ին Գարեգին Ա Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ[6], իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության և օծման։

Գործունեություն

խմբագրել

1989 թվականին Արարատյան Հայրապետական թեմի հովանու ներքո Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հիմնել է Սևանի Վազգենյան Դպրանոցը։ 1990 թ.-ին Արարատյան Հայրապետական թեմում հիմնել է «Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը», որը համակարգում է Առաքելական եկեղեցու կողմից թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական ուսուցումը։ Այն ներկայումս ընդգրկում է ավելի քան 56 հանրակրթական դպրոց։ 1992 թվականին նրա նախաձեռնությամբ Երևանում գտնվող նախկին պիոներ-պալատներից երեքը սեփականաշնորհվել են Հայ Առաքելական եկեղեցու կողմից և դարձել «Հայորդյաց տներ», որտեղ բազմաթիվ երեխաներ ստանում են կրոնական ու գեղագիտական կրթություն։ Նա հանդիսանում է մի շարք հասարակական կազմակերպությունների հոգաբարձուների խորհրդի անդամ, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության հոգաբարձուների խորհրդի (պատվո անդամ), Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ (2000 թվական)[փա՞ստ]։

Կաթողիկոսական գործունեություն

խմբագրել

Գարեգին Բ կաթողիկոսի գահակալության ընթացքում կառուցվել են 100-ից ավել եկեղեցիներ, վերանորոգվել ավելի քան 40։ Մեծածավալ շինարարական աշխատանքներ է կատարել Էջմիածնի Մայր Աթոռում։

Կոչումներ, շքանշաններ

խմբագրել

Գարեգին Բ կաթողիկոսը ստացել է հետևյալ կոչումները՝

Գարեգին Բ կաթողիկոսը պարգևատրվել է հետևյալ շքանշաններով և մեդալներով՝

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. Սուրբ Ստեփանոսի տոնը և սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռում, «Էջմիածին», 12(1970), էջ 27-29
  3. Սամվել սրկ. Պետրոսյան, Ձեռնադրություն Մայր Տաճարում, «Էջմիածին», 10(1972), էջ 43-45
  4. Հոգևոր պաշտոնյաների նոր նշանակումներ, «Էջմիածին», 2-3(1970), էջ 15
  5. Եպիսկոպոսական ձեռնադրություն, «Էջմիածին», 9-10(1983), էջ 79-83
  6. Հայրապետական տնօրինութիւն, «Էջմիածին», 10-11(1998), էջ 3
  7. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին
  8. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  9. «The Armenian Church - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին». www.armenianchurch.org. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.(չաշխատող հղում)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Բ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Բ» հոդվածին։


Նախորդող՝
Գարեգին Ա
Կաթողիկոս
1999-
Հաջորդող՝
---