Գեոմորֆոլոգիա (հունարեն՝ γῆ—Երկիր, հունարեն՝ μορφή—ձև, հունարեն՝ λόγος—ուսմունք), գիտություն Երկրի մակերևույթի ռելիեֆի մասին։ Ուսումնասիրում է ցամաքի, օվկիանոսների և ծովերի հատակի ռելիեֆի ձևերը, ծագումը, հասակը, զարգացման օրինաչափությունները, ժամանակակից դինամիկան, ներքին և արտաքին ուժերի հակազդեցությունը։ Ներքին և արտաքին ուժերի միաժամանակյա ներգործությունը պայմանավորում է ռելիեֆագոյացման պրոցեսները։ Երկրի ռելիեֆի փոփոխման կարևոր գործոն է նաև մարդկային հասարակության գործունեությունը։ Ռելիեֆի տիպերը կոչվում են նրանց ստեղծող գործոններից առաջատարի անունով, օրինակ՝ տեկտոնական, հրաբխային, սառցադաշտային։ Իր զարգացման ընթացքում ռելիեֆը ծագումնային մի տիպից կարող է վերածվել մյուսին, նայած գործոնի ազդեցության ինտենսիվությանը (օրինակ, հրաբխայիևը՝ սառցադաշտայինի, տեկտոնականը՝ կարստայինի)։ Գեոմորֆոլոգիայի տեղը Երկրի մասին գիտությունների համակարգում որոշվում է երկրակեղևի, հիդրոսֆերայի, մթնոլորտի, բիոսֆերայի միջև կատարվող պրոցեսների փոխհարաբերությամբ, որով և նա դառնում է մի սահմանային գիտություն երկրաբանության և ֆիզիկական աշխարհագրության միջև։ Գեոմորֆոլոգիայում առանձնացվում են մի շարք ճյուղեր։

Երկրի ռելիեֆը
Ռելիեֆի ձև, Սալտա, Արգենտինա
Մեծ կանյոն, Արիզոնա

Պատմություն

խմբագրել

Գեոմորֆոլոգիան որպես ինքնուրույն գիտություն հիմնադրվել է XIX դարի վերջին և XX դարի սկզբին, երբ ձևավորվել են գեոմորֆոլոգիական ամերիկյան (Ու․ Մ․ Դևիս) և եվրոպական (Ա․ Պենկ, Ֆ. Ռիխտհոֆեն, Վ․ Պենկ) դպրոցները։ Ամերիկյան դպրոցի տեսական կոնցեպցիա ն առավել լրիվ արտահայտվել է Դևիսի աշխարհագրական ցիկլերի մասին ուսմունքում, իսկ եվրոպական դպրոցինը՝ Վ․ Պենկի ռելիեֆի վերընթաց և վայրընթաց զարգացման տեսությամբ։ Վերջին տասնամյակներում արտասահմանյան գիտնականները մեծ ուշադրություն են դարձնում դինամիկ գեոմորֆոլոգիայի և մորֆոմետրիայի հարցերին։ Ռուսաստանում գեոմորֆոլոգիայի հիմունքները մշակվել են Պ․ Պ․ Սեմյոնով-Տյան-Շանսկու, Պ․ Ա․ Կրոպուտկինի, Վ․ Վ․ Դոկուչաևի, Ի․ Վ․ Մուշկետովի, Դ․ Ն․ Անուչինի և այլոց կողմից։ Խորհրդային շրջանում ԽՍՀՄ տարածքի գեոմորֆոլոգիական ուսումնասիրության, գեոմորֆոլոգիայի տեսական հիմունքների և այլ բնագավառներում ձեռք են բերված մեծ նվաճումներ (Յա․ Ս․ Էդելշտեյն, Ի․ Ս․ Շչուկին, Կ․ Կ․ Մարկով, Ի․ Պ․ Գերասիմով, Ն․ Վ․ Դումիտրաշկո և ուրիշներ)։ ԽՍՀՄ-ում գեոմորֆոլոգիան զարգացել է 1950-ական թվականներից, Մոսկվայի և տեղի (ԽՍՀՄ ԳԱ, Երևանի պետական համալսարան, ԽՍՀՄ Մինիստրների սովետի երկրաբանական վարչություն) գիտնականնևրի կողմից հատկապես ուսումնասիրվել են հանրապետության և հարակից շրջանների ռելիեֆի ընդհանուր առանձնահատկությունները, մորֆոստրուկտուրան, արտածին պրոցեսները և այլն, որոնց արդյունքներն ամփոփված են մենագրություններում և տարբեր մասշտաբի գեմորֆոլոգիական քարտեզներում։

 
Օվկիանոսի հատակի տարիքը, կարմիր գույն-ամենաերիտասարդ

Գեոմորֆոլոգիայի տեսակները

խմբագրել

Ընդհանուր գեոմորֆոլոգիա

խմբագրել

Ընդհանուր գեոմորֆոլոգիան ուսումնասիրում է ռելիեֆի ծագման և ձևավորման բոլոր, իսկ մասնավոր գեոմորֆոլոգիան՝ մեկ կամ մի քանի կողմերը։

Պլանետար գեոմորֆոլոգիա

խմբագրել

Պլանետար գեոմորֆոլոգիան ուսումնասիրում է ռելիեֆի խոշորագույն ձևերը։

Ռեգիոնալ գեոմորֆոլոգիա

խմբագրել

Առանձին շրջանների մորֆոլոգիան հետազոտում է ռեգիոնալ գեոմորֆոլոգիան։

Կիրառական գեոմորֆոլոգիա

խմբագրել

Ռեգիոնալ գեոմորֆոլոգիայի հետազոտման արդյունքները ժողովրդական տնտեսության մեջ կիրառելու տեսական հիմունքնևրը մշակում է կիրառական գեոմորֆոլոգիան։

Պալեոգեոմորֆոլոգիա

խմբագրել

Պալեոգեոմորֆոլոգիան լուսաբանում է ռելիեֆի էվոլյուցիան անցյալ երկրաբանական դարաշրջաններում։

Գեոմորֆոլոգիայի հետազոտման մեթոդները

խմբագրել

Գեոմորֆոլոգիայի հիմնական մեթոդը դաշտային հետազոտություններն են և գեոմորֆոլոգիական հանույթը, որոնց հիման վրա կազմվում են ընդհանուր և հատուկ գեոմորֆոլոգիական քարտեզներ։ Գեոմորֆոլոգիայի տվյալները օգտագործվում են օգտակար հանածոների (հատկապես՝ ցրոնային) հանքավայրերի որոնման համար, արդյունաբերական, հիդրոտեխնիկական կառույցների, ճանապարհների շինարարության ժամանակ։

Գեոմորֆոլոգիական մակարդակ

խմբագրել

«Գեոմորֆոլոգիական մակարդակ» հասկացությունը 1948 թվականին առաջարկել է խորհրդային գեոմորֆոլոգ Կոնստանտին Մարկովը՝ ռելիեֆ առաջացնող արտածին և ներծին պրոցեսների փոխազդեցությունը ըմբռնելու համար։ Սովորաբար արտածին ուժերը, ազդելով Երկրի մակերևույթի վրա, հարթեցնում են ռելիեֆը և ստեղծում որոշակի գեոմորֆոլոգիական մակարդակ։ Գոյություն ունի այնքան գեոմորֆոլոգիական մակարդակ, որքան արտածին պրոցեսներ՝ աբրազիոն-կուտակումային մակարդակ, դենուդացիոն մակարդակ, ձյան սահմանի մակարդակ, վերին դենուդացիոն մակարդակ և այլն։ Տվյալ Գեոմորֆոլոգիական մակարդակի սահմաններում համապատասխան արտածին պրոցեսը համարվում է առաջատար։ Եթե երկրակեղևը լիներ անշարժ, ապա յուրաքանչյուր գեոմագնիսական մակարդակ կունենար պատյանի բնույթ, որը համակենտրոն կերպով կշրջապատեր Երկրի մակերևույթը, սակայն երկրակեղևի շարժումները ձևափոխում են նրանց։ Այսպիսով, գեոմորֆոլոգիական մակարդակի իրական պատկերը ռելիեֆստեղծող արտածին և ներծին ուժերի փոխազդեցության արդյունքն է։ Գեոմորֆոլոգիական մակարդակի ծագման, հասակի և հետագա փոփոխությունների վերլուծությունը գեոմորֆոլոգիական ուսումնասիրությունների հիմնական մեթոդներից մեկն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 14