Գեռնիկա (նկար, Պիկասո)

Պաբլո Պիկասոյի նկար
(Վերահղված է Գեռնիկա (նկար)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեռնիկա (այլ կիրառումներ)

Գեռնիկա (իսպ.՝ Guernica)[5][6], Պաբլո Պիկասոյի կտավ, որ ստեղծվել է 1937 թվականի մայիսին Իսպանիայի Հանրապետության պատվերով՝ միջազգային ցուցահանդեսում (Փարիզ, 1937) Իսպանիայի տաղավարում ցուցադրելու համար։ Նկարը կուբիզմի ոճով է, սև-սպիտակ գույների մեջ[7]։ Այն պատկերում է Գեռնիկայի ռմբակոծումը, որը տեղի էր ունեցել ոչ վաղ անցյալում, և իսպանական ապրիլյան հեղափոխության ու Իսպանիայի քաղաքացիական պատերազմի (1931-1939) սարսափները։

Գեռնիկա
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո[1]
տարի1937[2][1]
բարձրություն349 ± 0 սանտիմետր
լայնություն776 ± 1 սանտիմետր
ստեղծման վայրՓարիզ
ուղղությունկուբիզմ[3] և սյուրռեալիզմ[3]
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ[4] և կտավ[4]
գտնվում էՌեյնա Սոֆիա թանգարան[2]
հավաքածուՌեյնա Սոֆիա թանգարան
պատվիրատուԻսպանական հեղափոխություն
կայք
Ծանոթագրություններ
 Guernica (Pablo Picasso) Վիքիպահեստում

Ցուցահանդեսից հետո կտավը ցուցադրվել է մի շարք երկրներում (հիմնականում ԱՄՆ-ում)[8][9]։ Ինքը Պիկասոն հայտարարել է, որ նկարը կուզենար տեսնել Պրադո թանգարանում, սակայն այն Պրադո է տեղափոխվել հանրապետության վերականգնումից հետո` 1981 թվականին, իսկ 1992 թվականին 20-րդ դարի արվեստի մի շարք այլ գործերի տեղափոխվել է Մադրիդի Ռեյնա Սոֆիա թանգարան, ուր պահվում է մինչ օրս։

Ստեղծման պատմություն

խմբագրել

«Գեռնիկա» նկարի ստեղծման առիթը Բասկերի երկրի Գեռնիկա քաղաքի ռմբակոծումն է եղել։ Իսպանական հեղափոխության (1931-1939) կարևոր իրադարձություններից է դարձել քաղաքացիական պատերազմը։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում 1937 թվականի ապրիլի 26-ին լյուֆտվաֆեի կամավորական ստորաբաժանումներից մեկը` Կոնդոր լեգեոնը, ռմբակոծել է Գեռնիկան։ Մի քանի ժամում քաղաքի վրա է նետվել մի քանի հազար ռումբ, ինչի արդյունքում վեցհազարամյա քաղաքը ոչնչացվել է, մոտ երկու հազար բնակիչ հայտնվել է ավերակների տակ[10]։ Հարձակումից հետո քաղաքը երեք օր շարունակել է ծխալ[10][11]։ Այս իրադարձություններին հետևել է ողջ աշխարհը, այդ թվում` Պաբլո Պիկասոն, ում այցելել է բանաստեղծ Խուան Լարեան և հորդորել ռմբակոծման առիթով նկար ստեղծել[5]։ Իսպանացի բանաստեղծ, հասարակական գործիչ Ռաֆայել Ալբերտին հետագայում հիշել է. «Պիկասոն երբեք չէր եղել Գեռնիկայում, սակայն քաղաքի ավերման լուրը ցնցել էր նրան, ինչպես ցլի հարվածը»։ Գեռնիկայի ռմբակոծումից ցնցված` նա ստեղծեց հանրահայտ կտավը։ Այն ստեղծվել է գրեթե մեկ ամսում[5]։ Առաջին օրերին նկարիչն աշխատել է 10-12 ժամ, և արդեն առաջին վրձնահարվածներից հետո կարելի էր կռահել նկարի գլխավոր գաղափարը։ Այնպիսի տպավորություն էր, որ նկարիչը վաղուց էր մտածել նկարի գաղափարը և միայն նոր էր այն հանձնում կտավին։

Փարիզի միջազգային ցուցահանդեսում Պիկասոն իր նկարը ներկայացրել է լայն հասարակությանը, սակայն հանդիսատեսի արձագանքը այնքան էլ չի արդարացրել նկարչի սպասելիքները[12]։ Ֆրանսիացի նշանավոր ճարտարապետ Լե Կորբյուզիեն, ով ներկա է եղել իսպանական տաղավարի բացմանը, հետագայում հիշել է. «Նկարը հիմնականում նայում էր այցելուների մեջքներին»։ Սակայն միայն հասարակ այցելուները չէին, որ պատրաստ էին նկարն ընկալելու որպես պատերազմի արհավիրքները ներկայացնող յուրօրինակ ձև։ Մասնագետներից շատերը ևս չընդունեցին «Գեռնիկան». որոշ քննադատներ այնտեղ չէին տեսնում գեղարվեստականություն` նկարն անվանելով քարոզչական փաստաթուղթ, մյուսները փորձում էին նկարի բովանդակությունը սահմանափակել կոնկրետ մեկ իրադարձության շրջանակներում` այնտեղ տեսնելով միայն բասկերի ողբերգությունը։ Մադրիդյան «Sábado Gráfico» ամսագիրը նույնիսկ գրել է. «Հսկայական չափեր ունեցող «Գեռնիկա» նկարը սարսափելի է։ Հնարավոր է, այն Պիկասոյի ստեղծած ամենավատ գործն է»։

1940 թվականին՝ գերմանական զորքերի` Փարիզ մտնելուց որոշ ժամանակ անց, Պաբլո Պիկասոյի մոտ են գալիս գեստապոյից։ Նկարչի սեղանին «Գեռնիկա» նկարի վերատպությամբ բացիկներ էին դրված։ Գեստապոյականների այն հարցին, թե արդյոք դա նկարիչն է արել, Պիկասոն սառնասրտությամբ պատասխանել է. «Ո'չ, դա դուք եք արել»[13]։

Հետագայում Պիկասոն իր այս նկարի մասին խոսելիս նշել է. «Ինչ ասես չլսեցի «Գեռնիկայի» մասին թե' թշնամիներից և թե' բարեկամներից»։ Իսպանացի հասարակական գործիչ Դոլորես Իբարուրին բարձր է գնահատել Պիկասոյի նկարը.

  Գեռնիկան ֆաշիզմն ու Ֆրակոյին դատապարտող սարսափելի մեղադրանք է։ Այն կենտրոնացրել ու պայքարի է մղել ժողովրդական ուժերին, բարի կամք ունեցող բոլոր մարդկանց։ Եթե Պիկասոն իր ամբողջ կյանքում որևէ այլ նկար ստեղծած չլիներ` բացի «Գեռնիկայից», նրան, միևնույն է, կարելի կլիներ դասել մեր դարաշրջանի լավագույն նկարիչների շարքին։  

Դանիացի ծաղրանկարիչ Հեռլուֆ Բիդստրուպը Գեռնիկան համարել է ամենանշանավոր հակապատերազմյան նկարը։ Նա գրել է.

  Իմ սերնդի մարդիկ լավ են հիշում, թե ինչպես ֆաշիստները սարսափելի ռմբակոծության ենթարկեցին Գեռնիկա քաղաքը Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում։ Նկարիչը պատկերել է պատերազմի գազանաբարո դեմքը, այդ սարսափելի իրականության արտացոլանքը աբստրակտ ձևում։ Նկարը նախկինի պես մեր` պատերազմի դեմ ուղղված զինամթերքի մեջ է։  

Նկարագրություն

խմբագրել

«Գեռնիկա» կտավը նկարված է յուղաներկով սև-սպիտակ տոների մեջ։ Չափերն են 7.8×3.5 մ։ Նկարը ստեղծվել է մեկ ամսվա ընթացքում։ Այն ներկայացնում է մահվան, բռնության, վայրագության, տառապանքի ու անկարողության տեսարաններ` առանց նշելու դրանց անմիջական պատճառները։ Սև-սպիտակ ներկապնակի ընտրությունը մի կողմից մոտ է այդ շրջանի թերթերի ժամանակագրությանը, մյուս կողմից էլ ներկայացնում է պատերազմի անկյանք բնույթը։ «Գեռնիկան» պատկերում է տառապող մարդկանց, կենդանիներին, շինությունները, որոնք պատերազմի ու քաոսի ազդեցությամբ այլակերպվել են։

  • Բոլոր տեսարանների իրադարձությունները կատարվում են սենյակում, որի ձախակողմյան բաց հատվածում երեխայի մահը սգացող կին է պատկերված։ Նրա կողքին լայն բացած աչքերով ցուլ է։
  • Կենտրոնական պլանում ծառս եղող ձի է. կարծես նա հենց այդ պահին խոցվել է նիզակով կամ դաշույնով։ Ձիու ռունգերը և վերին ատամները ձևավորված են մարդու գանգի տեսքով[14]։
  • Ձիուց ներքև մահացած, ամենայն հավանականությամբ անդամահատված զինվոր է, ում կտրված ձեռքը դեռևս սեղմում է թրի բռնակը, որից ծաղիկ է աճել։
  • Աչքի տեսք ունեցող թափանցիկ լամպը վառվում է տառապող ձիու գլխավերևում (լամպը տանջարանի խցիկի լամպ է)։
  • Աջ կողմում` ձիուց վերև, անտիկ շրջանի դիմակ է, որը կարծես ներկայացվող տեսարանի վկան լինի. այն ասես լողալով սենյակ է թափանցում պատուհանից։ Նրա ձեռքում, որը նույնպես մտնում է սենյակ, վառվող լամպ է։
  • Անմիջապես աջ կողմում` լողացող կանացի կերպարից փոքր-ինչ ներքև, երկյուղած կնոջ կերպարն է։ Նրա դատարկ հայացքն ուղղված է վառվող լամպին։
  • Թրերը, որոնք խորհրդանշում են սուր ճիչ, փոխարինում են ցլի, ողբացող կնոջ ու ձիու լեզուներին։
  • Ցլի հետևի մասում խուճապահար թռչուն է` հավանաբար աղավնի։
  • Աջ եզրում մի կերպար է` սարսափից վեր բարձրացրած ձեռքերով, որը վերևից ու ներքևից կրակի ծուղակի մեջ է հայտնվել։
  • Բաց դռներով մուգ պատով ավարտվում է նկարի աջ եզրը։
  • Մեռնող զինվորի ձեռքին նկատելի են սիգմատներ (ցավոտ, արնահոսող վերքեր, որոնք առաջանում են հավատացյալ մարդկանց մոտ, ովքեր տառապել են Հիսուսի նման)։ Պիկասոն դավանանքով չի առանձնացել։ Չնայած նրա անհատականությունը ձևավորվել է կաթոլիկ Իսպանիայի արվեստի ազդեցությամբ, այս խորհրդանիշները չի կարելի համարել հեղինակի` քրիստոնեություն դավանելու նշան։ Պիկասոն օգտագործել է ճանաչելի կերպար, որպեսզի ցույց տա, որ մարդիկ տառապում են առանց որևէ պատճառի։
  • Սենյակի հատակը հիշեցնում է քարտեզ` ռազմական գործողությունների պլան։

Նկարի որոշ դրվագների մեկնաբանություններ

խմբագրել
  • Բազմաթիվ տարաձայնությունների առիթ է հանդիսացել նկարի վերին ձախ անկյունում պատկերված ցլի գլուխը։ Այս կերպարը շրջապատին է նայում բացարձակ անտարբեր հայացքով. նրա հայացքը որևէ տեղ ուղղված չէ։ Նա չի կարեկցում նկարի կերպարներին, անկարող է հասկանալ արհավիրքի բոլոր սարսափները։ Որոշ արվեստագետներ կարծում են, որ այն խորհրդանշում է ֆաշիզմը և համաշխարհային չարիքը։ Հենց ցլին է իր վերջին «անեծքները» ուղղում նկարի կենտրոնի ձին, սակայն ցուլը դա չի նկատում, ինչպես չի նկատում այն ամենը, ինչ կատավում է իր շուրջը։ Որոշ հետազոտողներ, օրինակ` Ն. Դմիտրևը, ենթադրում են, որ ցուլը անտեղյակության, խլության, անգիտության խորհրդանիշ է։
  • Որոշ իսպանացիներ ցլի կերպարում տեսնում են հենց Իսպանիան (ցուլը իսպանական ավանդական ցլամարտի խորհրդանիշն է), որը երես է թեքել Գեռնիկայում կատարվածից։ Դա հղում է այն հանգամանքին, որ Ֆրանկոն թույլատրել է ռմբակոծել հայրենի քաղաքը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. 2,0 2,1 http://www.museoreinasofia.es/en/collection/artwork/guernica
  3. 3,0 3,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  4. 4,0 4,1 RKDimages (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Richardson (2016)
  6. Picasso, Pablo. Guernica. Museo Reina Sofia. (Retrieved 2017-09-07.)
  7. «Pablo Picasso». Biography.com.
  8. Van Hensbergen, Gijs (2005) Guernica p. 83 Bloomsbury Publishing At Google Books. Retrieved 4 November 2013
  9. Fluegel (1980), p. 350
  10. 10,0 10,1 Arhheim, (1973)
  11. Ray (2006),168–171.
  12. Martin (2002)
  13. Tom Lubbock (2013 թ․ մարտի 27). «Review: Guernica by Gijs van Hensbergen | Books». The Guardian. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
  14. ...questions of meaning, part of a series of web pages on Guernica in Public Broadcasting Service Treasures of the World series. Accessed 16 July 2006.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեռնիկա (նկար, Պիկասո)» հոդվածին։