Գլոցում
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Գլոցում, մետաղների, գոլցման հաստոցների պտտվող գրտնակներով մետաղներն ու դրանց համաձուլվածքները շրջասեղմելու միջոցով ճնշմամբ մշակելու եղանակ։ Գլոցումով ստացված գլոցվածքային արտադրանքը (թերթեր, խողովակներ, շվելերներ, հեծաններ, երկաթուղային ռելսեր և այլն) լայնորեն կիրառվում է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում։ Գլոցված մետաղն օգտագործում են անմիջականորեն կոնստրուկցիաներում (մետաղական, երկաթբետոնե և այլն), ինչպես նաև որպես մեքենամասերի նախապատրաստուկ (քառակուսի, կլոր, հարթ) հաջորդական մեխանիկական մշակման, կռման կամ դրոշմման համար։ Մետաղները ճնշումով մշակելու մյուս եղանակների (կռում, քարշում և այլն) համեմաաությամբ գլոոցումը աչքի է ընկնում մեծ արտադրողականությամբ։ Բացի այդ, գլոցման ժամանակ մետաղը ենթարկվում է սեղմման զգալի պլաստիկ ձևափոխության, որի հետևանքով առաջանում է ավելի խիտ ու մանրահատիկ կառուցվածք։ Դրա շնորհիվ լավանում են մետաղի մեխանիկական հատկությունները։ Գլոցումը կատարվում է երեք հիմնական եղանակներով. երկայնական, լայնական և լայնական-պտուտակային (կամ շեղ)։ Առավել տարածված երկայնական գլոցման դեպքում մշակվող շինվածքի ձևափոխությունը կատարվում է միմյանց նկատմամբ զուգահեռ դասավորված և հակադարձ ուղղությամբ պտտվող գրտնակների միջև։ Գլոցվող շինվածքի հատվածը փոքրանում է, երկարությունը՝ մեծանում։ Երկայնական գլոցումը կիրառում են տեսակավոր ու թերթավոր մետաղ ստանալու, ինչպևս նաև նախապատրաստուկից պատրաստի խողովակ գրտնակելու համար։ Լայնական գլոցման դեպքում գրտնակները պտտվում են նույն ուղղությամբ, իսկ նախապատրաստուկը գրտնակների միջև այնպես է տեղավորվում, որ գրտնակների ու նախապատրաստուկի առանցքները միմյանց նկատմամբ լինում են զուգահեռ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 103)։ |