Գրիգոր Բ Սենեքերիմյան
Գրիգոր Բ կամ Գրիգոր Բ Սենեքերիմյան (անհայտ[1] - 1166[1]), Սյունիքի թագավորության թագավոր։ Գրիգոր թագավորը իր իշխանության 70 տարիների ընթացքում պայքար է մղել սելջուկների դեմ, չի հանձնել Սյունիքն օտարներին։
Գրիգոր Բ Սենեքերիմյան | |
---|---|
Սյունիքի արքա | |
Իշխանություն | 1096 - 1166 |
Ծնվել է՝ | անհայտ[1] |
Մահացել է՝ | 1166[1] |
Հաջորդող | Հասան Խաչենցի |
Հայր | Սենեքերիմ Սևադյան[1] |
1094 (կամ 1096) թ. խաղաղության դաշն կնքելու պատրվակով, միջնորդ ունենալով Շիրակի Գրիգոր Ապիրատյան իշխանին, Գանձակի ամիրան ժամանում է Կապան, որտեղ՝ Բաղաբերդ ամրոցում, ճակատամարտի էր պատրաստվում Սենեքերիմ արքան։ Գրիգոր իշխան Անեցին, մտնելով ամրոց, համոզում է Սյունիքի թագավորին, որ Գանձակի տերը եկել է Սյունիք բարի առաքելությամբ՝ միայն խաղաղության դաշն կնքելու և բարեկամություն հաստատելու նպատակով։ Հավատալով հայ իշխանի խոսքին՝ Սենեքերիմն իջնում է ամրոցից, սակայն բանակցությունները դեռ չսկսած՝ «չարաթոյն գազան» թուրք բռնապետը անսպասելիորեն «ստեաց ուխտին և յարձակեալ մռմռանօք ի վերայ եսպան զթագաւորն»,– գրում է պատմիչը։ Ապա՝ շարունակում է. «Այսպես շիջաւ ճրագն քրիստոնէից, որ կայր մնացեալ յամուրսն Բաղաց»: Սենեքերիմը նույնպես թաղվեց Վահանավանքի արքունական դամբարանատանը՝ «ի շիրմի ընդ այլ թագաւորսն»։ Գահ է բարձրանում նրա որդին՝ Գրիգորը, ով 70 տարի շարունակ կառավարում է Սյունիքի թագավորությունը։
1103 թ. սելջուկ-թուրքերը Մելիք-Շահի երբեմնի մատռվակ Չորթմանի գլխավորությամբ ներխուժում են Սյունիքի Բաղք գավառ։ Նրանց հիմնական նպատակն էր գրավել Կապան մայրաքաղաքը, ոչնչացնել թագավորության զինական ուժը և վերջնականապես լուծել «Սյունյաց խոչընդոտի» հարցը։ Չորթմանի հրոսակները կոտորածն սկսում են Կապանի Ջհտաթաղ (հրեաների թաղ) կոչված արվարձանից։ Թշնամուն չի հաջողվում գրավել արքայանիստ Բաղաբերդ ամրոցը և կողոպտած հարուստ ավարով հեռանում է քաղաքից։ Սյունիքի մայրաքաղաք Կապանի ավերակները գտնվում են Կապան-Քաջարան մայրուղու ձախակողմյան սարալանջին, Ողջի գետի աջ ափին, այժմյան դպրոցական ճամբարների և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի առողջարանային համալիրի տարածքում։ Երբեմնի քաղաքը ծածկված է անտառային խիտ բուսականությամբ, սակայն հարավային մասում տեղ-տեղ երևում են պարսպապատերի մնացորդները՝ երբեմն 2-2, 5 մ բարձրությամբ։ Կատաղի մարտերը տևեցին մեկ տարի։ 1104 թ. նրանք ներխուժեցին Որոտն և Բղեն գավառ, որը գտնվում էր Հաբանդի (այժմյան Գորիսի շրջան) և Բաղքի (այժմյան Կապանի շրջան) միջնամասում։ Գերվեց Բղենո Խոսրովիկ իշխանը։ Ապա՝ Սյունիքը խաղաղության մեջ գտնվեց ևս 22 տարի։ 1126 թ. Հարոն ամիրան գրավեց Արևիք գավառը (այժմյան Մեղրիի շրջանը)։ 1152 թ. թուրքերին հաջողվեց նվաճել Շլորուտի բերդը, իսկ հինգ տարի հետո՝ 1157 թ. ընկավ Մեղրիի բերդը։ 1170 թ. թուրքերը Կապան քաղաքի մերձակա Աչաղու գյուղի "պարզամիտ քրիստոնյաների" մատնության պատճառով գրավեցին Սյունյաց աշխարհի «հոյս եւ ապաւէն» Բաղաբերդ ամրոցը։ Կողոպտվեցին և ոչնչացվեցին այստեղ ամբարված ավելի քան 10 000 ձեռագիր մատյաններ, րբություններ, Սյունյաց նահանգի արքունական գանձերը։ Բաղաբերդի անկումը պատմիչը համեմատում է Նաբուգոդոնոսոր արքայի կողմից Երուսաղեմը կործանելու հետ։ Ուսումնասիրողներից ոմանք համարում են, որ Բաղաբերդը Կապան քաղաքի միջնաբերդն էր, որպիսի վարկածը ընդունելի չէ, քանզի պատմական Կապան քաղաքը գտնվելիս է եղել Ողջի գետի աջ ափին, իսկ Բաղաբերդ ամրոցը՝ գետի ձախակողմյան սարալանջին՝ Բաղակու քարին հանդիպակաց։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 213)։ |
Նախորդող Սենեքերիմ Սևադյան 1072–1096 |
Սյունիքի արքա Գրիգոր Բ Սենեքերիմյան 1096-1166 |
Հաջորդող Հասան Խաչենցի 1166-1170 |