Գրիգոր Դարանաղցի
Գրիգոր Դարանաղցի, Կամախեցի, Կամախացի (մոտ 1576[1], Կամախ, Օսմանյան կայսրություն[1] - 1643[1], Թեքիրդաղ, Օսմանյան կայսրություն[1], նշանավոր եկեղեցական, ժամանակագիր։ Սովորել է Բաբերդում։ 1590-1597 թվականներին՝ Սեպուհ լեռան Լուսավորիչ վանքի կրոնավոր։ Եղել է Արևելյան Հայաստանում, Ղրիմի հայկական գաղութում, Երուսաղեմում, Կոստանդնուպոլսում։ Երկար տարիներ Ռոդոստոյի (Կրետե կղզու) հայոց հոգևոր առաջնորդն էր։ 1634-1640 թվականներին գրել է «Ժամանակագրություն» (միակ ձեռագիրը պահպանվում է Երուսաղեմում), որի մեջ նկարագրվող իրադարձությունների ականատեսն է եղել։ Գրիգոր Դարանաղցու երկը հարուստ նյութ է պարունակում Ջալալիների շարժման վերաբերյալ, ըստ որում հեղինակը փորձել է բացահայտել այդ շարժումների հասարակական դրդապատճառներն ու հետևանքները։ Երկում կարևոր տեղեկություններ կան Օսմանյան կայսրության ներքին դրության, հայերի վիճակի վերաբերյալ։
Գրիգոր Դարանաղցի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1576[1] Կամախ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | 1643[1] Թեքիրդաղ, Օսմանյան կայսրություն[1] |
Մասնագիտություն | ժամանակագիր |
Գործունեության ոլորտ | պատմություն |
Կենսագրություն
խմբագրելՀայ պատմագրական մտքի զարթոնքի առաջին նշանավոր դեմքը Գրիգոր Դարանաղցին է։ Գրիգոր Դարանաղցու մասին կենսագրական տեղեկությունները բավական շատ են, որոնք հաղորդում է հենց ինքը՝ հեղինակը, իր գրած ժամանակագրության մեջ։ Նա ծնվել է Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Դարանաղի գավառի Կամախ քաղաքում 1576 թվականին և հետագայում իր հայրենիքի անունով կոչվել Դարանաղցի կամ Կամախեցի, Դարանաղցուն տվել են նաև Բուք մականունը։ Հոր անունն էր Գրիգորիս, մոր անունը՝ Կուլվարդ։ Փոքր հասակում զրկվելով ծնողներից, ութ տարեկան որբուկը այնքան ճարպկություն է ունենում, որ մոտակա Սեպուհ լեռան Ծնանառճի Ս․ Աստվածածին վանքում խաշնարածություն անելով, մի կերպ կարողանում է պահել իր գոյությունը։ Ճիշտ է ասում Դարանաղցին, որ Սեպուհ լեռան բազմաթիվ վանքերում «ուսուցանող» և «խրատատու» չկար, որովհետև այն ժամանակ օսմանցի թուրքերի վայրագությունների հետևանքով Արևմտյան Հայաստանի վանական շատ հաստատություններ ավերվել և ոչնչացվել էին, իսկ կանգուն մնացածները մեծ մասամբ գտնվում էին ծույլ ու ապաշնորհ հոգևորականների ձեռքին, որոնք ավելի շատ մտածում էին իրենց գրպանի և լոկ ֆիզիկական գոյության, քան գիտություն և կրթություն տարածելու մասին։ Հեղինակել է «Պատմություն Սուրբ հօրն երիցս երանելոյն Պարոն Միակեցին», «Պատմություն Սեպուհ Լեռանց և զՄաքենեց և զԹաղենուցն յարևելից կողմանց » և այլ երկասիրություններ։ 1590 թվականին Գրիգոր Դարանաղցու կյանքում պատահականորեն բեկում է տեղի ունենում։ Նա ծանոթանալով կրթության հանդեպ սեր ունեցող մի ճգնավորի հետ,նույն թվականին աբեղա է ձեռնադրվում, այնուհետև մինչև 1597 թվականը մնում վերոհիշյալ անձնավորության խնամակալության տակ ու նրանից էլ ստանում իր առաջին գիտելիքները։ 1597 թվականին Գրիգոր Դարանաղցին մեկնում է Բաբերդ և ուսումը շարունակում է Վահանաշեն գյուղի Ս․ Ստեփանոս վանքի առաջնորդ Սրապիոն վարդապետի մոտ, որն իր շրջապատում քաջ «հռետորի համբավ» ուներ։ Սակայն այստեղ նրան վիճակված չէր խաղաղ կյանք վայելել։1598 թվականին Արևմտյան Հայաստանի շատ շրջանների հետ, Բաբերդն ու նրա շրջակա գավառները նույնպես ենթարկվում են ջալալի կոչվող մուսուլմանական ավազակախմբերի վայրագություններին։ Այս արհավիրքի պակասը լրացնում է 1599 թվականի սոսկալի երաշտը։ Այդ աղետին հաջորդում է 1600 թվականի սովը, որն ընդգրկել էր գրեթե ամբողջ Արևմտյան Հայաստանը։ Դժոխք դարձած հայրենի երկրից հեռացողների մեջ էր նաև Դարանաղին, որն անցնելով Կարս՝ հաստատվում է Այրարատ աշխարհի Սաղմոսավանքում ու մնում այստեղ մինչև 1603 թվականը։ 1602 թվականին նվիրակի պարտականություններով մեկնում է Հին Ջուղա։ 1605-1606 թվականներին Դարանաղցին լինում է Եգիպտոսում ու Երուսաղեմում, իսկ 1607 թվականին վերադառնում է Կոստանդնուպոլիս։ Կոստանդնուպոլսում նրա անցկացրած տարիները սկզբում շատ դառն ու ծանր էին։ Չար ու նախանձ կրոնավորները Պոլսի պատրիաքի գլխավորությամբ իրենց խարդախություններով զայրացնում և համբերությունից հանում էին համեստ ու եկեղեցական կարգը հարգող Դարանաղցուն։ Գրիգոր Դարանաղցին 1608 թվականին պատրիաքի կողմից նշանակվում է Թուրքիայի եվրոպական մասի հայոց եկեղեցու առաջնորդ և տեղափոխվում է Ռոդոստո քաղաք։ 1609 թվականին թողնելով պաշտոնը վերադառնում է Հայաստան։ 1612 թվականին կրկին վերադառնում է Կոստանդնուպոլիս և մեծ դժվարությամբ վերահաստատվում է իր պաշտոնում։
Աշխատություն
խմբագրելԳրիգոր Դարանաղցու կյանքի պատմությունը իր ժողովրդի և հայրենակիցների ապրած դառն օրերի և թշվառությունների պատճենն է։ Այսքան զրկանքների, հալածանքների և անարգանքների պայմաններում նա կարողացել է կրթել ու դաստիարակել որոշ աշակերտների, արտագրել մի քանի ձեռագրեր և վերջապես շարադրել իր սեփական աշխատությունը։ Դարանաղցու աշխատությունը իր ժամանակների հայ ժողովրդիի դաժան ճակատագրի տխուր նկարագրությունն է։ Նրա գլխավոր աշխատությունն իմաստասեր Գասպար Երեցի պատվերով 1634-1640 թվականներին գրված «ժամանակագրությունն» է։ Այն բաղկացած է երկու մասերից։ Առաջինը սկսվում է 1018-1539 թվականներին վերաբերող ժամանակագրական համառոտ ցանկով, որն ամբողջությամբ քաղագրություն է նախորդ հեղինակների աշխատություններից։ Երկրորդ մասում տրվում են 1595-1634 թվականների հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները։ Գրիգոր Դարանաղցին այն հազվագյուտ հայ հեղինակներից է, որի աշխատությունը մեզ է հասել հեղինակի ձեռագրով և այժմ պահպանվում է Երուսաղեմի հայկական ձեռագրերի մատենադարանում, որից և կատարվել է նրա միակ և լավագույն հրատարակությունը Երուսաղեմում 1915 թվականին։ Այս ժամանակագրությունը ընդհանրապես հարուստ և բազմակողմանի նյութեր է պարուանկում 17-րդ դարի առաջին տասնամյակների Կոստանդնուպոլսի ներքին կյանքի, ենիչերների խռովությունների ու անօրինակությունների, հայության ծանր օրերի և այլ հարցերի մասին։ Գրիգոր Դարանաղցու «ժամանակագրություն»-ը եզակի է հատկապես ժամանակի հայկական գաղթավայրերի, ինչպես նաև Օսմանյան կայսրության միջնադարյան պատմության ուսումնասիրության համար։ Դարանաղցին հազվագյուտ տեղեկություններ է տալիս նաև հայ ժողովրդի սոցիալ-տնտեսական ու քաղաքական կյանքի մասին և նշում այն ուղղությունները, որոնցով հայ գաղթականների մեծ զանգվածները արտագաղթում էին օտար երկրներ։ Պատմագիրն անդրադարձել և խստորեն դատապարտել է կաթոլիկական միսիաների գործունեությունը, վերհանել կաթոլիկության քարոզչության աղետաբեր հետևանքները հայոց համար։ Գրիգոր Դարանաղցին վախճանվում է Ռոդոստոյում 1643 թվականին, 67 տարեկան հասակում և թաղվում Ս․ փրկիչ եկեղեցու բակում։ Ժամանակակիցները մեծ գովեստով են խոսում Դարանաղցու մասին, նրան անվանելով «քաջ հռետոր և արիաջան րաբունապետ», «մեծ և անվանի և ամենայն իմաստություններով լի» վարդապետ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 214)։ |