Գրիգոր Վահեի Թագվորյան (1999 թ. սեպտեմբերի 19, Գյումրի - 2020 թ. հոկտեմբերի 10, Ջրական), 44-օրյա պատերազմի մասնակից։

Գրիգոր Վահեի Թագվորյան
Գրիգոր Թագվորյան
19 սեպտեմբերի, 1999 - 10 հոկտեմբերի, 2020
ԾննդավայրՀայաստան Հայաստան, Գյումրի
Մահվան վայրԱրցախ Արցախ, Ջրական
Ծառայության տարիներ2018 հունվար - 2020 հոկտեմբեր
Մարտեր/
պատերազմներ
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
ՊարգևներՊատվոգիր զգոնության, վճռականության և բարձր կարգապահության համար «Մարտական ծառայություն» մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Գյումրի քաղաքում։ 2018 թ. մեկնել է զինվորական ծառայության «Ես Եմ» ծրագրով։ 2020 թ. hոկտեմբերի 10-ին զոհվել է Արցախի Հանրապետության Ջրականի շրջանում[1][2][3]։

Կրթություն

խմբագրել

2006-2017 թթ. սովորել և ավարտել է Գյումրու թիվ 21 հիմնական, այնուհետև թիվ 37 ավագ դպրոցները։ Սովորելու ընթացքում արժանացել է բազմաթիվ գովասանագրերի, շնորհակալագրերի։ Մասնակցել է տարբեր ինտելեկտուալ խաղերի և ուսումնական մրցաշարերի՝ ցուցաբերելով մեծ առաջադիմություն։ 2017 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի Կենսաբանություն ֆակուլտետի Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա բաժինը։

5 տարեկանից զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ, այնուհետև սպորտային ակրոբատիկայով։ Մասնակցել է Հայաստանի և միջազգային բազմաթիվ մրցումների։ 2014 թ. ՌԴ Մոսկվա քաղաքում Համառուսաստանյան մրցաշարում գրավել է առաջին տեղը, 2 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 2 անգամ Երևան քաղաքի չեմպիոն և 6 անգամ Հայաստանի փոխչեմպիոն[4]։ 2014 թ ստացել է Հայաստանի սպորտի վարպետի կոչում։ 2015 թ-ից սկսել է զբաղվել նաև հունահռոմեական ըմբշամարտով։

Զինվորական ծառայություն

խմբագրել

2018 թ. մեկնել է զինվորական ծառայության «Ես Եմ» ծրագրով՝ 3 տարի ժամկետով։ Ծառայության ընթացքում ցուցաբերել է մեծ առաջադիմություն, արժանացել է խրախուսանքի հրամանատարության կողմից, պարգևատրվել է պատվոգրով, ստացել է Հայաստանի ԶՈՒ և ՊԲ «Լավագույն զինվոր մարզիկ» և «Քաջարի մարտիկ» շքանշաններ։

Երբ հարցրել են ինչու երեք տարի, ոչ թե հասարակ երկու, Գրիգորը պատասխանել է. «Չես կարծու՞մ, որ մեր հայրենիքը արժանի է, որ մեկ տարի ավելի նվիրենք մեր կյանքից նրան, արժանի է, որ մի քիչ ավելի պաշտպանենք»։

2020 թ սեպտեմբերի 27-ին ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ժամանակ կատաղի թեժ մարտեր է մղել թշնամու դեմ՝ պաշտպանելով Հայրենիքը։ Պատերազմի ժամանակ իր զինակից ընկերների հետ կարողացել են խոցել թշնամու 5 անօդաչու սարք և մեկ ուղղաթիռ։ Հոկտեմբերի 9-ին կատաղի մարտերի ժամանակ որոշ ջոկատներ հետ են նահանջել։ Ռադիոկապի միջոցով նաև Գրիգորին են նահանջի հրաման տվել, բայց Գրիգորը նրանց պատասխանել է. «Ես հետ նահանջող չեմ, ես էդ տղեն չեմ, էդ մարդու տղեն չեմ, մինչև վերջ առաջ կերթամ»։ Հոկտեմբերի 10-ին թշնամու կողմից արձակած հրթիռի (գրադ կայանքի) պայթունի հետևանքով զոհվեց Արցախի Հանրապետության Ջրականի շրջանում։

Գրիգոր Թագվորյանը հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելիս զգոնություն և վճռականություն ցուցաբերելու, ինչպես նաև զինվորական բարձր կարգապահության համար պարգևատրվել է պատվոգրով։

Գրիգոր Թագվորյանը ԱՀ Նախագահի 2021 թ. N 238-Ա հրամանագրով հետմահու պարգևատրվել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» մեդալով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արցախի ՊՆ-ը հրապարակեց ևս 23 զոհված զինծառայողների անուններ».
  2. «ՊԲ-ն հրապարակել է զոհված ևս 23 զինծառայողի անուններ».
  3. «Նրանք զոհվեցին հանուն Հայրենիքի. 2020 թվականի արցախյան պատերազմի նահատակները (թարմացվում է)».
  4. «Մեր ցատկորդները զարմացրին Մոսկվայի մասնագետներին, Tsayg.am».

Արտաքին հղումներ

խմբագրել