Գևորգ Թոսունյան

հայ լեզվաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոսունյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գևորգ (Ժորա) Բաբկենի Թոսունյան (մարտի 8, 1934(1934-03-08)[1], Դադեշ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 7, 2018(2018-01-07), Երևան, Հայաստան[2]), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, մի քանի տասնյակ գրքերի հեղինակ։

Գևորգ Թոսունյան
Ծնվել էմարտի 8, 1934(1934-03-08)[1]
Դադեշ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 7, 2018(2018-01-07) (83 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր

Կենսագրություն

խմբագրել

Գևորգ (Ժորա) Բաբկենի Թոսունյանը ծնվել է 1934 թվականի մարտի 8-ին, Ջավախք գավառի Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում՝ հողագործի ընտանիքում։ Տեղի ութամյա դպրոցը գերազանց առաջադիմությամբ վերջացնելուց հետո կարմիր դիպլոմով ավարտել է Ախալքալաքի մանկավարժական ուսումնարանը և ապա Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական բաժինը։ 1954-1956 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Ինստիտուտն ավարտելուց հետո, այն է՝ 1962-1966 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Հայաստանի Սպիտակի շրջանի Լուսաղբյուր գյուղի միջնակարգ և Վրաստանի Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի ութամյա դպրոցներում[3]։

Ակադեմիկոս Արարատ Ղարիբյանի հրավերով 1966 թվականին աշխատանքի է անցել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում՝ նախ ակադեմիայի նախագահությանը կից համաբարբառի բաժնում, իսկ 1978 թվականից սկսած՝ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում. սկզբում եղել է կրտսեր գիտաշխատակից, այնուհետև՝ բաժնի վարիչ առաջատար գիտաշխատակցի հաստիքով։ Լեզվի ինստիտուտից աշխատանքից ազատվել է 2008 թվականին, երբ Երուսաղեմի հայոց միաբանության կողմից հրավեր է ստացել պաշտոնավարելու Ժառանգավորաց վարժարանում։ Համատեղության կարգով 1985-1991 ուսումնական տարիներին միաժամանակ գրաբար է դասավանդել Խրիմյան Հայրիկի անվան N 10 թեքումով դպրոցում, 1991-1994 թվականներին՝ Երևանի պետական համալսարանում, 1991-1994, 2000-2006 թվականներին՝ մանկավարժական ինստիտուտում և տարբեր մասնավոր (Մովսես Խորենացի, Հրաչյա Աճառյան, Վիլյամ Սարոյան) բուհերում, իսկ 1995-1998, 2006-2012 ուսումնական տարիներին եղել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի գրաբարի ու հայոց լեզվի պատմության դասախոսը։

Պաշտպանել է թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ և ստացել նախ բանասիրական գիտությունների թեկնածուի և ապա՝ դոկտորի գիտական աստիճանները։

Գ. Թոսունյանն ունի երեք զավակ, յոթ թոռ, հինգ ծոռ։

Աշխատություններ

խմբագրել

Գևորգ (Ժորա) Բաբկենի Թոսունյանը հրատարակել է «Գրաբարի նախադրությունները (5-11–րդ դարեր)», «Գրաբարի բառարանագրությունը»[4] մենագրությունները, գրաբարի բուհական դասագիրքը (հեղինակակից՝ Լ. Խաչատրյան), մեր դասական հեղինակների ասույթները սկզբից մինչև մեր օրերը (երեք գիրք), կազմել է բնագրային համաբարբառներ (Եզնիկ Կողբացի, Գր. Նարեկացի, Մ. Ուռհայեցի)։ Գրաբարից աշխարհաբար է թարգմանել Հովհ. Դրասխանակերտցու և Վարդան Արևելցու պատմությունները, Ալիշանի «Արցախը և Ուտիքը», Հովհան Դարդելի «Ժամանակագրությունը», Մսեր Գրիգորյանցի «Հաւատոյ հանգանակը», «Հայոց նոր վկաները», արևմտահայերենից արևելահայերենի է վերածել՝ գերմաներեն բնագրի հետ համեմատելով, Յոհաննես Լեփսիուսի «Հայ ժողովրդի ջարդերը» գիրքը, կրոնական բնույթի գրքեր է թարգմանել նաև ռուսերենից հայերեն։ Գրաբարի և հայոց լեզվի պատմության վերաբերյալ «Պատմաբանասիրական հանդես», «Լրաբեր», «Բանբեր Երևանի համալսարանի», «Էջմիածին», «Մայրենի», «Սովետական Հայաստան», «Լեզու և լեզվաբանություն», հանդեսներում, Վիեննայի «Հանդէս ամսօրեայ», Երուսաղեմի «Սիոն» պարբերականներում հրատարակել է ավելի քան երկու հարյուր հոդված։ Լաբորանտներ Վ. Առուստամյանի և Գ. Բաղդասարյանի հետ կազմել և 1990 թվին ավարտել է գրաբարի ընդարձակ հանգաբառարանը, իսկ գիտաշխատակիցներ Լ. Սահինյանի և Ա. Սահակյանի հետ՝ ժամանակակից հայերենի բառազուգորդումների բառարանը (2007 թ.), որոնք դեռ անտիպ են։ Մեծ եղեռնի 100–ամյակի կապակցությամբ կազմել և հրատարակել է Մեծ եղեռնին զոհ գնացած արևմտահայ բանաստեղծների չափածոյի փոքրիկ ընտրանին՝ «Սարսուռներ» վերնագրով։ Խմբագրել է ավելի քան 500 մամուլ աշխատանք՝ համաբարբառներ, շարականների ժողովածուներ, գրաբարի բառարաններ՝ դասագրքեր՝ գիտական աշխատություններ և այլն։ Այժմ մասնակցում է Աստվածաշնչի համառոտ բառարանի կազմման աշխատանքներին։

Պարգևներ, մրցանակներ

խմբագրել

Գ. Թոսունյանն իր բարեխիղճ աշխատանքի համար 1970 թվականին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար», իսկ 1987 թվականին ԽՍՀՄ Գերագուն խորհրդի կողմից՝ «Աշխատանքի վետերան» մեդալներով։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը 1981 թվականին նրան շնորհել է «Գովեստագիր», իսկ 2003 թվականին Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը՝ «Պատվոգիր»։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=5142
  2. «Մահացել է լեզվաբան Գևորգ Թոսունյանը».
  3. «Zarkfoundation - Գևորգ Թոսունյան». zarkfoundation.com.
  4. Թոսունյան, Գեւորգ Բաբկենի (2006). Գրաբարի բառարանագրությունը. Զանգակ-97. ISBN 9789994111695.

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Թոսունյան» հոդվածին։