Դեղաբանություն, գիտություն, որն ուսումնասիրում է մարդու և կենդանիների օրգանիզմների վրա դեղանյութերի և կենսաբանորեն ակտիվ այլ նյութերի ազդեցությունը։ Այդ նպատակով օգտվում են հետազոտման տարբեր մեթոդներից (ֆիզիոլոգիական, կենսաքիմիական, հյուսվածաբանական, և այլն)։ Մարդու օրգանիզմի վրա դեղանյութերի ազդեցության վերաբերյալ տեղեկությունները, որոնք ստացվում են բուժիչ նպատակով դրանց օգտագործման արդյունքում, կազմում են դեղաբանության հատուկ բաժին՝ կլինիկական դեղաբանություն։ Դեղաբանությունը սերտորեն կապված է դեղանյութերի մասին տարբեր, առաջին հերթին՝ դեղագործական, պրոֆիլի գիտությունների (օրինակ՝ դեղագործական քիմիայի) և դեղագիտության (գիտություն բուսական և կենդանական, ծագման դեղանյութային հումքի մասին), ինչպես նաև թունաբանության հետ։

Դեղաբանության խորհրդանիշը

Զարգացման պատմություն

խմբագրել
 
Դեղատուն պատկերված 14-րդ դարի ձեռագրում (tacuinum sanitatis casanatensis)

Ամենահին աղբյուրը, որը պարունակում է դեղանյութերի մասին տեղեկություններ Սուշրուտա Սամհիտան է, որը հնդկական այուվերդյան տրակտատ է, որի հեղինակը Սուշրուտան է։ Այն թվագրվում է մ. թ. ա. 6-րդ դարին։

Շատ շումերական սեպագիր կավե տախտակներ բժշկական դեղատոմսեր է պարունակում[1]։

Հին հույն Դիոկլես Կարիստացին (մ. թ. ա. 4-րդ դար) առաջիններից էր, ով ուսումնասիրեց բույսերի բուժական հատկությունները։ Նա այդ թեմայով գրել է մի շարք աշխատություններ[2]։

Հայաստան

խմբագրել

Դեղագործության զարգացումը Հայաստանում կապվում է Գրիգոր Մեդնիկյանի անվան հետո, ով 1922 թվականին նախաձեռնեց ԵՊՀ բժշկական ֆակուլտետտում դեղաբանության ամբիոնի ստեղծումը։ 1965 թվականին ամբիոնին կից բացվել է սիրտանոթային համակարգի դեղաբանության պրոբլեմային լաբորատորիա։ 1968 թվականին համանուն լաբորատորիա է ստեղծվել Լ. Հովհաննիսյանի անվան սրտաբանության ինստիտուտում։ Դեղաբանության զարգացմանը նպաստել է նաև 1963 թվականին Ս. Դովլաթյանի նախաձեռնությամբ կազմակերպված փորձարարական, թերապիայի և օրգանական սինթեզի լաբորատորիան։

Սկզբնական շրջանում ուսումնասիրվել են հանքային ջրերի ազդեցության մեխանիզմները ստամոքսաղիքային համակարգի շարժողական ֆունկցիաների վրա (Գ. Մեդնիկյան, Ս Միրզոյան)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի և հետպատերազմյան տարիներին, մի շարք դեղանյութերի փոխարինողների ստացման անհրաժեշտությունից ելնելով, դեղաբանության ամբիոնը Բուսաբանության ինստիտուտի հետ համատեղ ուսումնասիրել է հանրապետության բուսական, պաշարները և հայտնաբերել ավելի քան 65 ալկալոիդակիր բույսեր։ Փորձարարական, հետազոտություններով բացահայտվել են բուսական ծագման հակաբիոտիկներ, շնչառության և արյան շրջանառության խթանիչներ, արյան ճնշումն իջեցնող, միզամուղ, արյունահոսությունը դադարեցնող դեղանյութեր։ ԵՊԲՀ դեղաբանության ամբիոնը ԵՊՀ-ի և Կենսաքիմիայի ինստիտուտի հետ մշակել է նյութի կառուցվածքի կապը նրա դեղաբանական, ազդեցության հետ։ Հետազոտվել են ստամոքսաղիքային համակարգի ֆունկցիաների վրա գանգլերոնի և քվատերոնի ազդեցության առանձնահատկությունները։ Կարևոր են նաև հակախոցային նոր դեղանյութերի որոնման և դրանցից առավել ակտիվ պատրաստուկների ազդեցության մեխանիզմների ուսումնասիրությունները։ Աշխատանքներ են կատարվել ուղեղային արյան շրջանառության վրա գամմաամինակարագաթթվի (ԳԱԿԹ) ներգործության մեխանիզմների ուսումնասիրման վերաբերյալ (Վ. Հակոբյան)։

Նյարդաքիմիական տեսությունը հետագայում զարգացել է Վ. Հակոբյանի և ԵՊԲՀ դեղաբանության ամբիոնում կատարված աշխատանքներով։ Շարժողական ակտիվության սահմանափակման պայմաններում ուղեղային հեմոդինամիկայի կարգավորման գործընթացներում ԳԱԿԹ-համակարգի ազդեցության ուսումնասիրումն ընդգրկում է տեսական և գործնական մեծ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հետազոտություններ, որոնք բացահայտում են ուղեղային արյան շրջանառության խանգարումների առաջացման և վերջիններիս համուղղման նուրբ մեխանիզմները։

Է. Գաբրիելյանի ղեկավարած գիտահետազոտական խումբն ուսումնասիրում է անոթարյուն համակարգի ֆունկցիոնալ հավասարակշռության խանգարումները զանազան արտակարգ (քրոնիկական բազմաբաղադրատարր գերհույզ) և որոշ ախտաբանական վիճակներում (պարբերական հիվանդություն, անոթային հիվանդություններ), ինչպես նաև բացահայտված խանգարումների հնարավոր դեղորայքային բուժումը, այդ թվում՝ ժողովրդական բժշկության մեջ ավանդաբար օգտագործվող դեղաբույսերից ստացվող բուսական պատրաստուկների օգնությամբ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. John K. Borchardt (2002). «The Beginnings of Drug Therapy: Ancient Mesopotamian Medicine». Drug News & Perspectives. 15 (3): 187–192. doi:10.1358/dnp.2002.15.3.840015. ISSN 0214-0934. PMID 12677263.
  2. Edward Kremers, Glenn Sonnedecker (1986). "Kremers and Urdang's History of pharmacy". Amer. Inst. History of Pharmacy. p.17. ISBN 0931292174
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 336