Դիալեկտիկական մատերիալիզմ
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածը կամ բաժինը մաքրում է պահանջում Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։' Խնդրում ենք, բարելավեք այս հոդվածը կամ բաժինը ըստ հոդվածների գրման կանոնակարգի: Կամ էլ կարող եք ուղղակի արտահայտել ձեր կարծիքը քննարկման էջում: |
Դիալեկտիկական մատերիալիզմ, գիտական փիլիսոփայություն, որը զարգացել է Եվրոպայում և հիմնված է Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի աշխատությունների վրա։ Գիտական կոմունիզմի հետ մեկտեղ համարվել է մարքսիզմի բաղկացուցիչ մասերից մեկը։
Դիալեկտիկական մատերիալիզմն ստեղծել են Մարքսը և Էնգելսը XIX դարի 40-ական թվականներին, հետագայում այն զարգացրել են Վլադիմիր Լենինը և մարքսիստ այլ տեսաբաններ։ Դիալեկտիկական մատերիալիզմում մատերիալիզմի և դիալեկտիկայի օրգանական զուգորդումը կատարվեց դրանց քննական վերլուծության և յուրացման միջոցով։ Դիալեկտիկական մատերիալիզմի, ինչպես և ընդհանրապես մատերիալիզմի ելակետը աշխարհի մատերիականության գաղափարն էր։ Ըստ դիալեկտիկական մատերիալիզմի՝ բնության բազմազանությունը տարածության և ժամանակի մեջ և նրա զարգացումը պայմանավորված են բնությանն իսկ ներհատուկ օրինաչափություններով․ բնությունը բացատրելի է ինքն իրենով՝ իր բացատրման համար այն կարիք չունի արտաբնական, վերբնական (ոգեկան) նախասկզբի ու պատճառների ենթադրության։
Դիալեկտիկական մատերիալիզմի ըմբռնմամբ բնությունը՝ իր վերացականության ու ընդհանրականության մեջ, ինքնաբավ է, ինքն իրենով պայմանավորված և այս իմաստով «բացարձակ», «առաջնային» է, այսինքն մատերիական է։ Գիտակցությունն ինքը (իդեալականը) մատերիայի բնականոն զարգացման արգասիք է և այս առումով ներդաշնակված է նրա հետ։ Մատերիան և գիտակցությունը հակադրվում են միայն փիլիսոփայության հիմնական հարցի սահմաններում՝ որպես առաջնային և ածանցյալ, օբյեկտ և սուբյեկտ, մատերիական և իդեալական, օբյեկտիվ իրականություն ու դրա արտացոլում ևն։ Մատերիալիզմի դիալեկտիկական վերըմբռնումը հնարավորություն ընձեռեց հաղթահարելու նախորդ մատերիալիզմի մետաֆիզիկական ու մեխանիստական սահմանափակությունները և դրա շնորհիվ բացատրելու աշխարհի ինքնաշարժումը, նրա որակական բազմազանությունը, որակական անցումները մատերիայից գիտակցության՝ ինչպես պատմականորեն, այնպես և տրամաբանորեն, այսինքն՝ հաղթահարելու դժվարությունները այն հարցերում, որոնցում նախորդ մատերիալիզմը խոցելի էր իդեալիզմի կողմից։ Դիալեկտիկայի մատերիալիստական վերըմբռնմամբ դիալեկտիկան ազատագրվեց ծայրահեղ մտահայեցողականությունից (որը նրան հատուկ էր հատկապես Հեգելի ուսմունքում) և ներկայացավ իբրև իրական-պատմական ընթացքի տրամաբանական արտապատկերում։ Հեգելյան դիալեկտիկայի մտահայեցողական բնույթի և իդեալիստական ելակետի հաղթահարումով մատերիալիստական դիալեկտիկան կամրջվեց փորձնական բնագիտության հետ։ Դիալեկտիկական մատերիալիզմի կազմավորման համար վճռական նշանակություն ունեցավ պատմության մատերիալիստական ըմբըռնումը․ դրանով ոչ միայն վերացվեց նախորդ մատերիալիզմի էական սահմանափակությունը, այլև պայմանավորվեցին դիալեկտիկա-մատերիալիստական ուսմունքի որոշիչ առանձնահատկությունները․ մարդու և հատկապես նրա գիտակցության ու ճանաչողության սոցիալական էության բացահայտումը, դրանց խարսխումը մարդու հասարակական-պատմական վերափոխիչ գործունեության վրա (որպես իմացության հիմքի, նպատակի ու ճշմարտության չափանիշի) և, միաժամանակ, մարդկային մտածողության ակտիվության մատնանշումն ու իմացության (մասնավորապես գիտության) հարաբերական ինքնուրույնության բացահայտումը։ Ուստի, դիալեկտիկական մատերիալիզմն իր խնդիրն է համարում ոչ միայն աշխարհի բացատրումը և դրա համար փիլիսոփայության մեթոդի մշակումը, այլև աշխարհի վերափոխումը։ Դիալեկտիկական մատերիալիզմի տեսանկյունից էապես փոխվում է փիլիլիսոփայական հարաբերությունը բնագիտության և հասարակական գիտությունների նկատմամբ։
Ըստ դիալեկտիկական մատերիալիզմի, փիլիսոփայության տեսություն է աշխարհի (բնության, հասարակության և իմացության) զարգացման առավել ընդհանրական օրինաչափությունների մասին և անմիջականորեն մասնակցում է աշխարհի գիտական պատկերի ստեղծմանն ու արժեքավորմանը։ Նրա հետ համագործակցելով և նրա իսկ կոնտեքստում ձևավորվում են հիմնական գիտությունների աշխարհայացքային, իմացաբանական և մեթոդաբանական ընդհանրական նախադրյալներն ու սկզբունքները (զարգացման, դետերմինիզմի, ամբողջականության սկզբունքները, հարաբերականության, լրացումայնության գաղափարները և այլն), մշակվում են ընդհանրական բնույթի տեսությունները՝ տարածության ու ժամանակի, համակարգա-կառուցվածքային, սեմիոտիկական և այլն։ Աշխարհայացքային, իմացաբանական ու մեթոդաբանական այս ֆունկցիաների իրականացմանն են ծառայում փիլ․ կատեգորիաների ու սկզբունքների համակարգը, հատկապես մատերիալիստական դիալեկտիկայի օրենքները և կատեգորիաները։ Հիշյալ առանձնահատկությամբ դիալեկտիկական մատերիալիզմը շարունակում է դասական փիլ․ լավագույն ավանդույթները և տարբերվում է նույնպես XIX դ․ կեսերին ասպարեզ իջած պոզիտիվիզմից ու նեոկանտականությունից, ինչպես և արդի գիտաբանական փիլ․ ուղղություններից, որոնք, հռչակելով «կոպեռնիկոսյան հեղաշրջում»՝ նույնպես ընդդեմ մտահայեցողական փիլիսոփայության ու բնափիլիսոփայության, միաժամանակ մերժեցին փիլ․ աշխարհայացքային-իմացաբանական խնդիրները և այն սահմանափակեցին նրա մեթոդաբանական՜տրամաբանական և արժեբանական ֆունկցիաներով։ Դիալեկտիկական մատերիալիզմի իմացաբանությունը արտացոլման տեսություն է, որը, սակայն, ընդգծում է ճանաչող սուբյեկտի ակտիվությունը, ինչպես և իդեալականի որակական յուրահատկությունը, աբստրակցիաների միջնորդված բնույթը, որ հնարավորություն է ընձեռում հաղթահարելու սենսուալիզմի սահմանափակությունները զգայությունների ըմբռնման հարցում և խուսափելու իմացության տրամաբանական միջոցների ռացիոնալիստական գերագնահատումից։ Դիալեկտիկական մատերիալիզմի համաձայն, օբյեկտիվ ճշմարտությունը հասանելի է, այսինքն՝ աշխարհը ճանաչելի է, մարդկային գիտելիքներն ունեն օբյեկտիվ բովանդակություն, աշխարհն այնպիսին է, ինչպես այն տրված է աշխարհի գիտական պատկերում՝ նրա պատմական զարգացման ու հեռանկարի մեջ։ Այս թեզի հաստատումը և ագնոստիցիզմի հերքումը, ըստ դիալեկտիկական մատերիալիզմի, տեսության հարց չէ, այլ պրակտիկայի․ մարդու հասարակական-արտադրական գործունեությունը՝ իբրև հատկապես վերափոխիչ գործունեություն, որում առարկայանում է մարդկային իմացությունը, պատմականորեն վկայում է մարդու գիտելիքների օբյեկտիվ բովանդակությունը։ Այս առումով ճշմարտությունը ընթացք է, փորձնական նյութի տեսական֊տրամա- բանական վերլուծություն, վերացարկումների և ընդհանրացումների մի ամբողջ շղթա, որի մեջ «փորձ-տեսություն» հարաբերությունը փոխադարձ է։
Պատմականության սկզբունքի հայեցակետից ի հայտ են գալիս օբյեկտիվ ճշմարտության հարաբերականության և բացարձակության պահերը։ Արդի դիալեկտիկա-մատերիալիստական գրականության մեջ, իմացության պրոցեսի դիալեկտիկայի ուսումնասիրությունների հետ միասին, նշանակալի են գիտության մեթոդաբանությանը և տրամաբանությանը նվիրված հետազոտությունները։ Ինչպես ամեն փիլիսոփայություն, Դիալեկտիկական մատերիալիզմը ևս ունի կուսակցական, դասակարգային բնույթ։ Այն բանվոր դասակարգի գիտական փիլիսոփայական աշխարհայացքն է, կոմունիստական կուսակցության ծրագրի, ստրատեգիայի և տակտիկայի փիլիսոփայական հիմքը
Գրականություն
խմբագրել- Մարքս Կ․, Քաղաքատնտեսության քննադատության շուրջը, Ե․, 1948։
- Մարքս Կ․, Թեզիսներ Ֆոյերբախի մասին։
- Մարքս Կ․, Էնգելս Ֆ․, Ընտիր երկ․, հ․ 1, Ե․, 1972։
- Էնգելս Ֆ․, Անտի-Դյուրինգ, Ե․, 1967։
- Էնգելս Ֆ․, Բնության դիալեկտիկա, Ե․, 1969։
- Էնգելս Ֆ․, Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը, Ե․, 1972։
- Маркс К․ и Энгельс Ф․, Немецкая идеология, Соч․, 2 изд․, т․З.
- Լենին Վ․ Ի․, Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ, Երկ․, հ․ 14։
- Լենին Վ․ Ի․, Փիլիսոփայական տետրեր, Երկ․, հ․ 38։
- Լենին Վ․ Ի․, Կարլ Մարքս, Երկեր, հ․ 21։
- Լենին Վ․ Ի․, Մարքսիզմի երեք աղբյուրները և երեք բաղկացուցիչ մասերը, Երկ․, հ․ 19։
- Լենին Վ․ Ի․, Դարձյալ պրոֆմիությունների, ընթացիկ մոմենտի և Տրոցկու ու Բուխարինի սխալների մասին, Երկ․, հ․ 32։
- Պլեխանով Գ․ Վ․, Materialusmus militans, Փիլիսոփայական ընտիր երկ․, հ․ 3, Ե․, 1964։
- Ленин и современное естествознание, М․, 1969.
- Копнин П․ В․, Диалектика, логика, наука, М․, 1973.
- Основы марксистско-ленинской философии, 2 изд․, М․, 1973․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 371)։ |