Դիվանագիտական աստիճաններ
Դիվանագիտական աստիճան, արտասահմանում գտնվող դիվանագիտական ներկայացուցիչներին և տվյալ երկրի արտաքին գործերի նախարարության ապարատի աշխատակիցներին տրվող կոչում։ Մինչև Վիեննայի կոնգրեսը (1815) դիվանագիտական աստիճանների միասնական համակարգ չի եղել։ Վիեննայի կոնգրեսում սահմանվեց դիվանագիտական աստիճանների հետևյալ համակարգը դեսպան (նրան հավասարվել են պապական լեգատներն ու նունցիաները), դեսպանորդ (նրան հավասարվել են պապական ինտերնունցիաները), գործերի հավատարմատար։ Ախենի արձանագրությամբ (1818) սահմանվեց նաև չորրորդ՝ նախարար ռեզիդենտի (ըստ ավագության՝ դեսպանորդից հետո 3-րդ) աստիճանը (այժմ չի գործածվում)։
Դիվանագիտական հարաբերություններում պետությունների հետ հավասարության սկզբունք հաստատելու նպատակով դիվանագիտական ներկայացուցիչները անվանվեցին լիազոր ներկայացուցիչներ։ Միջազգային հարաբերություններում նոր սկզբունքի հաստատումից հետո դիվանագիտական հարաբերություններում ընդունվեցին հանրաճանաչ միջազգային աստիճաններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 403)։ |