Դիրակի հավասարում
Դիրակի հավասարում, Էլեկտրոնի շարժման քվանտային հավասարումը։ Առաջարկել է Պոլ Դիրակը, 1928 թվականին։ Դիրակի հավասարումից բխում է, որ դրանով նկարագրվող մասնիկն ունի սեփական մեխանիկական և մագնիսական մոմենտներ։ Դիրակի հավասարումով հնարավոր եղավ բացատրել ջրածնի և ջրածնանման ատոմների սպեկտրային գծերի նուրբ կառուցվածքը, Զեեմանի երևույթը և փորձնական հաստատում ստացած ֆիզիկական մի շարք այլ երևույթներ (օրինակ, Քոմփթոնի երևույթը)։ Դիրակի հիմնական կարևոր առանձնահատկությունը մասնիկի՝ բացասական էներգիայով վիճակներին համապատասխանող լուծումներն են, որոնց ֆիզիկական իմաստը պարզ դարձավ մասնիկների փոխակերպման և պոզիտրոնի հայտնագործումից հետո։ Պոզիտրոնի առաջացման և անիհիլացման պրոցեսները պայմանավորված են էլեկտրոնի բացասական էներգիայով վիճակից դրական էներգիայով վիճակին անցումներով։ Մասնիկի փոքր արագությունների դեպքում դիրակի հավասարումը վերածվում է Վոլֆգանգ Պաուլիի ոչ ռելյատիվիսաական քվանտային հավասարմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 409)։ |