Դյուցազնագիրք
«Դյուցազնագիրք»[1][2][3][4], Հայաստանի ռեկորդների, արտասովոր ունակություններով օժտված ռեկորդակիրների մասին տեղեկատու գիրք, որը հրատարակվում է 2012թ-ից։ Հայաստանում 1990թ-ից սահմանվում և գրանցվում են արտասովոր ռեկորդներ և ստեղծվել է «Դյուցազնագիրք» ռեկորդների ժողովածուն։
Դյուցազնագիրք | |
---|---|
Հեղինակ | Վարդան Թովմասյան |
Տեսակ | Գրական ստեղծագործություն |
Ժանր | Տեղեկատու |
Թեմա | Հայկական ռեկորդներ, հայ նշանավոր մարդիկ, հանրագիտարան |
Բնօրինակ լեզու | Հայերեն |
Շարք | Հատորային |
Երկիր | Հայաստան |
Պատմություն
խմբագրել1990թ-ից ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվել է հանձնաժողով, որն արձանագրում էր հայազգիների ինքնատիպ ուժային ռեկորդները, իսկ 2013թ-ից նաև ինտելեկտուալ, մշակութային և բացառիկ ռեկորդները։
Դեռևս 1990-ական թվականներին հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը և առաջնահերթությունը անխուսափելի է եղել. Արդեն գրանցած ռեկորդները արևէ տեղ պահպանելու և դարեդար ներկայացնելու համար անհրաժեշտություն էր այդ ամենը տպագրելու և գիրք ստեղծելու, որի կարևոր գործընթացն էլ ձեռնարկել է «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Թովմասյան։
Հայաստանի ռեկորդների գիրքը կոչվում է «Դյուցազնագիրք»։
Առաջին հատորը հրատարակվել է 2012թ-ին։ Այն ներառում է քսան տարվա՝ 1991-2011թթ-ին հայորդիների ուժի, կամքի, հնարամտության զարմանահրաշ նվաճումները[5]։
Երկրորդ հատորը լույս է տեսել 2015թ-ին և ամփոփում է 2012-2015թթ-ին կատարված նվաճումները[6]։
Գրքերի հեղինակն է «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Թովմասյանը։
Գրքերի հատորային վերնագրեր. հատոր 1՝ Հայորդիների ուժի, կամքի, հնարամտության զարմանահրաշ նվաճումները քսան տարում. 1991-2011 ; հատոր 2 ՝ Հայորդիների ուժի, կամքի, հնարամտության զարմանահրաշ նվաճումները երեք տարում. 2012-2015:
Գրքերը հրատարակվել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ 2012 թվականի փետրվարին կայացել է «Դյուցազնագրքի» շնորհանդեսը, որում ներառվել են քսան տարվա ընթացքում հատուկ հանձնաժողովի կողմից գրանցված ուժային ու մտավոր ռեկորդները։
Բոլոր ռեկորդները, որոնց կից ներկայացվում են նաև հեղինակի մասին համառոտ տեղեկություն ու նրա լուսանկարը, դասակարգված են ըստ բաժինների։ Հայաստանում գրանցված ռեկորդներից բացի գրքում ներկայացվում են նաև Սփյուռքահայերի կողմից սահմանված ուժային ու ինտելեկտուալ ռեկորդները։
«Դյուցազնագրքում» իրենց ուրույն տեղն ունեն նաև գիտության և մշակույթի բնագավառի հայ մեծերը։
Ռեկորդակիրներ
խմբագրելԴավիթ Ֆահրադյանը 2005թ-ին 350 անգամ անընդմեջ կատարել է «Պտտաձողի վրա մեծ պտույտներ» վարժությունը՝ 9 րոպե 30 վայրկյան տևողությամբ։ 2009թ-ին նա անընդմեջ կատարել է «Պտտաձողի վրա մեծ պտույտ ետ» վարժությունը՝ 10 րոպե, 30 վայրկյան տևողությամբ՝ 350 անգամ անընդմեջ /Գինես/։ 2010 թ-ին՝ «Պտտաձողի վրա մեծ պտույտ ետ» վարժությունը կատարել է 76 անգամ՝ միայն աջ ձեռքով /Գինես/։ 2011թ-ին գերազանցում է նախորդ «Պտտաձողի վրա մեծ պտույտ ետ՝ երկու ձեռքով» վարժությունը կատարելով 670 անգամ /Գինես/։ 2011թ-ի դեկտեմբերին 36 րոպե 12 վայրկյանում կատարել է «Պտտաձողի վրա մեծ պտույտներ» վարժությունը՝ 1144 անգամ /Գինես/: 2016թ-ի մայիսին կատարել է «Պտտաձողի վրա մեծ պտույտներ» վարժությունը՝ 1 րոպեում 48 անգամ /Գինես/, որը գերազանցել է նույն թվականի սեպտեմբեր ամսին՝ 2 րոպե 15 վայրկյանում կատարել է 94 անգամ /Գինես/: 2016թ-ի սեպտեմբերին Լոս Անջելեսում կատարել է «Պտտաձողի վրա մեծ պտույտ ետ» վարժությունը՝ 92 անգամ /Գինես/։
Սևանա լճի փրկարար, ջրասույզ Վահե Մելքոնյանը ջրասույզի հանդերձանքով սուզվել է մինչև 50 մետր 80 սմ՝ այնտեղ մնալով շուրջ 63 րոպե (ջրի ջերմաստիճանը՝ +1,3 աստիճան)։
2016թ-ի դրությամբ, 90-ամյա դաշնակահարուհի Մարիա Ղամբարյանն աշխարհի տարբեր երկրներում հանդես է եկել շուրջօրյա համերգներով։
2019թ-ին DJ Ալբերտ Կուրշուդյանը (DJ Alber Ensso) Արագած լեռան 3153 մետր բարձրության վրա կատարել է ստեղծագործություններ՝ 1 ժամ 36 րոպե ժամանակահատվածում։
Կոմպոզիտոր, «Egeon Music»-ի հիմնադիր Արեգ Պանյանի «Cassiopeans Aveona» գործն ունի աշխարհի ամենաշատ գործիքատեսակները, ամենածավալուն վոկալ կոնցերտն է և աշխարհի ամենամեծ նոտագիրքն ունի, որը կազմի հետ միասին կշռում է 16 կգ (50.5սմ x 61.5սմ)։ Գործիքատեսակների քանակով «Cassiopeans Aveona» ստեղծագործությունը շուրջ 2.5 անգամ գերազանցում է Մալերի 8-րդ սիմֆոնիայի առաջին գլխին։
Երևան Զիփլայն Էյրլայնս թռիչքուղին Հայաստանում համարվում է ամենաարագ թռիչքուղին և թռիչքուղին միակն է աշխարհում, որն անցնում է կամրջի տակով։
Բենիկ Իսրայելյանը աջ մատի միջնամատով, տարբեր ժամանակներում, ծանրություն է բարձրացրել 147-178 կգ և պահել է 4-8 վայրկյան` 20-29սմ բարձրության վրա։ Առաջին ռեկորդը սահմանել է 1988թ-ին և բարձրացրել է 110 կգ ծանրություն /բարձրությունը 25սմ, տևողությունը 8 վայրկյան/: Աջ ձեռքի միջնամատով տեղաշարժել է ճոպանին ամրացված «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան, որը կշռել է 6 տոննա /ավտոմեքենան բեռնված է եղել 3.500կգ ապրանքով/։ Երկու ձեռքով տեղաշարժել է տրոլեյբուսը` 4 մետր, որի մեջ եղել են 15 անձ։ Գինեսում գրանցված է երկու ռեկորդ։
Գեղանկարչուհի Վերա Հարությունյանը ստեղծագործում է աբստրակտ էքսպրեսիոնիզմի ոճում. աշխատում է միայն մատերով։
Քամանչահար Ալեքսանդր Մովսեսյանը գրանցվել է ՀՀ «Դյուցազնագրում»` հայ ազգային մշակույթը զարգացնելու, ինչպես նաև քամանչա երաժշտական գործիքն ըստ արժանվույնս ներկայացնելու համար։
Ռոման Սահրադյանը 2011թ-ի դեկտեմբեր ամսին «Պտտաձողի վրա մեծ պտույտ ետ» վարժությունը կատարել է 1001 անգամ` 35 րոպե ժամանակահատվածում /Գինես/։ 2015թ-ի սեպտեմբերին՝ «Պտտաձողի վրա մեծ պտույտ ետ» վարժությունը 1 րոպեում կատարել է 45 անգամ անընդմեջ /Գինես/։ 2018թ-ի հոկտեմբերին հորիզոնական դիրքում պտտաձողի վրա «Գոտկատեղի շուրջ ետ պտույտ» վարժությունը կատարել է 1 րոպեում 30 պտույտ անընդմեջ /Գինես/։ 2019թ-ի նոյեմբեր ամսին գերազանցել է ցուցանիշը՝ 1 րոպեում կատարելով 38 պտույտ /Գինես/։ 2021թ-ի մայիսին նա պտտաձողի վրա աջ ձեռքով կախ դրությունից կատարել է «Ոտնաթաթերի բարձրացում և հպում պտտաձողին» վարժությունը 20 անգամ` 1 րոպե ժամանակահատվածում։ 2021թ-ի մայիսին նա պտտաձողի վրա երկու ձեռքի երկու մատներով /ցուցամատ և միջնամատ/ կախ դրությունից՝ մարմնին ամրացված 45.5 կգ կշռող ծանրությունը ուղղահայաց պահել է 1 րոպե 3 վայրկյան։
Վարազդատ Հակոբյանը 2019թ-ին մեկ մատով տեղաշարժել է 23 տոննա կշռող ծածկված բեռնատար վագոն` 3մ 57սմ։ 2020 թվականին ճոպանով ձգել է բեռնատար մեքենան բարձած 33 տոննա քաշով` 2 մետր։ 2021թ-ին մեկ ձեռքով տեղաշարժել է չորս բեռնատար հարթակ` 84 տոննա ընդհանուր քաշով` 1մ 20սմ:Նա նախկինում ևս ռեկորդներ է սահմանել։
2021թ-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ 36-ամյա Թաթուլ Միրզոյանը 16կգ կշռաքարը երկու ձեռքով մեկընդմեջ ուսագոտուց դեպի վեր հրել է 1450 անգամ` 1 ժամ 03 րոպե ժամանակահատվածում։ 2020թ-ին Թաթուլ Միրզոյանը կատարել էր նույն վարժությունը 707 անգամ։
Վահե Խաչատրյանը մարդու մարմնի վրա դաջել է նախապես պլանավորված պատկերը՝ 12 րոպե 8 վայրկյան ժամանակահատվածում /14.5 սմ լայնություն, 12.5 սմ բարձրություն/։ Նա նաև 2D անիմացիոն դաջվածք է կատարել մարդու վրա` պատկերելով ազգային հերոս Ալբերտ Հովհաննիսյանին։ Աչքերը փակ դաջել է Արարատ լեռը` 11 րոպե 54 վայրկյանում։ Այլ անձի ձեռքի միջնամասում դաջել է «Հայր մեր» աղոթքը` 20 րոպեում։ Սահմանել է նաև այլ ռեկորդներ։
Հայաստանի ամենաերկարակյաց ու փորձառու ուսուցչուհին Մարիամ Տոնոյանն է։ 2019թ-ին գրանցվել է ՀՀ «Դյուցազնագրքում»` 100-ամյա կենսագրությամբ 80 տարի անընդմեջ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում աշխատելու համար։
Լարիսա Մինասյանը 65 տարեկան հասակից մինչ 81 տարեկանը ներառյալ ստեղծագործել է մի քանի հազար արձակ և չափածո բանաստեղծություններ` միայն սիրո մասին։
Սամվել Ավագյանը 3 տարեկանում գիտեր աշխարհի պետությունների 140-ից ավել մայրաքաղաքներ, օվկիանոսներն ու մոլորակները, ճանաչում էր մեր հերոսներին և նշանակալից ու ճանաչված հայազգի մեծերից մի քանիսին։ 3-ամյա Սամվելը գիտեր նաև հայոց այբուբենը։
7 տարեկան Դավիթ Սարգսյանն աջ ձեռքով 46 մետր տեղաշարժել է իրար ամրացված, թվով երկու հատ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները` 2906 կգ քաշով։ Փոքրիկը նաև մեկ մատով է կատարել նույն վարժությունը` ետ-ետ գնալով տեղաշարժելով 1453 կգ կշռող «Օպել» մակնիշի մեկ մեքենան` ընդհանուր 46 մետր։
Փոքրիկ դյուցազուն Սուրեն Բաղդասարյանը ըմբշամարտի կամուրջ դիրքում /խեցգետին/ որովայնի վրա պահել է 25 կգ կշիռ ունեցող ծանրաձող-սկավառակը` 28,6 վայրկյան` գերազանցելով նախորդ ռեկորդը /26,54 վայրկյան/:
Ջութակահար Նիկոլայ Մադոյանը 2014թ. փետրվարի 20-ին նվագել է Պագանինիի ջութակի բոլոր վեց կոնցերտները` մեկ երեկոյի ընթացքում՝ 3ժ.20ր ժամանակահատվածում, անգիր կատարումով։ 2017թ-ի փետրվարի 12, 13-ին նվագել է 33 ժամ 2 րոպե և 41 վայրկյան անընդմեջ /ժամը մեկ 5 րոպե դադար/՝ այդ ընթացքում ներկայացնելով համաշխարհային երաժշտական գանձարանի՝ ջութակի համար գրված լավագույն ու կատարման առումով տեխնիկապես բարդ գործեր՝ 59 ստեղծագործություն։ Կոմպոզիտոր Ռիմսկի-Կորսակովի «Բոռի թռիչք» ստեղծագործությունը, որի վիրտուոզ կատարման տևողությությունն է մոտավորապես 1 րոպե է 15 վայրկյան՝ Մադոյանը փայլուն վարպետությամբ կատարել է 47 վայրկյանում։
Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը ոչ միայն ինքն է ներկայացնում այլ ազգերին հայ երաժշտութունն ու մշակույթը, այլ նաև այլազգի երաժիշտների հետ է ներկայացնում հայ երաժշտությունը։ Նա քանոնով և տարբեր ազգերի լարային երաժշտական գործիքներով աշխարհին հասանելի է դարձրել հայկական ժողովրդական երգ-երաժշտությունը։
Հայ երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը 2013թ-ին ստեղծել է հզոր երաժշտական` Բաս քանոն գործիքը։ Սա ամբողջ աշխարհում նոր երաժշտական գործիք է։ Այն պատրաստված է թխկենու փայտից։ Օգտագործված են նաև հաճարենու, ընկուզենու, եղևնու և հոնի փայտեր /իրանը և ընդհանուր հենակը թխկենու, զարդաքանդակները` ընկուզենու, դեկան` եղևնու, անհատական հենակները` հոնի փայտից են պատրաստված/: Արա Գեւորգյանի կողմից պատրաստվել են տարբեր բաս քանոններ։ Քանոնները կրել են կանացի անվանումներ` «Ալվարդ», «Նվարդ», «Գոհար», «Ալիս», «Ջեմմա»։ 2008թ-ի հոկտեմբերին ՀՀ վաստակավոր արտիստը կազմակերպել և սահմանել է նոր ռեկորդ՝ Երևանի Հանրապետության հրապարակում 200 քանոնահարներ /ևս 30-ը փոխարինողներ/՝ Երևան տառերի տեսքով դասավորված, միաժամանակ կատարել են Արա Գևորգյանի «Երևան 2800» ստեղծագործությունը։ 2018թ-ի նոյեմբերի 26-ին Արա Գևորգյանի նախաձեռնությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 112 դուդուկահարներ միաժամանակ կատարել են Մակար Եկմալյանի «Ամեն Հայր Սուրբ» հոգևոր ստեղծագործությունը, որը նվիրվել է ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին` 90-ամյա հոբելյանի առթիվ։
Հայազգի դուդուկահար, աշխարհի չեմպիոն Արտավազդ Թադևոսյանը 2015թ-ին Հոլիվուդում տեղի ունեցած իր մենահամերգի ընթացքում սահմանել է ռեկորդ։ Դուդուկի պատմության մեջ առաջին անգամ ներկայացրել է նաև ջութակի կոնցերտ և այնպիսի ստեղծագործություններ, որոնք երբեք չեն կատարվել դուդուկով։ Նա երկլեզվականի գործիքների մեջ /դուդուկ/` ստեղծագործության աշխարհի ամենաարագ կատարողն է։ Կատարել է Մոցարտի «Ռոնդոն», «Բոռի թռիչքը», Պագանինիի «24 կապրիսներ»-ը։
Դեռևս 6 տարեկանում փոքրիկ դյուցազուն Միքայել Հակոբյանը սահմանել է 19 ռեկորդ՝ մաթեմատիկայի, քիմիայի, հայագիտության պատմության, սպորտի, հայոց այբուբենի գաղտնագրման, արվեստի բնագավառներում (տիրապետել է համաշխարհային մրցանակների ողջ պատմությունը, ԱՄՆ հայտնի նախագահների, մետաղների, մաթեմատիկայի համաշխարհային թվերի, հավասարումների, թանկարժեք քարերի, գրատպության, աշխարհի լավագույն համալսարանների, ինչպես նաև մեր Մատենադարանի պատմություններին, գիտեր հայոց այբուբենի գաղտնագրման գաղտնիքների, արվեստի, ճանաչված մարզիկների, աշխարհահռչակ կոմպոզիտորների և նրանց հայտնի ստեղծագործությունների մասին, տիրապետել է 1-4 դասարանների մաթեմատիկային և այլն)։ 2020թ-ին Միքայել Հակոբյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել բոլոր հերոսներին, որից հետո բարձրացել է Արագած հրաբխային քառագագաթ լեռան Հարավային գագաթը և իր հաղթանակը նվիրել հերոսներին։ Նա բարձրացել է 3879մ բարձրություն՝ հայկական դրոշը ձեռքին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի ազգային գրադարան / Համահավաք գրացուցակ».
- ↑ «NEWINFO / ՀՀ Դյուցազնագիրք դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպությունը 30 տարեկան է».
- ↑ Հայ տպագրության տարեգիրք, էջ 5
- ↑ HAYINFO // Сис Микаэлян побил армянский рекорд, подняв гантели 3100 раз Արխիվացված 2011-01-30 Wayback Machine
- ↑ «Համահավաք գրացուցակ / Հատոր 1».
- ↑ «Համահավաք գրացուցակ / Հատոր 2».