Պետրոս Դուրյան

հայ բանաստեղծ և դրամատուրգ
(Վերահղված է Դուրյան Պետրոսից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պետրոս Աբրահամի Դուրյան (Զըմպայան) (մայիսի 20 (հունիսի 1), 1851[1][2], Սկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] - հունվարի 21 (փետրվարի 2), 1872[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2]), հայ բանաստեղծ, դրամատուրգ։

Պետրոս Դուրյան
արմտ. հայ.՝ Պետրոս Դուրեան
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Պետրոս Զըմպայեան
Ծնվել էմայիսի 20 (հունիսի 1), 1851[1][2]
ԾննդավայրՍկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2]
Վախճանվել էհունվարի 21 (փետրվարի 2), 1872[1][2] (20 տարեկան)
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2]
ԳերեզմանԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, դերասան, թարգմանիչ, թատրոնի դերասան, դրամատուրգ և գրող
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՍկյուտարի ճեմարան (1867)[1]
Պետրոս Դուրյան Վիքիքաղվածքում
Պետրոս Դուրյան Վիքիդարանում
 Petros Duryan Վիքիպահեստում

Անվան ծագում

խմբագրել

Պետրոս Դուրյանի իսկական ազգանունը եղել է Զըմպայան։ Զըմպայան էին գրվում նաև Սարգսի զավակները, մինչև որ Պետրոսը ճեմարանական բառարանում գտավ զըմպա բառի հայերենը՝ տոհմական ազգանունը փոխելով Դուրյանի[3]։

Կենսագրություն

խմբագրել

Ընտանիք

խմբագրել

Դուրյանն ասում է, որ «հայրը օրական հաց ճարող, բայց պատվավոր երկաթագործ մ՚ է»։ Հայրը՝ Աբրահամը, եղել է դարբին։ Քանի դեռ ընտանիքը սակավանդամ էր, հայրը կարողացավ խնայողություններ անել, գնեց երկհարկանի փայտաշեն մի տուն։ Բայց 1850-ական թվականների վերջերից վիճակը փոխվեց։ Եվրոպան Պոլիս էր արտահանում էժան ապրանքներ։ Երկաթագործի պատրաստած իրերը այլևս չէին սպառվում։ Ընտանիքի կարիքները հոգալու համար հայրը ստիպված էր սենյակները վարձով տալ։

Մայրը՝ Արուսյակը, դեռ օրիորդ, կորցրել էր քույրերին և եղբայրներին, հետագայում՝ երկու աղջկան (2 տարեկան և 6 տարեկան) և երկու տղային։ Պետիկը (այսպես էին տնեցիները դիմում Պետրոս Դուրյանին) մոր հետ շատ էր կապված, նրանից գրեթե անբաժան էր։

Մանկություն և կրթություն

խմբագրել

Ծնվել է 1851 թվականի մայիսի 20-ին Կոստանդնոպոլսի Սկյուտար շրջանի Նոր թաղում (Ենի մահալե), երկաթագործի ընտանիքում[4]։ Մանկության և պատանեկության տարիներն անցել են բավականին աղքատ պայմաններում։

  Երբ մանուկ էի, խաղալիք չունենալով՝ մորս գուլպա հյուսած ատեն կծիկովը կխաղայի, երբ խելահաս եղա՝ բազմոցին տեղ տախտակամածին վրա փռած հին գորգի մը վրա կնստեի, երբ պատանի եղա, շատ անգամ արցունքս մորմես ծածկելով կուտեի ցամաք հացը»
- Պետրոս Դուրյան
 

1857 թվականին՝ 6 տարեկան հասակում Դուրյանը դարձել է Սկյուտարի ճեմարանի ձրիավարժ աշակերտ։ Ճեմարանում ուսումնառության առաջին տարիներին աչքի չի ընկել առաջադիմությամբ։

Այդ դպրոցում որպես ուսուցիչ պաշտոնավարել է հայ մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանը, որն անչափ սիրել է Դուրյանին և խոր ազդեցություն թողել նրա վրա[5]։ Ճեմարանական Դուրյանի գրական հետաքրքրությունները եղել են բազմակողմանի։ Ճեմարանական տարիներին հեղինակել է տաղեր, թատերախաղեր, կատարել թարգմանություններ։

Սկյուտարի ճեմարանը Դուրյանն ավարտել է 1867 թվականին։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել
 
Պետրոս Դուրյանի կիսանդրին

Ճեմարանն ավարտելուց հետո՝ ծնողները նրան տեղավորում են աշխատանքի։ Դուրյանը դառնում է սեղանավոր Մարտիկ աղայի գրագիրը։ Այդ անսովոր պաշտոնում նա ոչ մի եռանդ ցույց չի տվել, առուծախի հաշիվները չեն հետաքրքրել նրան։ Իննամսյա ծառայությունից հետո Դուրյանը թողել է խանութը։ 1868 թվականին փորձել է զբաղվել հասարակական գործունեությամբ։ Գաբրիել քահանա Խանճյանի նորաբաց վարժարանում անվճար հայերեն է դասավանդել բարձր դասարանների աշակերտներին։ Պողոս Դելփյանի հետ Սելամիեում հիմնել է ընթերցասիրաց ընկերություն։ Կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար պատանին փորձում էր հարմար աշխատանք գտնել։ Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ, դերասան։ Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտով չէր։ Նա շատ էր տանջվում, որ ծնողներին չի կարողանում օգտակար լինել։

Երիտասարդ Դուրյանը Հակոբ Վարդովյանի «Թատրոն օսմանիեին» առաջարկում է բեմադրել իր «Վարդ և Շուշան» թատերախաղը։ 1869 թվականին Կետիկ Փաշայում առաջին անգամ բեմադրվել է այս ներկայացումը։ Երաժշտության հեղինակը եղել է Տիգրան Չուխաջյանը։ Բեմադրության հաջող ընթացքից հետո, Վարդովյանը և Դուրյանը սկսում են համագործակցել։ Դուրյանը ոչ միայն իր թատերախաղերը գրում էր բացառապես Վարդովյանի թատրոնի համար, այլև հանդես էր գալիս նրա հրապարակային պաշտպանությամբ։ Իր հերթին Վարդովյանը «ջանք ու եռանդ» չէր խնայում դրանք բեմադրելու համար։

1869 թվականը դարձավ Դուրյանի հրապարակախոսային գործունեության վերելքը։ Դեռևս փետրվարին «Վարդ և Շուշան» ներկայացման հետ Վերգինե Դարադաշյանի արտասանությամբ «Թատրոն օսմանիեի» բեմից հնչել էր նրա «Հիշատակ» խորագրով մի «տաղերգություն», որ դժբախտաբար չի պահպանվել։ Նույն տարվա հոկտեմբերի 2-ին «Օրագիր ծիլն Ավարայրվո» թերթում հրապարակվեց «Ձոն առ Հայրիկն Խրիմյան ազգասեր նորընտիր պատրիարք Կ Պոլսո» բանաստեղծությունը, որ Դուրյանի առաջին տպագիր գործն է։ «Ձոնը» շարժել է ընթերցողների հետաքրքրությունը, և «Օրագիրի» խմբագրությունը մի քանի օր անց գրողի մասին տպագրել է կենսագրական ծանոթություն։ Խրիմյանին ձոնված բանաստեղծությունը հավանել է նաև Խորեն Նարպեյը։ Վերջինս իր մոտ է հրավիրել Դուրյանին, զրուցել՝ խոստանալով ոչ միայն աշխատանք գտնել, այլև հրատարակել տաղերը։ Նրա միջնորդությամբ Դուրյանը դարձել է Որդիկ բեյի տնային ուսուցիչը։

Որդիկ բեյը կրճատել է նրա ամսական աշխատավարձը, և Դուրյանը թողել է աշխատանքը։ Այդ առիթով նա իր ընկերոջը գրել է․

  «Հիմակվան գործատերերը կով կուզեն գործածելու և աշխատցնելու, ոչ թե մարդ»[6]  

Կարիքը ստիպում է նրան դառնալ դերասան, ընդունվել Վարդովյանի թատերախումբը։ «Սկյուտարի սոխակի» բեմական գործունեությունը կարճ է տևել։ «Թատրոն օսմանիեի» տնօրեն Հակոբ Վարդովյանը Դուրյանի հետ վատ է վարվում, և նա ստիպված թողնում է թատրոնը։ Դուրյանը նորից մնում է անգործ և ամբողջովին նվիրվում գրական աշխատություններին։

Անապահով տնտեսական վիճակը և անընդհատ աշխատանքը քայքայեցին Դուրյանի առողջությունն ամբողջովին։ 1871 թվականի սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության՝ թոքախտի առաջին նշանները։ 1871 թվականի վերջին Դուրյանն արդեն անկողնային հիվանդ էր։ Դերասան Հրաչյան իր ինքնակենսագրականում հիշում է Ազիզիե թատրոնում (Սկյուտարի Ազիզիե թաղամաս) Վարդովյանի թատերախմբի ամառային սեզոնի առաջին փորձը, թե ինչպես Դուրյանը տետրակը թևի տակ դրած բեմ բարձրացավ․ նա եկել էր իր «Թատրոնը» ներկայացնելու և ակնկալում էր, որ Վարդովյանն այն կընդգրկի իր թատերախմբի խաղացանկում։

  Ներս մտավ պատանի մը՝ երկար հասակով ու երկայն վզով, ուներ երկայն քիթ, գունատ էր։ Մոխրագույն ու շատ մաշված զգեստ էր հագած. թևքին տակ կար տետրակ մը։ Երբ երևցավ, դերասանուհիները սկսան ծիծաղ՝ ըսելով. «Քա՛, Թերեզա՛, քուկինդ եկավ»։ Իսկ Թերեզան պատասխանեց. «Այնքան գունատ է, որ ինձ պետք չէ, շուտով կմեռնի»։ Ես լսեցի այդ խոսքերը, բայց չէի կարծեր, թե պատանին ալ լսած էր։․․․ Երբ իր մահեն հետո կարդացի անոր բանաստեղծությունները, ան ատեն իմացայ, թե ան էլ լսած էր Թերեզա Չուխաճեանի խոսքերը, քանի որ գրել էր[7]

Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՚ունի սոսկ - ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ - «Կը մեռնի»։

 

Պետրոս Դուրյանը մահացել է 1872 թվականի հունվարի 21-ին, 20 տարեկան հասակում։ Նրա մահից հետո լույս է տեսել նրա առաջին գիրքը։ Այս խոսքերը Դուրյանն ասել է մահից մեկ օր առաջ։

  Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս։  

Գրական գործունեություն

խմբագրել

Դուրյանի բուն ստեղծագործական կյանքը սկսվել է ճեմարանն ավարտելուց հետո։ Մինչև 1871 թվականը գրողը հիմնականում նվիրվեց թատերգությանը։ Դուրյանը մեծ հետաքրքրություն է ունեցել դեպի պատմական թեմատիկան։ Պատճառներից մեկն այն է, որ արևմտահայ թատրոնի բեմահարթակ կարող էին բարձրանալ առաջին հերթին պատմական ողբերգությունները։ Դուրյանն իր պատմական թատերախաղերը համարել է «երևակայության հեղեղներուն արտադրած կաթիլներ»[5]։

Իր ողբերգություններում հեղինակը պաշտպանում է ավանդական մի մտայնություն. նա համոզված է, որ հայ ժողովրդին բաժին ընկած անցյալ ու ներկա աղետների միակ պատճառը անմիաբանությունն ու մատնությունն են։ Բայց դրա հետ միասին գրողի բոլոր պատմական թատերախաղերում առկա են ժողովրդավարական տրամադրություններ։

Իր ստեղծագործական կյանքի վերջին տարում Դուրյանը ոչ միայն չի գրել նոր ողբերգություններ, այլև կիսատ է թողել «Տիգրան Բ», «Կործանումն Հռովմա» և «Շահատակությունք հայոց» թատերախաղերը, որոնք Դուրյանը ձեռնարկել է 1870 թվականին։ Կիսատ թողնելու հիմնական պատճառն այն է, որ Դուրյանին այլևս չեն հետաքրքրել պատմահայրենասիրական ողբերգությունները։

Նոր թատրերգության խնդիրները Դուրյանն արծարծել է «Թատրոն կամ Թշվառների» «Հառաջաբանում», որ ըստ ամենայնի գրական ուշագրավ վավերաթուղթ է, ինչպես նաև բուն թատերախաղում՝ մի քանի երկրորդական գործող անձանց միջոցով։ Նա խոստովանում է, որ իր «Ժամանակակից թատերախաղը» «դժվարին» և «հանդուգն» մի ձեռնարկում է, որ նպատակ ունի դրանով «օրինակ ըլլալ ուրիշ թատերագրաց, որ ավելի արդի ընտանե կան անցքերը պարունակող բարոյալից թատերախաղեր հորինելու աշխատին, որով ավելի օգուտ կրնան ընծայել հայ հասարակության, քան թե ազգային հին դյուցազնությունը ողբերգությանց վերածելով»[5]։

Գրել է բանաստեղծություններ, դրամաներ, զբաղվել է հրապարախոսությամբ (եղել է «Օրագիր ծլին Աւարայրւո» թերթի օգնական խմբագիր), կատարել թարգմանություններ (Վիկտոր Հյուգո՝ «Թագավորը զվարճանում է», Շեքսպիր՝ «Մակբեթ» և այլն)։ 1869 և 1871 թվականներին «Օրագիր ծլին Աւարայրւո», «Մեղու», «Եփրատ», «Մամուլ» պարբերականներում տպագրել է տաղեր։ Գրական ժառանգության զգալի մասը (երգիծական ոտանավորներ, «Տիգրան Բ», «Կործանումն Հռովմա», «Շահատակությունք Հայոց» ողբերգությունները, թարգմանություններ, բազմաթիվ նամակներ) չեն պահպանվել։

Թատերախաղեր

խմբագրել

Գրական ասպարեզ մտնող Դուրյանին խորապես մտահոգել է հայ թատրոնի վիճակը։ «Թատրոն» հոդվածում (1869 թվական, դեկտեմբեր) նա մերժում է թատրոնը զբոսատեղի դիտելու մտայնությունը։ Պատճառը մատուցելով «Արևելյան թատրոնին»՝ հոդվածագիրը դժգոհություն էր հայտնում դրանից հետո հանդես եկած «այլևայլ անուններով թատերական խումբերի ու վարչությունների» գործունեությունից, որոնք ի վերջո հանգեցնում են Ալգազարի թատրոնի տխուր իրողությանը։ Նրա համոզմամբ հարկավոր էր ունենալ ազգային թատրոն։ Այդպիսին կարող էր դառնալ Վարդովյանի «Թատրոն օսմանիեն», որն, ըստ հեղինակի, «կաղնիկաղ ընթացք» ունի։ Դուրյանը կոչ է անում ամեն կերպ օգնել ու քաջալերել ազգային թատրոնի վերականգնմանը։

Դուրյանի թատերախաղերը նպաստել են հայ դրամատուրգիայի զարգացմանը։ Դուրյանը գրել է «Տարագիր ի Սիպերիա» այլաբանական ողբերգությունը, «Թրքուհին», «Վարդ և Շուշան կամ Հովիվք Մասյաց» (1867 թ.) հովվերգական մելոդրաման, ապա՝ «Սև հողեր կամ Հետին գիշեր Արարատյան» (1868 թ.), «Արտաշես աշխարհակալ» (1869 թ.), «Անկումն Արշակունի հարստության» (1870 թ.), «Ասպատակությունք պարսկաց ի Հայս կամ Ավերումն Անի մայրաքաղաքին Բագրատունյաց» (1870 թ.) պատմական ողբերգությունները։ Անդրադարձել է հայոց պատմության այն անցքերին, երբ ժողովուրդն ազատագրական պայքարի է ելել օտար հրոսակների դեմ։

Ստեղծագործությունների թեմա

խմբագրել

Նա 19-րդ դարի հայ առաջին գրողն է, որ պատմական անցյալը պատկերելիս արտահայտել է ժողովրդի բողոքն ու ատելությունը թագավորների ու նախարարների հանդեպ։

Հրաժարվելով պատմահայրենասիրական ողբերգության թեմայից՝ 1871 թվականին գրել է «Թատրոն կամ Թշվառներ» դրաման, Գ. Սունդուկյանից և Հ. Պարոնյանից անկախ հանգել արդիական թեմայի անհրաժեշտության գաղափարին։ Հասարակական կյանքում տեսնելով աղքատացում ու թշվառություն՝ ցույց է տվել դրանց բարոյական-հոգեկան ծանր հետևանքները։

Նորամուծություններ

խմբագրել

Դուրյանը հայ գրականության մեջ ստեղծել է ռոմանտիկական դրամային բնորոշ նմուշներ, հաղթահարել կլասիցիզմի կապանքներն ու պայմանականությունները։ Նրա դրամաները, բացառությամբ «Տարագիր ի Սիպերիա»-ի և «Թատրոն կամ Թշվառներ»-ի, հեղինակի կենդանության օրոք բեմադրվել են «Թատրոն Օսմանիեում» և մեծ հաջողություն ունեցել։ Դուրյանը ժանրի ավանդական սկզբունքների հետևորդը չեղավ։ Նա համարձակորեն օգտվեց ստեղծագործական ազատությունից և էական նորամուծություններ կատարեց պատմական դրամայի գեղարվեստական կառուցվածքում։ Ի տարբերություն կլասիկական դրամայի՝ Դուրյանը չի հերոսականացնում հայոց պատմությունը։ Նրա պատմական դրամաները չեն ավարտվում հաղթանակի ցնծությամբ, նրա սյուժեները վերաբերում են հայոց պատմության ողբերգական իրադարձություններին։

Դուրյանը հետամուտ էր հայոց դժբախտության պատճառների հայտնաբերմանը և պատմության ճակատագրական հանգամանքների դիտակետից վերլուծում էր վերնախավերի ու պալատական միջավայրում տիրող բարքերը։ Դուրյանի կարծիքով չի կարող միաբան լինել մի ժողովուրդ, որի վերնախավը բարոյազուրկ է ու անձնասեր, քանի որ յուրաքանչյուր ազգի ուժը նրա միասնության մեջ է։ Միությամբ և քաջությամբ-միությունը, միությունն է ազգի մը զենքն ու կյանքը... Հայեր, երկնից երեսը հույս չփնտրեք, մեր հույսը թող ըլլա մեր սիրտը և մեր սուրը,- այս է «Սև հողեր» դրամայի գաղափարը։ Դուրյանի համոզմամաբ հայրենիքի հզորությունը ժողովրդի մեջ է, և հայրենասիրության իսկական կրողը ժողովուրդն է՝ հայրենի հող ու ջրի տերը։ Դուրյանը հայրենասիրությունը համարում է սուրբ գաղափար։ Ներկայացնելով հայոց պատմության անկումները՝ Դուրյանը չի հանգում հոռետեսական եզրակացության։

Քնարերգություն

խմբագրել

Դուրյանի ընկալմամբ՝ բնության գեղեցկությունները կրավորական են, բնությունը ձգտում է նմանվել կույսի, ներշնչվում է նրանցից («Նե», «Զնե պաշտեմ», «Մանիշակ», «Ներա հետ»)։ Նա մերժված սիրո երգիչ է («Հծծյունք», «Սիրել», «Դրժել»), բայց անկարող է ապրել առանց սիրո։

«Լճակ», «Ի՜նչ կըսեն» բանաստեղծություններում դատապարտել է անտարբեր միջավայրը, բողոքել նրա անմարդկայնության դեմ։ Նրա քնարական հերոսը սիրում է կյանքը, սակայն աշխարհում «անապակ սեր», «ազատ օդ» և ազատություն չգտնելով՝ փարվում է գերեզմանին։ Մահվան և գերեզմանի գաղափարները Դուրյանի ստեղծագործության մեջ հանդես են գալիս որպես ներկայի դեմ բողոքի կրքոտ ու տառապալի արտահայտություններ («Հեծեծմունք»)։ Այդ տառապանքը ողբերգական է դառնում նշանավոր «Տրտունջք»-ում։ Բանաստեղծը կարեկցում է բոլոր նրանց, ովքեր «վսեմ երազներ» ունեն, բայց որոնց բաժին էր ընկել «սև ճակատագիրը»։

Մարդու և կյանքի նկատմամբ ունեցած սերը ստիպում է բանաստեղծին ընդվզել Աստծու դեմ։ Դուրյանը մարդկության համար տենչում էր մի ուրիշ աշխարհ և երազում. «Ա՜հ, երբ պիտի ջնջվի աշխարհիս վրայեն թագը, փառքը և միայն եղբայրությունը իր մանիշակներովը մարդոնց ճակատը պիտի պճնե փոխանակ դափնիի...», «Ե՛րբ տիեզերք համեղբայրության վառարան մը պիտի ըլլա»։

Դուրյանը վերականգնեց միջնադարյան քնարերգության հետ պատմականորեն խզված կապը, հրաժարվեց կլասիցիզմից և նկարագրությունից։

Դուրյանից մեզ է հասել 39 բանաստեղծություն, որոնցից 26-ը գրված են 1871 թվականին։ Հայրենասիրական մի քանի երգերում («Վիշտք հայուն», «Իղձք առ Հայաստան») նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը՝ Դուրյանը փրկության ելքը համարում էր լուսավորությունն ու միաբանությունը, կոչ էր անում դիմել ինքնապաշտպանության («Նոր սև օրեր»)։ Դուրյանի բանաստեղծությունների մեծ մասում քնարական հերոսը ինքը հեղինակն է։

«Վիշտք հայուն», «Իղձք առ Հայաստան», «Երգ մարտին Վարդանանց», «Նվագ», «Նոր սև օրեր», «Իմ ցավը» բանաստեղծությունները ներծծված են ավերակված հայրենիքի և բռնադատված ժողովրդի ահավոր սարսուռներով։ Բանաստեղծը նույնանում է հայրենիքին և իր ցավը գիտակցում լոկ հայրենիքի գաղափարով։

Բնության և սիրո ներդաշնակության մասին է նրա «Ներա հետ» բանաստեղծությունը։ Սիրո փիլիսոփայությունը Դուրյանի պոեզիայում գեղարվեստական կատարյալ արտահայտություն է գտել «Սիրել» և «Դրժել» բանաստեղծություններում։

 
Պետրոս Դուրյանի շիրմաքարը Կոմիտասի անվան պանթեոնում

Թարգմանություններ

խմբագրել

Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, ռումիներեն, բուլղարերեն, հունարեն, հունգարերեն, պարսկերեն, թուրքերեն, իսպաներեն։

Հիշատակ

խմբագրել

Պետրոս Դուրյանի անունն է կրում Երևանի Ավան վարչական շրջանի փողոցներից մեկը, Երևանի №28 հիմնական դպրոցը։


Երկերի մատենագիտություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. «Հետահայաց»․ Գրական կեղծանունները գուցե և հետաքրքրական են, այնուամենայնիվ, տաղանդի հետ որևէ առնչություն չունեն, Արմենպրես։
  4. Չոպանյան, Արշակ (1967). Պետրոս Դուրյանի կյանքն ու գործը. Երևան. էջ 226.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. 5,0 5,1 5,2 Շարուրյան, Ա․Ս․ (1972). «Պետրոս Դուրյան (Մահվան 100-ամյակի առթիվ)» (PDF). Պատմա-բանասիրական հանդես. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 22․11․2018-ին.
  6. Շարուրյան, Ա․Ս․ (1971). Երևան: «Բանբեր Երևանի համալսարանի». էջ 72. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. Ազնիվ Հրաչյա/ՀՐԱՉԵԱՅ (1909). Արշակ Չոպանյան (ed.). «ԻՄ ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆՆԵՐՍ (ինքնակենսագրություն)» (PDF) (եռամսյակ պարբերական). թիվ 1-2. Փարիզ: Անահիտ (հանդես). էջեր 19–20. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Պետրոս Դուրյան հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Դուրյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Դուրյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Դուրյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 462