Դրեյֆուսի դատ, դատավարություն Ֆրանսիայում (1894, դեկտեմբեր) և դրան հաջորդած սոցիալական հակադրություն (1896-1906) Գերմանական կայսրության օգտին ֆրանսիական շտաբի անդամ, ծագումով հրեա սպա Ալֆրեդ Դրեյֆուսի (1859-1935) լրտեսության գործով։ Դրեյֆուսը կեղծված փաստաթղթերի հիման վրա մեղադրվել է և դատապարտվել ցմահ աքսորի հասարակության մեջ եղած հակասեմական տրամադրությունների ազդեցությամբ, սակայն հետագայում ռազմական դատարանի կողմից արդարացվել է։ Դրեյֆուսի դատը նշանակալից դեր է ունեցել Ֆրանսիայի և Եվրոպայի՝ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի պատմության մեջ։ Այն հաճախ դիտարկվում է անարդար վճռի առանձնահատուկ օրինակ[1]։

Դրեյֆուսի դատ
Ալֆրեդ Դրեյֆուսի հրապարակային ներումը, Մայեր, 1895
Ալֆրեդ Դրեյֆուսի հրապարակային ներումը, Մայեր, 1895
Երկիր Ֆրանսիայի երրորդ հանրապետություն
Վարչական շրջանՓարիզ
Դատի սկիզբ1894
Դատի վերջ1906

Պատմություն

խմբագրել

Մեղադրանք։ 1894 թվականի դատավարություն

խմբագրել

1894 թվականի վերջին, երբ կառավարության վարչապետը Շառլ Դյուպյուին էր և ռազմական նախարարը Օգյուստ Մերսյեն, գլխավոր շտաբից անհետանում են խիստ գաղտնի մի քանի փաստաթղթեր։ Որոշ ժամանակ անց ռազմական հետախուզության ղեկավար գնդապետ Յուբեր Անրին ռազմական նախարարությանը առանց ամսաթվի և ստորագրության նախնական փաստաթուղթ է ներկայացնում, որով հասցեատիրոջը տեղեկացնում էր, որ ուղարկում է ռազմական գաղտնի փաստաթղթեր. դրանք իբր հայտնաբերվել էին գերմանացի ռազմական լրտես գնդապետ Շվարցկոպենի թղթերում։ Գնդապետ Ֆաբրը և նախարարության ռազմական փորձագետը ճանաչում են սպա Դրեյֆուսի ձեռագիրը։ Վերջինս ձերբակալվում է 1894 թվականի հոկտեմբերի 15-ին։

Արտաքին գործերի նախարար Գանոտոն չի հավատում ներկայացված անստորագիր փաստաթղթերին և դեմ է արտահայտվում դատական գործ հարուցելուն, սակայն չի համարձակվում պնդել դա։ Համոզված լիներով, որ Դրեյֆուսն անմեղ է, նա, այնուամենայնիվ, ռազմական նախարարության թելադրանքով գործ է հարուցում։ Ռազմական նախարար Մերսյեն գնդապետ Անրիի և մայոր Պատի դե Կլամի ազդեցությամբ արտահայտվում է Դրեյֆուսի դեմ՝ պահանջելով նրան հանձնել ռազմական դատարանին։

Դռնփակ դատն ընթանում է Փարիզում 1894 թվականի դեկտեմբերին։ Դրեյֆուսի մեղավոր լինելը համառորեն պնդում էին գեներալ Բուադեֆրը, նրա օգնական գեներալ Գոնզը, Պատի դե Կլամը, Անրին և այլք։ Դատավորները տատանվում էին. հանցանիշերը բավարար չէին։ Այդ ժամանակ էլ քննիչը, համաձայնության գալով ռազմական նախարարության հետ, պատրաստում է կեղծ փաստաթղթեր, որն իբր գրել էր գերմանացի դեսպանը՝ հաստատելով Դրեյֆուսի համագործակցությունը գերմանացիների հետ։ Դրեյֆուսը, մեղադրվելով լրտեսության և պետական դավաճանության մեջ, ցմահ աքսորվում է Կայեննա, իսկ 1895 թվականի տեղափոխվում Սատանայի կղզի (ֆր.՝ Ile du Diable

Դատավճռի վիճարկում։ Գնդապետ Պիկարի ելույթը

խմբագրել

Մամուլում արտահայտվեց տեսակետ, ըստ որի՝ Դրեյֆուսի մեղքն ապացուցված չէ, և հնարավոր է դատական սխալի առկայություն։ 1896 թվականին տպագրվեց Լազարի «Դատական սխալ» գրքույկը, որով ապացուցվում էր Դրեյֆուսի անմեղությունը[2]։ Նույն թվականին հետախուզական բյուրոյի ղեկավար, գնդապետ Ժորժ Պիկարը գեներալ Գոնզին ցույց տվեց փաստաթղթի ձեռագրի նմանությունը մեկ ուրիշ սպայի՝ մայոր Էստերխազիի ձեռագրին։ Կարծիքը հայտնելուց հետո Պիկարն անմիջապես տեղափոխվեց Թունիս։ Սակայն Պիկարը իր կասկածները հայտնում է սենատոր Շերեր-Կեստներին, որը Սենատում հանդես է գալիս և պահանջում Դրեյֆուսի դատավճռի վերանայում։

Սենատոր Շերեր-Կեստների բողոքը էական փոփոխությունների չհանգեցրեց. նույնիսկ որոշում եղավ, որ Դրեյֆուսի նկատմամբ հսկողությունն ուժեղացնեն։ Իսկ ռազմական նոր նախարար Բիլյոն նախկին նախարար Մերսյեի պես պնդում էր, որ Դրեյֆուսը մեղավոր է։

 
Էմիլ Զոլայի բաց նամակը՝ «Ես մեղադրում եմ»

Էմիլ Զոլայի ելույթը

խմբագրել

1897 թվականի նոյեմբերին Ալֆրեդ Դրեյֆուսի եղբայրը՝ Մատյո Դրեյֆուսը, պաշտոնական մեղադրանք ներկայացրեց մայոր Էստերխազիի դեմ։ 1898 թվականի հունվարի 11-ին Էստերխազին ռազմական դատարանի կողմից անմեղ ճանաչվեց. ռազմական իշխանությունները ամեն կերպ ճնշել էին դատարանին այդ որոշումը կայացնելու համար։ Երկու օր անց՝ 1898 թվականի հունվարի 13-ին, «Ավրորա» («L’Aurore») թերթում տպագրվում է ականավոր գրող Էմիլ Զոլայի բաց նամակը՝ «Ես մեղադրում եմ» (ֆր.՝ J’accuse) վերնագրով՝ ուղղված Ֆրանսիայի նախագահ Ֆելիքս Ֆորին[3]։ Հոդվածում Զոլան վստահորեն պնդում էր, որ մեղավորները Էստերխազին ու Անրին են, իսկ ռազմական իշխանությունները գիտակցորեն մեղքը բարդել են Դրեյֆուսի վրա։ Զոլայի նամակը ցնցող ազդեցություն թողեց Ֆրանսիայում և ողջ Եվրոպայում։ Այդ պահից աշխարհի առաջադեմ հասարակության ուշադրությունը սևեռվեց Դրեյֆուսի գործին։

Հասարակության բևեռացում

խմբագրել
 
Կարան դ'Աշի ծաղրանկարը, 1898, Վերևում՝ «Եկեք չխոսենք Դրեյֆուսի դատից»: Ներքևում՝ «Եվ, այնուամենայնիվ, խոսեցին»:

Դրեյֆուսի գործը հասարակական մեծ հնչեղություն էր ձեռք բերել՝ հասարակությունը բաժանելով երկու մասի։ Դրեյֆուսին մեղադրող կողմում հայտնվել էին ռազմական իշխանությունները, ազգայնամոլները և հատկապես հակասեմականները, մինչդեռ սոցիալիստները պաշտպանում էին Դրեյֆուսին։ Ողջ Ֆրանսիան բաժանվում է Դրեյֆուսի կողմնակիցների և մեղադրողների երկու հսկայական բանակի, որոնց միջև անզիջում պայքար է սկսվում։ Դրեյֆուսի գործի նկատմամբ ունեցած տարաձայնությունների պատճառով թշնամանում են նախկին ընկերներ և համախոհներ։ Մի խմբի կարծիքով՝ Դրեյֆուսը Ֆրանսիայի թշնամի է, իսկ նրան պաշտպանողները՝ հրեաներին ծախվածներ։ Մյուս խմբի կարծիքով՝ Դրեյֆուսը պատահական զոհ է, որի վրա մեղքը բարդվել է միայն հրեա լինելու հանգամանքով պայմանավորված։ Իմիջիայլոց, Դրեյֆուսի դատի ընթացքում Ֆրանսիայում կար ազգությամբ հրեա 300 սպա (ընդհանուր թվի 3%-ը) և 10 գեներալ[4]։

Սոցիալ-դեմոկրատ Ժյուլ Գեդը կարծում էր, որ Դրեյֆուսի գործը բուրժուազիայի ներքին գործն է, աշխատավորներին դա չի վերաբերում։ Մինչդեռ Ժան Ժորեսը հաստատակամորեն պաշտպանում է Դրեյֆուսին՝ դրանով բարձրացնելով իր հեղինակությունը և ամրապնդելով սոցիալիստների դիրքերը։

Նշանավոր գրող Ռոմեն Ռոլանը ավելի զգուշավոր կարծիք է հայտնում՝ ասելով, որ լիարժեք ապացույցներ չունենալով՝ չի կարելի մեղադրել Դրեյֆուսին մեղադրող իշխանություններին։ Նույն կարծիքն է հայտնում նաև Ժյուլ Վեռնը։ Նման մի կարծիք էլ հայտնում է Լև Տոլստոյը՝ նշելով, որ համանման շատ դատավարություններ են լինում, որոնք ուշադրություն չեն գրավում, մինչդեռ Դրեյֆուսի գործը մամուլի հրապարակումների շնորհիվ ամբողջ աշխարհի ուշադրությունն է բևեռել։

Հայ նշանավոր գրող, կրթությամբ իրավաբան Գրիգոր Զոհրապը ևս հանդես է եկել Դրեյֆուսի պաշտպանության օգտին։ 1898 թվականին նա պաշտպանական ուսումնասիրություն է ուղարկել Փարիզ՝ Դրեյֆուսի պաշտպանության կոմիտեին։

Կեղծ փաստաթղթեր։ Անրիի խոստովանությունն ու ինքնասպանությունը

խմբագրել
 
Ալֆրեդ Դրեյֆուս

Էմիլ Զոլայի բաց նամակի հրապարակման օրը պատգամավորների շրջանում հարցում է անցկացվում. Մելենի կառավարությունը քվեարկության արդյունքում առաջարկում է Զոլային դատի տալ։ Երկու անգամ՝ 1898 թվականի փետրվարին և հուլիսին, քննվում է Զոլայի գործը։ Զոլան ճանաչվում է մեղավոր. դատապարտվում է մեկ տարվա ազատազրկման և 3.000 ֆրանկ տուգանքի։ Զոլան փախչում է Անգլիա։ Այդ ընթացքում գեներալ Պելյեն Դրեյֆուսի մեղավորության նոր ապացույցներ է ներկայացնում։ Ռազմական նախարար Կավենյակը, ի պատասխան մեղադրանքը վերանայելու, 1898 թվականի հուլիսի 7-ին կրկին մեղադրական ճառով է հանդես գալիս ընդդեմ Դրեյֆուսի։

Կավենյակի ճառը ուժեղ տպավորություն է գործում։ Սոցիալիստ Միրմանի առջարկով այն տարածվում է Ֆրանսիայի բոլոր կոմունաներում։ Հասարակական միտքը, թվում է, վճռականորեն թեքվում է Դրեյֆուսին դատապարտելու կողմը։ Այդ ընթացքում, սակայն, փաստաթղթերի կեղծված լինելը ապացուցվում է, քանի որ դրանք կազմողները, Շվարցկոպենին գերմանացի համարելով, ֆրանսերենով մի քանի կոպիտ սխալներ էին թույլ տվել, մինչդեռ Շվարցկոպենը, լինելով Էլզասից, փայլուն գիտեր ֆրանսերեն։

Գնդապետ Ժորժ Պիկարը հրապարակայնորեն հայտարարեց, որ կեղծված փաստաթուղթը Անրիի ձեռքի գործն է։ Պիկարը ձերբակալվեց։ Մի քանի շաբաթ անց կասկածներ են առաջանում նաև ռազմական նախարար Կավենյակի մոտ։ Նա հարցաքննում է Անրիին և ստիպում խոստովանել իրականությունը (օգոստոսի 30)։ Անրին ձերբակալվում է և օգոստոսի 31-ին բանտում ինքնասպանություն գործում։ Դրեյֆուսի մեղավորությունը կասկածի տակ է դրովում։ Այնուամենայնիվ, ռազմական ղեկավարությունը կրկին պնդում է, որ Դրեյֆուսն է մեղավոր, իսկ Անրին ինքնասպանություն է գործել, որպեսզի ընդհատի ֆրանսիական բանակը վարկաբեկող քարոզչությունը։ Նույնիսկ որոշվում է հասարակայնորեն գումար հավաքել Անրիի գերեզմանին հուշարձան կանգնեցնելու համար։

Շուտով նախարար Կավենյակը պաշտոնաթող է լինում։ Սեպտեմբերի 26-ին կառավարությունը որոշում է վերանայել Դրեյֆուսի գործը։ Դրան կողմ է արտահայտվում նաև ռազմական նոր նախարար Շանուանը։ Սակայն հոկտեմբերի 25-ին անսպասելիորեն նա կրկին հանդես է գալիս Դրեյֆուսի մեղավոր լինելու օգտին և թողնում պաշտոնը։ Սա ուժեղ հարված էր կառավարությանը, որը դրանից հետո հրաժարական է տալիս։ Նոր կառավարությունը գլխավորում է Դյուպյուին։

Էստերխազին լքում է երկիրը՝ հայտարարելով, որ ինքն է եղել կեղծ փաստաթղթերի հեղինակը։ Դրեյֆուսի հակառակորդները չէին ուզում հավատալ այս հայտարարությանը, հավատացնելով, որ նման հայտարարությունն արվել է գումարի դիմաց։ Սակայն վճռաբեկ դատարանը սա բավարար հիմք է համարում նոր դատավարություն սկսելու համար։

1899 թվականի վճռաբեկ դատավարություն։ Համաներում

խմբագրել
 
Դատավարություն Ռենում

Վճռաբեկ դատարանում գործի քննության ընթացքում պարզվեց, որ կան կեղծված բազմաթիվ փաստաթղթեր, իսկ առաջին դատավարության ընթացքում մեղադրանքը կայացվել է հիմնավորումներով, որոնք մեղադրյալն ու դատապաշտպանը նույնիսկ չեն լսել։ Գործի երկրորդ քննությունը կայացավ 1899 թվականին Ռենում։ Հասարակությունը ծայրաստիճան լարված էր. քննության ընթացքում նույնիսկ մահափորձ է իրականցվում Դրեյֆուսի պաշտպան Լաբորիի դեմ, որը, սակայն, ավարտվում է թեթև վնասվածքով։ Որպես վկա ելույթ են ունենում ռազմական գործերի նախկին հինգ նախարարները, գեներալներ Գոնզը, Բուադեֆրը։ Նրանք, առանց փաստ ներկայացնելու, կրկին պնդում են, որ Դրեյֆուսը մեղավոր է։ Դատավարությունն ընթանում է 1899 թվականի օգոստոսի 5-ից 7-ը. հինգ դեմ և երկու կողմ ձայներով նորից հաստատվում է Դրեյֆուսի մեղավորությունը, սակայն մեղմացուցիչ հանգամանքներով պայմանավորված՝ այս անգամ նա դատապարտվում է 10 տարի ազատազրկման։

Ֆրանսիայի նախագահ Էմիլ Լուբեն կառավարության առաջարկով ներում է շնորհում Դրեյֆուսին։ Դրեյֆուսը ընդունում է ներումը՝ դրանով առաջացնելով իր կողմնակիցների, այդ թվում՝ փաստաբան Լաբորիի դժգոհությունը։ Դրեյֆուսի կողմնակիցները ուզում էին շարունակել պայքարը՝ ցանկանալով դատական գործեր հարուցել ընդդեմ Մերսյեի և այլ անձանց, սակայն կառավարության հրամանով գործը մեկընդմիշտ փակվում է՝ ընդհանուր համաներում շնորհելով Դրեյֆուսի գործի հետ կապված բոլոր մեղավորներին։ Նախագիծն ընդունվում է երկու պալատների կողմից 1900 թվականի դեկտեմբերին։ Համաներումը, սակայն, չի վերաբերում Դրեյֆուսին, քանի որ նրա գործը վերաքննել էր դատարանը։ Դրանից հետո Դրեյֆուսի գործը որոշ ժամանակ անուշադրության է մատնվում։

Գործի վերջնական վերանայում։ Դրեյֆուսի արդարացումը

խմբագրել

1903 թվականի ապրիլին Ժան Ժորեսը պատգամավորների պալատում կարդում է գեներալ Պելյեի՝ Կավենյակին ուղղված նամակը (1898, օգոստոսի 31)։ Նամակն ուղարկվել էր Անրիի ինքնասպանությունից հետո։ Պելյեն պատմում էր Դրեյֆուսի գործում եղած խարդախությունների մասին։ Այստեղից գործը նոր ընթացք է ունենում։ Բրիսոնը հայտարարում է, որ Կավենյակը հենց սկզբից, թաքցնելով շատ փաստեր, անարդար է եղել։ Նույն թվականին ռազմական գործերի նոր նախարար գեներալ Անդրեն, ծանոթանալով Դրեյֆուսի գործին, անհրաժեշտ է համարում դրա վերաքննումը։ 1903 թվականի նոյեմբերին Դրեյֆուսը վճիռը բեկանելու պահանջով կրկին դիմում է դատարան։ 1904 թվականին վճռաբեկ դատարանի պահանջով կատարվում է լրացուցիչ քննություն։ 1906 թվականին Դրեյֆուսը լիովին արդարացվում է. նրա վրայից հանվում են բոլոր մեղադրանքները, վերականգնում են բանակում և պարգևատրում Պատվո լեգեոնի շքանշանով։

Հիշատակումներ մշակույթում

խմբագրել
  • Դրեյֆուսի դատի գրական առաջին արձագանքը «Անմեղը» (ֆր.՝  Innocent) կատակերգությունն էր՝ գրված Ալֆոնս Ալլեի և Այֆրեդ Կապյուսի կողմից 1895 թվականին։
  • Համր կինոյի շրջանում թեման բազմիցս էկրանավորվել է՝ «Դրեյֆուսի դատը» (1899,1902,1908)։
  • Դրեյֆուսի դատի քննարկումը կարևոր դեր ունի Մարսել Պրուստի «Կորսված ժամանակի փնտրտուքներում» վիպաշարում։
  • Անատոլ Ֆրանսի «Պինգվինների կղզի» երգիծական վեպում Դրեյֆուսի գործը ներկայացվում է որպես «Պիրոյի գործ»։ Գործը բազմիցս հիշատակվում է Ֆրանսի «Ժամանակակից պատմություն» վեպում[5]։
  • Դրեյֆուսի դատի նախապատրաստությունը նշանակալից տեղ ունի Ումբերտո Էկոյի «Դամբարան Պրահայում» վեպում, որտեղ գլխավոր հերոս սպա Սիմոնին պնդում է, որ գործում մասնակից է եղել փաստաթղթերի կեղծմանը։
  • Դրեյֆուսի դատի մասին մի քանի անգամ հիշատակվում է Ռոմեն Ռոլանի «Ժան Քրիստոֆ» վեպում։
  • Դրեյֆուսի դատի հիշատակում կա Շոլոմ-Ալեյխեմի «Մենահեմ-Մենդլ» ստեղծագործության մեջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Guy Canivet, first President of the Supreme Court, Justice from the Dreyfus Affair, p. 15.
  2. Lazare, A miscarriage of justice. The truth of the Dreyfus Affair, Brussels, November 1896 (French)
  3. Zola trial, Volume 1, p. 268. (French)
  4. Reid, Piers Paul. The Dreyfus Affair. p. 83. ISBN 978-1-4088-3057-4.
  5. The Island of Penguins

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել