Ելտըզի մահափորձ
Ելտըզի մահափորձ կամ Ելդըզի մահափորձ, որն իրականացվել է 1905 թվականին Ելտըզի պալատի մոտ գտնվող Սուլթանիե մզկիթի բակում[6]։ Դեռևս 1896 թվականին՝ Համիդյան կոտորածներից հետո, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և Հնչակյան կուսակցությունն իրարից անկախ ընդունել էին Աբդուլ Համիդ II-ին մահապատժի ենթարկելու որոշում։ Այդ ժամանակ՝ 1896 թվականի փետրվարին, ՀՅԴ-ն ամենամոտն էր Աբդուլ Համիդի մահապատժի իրականացմանը, սակայն նոր կոտորածների տեղիք չտալու համար ծրագիրը հետաձգվել է։
Ելտըզի մահափորձ | |
---|---|
Քրիստափոր Միքայելյանը՝ Ելտըզի մահափորձի գործողության նախագծողը (ձախից) և Աբդուլ Համիդ II-ը՝ մահափորձի թիրախը (աջից) | |
Տեսակ | Մահափորձ |
Երկիր | Օսմանյան կայսրություն |
Գրոհի վայր | Կոստանդնուպոլիս |
Տեղադրանք | Ելտըզի Սուլթանիե մզկիթ |
Գրոհի նպատակ | Աբդու Համիդի սպանություն |
Տարեթիվ | 1905 թվական հուլիսի 21[1] |
Զենք | Մելինիտ պայթուցիկ նյութ |
Զոհվածներ | 26 զոհ[1] |
Վիրավորներ | 59 վիրավոր[1] |
Ահաբեկիչներ | Չարլզ Էդուարդ Ժորիս |
Կազմակերպիչներ | Հայ հեղափոխական դաշնակցություն (մասնավորապես՝ Քրիստափոր Միքայելյան, Չարլզ Էդուարդ Ժորիս, Ռուբինա Արեշյան-Օհանջանյան[2][3], Անտոն Գոշ[4][5], Սաֆո և այլն) |
Պատանդներ | չկան |
Կասկածյալ | Չարլզ Էդուարդ Ժորիս |
Yıldız assassination attempt Վիքիպահեստում |
Հետագայում Քրիստափոր Միքայելյանի կողմից այս հարցը վերաբացվել է։ Նրա համար սկզբունքային էր ձևավորել մի խումբ, անցնել Կոստանդնուպոլիս և իրականացնել Աբդուլ Համիդի սպանությունը։ ՀՅԴ-ի 4-րդ ընդհանուր ժողովի ժամանակ՝ 1904 թվականին, երբ զուգահեռ ընթանում էր Սասունի ապստամբությունը, նորից որոշում է ընդունվել պատուհասել սուլթանին, ինչը պետք է լրացուցիչ հնչեղություն հաղորդեր Սասունի ապստամբությանը և այն դարձներ միջազգային խնդիր։
Կազմավորվել է Ցուցական մարմինը, որի ղեկավար է դառնում Քրիստափոր Միքայելյանը։ Նա ահաբեկչությունը կազմակերպող և իրականացնող խումբ է ձևավորել, որոնց մեջ էին Սաֆոն (Մարտիրոս Մարգարյան), Սև Աշոտը (Կարապետ Եղիկյան), Թորգոմը (Արտաշես Սերեմճյան), Հոնան Դավթյանը և այլն։ Այս կազմը հետագայում փոփոխությունների է ենթարկվել․ անդամագրվել են նաև Ռուբինա Արեշյանը, Մարի Զայցը, տիկին Անչուկովան, Քրիս Ֆանարջյանը, Համբարձում Աղաջանյանը (Կարո), Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս), Լևոն Գյուլումյանը, Գրիգոր Սայանը (Ջահիլ), Սամաթիացի Զարեհը, Արամ Անդրեսայանը և այլք։ Ցուցական մարմնին տրամադրվել է 50 հազար ռուսական ոսկե ռուբլի։
Գործողությունն ստացել է «Նժույգի գործ» անվանումը, որի միայն մի մասն էր կազմում Ելտըզի մահափորձը։ Խմբի անդմաները օտարերկրացիների անվանումներով մուտք են գործել Կոստանդնուպոլիս և սկսել իրականացնել ահաբեկչության պատրաստությունները։ Որոշվել է երկու ձևով միաժամանակ կատարել հարձակում․ սուլթանի վրա ձեռնառումբեր նետել և կառքի մեջ մեծ քանակությամբ մելինիտ պայթուցիկ նյութ դնելով՝ պայթեցնել այն, երբ սուլթանը կլիներ ամենափոքր հեռավորության վրա։ Քրիստափոր Միքայելյանը, որը ձեռնառումբերը փորձարկելու նպատակով գնացել էր Բուլղարիա, մարտի 4-ին Սոֆիայի մոտ գտնվող Վիտոշ լեռան լանջին փորձերը իրականացնելու ժամանակ նահատակվել է․ նրա հետ մահացել է նաև խմբի կարևոր անդամ Վռամշապուհ Քնեդիրյանը։ Սակայն ահաբեկչությանը պատրաստվող խումը շարունակել է իր գործունեությունը և ձեռք բերել 124 կգ մելիտին, շքեղ մի կառք, որի մեջ էլ տեղադրվել է գերհզոր պայթուցիկը։
1905 թվականի հուլիսի 21-ին Ռուբինան իրականցրել է ահաբեկչական գործողությունը։ Նա ռումբի ժամացույցը լարել է մզկիթի զանգը լսելուց հետո ուղիղ 1 րոպե 48 վայրկյանի վրա և լքել կառքը։ Մինչ այդ հաշվարկվել էր, որ սուլթանը հենց այդքան ժամանակ անց էր լինում կառքից նվազագույն հեռավորության վրա։ Ռումբը պայթել է, որի հետևանքով զոհվել է 26 և վիրավորվել 59 մարդ, սակայն դրանց թվում չէր սուլթան Աբդուլ Համիդ II-ը, քանի որ սովորականից փոքր ինչ ուշ էր դուրս եկել մզկիթից՝ խոսքի բռնվելով պաշտոնյաներից մեկի հետ։
Հետագայում դատավարություն է տեղի ունեցել։ Իրականացված գործողությունից միայն մի քանի ամիս անց է պարզ դարձել, որ ահաբեկչական գործողության հետևում հայերն են կանգնած։ Ձերբակալվել է Չարլզ Էդուարդ Ժորիսը, որին հետագայում Օսմանյան կայսրությունը միջազգային ճնշման տակ արտահանձնել է եվրոպական երկրներին։
Նախապատմություն
խմբագրելԱրևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում 1894-1896 թվականներին տեղի են ունեցել Համիդյան ջարդերը․ այս իրադարձությունները կրում են դրանց իրականացման հրաման տվողի՝ Աբդուլ Համիդ II-ի անվանումը։ Այս ամենն ատելություն է սերմանել ընդդեմ թուրք սուլթանի։ Հայերի կոտորածի միջոցով թուրքական կառավարությունը նպատակ է ունեցել վերջնական լուծել Հայկական հարցը։ Զեյթունում, Սասունում, Վանում տեղի են ունեցել մի քանի ինքնապաշտպանական մարտեր, որոնք ճնշվել են արյան մեջ։ Միջազգային հասարակությունը, օգտագործելով հարմար առիթը, ճնշում է բանեցրել Օսմանյան կայսրության վրա և ստիպել ընդունել Մայիսյան բարենորոգումների ծրագիրը, որը միայն մնացել է թղթի վրա և չի իրականացվել։
Հայոց տարբեր կազմակերպություններ ցանկանում էին հայ արևմտահայ բնակչությանը պատրաստել համընդհանուր ապստամբության։ Այս ամենի համար հարմար վայր է ընտրվել Սասունը, իսկ ապստամբության սկզբնաժամկետ՝ 1905 թվականը։ Սակայն թուրքական կառավարությունը նախահարձակ է եղել, և 1904 թվականին սկսվել է Սասունի ապստամբությունը, որտեղ հայ փոքրաթիվ ուժերը պարտություն են կրել, և նոր կոտորածներ են տեղի ունեցել։
Այս ամենը հանգեցրել է նրան, որ ՀՅԴ-ն և Հնչակյան կուսակցությունները իրարից անկախ ընդունել են Աբդուլ Համիդ II-ի մահապատժի վճիռ[7]։ 1898-1901 թվականներին ՀՅԴ-ն ունեցել է ֆինանսական խնդիրներ, ինչը ստիպել էր ՀՅԴ-ին կրճատել ազգային-ազատագրական պայքարի ֆինանսավորումը, այդ թվում նաև մահապատժի իրագործումը հետաձգվել է։ 1902-1903 թվականներին հայ մեծահարուստների և «Փոթորիկ» խմբի գործունեության արդյունքում ՀՅԴ-ն սկսել է մեծ ֆինանսների տիրապետել և զբաղվել մահապատժի իրականացման գործով։
Ցուցական մարմնի ստեղծում
խմբագրել1903 թվականի վերջին Բաքվից Եվրոպա է մեկնում Քրիստափոր Միքայլեյանը, որն իր առջև նպատակ էր դրել իրականացնել սուլթանի մահապատիժը։ 1904 թվականին տեղի է ունենում ՀՅԴ 4-րդ համագումարը, որտեղ որոշվեց Սասունի ապստամբության ընթացքում իրականացնել մահապատիժը։ Հետագա դեպքերը ցույց տվեցին, որ ո՛չ Սասունի ապստամբության, ո՛չ 1904 թվականին հնարավոր չէր իրականացնել այդ բարդ գործընթացը։
Ստեղծվեց Ցուցական մարմինը, որի ղեկավար ընտրվեց Քրիստափոր Միքայելյանը։ Մարմնի կազմում ընտրվեցին նաև Սաֆոն (Մարտիրոս Մարգարյան), Սև Աշոտը (Կարապետ Եղիկյան), Թորգոմը (Արտաշես Սերեմճյան), Հոնան Դավթյանը և այլն․ այս կազմը հետագայում ենթարկվեց փոփոխությունների։ Ցուցական մարմնին հատկացվեց 50 հազար ռուսական ոսկե ռուբլի։
Գործողության նախապատրաստում
խմբագրելՆախքան Կոստանդնուպոլիս անցնելը Ցուցական մարմինը ժողովներ է գումարում Աթենքում և Պիրեայում, որտեղ քննարկվում են մահապատժի իրագործման ուղիները, նոր անդամներ հրավիրելու, Կոստանդնուպոլիս մտնելու, անդամների պարտականությունների և իրավունքների սահմանման հարցերը։ Պիրեյաի ժողովում հաստատվում է Ցուցական մարմնի կանոնադրությունը, որի 13-րդ կետը նշում էր, որ սուլթանին ահաբեկելու որոշումը Ցուցական մարմնի կողմից պետք է ընտրվի միաձայն։ Հրավիրվեցին մի շարք գործիչներ, որոնք իրենց գործի վարպետներն էին։ Նրանց թվում էին Ռուբինա Արեշյանը, Մարի Զայցը, տիկին Անչուկովան, Քրիս Ֆանարջյանը, Համբարձում Աղաջանյանը (Կարո), Սարգիս Բարսեղյանը (Վանա Սարգիս), Լևոն Գյուլումյանը, Գրիգոր Սայանը (Ջահիլ), Սամաթիացի Զարեհը, Արամ Անդրեսայանը և այլք։
Կանանց հրավիրելը պատահական չէր, քանի որ որոշվել էր Կոստանդնուպոլիս մտնել որպես այլազգի և կանանց ուղեկցությամբ։ Այս ամենի պատճառը այն էր, որ Կոստանդնուպոլիս որպես հայ մտնելը կարող էր լրտեսների ուշադրությունը գրավել։ Քրիստափորը Կոստանդնուպոլիս է մտնում հրեա Սամուել Ֆայնի անցագրով՝ իր «աղջկա»՝ Ռոիբինա Ֆայնի (Արեշյան) ուղեկցությամբ։ Սաֆոն մայրաքաղաք մտավ գերմանացի Լիփա Ռիփսի անցագրով՝ իր «կնոջ»՝ Մարի Ռիփսի (Զայց) ուղեկցությամբ, Թորգոմը և Աշոտը՝ որպես ուկրաինացի կալվածատեր Յուվանովիչ ազգանվամբ։ Իսկ քանի որ Հոնան Դավթյանի կնոջ հիվանդությունը թույլ չտվեց նրան մասնակցել գործողությանը և նրան փոխարինեց Վռամշապուհ Քենդիրյանը․ նա դարձավ մարմնի հինգերորդ անդամը։
Ցուցական մարմինը որոշել էր սուլթանին ահաբեկելու զուգահեռ ահաբեկչություններ կատարել նաև Զմյուռնիայում, որի նպատակը հայկական հարցին էլ ավելի մեծ հնչեղություն հաղորդելն էր։ Դա իրագործելու համար Զմյուռնիայում ստեղծվեց Գործադիր մարմինը։ Սուլթանին ահաբեկելու համար Ցուցական մարմինը դիտարկում էր երկու տարբերակ․ դրանցից առաջինը տարեկան տարբերակն էր։ Ըստ դրա՝ մահափորձը պետք է ի կատար ածվեր այն ժամանակ, երբ սուլթանը՝ որպես մուսուլմանների առաջնորդ՝ խալիֆ, գնում էր իր հավատակիցներին այցելության։ Դա տեղի էր ունենում տարին երկու անգամ, ինչը բարդացնում էր գործողության իրականացումը։ Մյուս տարբերակը ամեն ուրբաթ տեղի ունեցող սելամլըքի ժամանակ ահաբեկչության իրականացումն էր։
Լինելով մոլեռանդ մուսուլման՝ սուլթանը պետք է մասնակցել այս կրոնական միջոցառմանը, սակայն չուզենալով ամեն անգամ դրա համար գնալ Կոստանդնուպոլիս՝ նա Ետըզի մոտ կառուցել էր Սուլթանիե մզկիթը և այնտեղ էր գնում ծեսերի ժամանակ։ Ելտըզից մինչև Սուլթանիե մզկիթ ընկած ճանապարհը այդ օրերին ամբողջովին հսկվում էր թուրքական զորքի կողմից։ Մզկիթից 60-70 քայլ հեռու գտնվում էր մի տաղավար, որը նախատեսված էր օտարերկրացիների համար։ Այնտեղ տեղ գտնելու համար անհրաժեշտ էր դիմել սեփական երկրի դեսպանատուն և տեղ ամրագրել։
Դիտարկելով այս երկու տարբերակները՝ անդամները հասկանում են, որ առաջին տարբերակը անիրագործելի է, ինչից հետո ընտրվում է երկրորդը։ Այս ամենից հետո անդամները սկսում են քննարկել մահափորձի իրականացման եղանակը։ Դիտարկվում էր երկու տարբերակ․ օտարերկարցիների համար նախապատրաստված տաղավարից ձեռնառումբեր նետել սուլթանի վրա կամ մզկիթի բակում մի կառք կանգնեցնել, որի մեջ կլիներ մեծ քանակությամբ պայթուցիկ նյութ՝ մելիտին։ Քննարկմուներից հետո որոշվեց միաժամանակ երկու տարբերակն էլ կատարել։
Ձեռնառումբերի պատրաստումը հապաղում էր, որի համար Քրիստափոր Միքայելյանը մեկնում է Բուլղարիա և սկսում ինքնուրույն զբաղվել դրանց պատրաստությամբ։ Իսկ կառք-ռումբի պատրաստության համար Ցուցական մարմնին հաջողվում է Կոստանդնուպոլիս տեղափոխել 204 կգ մելիտին, որը 20-րդ դարասկզբին համարվում էր ամենաուժեղ պայթուցիկ նյութը։ 1905 թվականի փետրվարին տեղի ունեցող ՀՅԴ-ի խորհրդի նիստին մասնակցելու համար Վռամշապուհ Քենդիրյանը, որը, ըստ ծրագրի, լինելու էր տաղավարից ձեռնառումբ նետողներից մեկը, անցավ Եվրոպա։ Քրիստափորը նրան հրավիրում է Սոֆիայից քիչ հեռու գտնվող Վիտոշա լեռան լանջ՝ իր պատրաստած ձեռնառումբերը ցուցադրելու համար։ Սակայն ձեռնառումբերի հերթական փորձարկման ժամանակ՝ 1905 թվականի մարտի 4-ին (նոր տոմարով փետրվարի 17), զոհվում են Քրիստափոր Միքայելյանը և Վռամշապուհ Քենդիրյանը։
Այս ամենից հետո Քննական մարմինը որոշեց շարունակել Քրիստափորի սկսած գործը։ Տեղի ունեցածից հետո Քննական մարմնի մոտ սասանվեց ձեռնառումբերի հանդեպ ունեցած հավատը, և որոշվեց մահափորձը իրականացնել միայն ռումբ-կառքի օգնությամբ։ Գործողության ղեկավարումը իր վրա է վերցնում Սաֆոն, որը մեկնում է Ժնև և Փարիզ, հանդիպում ռումբերի մասնագետների հետ և առանց գործողության մասին մանրամասներ բացահայտելու՝ ճշտում՝ ինչքան մելիտին է անհարժեշտ ահաբեկչությունը իրականացնելու համար։ Ըստ տվյալների՝ անհրաժեշտ էր շուրջ 20 կգ մելիտին գործը գլուխ բերելու համար, իսկ Ցուցական մարմինը ռումբ-կառքի համար օգտագործում է 124 կգ մլիտին։ Սաֆոն Ժնևից անցնում է Վիեննա և պատվիրում մի շքեղ կառք, որը 1905 թվականի մայիսին արդեն գտնվում է Կոստանդնուպոլսում։ Հետագա հաշվարկները ցույց են տալիս, որ սուլթանը մզկիթից դուրս էր գալիս շեփորները հնչելուց 1 րոպե 48 վայրկյան անց։ Հենց այդ թվի վրա էլ պետք էր լարել կառքի ռումբը։ Սկսվում է կառքի պատրաստումը․ կառապանի նստոցի տակ տեղադրվում է 124 կգ մելիտին, հարյուրավոր պատրույգներ, մի քանի կիլոգրամ երկաթյա կտորներ՝ բեկորներ արձակելու համար։
Մահափորձ
խմբագրել․․․ Սակայն, պատահմամբ այդ օրը Սուլթան Համիդ աղօթատեղիէն ելած պահուն, դրան առջև Շեյխ-իւլ-Իսլամ Ճէլալէտտին էֆենտիին հետ տեսակցութիւնը սովորականէն քիչ մը աւելի տևած էր․․․ Շեյխ-իւլ-Իսլամին հետ ունեցած զոյգ մը խօսակցութիւնն էր, որ Համիդը ուշացուց։ Ռումբի պայթած պահուն, ան դեռ կառք նստելու համար դէպի սանդուխները կուղղւեր․․․
Գործողության իրականացնողը պետք է որոշվեր վիճակահանության միջոցով։ Դրա արդյունքում որոշվում է, որ Սամաթիացի Զարեհի հետ Ելտըզի պալատ է մեկնելու եգիպտացի Արամը, որն էլ իրագործելու էր մահապատիժը, սակայն Ռուբինա Արեշյանը դժգոհում է և պահանջում իրեն հանձնել գործի ի կատար ածումը։ Ի վերջո նա կարողանում է հասնել իր նպատակին և գործը վստահվում է իրեն։ Ցուցական մարմնի բոլոր անդաները և մնացած գործիչները հեռանում են Կոստանդնուպոլսից, որտեղ մնում են միայն Սաֆոն, Սամաթիացի Զարեհը և Ռուբինան։
1905 թվականի հուլիսի 21-ին Ելտըզի Սուլթանիե մզկիթի բակում պայթում է կառք-ռումբը։ Սաֆոն, Ռուբին ու Զարեհը նույն օրը ևեթ հեռացել էին Կոստանդնուպոլսից և մի քանի օր շարունակ չէին կարողանում իմանալ՝ արդյոք հաջողել է իրենց գործողությունը։ Նրանք արդեն Սերբիայի տարածքում էին, երբ իմանում են գործուղության ձախողման մասին։ Սպանվել էր 26 և վիրավորվել 59 մարդ, որոնց թվում չկար Աբդուլ Համիդ II-ը[1]։ Զոհվել էր նաև մասնակից Զարեհը։ Սուլթանի փրկությունը տեղական մամուլը հայտարարեց որպես «ալլահի կամքի դրսևորում»։ Սուլթանի կենսագիր Թեհսին հետագայում պատմում է, որ այդ օրը սութանը փոքր-ինչ շեղվել էր սովորական գրաֆիկից և շեփորների հնչելուց հետո մի փոքր զրուցել էր հոգևոր առաջնորդի հետ[8][9]։ Սակայն կան նաև այլ վարկածներ։ Որոշ գործիչներ էլ գործի ձախողման համար մեղադրում էին Ռուբինա Արեշյանին, որը Քրիստափորի մահից հետո ունեցել էր հոգեկան խանգարումներ։ Ըստ Գրիգոր Մերջանովի՝ նա հուզմունքից փոքր-ինչ շուտ է սեղմել վայրկենաչափը, որն էլ դարձել է ձախողման պատճառ։ Ըստ պլանի՝ 124 մելիտինի պայթյունը պետք է ամբողջովին ավերակ դարձներ մզկիթը, որից հետո սուլթանի փոքր-ինչ ուշանալը էական չէր լինի։ Մելիտինից վերցրած փորձանմուշները ցույց տվեցին, որ պայթուցիկ նյութը կեղծ էր։ Բուլղարացի երկու առևտրականները փորձարկումների ժամանակ տրամադրել են մաքուր մելիտին, իսկ բուն գործի համար՝ կեղծ՝ 20% հզորությամբ։ Շահելով 5000-6000 ֆրանկ՝ կեղծարարները ձախողեցին Ելտըզի մահափորձը, ինչի համար հետագայում զրկվեցին իրենց կյանքից։
Դատավարություն
խմբագրելՍուլթանի անհաջող մահափորձը սկզբում վերագրվեց նրա թուրք հակառակորդներին։ Ձերբակալվեց գահաժառանգ Ռեշատը։ Միայն մի քանի ամիս անց պարզ դարձավ, որ մահափորձի հեղինակը հայերն էին։ Հետաքննության հետքերը տարան դեպի Զմյուռնիա[10] և կառավարությունը կարողացավ բացահայտել այդ ձեռնարկները։ 1905 թվականի վերջին Կոստանդնուպոլսում և Իզմիրում տեղի ունեցան դատավարություններ, որի ժամանակ Էդուարդ Ժորիսը տվեց ընդարձակ ցուցմունքներ։ Դրանք ավելի շատ ապակողմնորոշեցին դատարանին։ Նա ցուցմունքներ տվեց զոհվածների և Օսմանյան կայսրությունից արդեն հեռացած գործիչների մասին, որոնք արդեն վտանգից դուրս էին, սակայն ոչ մի խոսք չասաց տեղում մնացած և վտանգված գործիչների մասին։ Այս ամենի արդյունքում Կոստանդնուպոլսի և Զմյուռնիայի գործերի ներկա և բացակա մեղադրյալների դեմ դատարանը ընդունեց մահապատժի որոշում, որը, սակայն, իրականություն չդարձավ։
Շուտով Էդուարդ Ժորիսի ձերբակալությունը Օսմանյան կայսրության վրա միջազգային ճնշումների առիթ դարձան։ Եվրոպական դեսպանները Բաբը Ալիից (Բարձր Դուռ) և Սարայից պահանջեցին, որ Ժորիսի դատավարությունը տեղի ունենա քաղաքացիական դատարանում։ Մահապատժի որոշման ընդունումից հետո եվրոպական երկրները պահանջեցին արտահանձնել Ժորիսին․ այդ ճնշման տակ Թուրքիան ստիպված եղավ անել դա[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Թուրքական աղբյուրի անդրադարձը սուլթանի դեմ հայերի կազմակերպված մահափորձին». ermenihaber.am. ermenihaber.am. 2016 թվականի դեկտեմբերի 12, 08:29. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Ռուբինա Արեշյան. ազգային-ազատագրական շարժման նվիրյալ հայուհին». armeniasputnik.am. armeniasputnik.am. 25.06.2017, 09:01. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
- ↑ ««Նա 24 տարեկան էր, երբ նախապատրաստեց և իրականացրեց սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի դեմ մահափորձը»․ Ռուբեն Շուխյան». mamul.am. mamul.am. 04:20, երեքշաբթի, 09 ապրիլի, 2019 թ. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Անտոն Գոշ (Պոյաճեան, 1849-1927). Հայկական Ազատամարտի անմոռանալի «պահապան հրեշտակ»ը». old.arfd.am. old.arfd.am. 14/01/2013. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Անտոն Գոշ (Պոյաճեան, 1849¬1927). Հայ Յեղափոխական Շարժման «խոնարհ հերոս» մը». archive.azator.gr. archive.azator.gr. 2015 թվականի հունվարի 13. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «To Kill a Sultan: A Transnational History of the Attempt on Abdülhamid II». Amazon. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Arman Kirakosian. The Armenian Massacres, 1894-1896: 1894-1896: U.S. media testimony - p. 33.
- ↑ Albert Shaw, The American monthly review of reviews, p. 280
- ↑ Assembly of Turkish American Associations (ATAA): Armenakan, Hunchaks and Dashnaktsutiun: Revolutionary Parties; Terror as Method. Nationalism Spreads From the Church to Secular Organizations Արխիվացված 2016-04-26 Wayback Machine
- ↑ Political Science Quarterly, Published 1905, v. 20 p. 774
Աղբյուրներ
խմբագրել- ՀՅԴ ՑՈԻՑԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉ Կ. ՊՈԼԻՍ ԱՆՑՆԵԼԸ, Հովիկ Գրիգորյան Արխիվացված 2020-02-15 Wayback Machine
- Գեղամ Ասատրյան, Արտասահմանյան մամուլի որոշ անդրադարձներ Ելդըզի մահափորձին, ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու, Հասարակական գիտություններ, 1.1 (18), Երևան, 2017, էջ 133-138:
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ելտըզի մահափորձ կատեգորիայում։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2020 թվականի 7 շաբաթվա հոդված։ |